Ընթացիկ կառուցվածք

 

    Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի – կոչվում է նաեւ Հայաստանյայց Եկեղեցի, Հայ Եկեղեցի, Հայոց Եկեղեցի: Արեւելյան ուղղափառ եկեղեցիներից է, հայ ժողովրդի ազգային եկեղեցին: Պաշտոնապես հիմնադրվել է 301թ. Հայոց Տրդատ Գ. թագավորի կողմից`քրիստոնեությունը Մեծ Հայքի թագավորության պետական կրոն հռչակելով: Կենտրոնը ՀՀ Վաղարշապատ քաղաքի Սուրբ Էջմիածնի վանքն է` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: 

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին մեկ ամբողջական միություն է, որի գլուխը եպիսկոպոսապետն ու բարձրագույն հոգեւոր պետը կաթողիկոսն է (Ծայրագույն պատրիարք եւ Կաթողիկոս Ամենայն Հայոց): Եկեղեցու հոգեւոր եւ նվիրապետական գերագույն իշխանությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսությունն է: Ամենայն Հայոց Կաթողիկոսն է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ներսիսյանը (1999թ.):

                                         

 

                                                       
                                   Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու վարչական կառուցվածքը

    
     Ընդհանրական կաթողիկոսություն Ամենայն Հայոց ( Սուրբ Էջմիածին),

 

     

 

     
     Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո (Անթիլիաս, Լիբանան),

    

 

     
     Երուսաղեմի հայոց պատրիարքություն,

     
     Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն,

     
     Թեմական առաջնորդություններ,

     
     Վանական միաբանություններ,

     
     Համայնքային (ծխական) հովվություններ,

                                                 
                                        Հայ Առաքելական Եկեղեցու Նվիրապետական Աթոռները

   
 Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո (Անթիլիաս, Լիբանան) – կոչվում է նաեւ Կաթողիկոսություն Փոքր Հայոց, Հայրապետություն Մեծին Կիլիկիո, Եպիսկոպոսություն Տանն Կիլիկիո, Սսի կաթողիկոսություն, Անթիլիասի կաթողիկոսություն: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասնավոր նվիրապետական աթոռ է: Ճանաչում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գահերեցությունը եւ նախամեծարությունը: Հիմնադրվել է Կիլիկիայի Սիս մայրաքաղաքում` Հայոց կաթողիկոսության նախկին նստավայրում, երբ 1441թ. Էջմիածնի Ազգային Եկեղեցական ժողովի որոշմամբ հայրապետական աթոռը վերահաստատվել է Սուրբ Էջմիածնում: Կաթողիկոսանիստը Անթիլիասի (Լիբանան) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճան է (1941-ից): Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Քեշիշյանը (1995-ից): Կիլիկիո կաթողիկոսությունը ղեկավարվում է իր կանոնադրությամբ, որը մշակվել է 1860թ. Ազգային սահմանադրության սկզբունքներով: 
Ներկայումս Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության իշխանության ներքո են Լիբանանի (Բեյրութ), Բերիո (Հալեպ), Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան նահանգների եւ Կանադայի (Նյու Յորք, ընդգրկում է նաեւ Վենեսուելայի հոգեւոր հովվությունը), Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան (Լոս Անջելես), Կիպրոսի (Նիկոզիա), Թեհրանի (Թեհրան), Սպահանի ( Իրանա-Հնդկաստանի), Ատրպատականի (Թավրիզ), Հունաստանի (Աթենք), Քուվեյթի եւ Արաբական ծոցի երկրների (Էլ Քուվեյթ) թեմերը:
     Երուսաղեմի հայոց պատրիարքություն – Հիմնադրվել է Է. դարում: Պատրիարքարանի տարածքը (Հայկական թաղամաս) զբաղեցնում է հին Երուսաղեմի չորս թաղամասերից մեկը (1/6 մասը` 150 հազ. քառ. մ.): Աթոռանիստը Սուրբ Հակոբյանց վանքն է: Ներկայումս Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հոգեւոր իշխանության ներքո են Իսրայելի հայկական եկեղեցիները եւ Հորդանանի հոգեւոր հովվությունը: Պատրիարքը Սուրբ Հակոբյանց վանքի հոգեւոր եւ վարչական պետն է, Երուսաղեմի քաղաքական իշխանությունների առջեւ հայ համայնքի ներկայացուցիչը: Նրան ընտրում է Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողովը, որին եւ հաշվետու է: Ընտրությունը հաստատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Երուսաղեմի վրա իշխող պետության ղեկավարը: Երուսաղեմի ներկայիս Հայոց Պատրիարքն է Տ. Նուրհան արքեպ.Մանուկյանը:
     Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն – կոչվում է նաեւ Պատրիարքություն Հայոց Թուրքիո, ստեղծվել է 1461թ.: Աթոռանիստը Գումգափուի Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցին է: Պատրիարքությունը Թուրքիայի հայկական համայնքների հոգեւոր ներկայացուցչությունն է: Իր գործունեությամբ նպաստում է հայ ցրված համայնքների համախմբմանը, նրա ազգային ինքնուրույնության, լեզվի ու մշակույթի պահպանմանը: Պատրիարքն իր իրավասությունից բխող գործողություններն իրականացնում է Կրոնական ժողովի միջոցով: Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիրքն է Մեսրոպ արքեպ. Մութաֆյանը (1998-ից):
Հայ Եկեղեցին ներկայացուցիչներ ունի Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքության, Քենտրբերիի եւ Անգլիո արքեպիսկոպոսությունների հետ:
Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր եւ վարչական իշխանության մարմիններն են`
     Ազգային եկեղեցական ժողով – գերագույն օրենսդիր մարմինն է` Նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
    Եպիսկոպոսաց ժողով – խորհրդակցական մարմինն է` նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
    Գերագույն հոգեւոր Խորհուրդ – բարձրագույն գործադիր իշխանությունն է`նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
    Թեմական պատգամավորական ժողով – թեմի բարձրագույն գործադիր իշխանություն է` նախագահությամբ թեմակալ առաջնորդի:
    Թեմական խորհուրդ – թեմի բարձրագույն գործադիր իշխանությունն է` նախագահությամբ թեմակալ առաջնորդի:
    Ծխական ժողով – համայնքի կամ ծխի անդամական ընդհանուր ժողովն է` նախագահությամբ հոգեւոր հովվի:
    Ծխական խորհուրդ – համայնքի կամ ծխի գործադիր վարչական մարմինն է` նախագահությամբ հոգեւոր հովվի: