Ամենայն Հայոց Կաթողիկոսը


     Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ս. Գրիգոր Լուսավորչի 132-րդ հետևորդն է և զբաղեցնում է Ս. Գրիգոր Լուսավորչի գահը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
     Վեհափառ Հայրապետը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ազգի` Հայաստանի և աշխարհասփյուռ հայերի, հոգևոր առաջնորդն է: Նա աշխարհով մեկ սփռված շուրշ 9 մլն. հայ Առաքելական Ուղղափառ քրիստոնյաների Հովվապետն ու Հայրապետն է:
     Եկեղեցու Առաջնորդը Հիսուս Քրիստոս է: Հայ Առաքելական Եկեղեցու Նվիրապետության մեջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը /հունարեն տերմինը նշանակում է եկեղեցու ընդհանուր առաջնորդ/ Եկեղեցու Առաջնորդն է: Հայոց եկեղեցում նա աստիճանով բարձր է պատրիարքներից, արքեպիսկոպոսներից և եպիսկոպոսներից:
     Կաթողիկոսը ընտրվում է եպիսկոպոսաց դասից, և լինելով ընտրյալ` նա համարվում է առաջինը հավասարների մեջ: Կաթողիկոսին օծում են 12 եպիսկոպոս:
     Կաթողիկոսը ներկայացնում է Հայ Եկեղեցու կենտրոնացված իշխանությունը: Նա բարձրագույն դատավորն է և օրենսդրական մարմնի ղեկավարը: Նա Ազգային եկեղեցական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի և Եպիսկոպոսական ժողովի նախագահն է: Նրա իրավասության և պատասխանատվության մեջ են մտնում եպիսկոպոսների ձեռնադրությունը, Մյուռոնի օրհնությունը, տոների հռչակումը, Ազգային եկեղեցական ժողովների գումարումն ու ցրումը, Հայ եկեղեցու վարչական հարցերի և թեմեր հիմնելու վերաբերյալ որոշումների արձակումը:
Կաթողիկոսը ընտրվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվող Ազգային եկեղեցական ժողովի կողմից՝ ցմահ:
     Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացնում է Առաքելական իշխանության հաջորդականությունը Հայաստանում, որտեղ Հիսուս Քրիստոսի կողմից առաքյալներին շնորհված քրիստոնեական եկեղեցու իշխանությունը փոխանցվում է միմյանց հաջորդող եպիսկոպոսներին: Անհնար է Հայ եկեղեցին պատկերացնել առանց եպիսկոպոսապետի կամ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Առանց եպիսկոպոսական աստիճանի` Հայաստանը կհայտնվեր հարևան աթոռների ենթակայության տակ, և Հայ Եկեղեցին այսօր չէր լինի ինքնուրույն կառույց՝ իրեն բնորոշ առանձնահատկություններով:
     Առաջին Հայ Կաթողիկոսը Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է: Սուրբ Գրիգորը օծվել է 301 թ., Կեսարիայում, կապադովկիացի եպիսկոպոսների կողմից` դրանով իսկ հաստատելով Հայոց եպիսկոպոսական աստիճանը՝ որպես առաքելական իշխանության հաջորդականություն: Գրիգոր Լուսավորիչը հիմնեց Հայ Եկեղեցու նվիրապետությունը` հավատարիմ մնալով Հայաստանի պետական վարչական համակարգի սկզբունքներին: Նա յուրաքանչյուր նախարարության համար մեկական եպիսկոպոս ձեռնադրեց:
     Այս եպիսկոպոսները ենթարկվում էին Հայաստանի Ծայրագույն եպիսկոպոսին` Եպիսկոպոսապետին, որը շուտով կոչվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս:
     Նորին Սրբության պաշտոնական կոչումն է Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց:
Պաշտոնական փաստաթղթերում՝ Կոնդակներում, լրիվ տիտղոսագիրը հետևյալն է.

ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՀԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ,
ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ,
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ
ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ,
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ

     Մեր Կաթողիկոսական ընտրությունների և պատմության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար, առաջարկում ենք կարդալ հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Մակսուդյան «Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը» և գերաշնորհ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճեանի «Էջեր Հայ Եկեղեցւոյ Պատմութենէն. ընտրութիւն Ամենայն Հայոց Կաթողիկոսներու» գրքերը:

Կաթողիկոսության հասցեն է

Ն. Օ. Ս. Տ. Տ. Գարեգին Բ
Կաթողիկոս Ամենայն Հայոց
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Վաղարշապատ, Հայաստանի Հանրապետություն
հեռ. (374-10) 517-110
ֆաքս. (374-10) 517-301
էլ. փոստ. divanatun@etchmiadzin.am