Խրիմյան թանգարան

   Հին Վեհարանի հարավ-արևմտյան հատվածում գտնվող շենքը Խրիմյան թանգարան-պատկերասրահն է, որը կառուցվել է Մկրտիչ Ա Խրիմյան կաթողիկոսի կողմից 1896 թ.: Խրիմյան Հայրիկի նախատեսած թանգարանը, որի համար տարբեր կողմերից արագ հավաքվեցին տարբեր ցուցանմուշներ (շատերն այսօր Հայաստանի Պատմության թանգարանում են), սակայն շատ կարճ իր նպատակին ծառայեց: Խորհրդային տարիներին շենքը բռնագրավվեց և եկեղեցուն վերադարձվեց միայն 1957 թ. և գործածվեց իբրև հանդերձարան և պահեստ:
   Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ կյանքի կոչվեց Խրիմյան Հայրիկի երազանքը. շենքը հիմնովին նորոգվեց Սարգիս և Հռութ Բեդևյաններ (ԱՄՆ) ամուսինների բարերարությամբ և ստացավ հիմնադիր Հայրապետի անունը: Ջերմային և լուսային թանգարանային միջազգային սկզունքներին համապատասխանող թանգարանում առաջիկայում հանգրվանելու են նաև Արշիլ Գորկու աշխատանքները, որ կտակվել են Մայր Աթոռին: