Ո՞վ ենք մենք

     Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին անբաժան մաս է կազմում Տիեզերական մի, սուրբ, ընդհանրական և առաքելական Եկեղեցու:

     Մենք Քրիստոսի կենդանի մարմինն ենք, հայ ժողովրդի քրիստոնյա Եկեղեցին, հայոց ազգի աշխարհասփյուռ ողջ համայնքը:

     Մենք Հին Արեւելյան Ուղղափառ հինգ Եկեղեցիներից մեկն ենք` հիմնադրված առաջին դարում Հիսուս Քրիստոսի երկու առաքյալների` Սուրբ Թադեոսի եւ Սուրբ Բարդուղիմեոսի կողմից: Չորրորդ դարի սկզբին Հայաստանն աշխարհում դարձավ առաջին պետությունը, որտեղ քրիստոնեությունը հռչակվեց որպես պետական կրոն շնորհիվ մեր մեծագույն սուրբ և առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորչի քարոզչության եւ Տրդատ Գ արքայի հրամանի: Որպես հնագույն ինքնիշխան ազգային քրիստոնյա եկեղեցիներից մեկը, ավելի քան 1700 տարի մենք հաստատուն եւ նվիրյալ կերպով հետեւել ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Նրա վարդապետությանը, Նրա սուրբ առաքյալների ուսուցումներին, մեր Սուրբ Եկեղեցու ավանդություններին եւ մեր շնորհընկալ Սրբերի ու Եկեղեցու Հայրերի ուսուցումներին:

     Մեր Եկեղեցին Մի է, քանի որ մեր Տեր Հիսուս Քրիստոս հիմնեց մի եկեղեցի: Հիմնադրված լինելով մի Տեր Հիսուս Քրիստոսի կողմից` Եկեղեցին ունի մեկ հավատք, մեկ պատարագ, մեկ նվիրապետություն: Հայ Եկեղեցին մի է որպես այդպիսին եւ մի է Տիրոջ մեծ Եկեղեցու հետ, քանի որ այն ընդունում եւ պահպանում է Եկեղեցու հավատքը, վարդապետությունն ու գործը, «ինչպես որ մեկ անգամ տրվեց Սրբերին» եւ ինչպես որ սահմանվեց առաջին երեք` 325թ-ի Նիկեայի, 381թ-ի Կոստանդինուպոլսի եւ 431թ-ի Եփեսոսի Տիեզերական Ժողովների կողմից:

     Մեր Եկեղեցին Սուրբ է, քանի որ մեր Տեր Հիսուս Քրիստոս այն սուրբ դարձրեց: Հայ Եկեղեցին բազում Սրբեր է տվել: Նրանցից շատեր նահատակվել են հանուն Հիսուս Քրիստոսի: Առաջին հայտնի հայ սուրբը եւ վկան Սուրբ Սանդուխտն է' Սանատրուկ թագավորի կույս դուստրը:

     Մեր Եկեղեցին Ընդհանրական Եկեղեցու մաս է կազմում, քանի որ այն բաժանում է Քրիստոսի մեծ Եկեղեցու ընդհանրությունը եւ ինքն իսկ շարունակել է գոյություն ունենալ, չնայած դարերի ընթացքում իրեն բաժին ընկած մեծ դժվարություններին:

     Մեր Եկեղեցին Առաքելական է, քանի որ հիմնվել է ուղղակիորեն տասներկու առաքյալներից երկուսի` Սուրբ Թադեոսի եւ Սուրբ Բարդուղիմեոսի կողմից, ովքեր էլ ձեռնադրեցին առաջին հայ եպիսկոպոսներին:

     Մեր Եկեղեցին Ուղղափառ է, քանի որ ունի Քրիստոսի ճշմարիտ հավատքը:

     Մենք մի Եկեղեցի ենք` աշխարհի ամեն մի ծագում սփռված ավելի քան ինը միլիոն հավատացյալներով: Եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոսն է: Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Ծայրագույն Պատրիարքը ողջ հայության հոգեւոր առաջնորդն է թե՛ Հայաստանում եւ թե՛ Սփյուռքում: Նա Հովվապետն ու Հայրապետն է աշխարհով մեկ սփռված որջ հայության: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր եւ վարչական կենտրոնն է 301թ-ին Վաղարշապատում հիմնադրված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որ տասնյոթ դարեր հետո էլ շարունակում է հավատարիմ մնալ իր իր հիմնական առաքելությանը, որն է` հավատավոր ժողովրդին դեպի Աստված և Փրկություն առաջնորդելը: