Տպարան

     Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանը գործում է Մայր Տաճարի պարտեզի արևելյան կողմում գտնվող երկհարկանի քարե շենքում: Հայաստանում առաջին տպարանը հիմնադրվել է 1771 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Կաթողիկոս Սիմեոն Երևանցու նախաձեռնությամբ և հովանավորությամբ (1763-1780թթ.): Տպարանը կոչվել է Գրիգոր Լուսավորչի անունով:
     Մայր Աթոռի տպարանի ներկայիս շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջին (1888-1889 թթ.) Ամենայն Հայոց Կաթողիկոս Մակար Ա Տեր-Պետրոսյանի օրոք (1885-1891 թթ.): Շենքը սկզբում եղել է միհարկանի: Շենքի հարավ-արևմտյան մասում կա մի անկյունքար` նվիրված Մակար Ա Կաթողիկոսին: Երկրորդ հարկը կառուցվել է ավելի ուշ:
1959-1962 թթ. երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի օրոք շենքը ամբողջովին վերանորոգվել է ճարտարապետ Ա. Գուլիկյանի և ինժեներ Ա. Մատինյանի նախագծով և ամերիկահայ համայնքի նվիրատվությամբ: Երկրորդ հարկը կառուցվել է առաջին հարկի ճարտարապետական համապատասխանությամբ: Այդ ընթացքում տպարանը համալրվեց ժամանակակից նոր տպագրական սարքերով:
     Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը հավատացյալների համար ամեն տարի հրատարակում է բազմաթիվ գրքեր, ինչպես նաև գրքույկներ, որոնք նախատեսված են Կիրակնօրյա դպրոցների, Հայորդյաց տների, Բանտային և Բանակային ծրագրերի և թեմերի համար ընդհանրապես: Այստեղ են տպագրվում նաև Մայր Աթոռի պաշտոնական շաբաթաթերթը, ամսագիրը և այլ պարբերականներ: