Հին Վեհարան

     Հին Վեհարանի շենքը կառուցվել է 1738-1741 թթ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ղազար Ջահկեցու օրոք: Այս շենքը որպես վեհարան է ծառայել մինչև 1962 թ., թեև Նոր Վեհարանի շենքը կառուցվել է 1910 թ., սակայն բռնագրավված է եղել խորհրդային կառավարության կողմից: Կաթողիկոսի նստավայրը, ընդունելությունների սրահը, գահասրահը (կոչվել է նաև գեղասրահ), սեղանատունը և մնացյալ սրահները գտնվել են Հին Վեհարանի երկրորդ հարկում: Գահասրահը հատկապես հայտնի է պատերի և առաստաղի որմնանկարներով, որոնք պատկանում են 18-րդ դարի անվանի նկարիչներ Հովնաթանյաններին:
     Շենքը վերանորոգվել է 1968թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից և վերածվել կաթողիկոսների թանգարանի` պահպանելով նախկին կառուցվածքը և կահավորումը:
     Այստեղ ցուցադրվում են մեր կաթողիկոսների կյանքն ու գործունեությունը լուսաբանող փաստաթղթեր, նկարներ, անձնական իրեր և այլն: Տասնամյակներ անց կրկին անհրաժեշտություն եղավ վերանորոգել թագարանը: Ներկայումս Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ ընթանում են վերանորոգման աշխատանքները: Գոյություն ունեցող պահեստները և օժանդակ սենյակները վերահատակագծվել են որպես ցուցասրահներ և սպասարկման սենյակներ, իսկ վերակառուցումից հետո շենքը կծառայի իբրև թանգարան և հյուրատուն: