«Էջմիածին» ամսագիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսության պաշտոնաթերթ, տպագրվում է Մայր Աթոռի տպարանում, լույս է տեսնում ամիսը մեկ անգամ, միացյալ համարների դեպքում լույս է տեսնում կրկնակի ծավալով եւ տվյալ ամիսներին վերաբերող ողջ տեղեկատվության ընդգրկմամբ: Ծավալը 130-140 ամսագրային էջ է, ներառյալ նկարները:

«էջմիածինը» թեեւ լույս է տեսնում 1944 թվականից, սակայն այն անմիջական շարունակությունն է Գեւորգ Դ Կաթողիկոսի կողմից 1868թ. հիմնված «Արարատ» ամսագրի, որը պատերազմական պայմանների եւ նրանցով պայմանավորված նյութական միջոցների պակասով փակվեց 1919թ.: 1920թ. Մայր Աթոռի միաբանությունը սկսում է հրատարակել «էջմիածին» երկշաբաթաթերթը, որը սակայն, մինչ Հայաստանի խորհրդայնացումը, դարձյալ փակվել է նույն պատճառներով: Հայաստանի խորհրդայնացումից հետո մինչեւ 1944թ. «Արարատի» հրատարակությունը վերսկսելու Հայոց Հայրապետների բոլոր փորձերն ապարդյուն են անցել խորհրդային իշխանությունների մերժման պատճառով:

1944թ. Գեւորգ Զ Կաթողիկոսը, Կրեմլում հանդիպելով Ի. Ստալինին, բարձրացնում է նաեւ Մայր Աթոռի պաշտոնական ամսագրի հրատարակության հարցը: Կարճ ժամանակ անց թույլտվությունը ստացվում է եւ վերսկսվում է ամսագրի հրատարակությունը այժմ արդեն «էջմիածին» անվանմամբ:

Խմբագիրներն են եղել Ա. Առաքելյանը, Լ. Կիսիբեկյանը, Ա. Աբրահամյանը, Ա. Հատիտյանը, Ե. Մելքոնյանը, Տ. Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանը, Տ. Բագրատ աբեղա (այժմ՝ եպիսկոպոս) Գալստանյանը, Տ. Արշակ աբեղա (այժմ՝ եպիսկոպոս, խմբագրի պաշտոնակատար) Խաչատրյանը, Մ. Վարդանյանը (խմբագրի պաշտոնակատար), Ա. Զեյթունյանը: Այժմ խմբագիրն է Վարդան Դեվրիկյանը:

Իր հրատարակության առաջին իսկ համարից ամսագիրը գտնվում է Ամենայն Հայոց կաթողիկոսների անմիջական ուշադրության ներքո եւ Մայր Աթոռի ձեւավորված ավանդույթով Հայոց Հայրապետն է ամսագրի խմբագրապետը:

Ամսագրի առաջին տարիների համարներում ներկայացվել է Հայոց Եկեղեցու եւ հայության (այդ թվում` սփյուռքահայության) բերած նպաստը ֆաշիզմի ջախջախմանը, ներգաղթի կազմակերպման շրջանում լայն քարոզչություն է ծավալվել հօգուտ հայրենադարձության եւ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, սփյուռքի հայության համար հայրենիքի կյանքի լուսաբանման:

Հրատարակության առաջին տասնամյակում հայագիտական հոդվածների կողքին տպագրվել են հոգեւոր-մշակութային բնույթի ընդհանուր ճանաչողական հոդվածներ, քանի որ համանման նյութերը Խորհրդային Հայաստանում որեւէ այլ պարբերականում հնարավոր չէր հրատարակել:

Վազգեն Վեհափառի գահակալության առաջին տարիներից, որոնք համընկան 1950-ական թթ. կեսերից սկսված քաղաքական գործընթացներին, երբ հոգեւոր-մշակութային նմանաբնույթ հոդվածների հրատարակությունը հնարավոր դարձավ նաեւ այլ պարբերականներում եւ հրատարակություններում, ամսագիրը ստանում է առավել շեշտված հոգեւոր-գրական եւ հայագիտական ուղղվածություն:

Մինչեւ 1980-ական թվականների վերջը «էջմիածինը» միակ պարբերականն էր, ուր հնարավոր էր տպագրել կրոնագիտական եւ աստվածաբանական բնույթի գործեր, ինչպես նաեւ հայագիտության տարբեր խնդիրներին անդրադառնալ այդ տեսանկյունից:

Ամսագիրն այժմ ունի հետեւյալ կառուցվածքը.

Ա. Պաշտոնական.

Ներկայացվում են տվյալ ամսվա ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական ուղեւորություններն ու այցելությունները, Քույր Եկեղեցիների պետերի եւ բարձրաստիճան հոգեւորականների, ինչպես նաեւ տարբեր երկրների ղեկավարների եւ պետական պաշտոնատար անձանց այցելությունները Մայր Աթոռ.

- Հայրապետական կոնդակներն ու օրհնության գրերը.
- Մայր Աթոռում կատարված եւ ընդհանրապես Հայոց Եկեղեցուն վերաբերվող առավել կարեւոր իրադարձությունները:

Բ. Քարոզխոսական

Բերվում են այդ ամիս Մայր Տաճարում մատուցված Ս. Պատարագի ժամանակ խոսված քարոզները, ինչպես նաեւ հայկական տարբեր եկեղեցիներում խոսված մի շարք այլ քարոզներ եւս:

Գ. Կրոնագիտական

Այս բաժնում ներկայացվում է Հայ եւ Ընդհանրական Եկեղեցու հայրաբանական գրականությունը, հայ հոգեւորականների եկեղեցագիտական եւ աստվածաբանական գործերը, ինչպես նաեւ թարգմանաբար կամ վերաշարադրանքով բերվում են արդի աշխարհի հոգեւոր հիմնախնդիրներին եւ ընդհանուր եկեղեցական կյանքին ու աստվածաբանությանը վերաբերվող հոդվածներ:

Դ. Հայագիտական.

Տպագրվում են հայագիտության բոլոր գիտակարգերին վերաբերող հոդվածները: Թեեւ տպագրվում են լայն ընդգրկմամբ հայագիտությանը վերաբերող նյութեր, սակայն խմբագրությունը ցանկալի է համարում, որ հրատարակվող նյութերը հայագիտության տարբեր բնագավառներին վերաբերվելով հանդերձ, առավելագույնս կապված լինեն եկեղեցական պատմությանը, կամ էլ ներկայացնեն տվյալ թեմայի եւ խնդրի հոգեւոր-կրոնական անդրադարձումները:

«Հայագիտությունն արտասահմանում» ենթախորագրի ներքո ներկայացվում ու արժեւորվում է անցյալի եւ ներկայի արտասահմանյան հայագետների գործունեությունը, ինչպես նաեւ տպագրվում են նրանց աշխատասիրությունները:

«Հրապարակումներ» ենթախորագրով էլ բերվում են անցյալի հայագետների եւ կրոնա-գիտական հոգեւոր տարբեր բնագրերի հրատարակությունները, ինչպես նաեւ տեղեկատվություն գիտական կյանքի առավել նշանակալից նորությունների մասին:

Ե. Գրախոսականներ.

Գրախոսվում եւ ներկայացվում են թե Հայաստանում եւ թե արտասահմանում լույս տեսած հոգեւոր, եկեղեցական եւ հայագիտական գրքերը:

Զ. Հոբելյաններ.

Այս բաժնով ներկայացվում է ծննդյան հոբելյանական որեւէ ամյակը բոլորած տարբեր գիտնականների կենսագրությունը եւ գիտական վաստակը: Հոգեւորականների պարագայում այն ներկայացվում է եկեղեցական բաժնում՝ հոգեւոր գործունեությամբ եւ հեղինակած գործերով:

Նույն ձեւով` մահախոսականների միջոցով է արժեւորվում կյանքից հեռացած հոգեւորականների եւ հայագետների կյանքն ու թողած գիտա-գրական ժառանգությունը:

է. Մայր Աթոռում եւ թեմերում.

Այս բաժնով ներկայացվում են Ս. էջմիածնում, Հայաստանի եւ Արտերկրի թեմերում տեղի ունեցած տարբեր իրադարձությունները, միջոցառումները եւ արարողությունները:

Ը. Ընդունելություններ Մայր Աթոռում եւ թեմերում. Ներկայացվում են Վեհափառ Հայրապետի` Մայր Աթոռում կատարած ընդունելությունները:

Թ. Եկեղեցական լուրեր. Ներկայացվում են բոլոր այն տոները, որոնց Մայր Տաճարում Ս. Պատարագ է մատուցվել: Նշվում է, թե ով է եղել պատարագիչը, ով է քարոզ խոսել եւ ինչ բնաբանով: