Մայր Աթոռ Սբ. Էջմիածին

Ղուկաս 6:48

 «Նման է տուն շինող այն մարդուն, որ հողը փորեց ու խորացրեց եւ հիմքը դրեց ժայռի վրայ. եւ երբ հեղեղ բարձրացաւ, գետը զարկեց տանը եւ չկարողացաւ շարժել այն, որովհետեւ նրա հիմքը ժայռի վրայ էր հաստատուած»:

«Ի վերայ Աջոյն եւ Սրբոյ Էջմիածնի Ամենայն Ազգն Հայոց կապեալ կան»:
Առաքել Դավրիժեցի
17-րդ դ., պատմիչ

 

Մայր Աթոռ Սբ.Էջմիածինը Հայաստանյայց Եկեղեցու հոգեւոր եւ վարչական կենտրոնն է: Այստեղ է գտնվում հայ ժողովրդի ու նրա հավատի հավերժության խորհրդանիշ Մայր Տաճարը, որը հիմնվել է Հիսուս Քրիստոսի Իջմամբ եւ կառուցվել Սբ. Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից: Այն աշխարհասփյուռ հայության սրբազան ուխտատեղին է, ուր յուրաքանչյուր հավատացյալ հայորդի անպարփակ սիրով ու աղոթքով է ոտք դնում: Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը մեր անցյալի, ներկայի եւ ապագայի համադրությունն է:

Այս բաժնում դուք կգտնեք ստույգ եւ թարմ տեղեկատվություն Մայր Աթոռի ծրագրերի եւ բաժինների վերաբերյալ:

Եկեղեցու պատմությունն ամփոփող պատմական հուշարձանները, թանգարանները, գրադարանները եւ հենց Մայր Տաճարը մեզ են ներկայացնում հայոց բազմադարյան հարուստ պատմությունը, գրականության եւ արվեստի բացառիկ արժեքները, հոգեւոր մշակույթի գանձերը: Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը մեծ պատասխանատվություն է կրում թե այստեղ ստեղծված եւ թե Եկեղեցուն նվիրաբերված մշակութային արժեքների պահպանության համար:

Մեր ինտերնետային էջում դուք հնարավորություն ունեք ծանոթանալու Սուրբ Էջմիածնի հինգ թանգարանների նմուշներին, ավելին, այդ բաժինը լրացվելու է ամեն ամիս:

Մայր Աթոռի բազմաթիվ եւ բազմազան բաժինների եւ ծրագրերի գործունեությունն ուղղված է դեպի մեր ներկան եւ ապագան:

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհությամբ եւ շնորհաշատ առաջնորդությամբ Մայր Աթոռը իրականացնում է սոցիալական, մշակութային եւ դաստիարակչական ծրագրեր Հայաստանում, ինչպես նաեւ սփյուռքում: Հաղորդակցությունը մեր աշխատանքի հիմնական միջոցն է, իսկ հաղորդակցության միջոցները ընդլայնվում են օրեցօր:

Տեղեկատվությունն այս բաժնում պարբերբար լրացվելու է: Ապագայում նախատեսված է ավելացնել փաստացի տեղեկություններ վանքի ճարտարապետական տարածքի եւ կառույցների վերաբերյալ, ինչպես նաեւ լրացուցիչ պատկերաշար: