ՄԱՏԹԵՈՍ 12:38-50

ՆՇԱՆԻ ՀԱՅՑՈՒՄ (Մարկ. 8. 11 -12, Ղուկ. 11. 29 -32)

38 Այն ժամանակ օրէնսգէտներից եւ փարիսեցիներից ոմանք նրան պատասխան տուեցին ու ասացին. «Վարդապե°տ, քեզնից մի նշան ենք կամենում տեսնել»: 39 Նա պատասխան տուեց նրանց ու ասաց. «Չար եւ շնացող ազգը նշան է փնտռում. այլ նշան չի տրուի նրան, բայց միայն Յովնան մարգարէի նշանը. 40 որովհետեւ, ինչպէս Յովնանը երեք օր ու երեք գիշեր կէտի փորի մէջ էր, նոյնպէս եւ մարդու Որդին երկրի ընդերքում` երեք օր ու երեք գիշեր: 41 Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ այս ազգի դէմ պիտի դուրս գան եւ պիտի դատապարտեն նրան, քանի որ նրանք Յովնանի քարոզութեամբ ապաշխարեցին. եւ ահաւասիկ այստեղ Յովնանից մեծը կայ: 42 Հարաւի Դշխոն դատաստանի ժամանակ պիտի դուրս գայ այս ազգի դէմ եւ պիտի դատապարտի նրան, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա այստեղ Սողոմոնից մեծը կայ»:

ՊԻՂԾ ՈԳՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ (Ղուկ. 11. 24 -26)

43 «Սակայն պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում եւ չի գտնում: 44 Այն ժամանակ ասում է` դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկայ. եւ գալիս է ու այն գտնում դատարկ` մաքրուած ու կարգի բերուած: 45 Այն ժամանակ գնում եւ վերցնում է իր հետ իրենից աւելի չար եօթը այլ ոգիներ եւ մտնում բնակւում է այնտեղ. եւ այդ մարդու վերջը լինում է աւելի վատ, քան առաջ էր. այսպէս պիտի լինի եւ այս չար սերնդին»:

ՅԻՍՈՒՍԻ ՄԱՅՐՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ (Մարկ. 3. 31 -35, Ղուկ. 8. 19 -21)

46 Մինչ Յիսուս դեռ խօսքն ուղղում էր բազմութեանը, ահա նրա մայրն ու նրա եղբայրները կանգնած էին դրսում եւ ուզում էին խօսել նրա հետ: 47 Եւ մէկն ասաց նրան. «Ահա քո մայրն ու քո եղբայրները դրսում կանգնած են եւ ուզում են քեզ հետ խօսել»: 48 Նա այդ ասողին պատասխանեց ու ասաց. «Ո°վ է իմ մայրը, կամ ովքե°ր են իմ եղբայրները»: 49 Եւ իր ձեռքը երկարելով դէպի իր աշակերտները` ասաց. «Ահա° իմ մայրը եւ իմ եղբայրները. 50 որովհետեւ, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է, նա° է ինձ եղբայր եւ քոյր եւ մայր»: