Ինչին ենք մենք հավատում


Մենք Մի, Սուրբ, Ընդհանրական, Առաքելական, Ուղղափառ Հայ Եկեղեցին ենք

Մենք Քրիստոսի կենդանի մարմինն ենք, հայ ժողովրդի քրիստոնյա Եկեղեցին, հայոց ազգի աշխարհասփյուռ ողջ համայնքը:

Մենք հին Արեւելյան Ուղղափառ հինգ Եկեղեցիներից մեկն ենք' հիմնադրված առաջին դարում Հիսուս Քրիստոսի երկու առաքյալների' Սուրբ Թադեոսի եւ Բարդուղիմեոսի կողմից: Չորրորդ դարի սկզբին Հայաստանն աշխարհում դարձավ առաջին պետությունը, ուր քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն շնորհիվ մեր մեծագույն սուրբ Սբ. Գրիգոր Լուսավորչի աշխատանքի եւ Տրդատ Գ արքայի հրամանի: Որպես հնագույն ավտոկեֆալ ազգային քրիստոնյա եկեղեցիներից մեկը, ավելի քան 1700 տարի մենք հաստատուն եւ նվիրյալ կերպով հետեւել ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Նրա վարդապետությանը, Նրա Սուրբ առաքյալների ուսուցումներին, մեր Սուրբ Եկեղեցու ավանդություններին եւ մեր շնորհընկալ Սրբերի ու Եկեղեցու Հայրերի ուսուցումներին:

Մեր Եկեղեցին Մի է, քանի որ մեր Տեր Հիսուս Քրիստոս հիմնեց մի եկեղեցի: Հիմնադրված լինելով մի Տեր Հիսուս Քրիստոսի կողմից` Եկեղեցին ունի մեկ հավատք, մեկ պատարագ, մեկ նվիրապետություն: Հայ Եկեղեցին մի է որպես այդպիսին եւ մի է Տիրոջ մեծ Եկեղեցու հետ, քանի որ այն ընդունում եւ պահպանում է Եկեղեցու հավատքը, վարդապետությունն ու գործը, «ինչպես որ մեկ անգամ տրվեց Սրբերին» եւ ինչպես որ սահմանվեց առաջին երեք' 325թ-ի Նիկեայի, 381թ-ի Կոստանդինուպոլսի եւ 431թ-ի Եփեսոսի Տիեզերական Ժողովների կողմից:

Մեր Եկեղեցին Սուրբ է, քանի որ մեր Տեր Հիսուս Քրիստոս այն սուրբ դարձրեց: Հայ Եկեղեցին բազում Սրբեր է տվել: Նրանցից շատեր նահատակվել են եւ հատկապես նահատակվել հանուն Հիսուս Քրիստոսի: Առաջին հայտնի հայ սուրբը եւ վկան Սուրբ Սանդուխտն է' Սանատրուկ թագավորի կույս դուստրը:

Մեր Եկեղեցին Ընդհանրական է, քանի որ այն բաժանում է Քրիստոսի մեծ Եկեղեցու ընդհանրությունը եւ ինքն իսկ շարունակել է գոյություն ունենալ, չնայած դարերի ընթացքում իրեն բաժին ընկած մեծ դժվարություններին: Հետագայում բոլոր հավատացյալները կարող են միանալ Հայ Եկեղեցուն:

Մեր Եկեղեցին Առաքելական է, քանի որ հիմնվել է ուղղակիորեն տասներկու առաքյալներից երկուսի' Սուրբ Թադեոսի եւ Բարդուղիմեոսի ձեռքով, ովքեր էլ ձեռնադրեցին առաջին հայ եպիսկոպոսներին:

Մեր Եկեղեցին Ուղղափառ է, քանի որ ունի Քրիստոսի ճշմարիտ հավատքը:

Մենք մի Եկեղեցի ենք' աշխարհի ամեն մի ծագում սփռված ավելի քան ինը միլիոն հավատացյալներով: Հիսուս Քրիստոս Եկեղեցու գլուխն  է: Ամենայն Հայոց Կաթողիկոս եւ Ծայրագույն Պատրիարքն ողջ հայության հոգեւոր առաջնորդն է թե Հայաստանում եւ թե' Սփյուռքում: Նա Գերագույն Հովվապետն ու Հայրապետն է աշխարհով մեկ սփռված որջ հայության: Եկեղեցու հոգեւոր եւ վարչական կենտրոնը' Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, հիմնադրված 301թ-ին Վաղարշապատում, տասնյոթ դարեր հետո էլ շարունակում է առաջնորդել մեր նվիրյալ ազգին եւ ժողովրդին իր հիմնական առաքելության, այն է' դեպի Աստված առաջնորդելու ճանապարհին: