Մայր Տաճար

     Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարն աշխարհասփյուռ հայ ժողովրդի հոգևոր կենտրոնն է,Սրբություն Սրբոցը:Բացառիկ է նրա առաքելությունը հայ ժողովրդի ազգային-հոգևոր ու մշակութային կյանքում: Ոչ մի այլ ազգային «գանձ» այնքան մեծ դեր ու նշանակություն չի ունեցել ու չունի, որքան Սուրբ Էջմիածինը: Երկար դարերի ընթացքում Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը ենթարկվել է այն բոլոր փորձություններին, ինչ իր հարազատ ժողովուրդը: Դիտե՛ք նրա պատերը, որ, ասես, կրում են հայ ժողովրդի պատմության կնճիռներն ու նրա հարատևման կնիքը: Սուրբ Էջմիածին` կա արդյոք մի հայ, որ լսած չլինի այս սրբանվեր ու աստվածահունչ անունը: Այն հայ ժողովրդի սիրտն ու հոգին է, նրա գոյության զարկերակը, և իհարկե իր աշխարհացիր զավակների դարավոր հոգևոր մշակույթի անպատմելի ու ինքնահատուկ արտահայտությունը: Անվերջ խոսվել է Սրբություն Սրբոց Էջմիածնի մասին, ու դեռ կխոսվի:
     Մայր Տաճարը կառուցվել է Հայոց առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից` համաձայն իր տեսիլքի, ըստ որի Աստծու Միածին Որդին իջնում է երկնքից և ոսկե մուրճով հարվածում գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվեր Էջմիածնի Սուրբ Տաճարը:
     Մայր տաճարը բաց է հավատացյալների համար յուրաքանչյուր օր` ժամը 7:00 - 20:00: Ս.Պատարագ մատուցվում է յուրաքանչյուր կիրակի ժամը 11:00-ին, բացի տոնական կամ հատուկ օրերից, երբ այն սկսվում է ժամը 10:30: Առավոտյան ժամերգությունը սկսվում է 7:30՝ բացառությամբ կիրակի օրվա, իսկ կիրակի օրը` ժամը 8:00-ին: Երեկոյան ժամերգությունը սկսվում է ժամը 17:30-ին` յուրաքանչյուր օր:
Մկրտությունները կատարվում են ‹‹Ս. Վարդան և Ս. Հովհաննես Մկրտիչ›› մատուռ-մկրտարանում, որը գտնվում է Մայր Տաճարի հյուսիսային կողմում:
     Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է պայմանավորվել` զանգահարելով պատասխանատուին` Տ. Հովհաննես քհն. Քեսաբլյանին` (374-10) 517-168 հեռախոսահամարով:
     Հոգեհանգստի արարողությունները, ի հիշատակ ննջեցյալների, կատարվում են Մայր Տաճարում: Այդ առթիվ կարելի է որոշակի պայմանավորվածություն ձեռք բերել` զանգահարելով Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպս. Հակոբյանին` (374-10) 517-168 հեռախոսահամարով: