Ազգային եկեղեցական ժողով

Այս բաժնում

 

    Ազգային եկեղեցական ժողովը Հայ Եկեղեցու բարձրագույն վարչական մարմինն է, որն իրականացնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունները: Հայ եկեղեցու բարձրագույն գործադիր իշխանությունը Ս. Գրիգոր Լուսավորչից սկսած կրել է «Կաթողիկոս» տիտղոսը:
301թ. Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելուց հետո, կաթողիկոս դառնալու իրավունքը պատկանել է միայն Գրիգոր Լուսավորչի հատնորդներին (301- 439թթ): Բարձրաստիճան հոգեւորականները, կառավարության պաշտոնյաները եւ թագավորը փոխհամաձայնության եկան այս հարցի շուրջ: Հետագայում, մինչեւ 1932թ. կաթողիկոսն ընտրվել է աշխարհականների եւ եկեղեցականների կողմից, ի տարբերություն մյուս եկեղեցիների, որտեղ պապական կամ պատրիարքական ընտրություններին միայն հոգեւորականներն են մասնակցում:
                                                               Պոլոժենիա 
      Կաթողիկոսական ընտրությունները միշտ եղել են Հայաստանը ղեկավարող  տարբեր ուժերի հետաքրքրության շրջանակներում: Սա հնարավորություն տվեց քաղաքական ուժերին միջամտելու Կաթողիկոսական ընտրություններին: Հայ Եկեղեցու եւ հայ ազգի դեմ շարունակ տեղի ունեցող հալածանքների արդյունքում եկեղեցու համար այս դժվարին իրավիճակը ավելի ծանրացավ: Հայ Եկեղեցին բավականին դաժան ժամանակներ է ապրել 19-րդ դարի սկզբին, երբ վեճեր առաջացան Դանիել Ա. եւ Դավիթ Ե. կաթողիկոսների միջեւ:
     Շուտով ցարական Ռուսաստանը նվաճեց Արեւելյան Հայաստանը, որի տարածքում էր գտնվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Այս ընթացքում Մայր Աթոռի հետ կապված վերջնական որոշումները պահանջում էին ցարական Ռուսաստանի հավանությունը: Ցարական Ռուսաստանի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսության հարաբերությունները կանոնավորելու եւ կայունացնելու համար, Ռուսական Կայսրությունը անհրաժեշտ համարեց Հայ Եկեղեցու պարտականություններն ու պարտավորությունները դարձնել ավելի հստակ ու պարզ` համաձայն կանոնական օրենքների: Այս ամենը հաշվի առնելով` կովկասյան ռազմաճակատի գեներալ ֆելդմարշալ Պասկեւիչը, որը շարունակում էր ռուսականացման ցարական քաղաքականությունը, օգտվեց Հայ Եկեղեցում ստեղծված իրադրությունից եւ ռուսական կառավարությունից ստացավ հատուկ թույլտվություն` ծրագրել եւ համապատասխան կանոններ հաստատել: 1928թ. ցարական կառավարության հրամանով` ֆելդմարշալ Պասկեւիչը կազմեց 4 անդամներից կազմված մի հանձնախումբ. անդամներն էին` Իշխան Բեհբությանը, Սերովբե, Զրպեթյան եւ Օչիկն վարդապետերը: Նրա հրամանով 1830թ. հունվարի 8-ին հանձնախումբը կազմեց Հայ Եկեղեցու կանոնակարգը: Նախնական տարբերակը կազմելուց հետո այն վերանայվեց Սանկտ Պետերբուրգում եւ որոշ փոփոխություններ կատարելուց հետո ներկայացվեց Նիկոլայ Ա. կայսերը, որը եւ հաստատվեց 1836թ. մարտի 11-ին: Այս կանոնակարգումը, որ կոչվում էր «Հայ-Գրիգորյան եկեղեցու հոգեւոր գործերի կառավարման մասին», ներկայացվում է ցարական օրենսգրքի 11-րդ հատորի 2-րդ գլխի առաջին մասում: Ժողովուրդը այն անվանում էր «Պոլոժենիա»: Համաձայն կանոնակարգումների մասին գլուխների` այն անդրադառնում էր հետեւյալ խնդիրներին.
      1. Կաթողիկոսական իշխանություն (հոդված 1117- 1138),
      2. Եպիսկոպոսների խորհուրդ (հոդված 1138- 1160,)
      3. Թեմական առաջնորդներ (հոդված 1161- 1182),
      4. Եկեղեցական դատարան (հոդված 1183-1193),
      5. Հոգեւորականներ (հոդված 1194-1205),
      6. Եկեղեցու Հոգեւոր ճեմարաններ (հոդված 1206-1211),
      7. Եկեղեցու սեփականություն (հոդված 1212- 1245):
Հայաստանում «Պոլոժենիան» դադարեց գործել ցարական կառավարության անկումից հետո:
                                               

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունները

      Հայտնի է, որ Հայ Եկեղեցու կաթողիկոսական ընտրություններին մասնակցել են թե‘ հոգեւորականները, թե‘ աշխարհականները: Կաթողիկոսը միշտ համարվել է «ազգընտիր», ուստի 1925թ., անհանգստացած Գեւորգ Ե. Կաթողիկոսի առողջական վիճակով, Գերագույն հոգեւոր խորհուրդը փորձում է սովետմիության կարգավորումից առաջ գործող եւ նույն սովետմիության կողմից անվավեր ճանաչած «Պոլոժենիան» փոխարինել կաթողիկոսական ընտրությունների նոր կանոնակարգով: 1925թ.-ի հոկտեմբերի 22-ին Գեւորգ Ե. Կաթողիկոսի կողմից հաստատված առաջիկա կաթողիկոսական ընտրությունների համար կազմված նոր կանոնակարգը պատմության մեջ առաջին անգամ կոչվում է Ազգային եկեղեցական ժողով: Այս կանոնադրությունը վերանայվել ու վերահաստատվել է 1945 թվականին գումարված Ազգային եկեղեցական ժողովի երրորդ նիստում: Ազգային եկեղեցական ժողովի իրավասություններն են`
      1. Ընտրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին,
      2. Ընտրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին,
      3. Հաստատել Ազգային եկեղեցական սահմանադրությունը,
      4. Քննարկել եւ որոշումներ կայացնել այլ կանոնական եւ ընդհանուր հարցերի վերաբերյալ,
      5. Կարգավորել եկեղեցական տնտեսությունը:
      Առաջին ազգային եկեղեցական Ժողովը գումարվել է 1932թ. նոյեմբերի 10-ին: Ժողովը հրավիրվեց` Հայաստանում կաթողիկոսական ընտրությունները իրականցնելու նպատակով: Ժողովը տեղի էր ունենում Մայր Աթոռում, որին մասնակցում էին 80 հոգեւորական եւ աշխարհիկ անդամներ: Ժողովի առաջին նիստը հրավիրվել էր որոշելու համար կաթողիկոսական ընտրությունների կարգը: Ընտրվեցին ժողովը նախագահող անդամները, (ատենապետեր, ատենադպիրներ), քվեախույզ հանձնախումբ եւ այլ հանձնախմբեր` ըստ անհրաժեշտության: Այնուհետեւ որոշվում է ընտրության կարգը: Հաջորդ նիստով կատարվում է ընտրությունը: Ընդունված կարգի համաձայն, Սուրբ Պատարագ է մատուցվում Մայր Տաճարում, որից հետո եպիսկոպոս սրբազան հայրը Իջման Սուրբ Սեղանի առջեւ պատգամավորներին խնդրում է երդվել, որոնք խոստանում են մաքուր խղճով եւ պարտքի զգացումով, առանց որեւէ կողմնանպահության եւ անձնական ակնկալության կատարել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունները:
Ընտրությունները կատարվում են Մայր Տաճարի փակ դռներից ներս:
     1932թ. կաթողիկոսական ընտրությունների առաջին քվեարկության արդյունքները հետեւյալն են`
      Խորեն արքեպիսկոպոս Մուրադբեկյան `51 ձայն,
      Մատթեոս արքեպիսկոպոս Մաթեւոսյան` 12 ձայն,
      Մեսրոպ արքեպիսկոպոս ` 10 ձայն,
      Բագրատ արքեպիսկոպոս` 2 ձայն,
      Գարեգին արքեպիսկոպոս ` 1 ձայն,
      Գեւորգ արքեպիսկոպոս ` 1 ձայն,
Երկրորդ քվեարկությունից հետո արդյունքները հետեւյալն էին`
     Խորեն արքեպիսկոպոս Մուրադբեկյան` 60 ձայն,
     Մատթեոս արքեպիսկոպոս Մաթեւոսյան` 19 ձայն:
     Այսպիսով, Հայ Եկեղեցու համար այդ դժվարին տարիներին Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրվեց Խորեն արքեպիսկոպոս Մուրադբեկյանը, որին հետագայում սպանեցին: Հայրապետ Խորեն Մուրադբեկյանը համարվում է նահատակ Կաթողիկոս:
Առաջին ազգային եկեղեցական ժողովը օրակարգի քննարկման էր դրել մի քանի հարցեր եւս`
     1. Գերագույն հոգեւոր խորհրդի գործունեությունն ու հաշվետվությունը, Մայր Աթոռի նյութական կարիքները, Հայ Եկեղեցու կանոնադրության նախագիծը,
     2. Հայ Եկեղեցու բարեկարգությունը,
     3. Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամների ընտրությունը (Առաջին Ազգային Եկեղեցական Ժողովի նիստից սկսած, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամների լիազորությունները դադարեցվում են եւ Ազգային Եկեղեցական Ժողովը ընտրում է նոր անդամներ: Նորընտիր Խորհուրդը իր գործունեությունը սկսում է Ազգային Եկեղեցական Ժողովի փակումից հետո միայն):
     4. Ազգային եկեղեցական ժողովի կողմից ողջույնի եւ գնահատանքի խոսք` ուղղված Հայաստանի կառավարությանը:
     Ազգային եկեղեցական ժողովը կարեւոր եւ անհրաժեշտ նկատեց նաեւ Գերագույն հոգեւոր խորհրդի գոյությունը, որը պետք է բաղկացած լինի 4 հոգեւորական եւ երկու աշխարհիկ անդամից` նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Անդամներից որեւէ մեկի հրաժարականի կամ մահվան դեպքում, մնացյալը ընտրում են նոր անդամ:
     Երկրորդ ազգային եկեղեցական ժողովը գումարվել է 1941թ.: Նիստը շարունակվել է ապրիլի 10-13-ը: 49 անդամներ` 77 քվե իրավունքով մասնակցեցին ժողովին` տեղապահ Գեւորգ արքեպիսկոպոս Չորեքչյանի նախագահությամբ: Մեծ թվով պատգամավորներ ներկա չէին ժողովին, ժամանակի պատերազմական իրավիճակի պատճառով: Ատենապետ, ատենադպիրներ եւ քվեախույզ հանձնախմբերի անդամներ ընտրելուց հետո, ժողովը համարելով վավերական, որոշվեցին օրակարգի հարցերը.
      1. Տեղապահի զեկույցը Գերագույն հոգեւոր խորհրդի 1932- 1940 թթ. գործունեության մասին,
      2. Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Արսեն արքեպիսկոպոս Ղլտճյանի զեկուցումը` 1941 թվականի ֆինանսական հաշվետվության մասին,
      3. Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամների ընտրությունները:
Եռօրյա նիստից հետո որոշվեց հետաձգել կաթողիկոսական ընտրությունները եպիսկոպոսների մեծամասնության բացակայության պատճառով (12 եպիսկոպոսներից ներկա էին ընդամենը երեքը): Ժողովը տեղապահ ընտրեց Գեւորգ արքեպիսկոպոս Չորեքչյանին եւ Գերագույն Հոգեւոր Խորհրդի հավելյալ անդմաներ: Արսեն արքեպիսկոպոսն ընտրվեց Մայր Աթոռի լուսարարապետ:
      Երրորդ ազգային եկեղեցական ժողովը գումարվեց 1945թ.: Ժողովի առաջին նիստի բացումը տեղի ունեցավ հունիսի 16-ին, Ս. Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի մեծ դահլիճում` նախագահությամբ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա. Կաթողիկոսի: Նիստի ընթացքում ընտրվեցին ատենապետ, ատենադպիրներ եւ քվեախույզ հանձնաժողովի անդմաներ: Ընտրություններից եւ նշանակումներից հետո տեղապահը ներկայացրեց իր քառամյա հաշվետվությունը: Ժողովի հաջորդ նիստերի ընթացքում քննարկման դրվեց 1925թ. Ազգային եկեղեցական ժողովի կանոնադրությունը, որը վերանայվեց, փոփոխվեց եւ վավերացվեց:
     Ժողովը վավերացնում է պատգամավոր Ստեփան Մալխասյանի առաջարկը. 1441թ. Կաթողիկոսական Աթոռի Էջմիածին տեղափոխելու պատմական իրադարձության 500 ամյակը նշել որպես համազգային տոն եւ դասել եկեղեցական տոների շարքը` նշելով համբարձման հինգշաբթի օրը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ֆինանսական դրությամբ մտահոգ ժողովը Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա. Կաթողիկոսի առաջարկով, որոշվում է եկեղեցիների հասույթների չորս տոկոսը, որպես «Լուսավորչի լումա» հատկացնել Մայր Աթոռին: Ուրբաթ օրը` հունիսի 22-ին, 113 պատգամավորները քվերկության հատուկ տոմարն ստորագրելուց հետո մտան Մայր Տաճար: Գերաշնորհ Տ. Գեւորգ արքեպիսկոպոս Չորեքչյանը ստացավ 110 ձայն եւ դարձավ Գեւորգ Զ. Ամենայն Հայոց Կաթողիկոս:
     Չորրորդ ազգային եկեղեցական ժողովի առաջին նիստը, որին մասնակցում էին 140 պատգամավորներ, բացվեց 1955թ. սեպտեմբերի 29-ին` նախագահությամբ Վահան արքեպիսկոպոս Կոստանյանի: Ազգային եկեղեցական ժողովի առաջին նիստին ընտրվեցին ատենպետը եւ ատենադպիրները: Երկրորդ նիստը հրավիրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու համար: Քվեարկության արդյունքները հետեւյալն են.
      Վազգեն եպիսկոպոս Պալճյան `126 ձայն,
      Գարեգին պատրիարք Խաչատուրյան` 6 ձայն,
      Վահան արքեպիսկոպոս Կոստանյան` 2 ձայն,
      Մամբրե արքեպիսկոպոս Սիրունյան` 1 ձայն,
      Մամբրե արքեպիսկոպոս Գալֆայան ` 1 ձայն,
      Տիրան արքեպիսկոպոս Ներսոյան ` 1 ձայն:
Ժողովը Կաթողիկոս ընտրեց Վազգեն եպիսկոպոս Պալճյանին` որպես Վազգեն Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց: Ժողովի երրորդ եւ չորրորդ նիստերը տեղի ունեցան հոկտեմբերի 5-ին եւ 7-ին՝ նորընտիր Հայրապետի նախագահությամբ: Վերջին երկու նիստերի ընթացքում քննարկված այլ հարցերի հետ մեկտեղ ժողովականները ընտրեցին նաեւ Գերագույն հոգեւոր խորհրդի նոր կազմը: Այս ընտրություններից հետո որոշվեց տեղական իշխանություններին` Խորհրդային միության Մինիստրների խորհրդի նախագահին եւ Հայաստանի կառավարությանը, ողջույնի հեռագիր ուղարկել` Ազգային եկեղեցական ժողովի կայացմանը ցուցաբերած աջակցության համար: Օրակարգի բոլոր հարցերը քննարկվեցին ու նիստը հայտարարվեց փակված` Վեհափառ Հայրապետի խոսքով:
      Հինգերորդ ազգային եկեղեցական ժողովը հրավիրվեց Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից: 1962 թվականի հուլիսի 7-ի հայրապետական կոնդակով հայտարարվեց հրավիրել Ազգային Եկեղեցական Ժողով: Այս կոնդակով Նորին Սրբությունը նախանշեց առաջիկա նիստի ընթացքում քննարկվելիք խնդիրները:
      1. Վեհափառ Հայրապետի յոթամյա գործունեության զեկույցը,
      2. Ֆինանսական գործունեության հաշվետվությունը,
      3. Հայ եկեղեցու կանոնագրքի մշակման հարցը,
      4. Հայ Եկեղեցու միասնության ամրապնդման հարցը,
      5. Գերագույն հոգեւոր խորհրդի եւ վերստուգիչ հանձնաժողովի ընտրությունը,
      6. Մայր Աթոռի հետագա շինարարական գործունեության ծրագրերը:
Ազգային եկեղեցական ժողովի բացումը տեղի ունեցավ շաբաթ` սեպտեմբերի 30-ին:
Ժողովի չորս նիստերի ընթացքում քննարկվեցին վերը նշված օրակարգային հարցերը:
      Վեցերորդ ազգային եկեղեցական ժողովը հրավիրվեց 1995 թվականին: Առաջին նիստը տեղի ունեցավ ապրիլի 3-ին. նիստին ընտրված 421 պատգամավորներից ներկա էին 398-ը: Ժողովի բացումից հետո կատարվեցին եկեղեցական կանոնակարգի որոշակի բարեփոխումներ եւ պարզեցումներ, այնուհետեւ ընտրվեցին ժողովի ատենապետն ու ատենադպիրները: Երկրորդ նիստի ընթացքում որոշվեց կաթողիկոսական թեկնածուների անունները, այնուհետեւ կազմվեցին հետեւյալ հանձնախմբերը`
     Օրինական հարցերով հանձնախումբ,
     Կարգապահության հանձնախումբ,
     Գնահատանքի հանձնախումբ:
     Նշանակումներից հետո կաթողիկոսական տեղապահ` ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը զեկուցեց իր վեցամսյա տեղապահության գործունեության մասին: Ազգային Եկեղեցական Ժողովը երախտագիտությամբ եւ գնահատանքի զգացումով միաձայն ընդունեց տեղեպահի հաշվետու զեկույցը: Զեկույցից հետո պատգամավորները շարժվեցին դեպի Մայր Տաճար, ուր փակ քվեարկությամբ պետք է տեղի ունենար կաթողիկոսական ընտրությունները: Առաջին քվեարկության արդյունքներն են`
      Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս` 111 ձայն,
      Զավեն արքեպիսկոպոս Չինչինյան` 9 ձայն,
      Արիս եպիսկոպոս Շիրվանյան ` 3 ձայն,
      Կյուրեղ եպիսկոպոս Գաբիկյան` 2 ձայն,
      Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյան` 37 ձայն,
      Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյան` 123 ձայն,
      Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյան` 42 ձայն,
      Պարգեւ եպիսկոպոս Մարտիրոսյան` 61 ձայն :
Առավելագույն քվեներ ստացած թեկնածուները անցան քվեարկության երկրորդ փուլ: Արդյունքում Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ստացավ 186 ձայն, Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը` 145 ձայն, Պարգեւ եպիսկոպոս Մարտիրոսյանը` 61 ձայն: Ըստ եկեղեցական կանոնակարգի, հաջորդ փուլում ընտրությունը պիտի տեղի ունենար Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի եւ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի միջեւ, սակայն վերջինս, հրաժարվելով իր թեկնածությունից, շնորհավորեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Բ.-ին` Ամենայն Հայոց Հայրապետ դառնալու կապակցությամբ: Հաջորդ օրը` ապրիլի 5-ին, տեղի ունեցավ Ազգային եկեղեցական ժողովի չորրորդ նիստը` նախագահությամբ նորընտիր Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Ազգային եկեղեցական ժողովի վերջին նիստի ընթացքում` Վեհափառ հոր խոսքից հետո պատգամավորները ներկայացրին մի քանի հրատապ հարցեր:
     1. Ծիսական համակարգում կատարել բարեկարգություններ եւ օգտագործվող լեզուն փոխարինել ժամանակակից հայերենով (Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան):
     2. Կաթողիկոսական ընտրությունների ընթացքում պատգամավորների միջեւ հավասարություն ստեղծել` անկախ թեմի մեծ կամ փոքր լինելուց (Գուգարաց թեմ):
     3. Մայր Աթոռի տարածքում բռնատիրական տարիներին զոհված հայ հոգեւորականների հիշատակին կանգնեցնել հուշակոթող (Գուգարաց թեմ):
     4. Ստեղծել խորհրդատու հանձնախումբ (Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյան):
     5. Դադարեցնել Ազգային եկեղեցական ժողով հրավիրելու նախկին կանոնակարգը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հաստատել նոր կանոնակարգ (Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյան):
     6. Սրբացնել 1915 թվականի Հայոց Մեծ Եղեռնի բոլոր զոհերին (Աղան արքեպիսկոպոս Պալեոզյան):
     7. Կատարել որոշ բարեկարգումներ կուսակրոնության ասպարեզում (Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյան):
     8. Բարձրացնել Գեւորգյան ճեմարանի կարգավիճակը` հասցնելով այն գիտական աստիճանի (Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Հակոբ Փափազյան):
     9. Մայր Աթոռին վերադարձնել նախկին եկեղեցապատկան, բռնագրավված հողերը (Հայկազուն ծայրագույն վարդապետ Նաջարյան)
     10. Բարելավել Մայր Աթոռի միաբանների սոցիալական վիճակը (Հայկազուն ծայրագույն վարդապետ Նաջարյան):
     11. Արժանավոր ամուրի անձիք առանց կուսակրոնության ուխտ կատարելու դառնան քահանա` հետագայում ամուսնանալու թույլտվությամբ (Դին Շահինյան, ԱՄՆ Արեւելյան Թեմ):
     12. Ս. Գայանե վանքից երջանկահիշատակ Խորեն Ա. Մուրադբեկյան Կաթողիկոսի աճյունը տեղափոխել Մայրավանք (Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյան):
     13. Կրթության նախարարության հետ համաձայնեցնելով դպրոցներում պարտադիր դարձնել կրոնական առարկաների դասավանդումը (Սվետլանա Պետրոսյան, Արարատյան Հայրապետական Թեմ):
     14. Ամուսնությունները իրականցնել միայն եկեղեցու միջոցով (Սվետլանա Պետրոսյան, Արարատյան Հայրապետական Թեմ):
Ազգային ելեղեցական ժողովը փակվեց Վեհափառ Հոր օրհնությամբ եւ աղոթքով:
      Յոթերորդ ազգային եկեղեցական ժողովը հրավիրվեց 1999 թ-ին: Առաջին նիստը տեղի ունեցավ չորեքշաբթի` հոկտեմբերի 27-ին: 455 պատգավորներից ներկա էին 451-ը: Կաթողիկոսական տեղապահ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը ներկայացրեց իր չորսամսյա հաշվետու զեկույցը: Այնուհետեւ Ազգային եկեղեցական ժողովի ատենապետ Գերաշնորհ Տ. Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը ներկայացրեց ժողովի ընթացքը եւ քննարկվելիք հարցերը:
Հաջորդ քայլով կատարվեց ժողովի դիվանի ընտրությունը, որ բաղկացած էր ատենապետից, փոխատենապետից եւ ատենադպիրներից:
Նախ հարկ էր հստակեցնել կաթողիկոսական ընտրության թեկնածուների անունները: Ինքնաբացարկի արդյուքում մնացին երկու թեկնածու` Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը եւ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը:
Կեսօրից հետո` 14:30-ին, բոլոր պատգամավորները հավաքվել էին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում: Փակ դռների հետեւում սկսվեցին ընտրությունները: Անմիջապես կազմվեցին երեք հանձնախմբեր`
      քվեախույզ հանձնախումբ,
      խորհրդատու հանձնախումբ,
      գնահատանքի եւ շնորհակալության հանձնախումբ:
Ապա տեղի ունեցավ պատգամավորների երդման արարողություն, որին հաջորդեց քվեարկությունը:
Քվեարկության արդյունքները հետեւյալն են`
      Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյան` 163 ձայն,
      Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյան` 276 ձայն,
      անվավեր` 11 ձայն,
      ընդամենը` 450 ձայն:
Ձայների մեծամասնությամբ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը ընտրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս:
      Եղերական ոճիրը, որ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին, ՀՀ Ազգային ժողովում, ցնցեց համայն հայությանը: Այդ իրադարձությունները իրենց ազդեցությունն ունեցան Ազգային եկեղեցական ժողովի հետագա ընթացքի վրա: Ժողովի երկրորդ նիստը բացվեց «Հայր մեր»-ով, որից անմիջապես հետո նորընտիր Վեհափառը հոգեհանգստյան աղոթք ասաց նախորդ օրվա ոճրագործությունից զոհվածների համար:
     Այնուհետեւ քննարկվեց եկեղեցու կանոնադրության հարցը, որից հետո Նորին Սրբությունը, հաշվի առնելով ստեղծված ազգային ծայրահեղ իրավիճակը, Ազգային եկեղեցական ժողովը հայտարարեց փակված: Ժողովն ավարտվեց Վեհափառ հոր պահպանիչ աղոթքով:
Իր կանոնադրությամբ լինելով Հայ Եկեղեցու բարձրագույն վարչական մարմին` Ազգային եկեղեցական ժողովի հիմնական գործառույթը եւ դերը կաթողիկոսական ընտրություններ իրականացնելն է, ինչպես նաեւ եկեղեցու հետագա գործունեությունների բարելավման ուղղությամբ որոշ այլ առաջարկներ ներկայացնելը: