Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն

     Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռներից է. նվիրապետական աստիճանը արքեպիսկոպոսությունն է: Հիմնադրվել է Է. դարում: Աթոռանիստը Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքն է: Այսօր, Երուսաղեմի Հայոց Պատրիարքը Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն է:
     Երուսաղեմում հայերը բնակություն են հաստատել քրիստոնեության տարածման առաջին դարերից: Արդեն Դ. դարում Երուսաղեմում կային հայկական վանքեր ու եկեղեցիներ: Սիոն լեռան վրա հիմնվել է Ս. Հակոբյանց վանքի միաբանությունը: Երուսաղեմի եկեղեցու առաջին Հայրապետը եղել է Հակոբոս Տյառնեղբայրը: Կոստանդնուպոլսի Բ. Տիեզերական ժողովի (381թ.) որոշմամբ, Երուսաղեմի եպիսկոպոսությունը դարձել է պատրիարքություն: Երուսաղեմում մեր Եկեղեցին առանձնանցել է եւ Է. դարում ձեւավորվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը: Պատրիարք կոչումը վարչական անվանում է, որը քաղաքական իշխանությունները տվել են Երուսաղեմի Հայոց արքեպիսկոպոսներին` նրանց ինքնավարությունը և այլ եկեղեցական աթոռներից անկախ լինելու հանգամանքը հաստատելու եւ Երուսաղեմի հայկական վանքերի ու եկեղեցիների գործերը տնօրինելու համար:
     Բյուզանդական տիրապետության շրջանում, մինչեւ արաբների կողմից Երուսաղեմի գրավումը (636թ.)Երուսաղեմի Հայ եկեղեցին հալածվել է քաղկեդոնականներից: Է. դարում արաբները Երուսաղեմի հայոց միաբանությանը տվել են հունաց ուղղափառ պատրիարքին հավասար իրավունքներ:Երուսաղեմի հայոց հոգեւոր առաջնորդ, առաջին Պատրիարք Աբրահամը (638-669թթ) մեկնել է Մուհամմեդ մարգարեի մոտ եւ նրանից ստացել մի հավաստագիր, որով Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունն անջատվել է հունականից: Հայոց սեփականություն են ճանաչվել Ս. Հակոբյանց վանքն իր կալվածքներով, Բեթղեհեմի Ս. Ծննդյան Տաճարի մի մասը, Ձիթենյաց լեռան ստորոտին գտնվող Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին, Գողգոթայի բարձունքը եւ այլն: Եթովպիական, ղպտիական եւ ասորական եկեղեցիները գտնվել են Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հոգեւոր իշխանության ներքո: Պատրիարքությանը տրվել է նաեւ զանգ հնչեցնելու իրավունք: Պատրիարքը խոստացել է վճարել սահմանված տուրքը եւ ենթարկվել միայն մահմեդական իշխողներին: Իրար հաջորդած բոլոր իշխանությունները (արաբների, խաչակիրների, մամլուքյան, օսմանյան, բրիտանական, հորդանանյան, իսրայելական) վերահաստատել են հույների եւ լատինների հետ հայերի հավասարազոր իրավունքները Երուսաղեմի եւ Սուրբ Երկրի քրիստոնեական սրբատեղիների նկատմամբ: Մինչեւ ԺԱ. դարի վերջը տեւած արաբական տիրապետության առաջին շրջանում, արաբները բարյացակամ են վերաբերվել տեղի քրիստոնյաներին, հատկապես Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը: Այդ շրջանում Հայոց Պատրիարքության դիրքը, իբրեւ բոլոր Արեւելյան ուղղափառ եկեղեցիների ներկայացուցչի, հավասարվել է հունական պատրիարքությանը: Հետագայում, չնայած հրովարտակներով ապահովված առանձնաշնորհումներին, հայկական վանքերն ու եկեղեցիները հետզհետե ենթարկվել են ծանր հարկումների: Երուսաղեմի Հայոց Պատրիարքության վիճակը հատկապես ծանրացել է Եգիպտոսի Ֆաթիմյան արաբական դինաստիայի տիրապետության շրջանում: 969թ., գրավելով Երուսաղեմը, ֆաթիմյանները մեկ դարից ավելի շարունակ կռիվներ են մղել սելջուկների դեմ: 1099թ. այն գրավել են խաչակիրները: Հայկական իշխանության շրջանում (ԺԱ.-ԺԴ.դդ.), հայոց իշխանների եւ թագավորների քաղաքական պաշտպանության եւ նվիրատվությունների շնորհիվ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը ամրապնդել է իր իրավունքները սրբատեղիների նկատմամբ եւ բարձրացրել իր հեղինակությունը:
     Հռոմկլայի 1178թ. ժողովին մասնակցել է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Սահակը, որը ստորագրել է ժողովի որոշումների տակ Հայոց կաթողիկոս Գրիգոր Դ. Տղայից, Աղվանից Ստեփանոս կաթողիկոսից, Անիի Բասիլիոս արքեպիսկոպոսից հետո` «Սահակ արքեպիսկոպոս աստվածակոխ քաղաքին Երուսաղեմի»:
1187թ. Եգիպտոսի սուլթան Սալահեդդինը գրավել է Երուսաղեմը` վերջ տալով խաչակիրների իշխանությանը Սուրբ քաղաքում: Սալահեդդինը ոչ միայն վերահաստատել է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Աբրահամ Երուսաղեմցու (1180-1191թթ.) ներկայացրած քրիստոնեական սրբավայրերի նկատմամբ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության իրավունքները, այլեւ դրանք տարածել խաչակիրների մի քանի եկեղեցիների եւ վանքերի վրա:
     Մինչեւ 1311թ. Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը գտնվել է Կիլիկիայի հայոց թագավորների եւ Սսում նստող Հայոց կաթողիկոսների իշխանության ներքո: Չընդունելով Օշին թագավորի, Գրիգորի Է. Անավարզեցի եւ Կոստանդին Գ. Կեսարացի կաթողիկոսների լատինամետ քաղաքականությունը եւ չենթարկվելով 1307թ. Սսի ժողովի որոշումներին` Երուսաղեմի Հայոց Պատրիարք Սարգիսը, Հայ Եկեղեցու վարդապետությունը անաղարտ պահելու համար Եգիպտոսի սուլթանից հրովարտակ ձեռք բերելով, անջատել է իր Աթոռը կիլիկիայի քաղաքական եւ եկեղեցական իշխանությունից: 1311թ. Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը դարձել է անկախ, ինչը հիմք է տվել որոշ ուսումնասիրողների կարծելու, թե Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը հիմնադրվել է այդ թվին:
     Օսմանյան տիրապետության տարիներին, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության գերիշխանությունը տարածվել է Սիրիայի, Լիբանանի, Կիպրոսի եւ մինչեւ 1839թ. Եգիպտոսի թեմերի վրա: 1664թ. Եղիազար Այնթապցին Երուսաղեմում հաստատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հակաթոռ կաթողիկոսություն` իրեն երթարկելով օսմանյան տերության տարածքում գործող եկեղեցական թեմերը: 1682թ., Եղիազար Ա. Այնթապցու` Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրվելուց (1681թ.) հետո, Երուսաղեմի կաթողիկոսությունը վերացվել է:
     1702թ. Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ավետիք Եվդոկացին զբաղեցրել է նաեւ Հայոց Պատրիարքության աթոռը, եւ մինչեւ 1715թ. Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կառավարել են կառավարել են Կ.Պոլսից նշանակված փոխանորդները : Պատրիարքությունն ընկել է պարտքերի տակ: 1715թ. Կ. Պոլսի Պատրիարք Հովհաննես Կոլոտ Բաղիշեցին վերահաստատել է Երուսաղեմի ինքնուրույն պատրիարքությունը: Գրիգոր Շղթայակիր Պատրիարքը (1715-1749թթ.) մարել է պարտքերը, ձեռնամուխ եղել շինարարական աշխատանքների: 1833թ. Ս. Հակոբյանց վանքում հիմնադրվել է տպարան. այստեղ են տպագրվել Հովհաննես Դրասխանակերտցու «Պատմութիւն Հայոց» (1843թ.), Եսայի Հասան-Ջալալյանի « Պատմութիւն Աղուանից երկրի» (1868թ.) եւ այլ գրքեր:
     ԺԹ. դարում, Երուսաղեմում բացվել եւ Հայոց Պատրիարքարանի նյութական միջոցներով գոյատեւել են տղաների Մեսրոպյան եւ աղջիկների Գայանյանց վարժարանները: 1843թ. Ռեմլեում (Ս. Գեւորգ վանքում) Զաքարիա Կոփեցի պատրիարքի ջանքերով բացվել է Ժառանգավորաց վարժարանը (կրոնական գիշերօթիկ հաստատություն), որը հաջորդ տարի փոխադրվել է Երուսաղեմ եւ ցայսօր գործում է Պատրիարքարանի տնօրինության ներքո: 1928թ. Եղիշե Դուրյան պատրիարքի ջանքերով բացվել է Սրբոց Թարգմանչաց վարժարանը եւ նրա առաջարկով էլ անվանակոչվել` ի հիշատակ Ս. Մեսրոպ Մաշտոցի եւ Ս. Սահակ Ա. Պարթեւի:
     Մինչեւ ԺԹ. դարը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը առավել կամ նվազ հաջողությամբ պայքարել է սրբատեղիների հանդեպ հույների եւ լատինների ոտնձգությունների դեմ: Օսմանյան կայսրության թուլացմանը զուգընթաց փոխվել է քաղաքական կացությունը, եւ օտար տերությունները, միջամտելով կայսրության ներքին գործերին, Երուսաղեմի սրբավայրերի վրա իրավունքների հարցում պաշտպան են կանգնել հույներին եւ կաթոլիկներին: Հունական պատրիարքությանը զորակցել է Ռուսաստանը, իսկ լատիններին`Արեւմուտքը, մասնավորապես` Ֆրանսիան: Հույներին նույնիսկ կարճ ժամանակով հաջողվել է տիրանալ Ս. Հակոբյանց վանքին, սակայն Կ. Պոլսի հայ ամիրաների նյութական եւ քաղաքական օգնությամբ հայերը վերստին իրենց ձեռքն են վերցրել Ս. Հակոբյանց տաճարը: Հակառակ դժվարություններին եւ անհավասար պայքարին, Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կարողացել է պաշտպանել հայոց իրավունքները Հույն եւ Լատին երկու մեծ Եկեղեցիների եւ նրանց պաշտպան տերությունների ոտնձգություններից: Երուսաղեմի համաքրիստոնեական երեք գլխավոր սրբատեղիների երեք ավագ պահապանները` Հայ, Հույն եւ Լատին Եկեղեցիները, 1917թ., երբ Երուսաղեմն անցավ բրիտանական հովանավորության ներքո, պաշտոնապես հաստատվեցին Երուսաղեմի Ս. Հարություն տաճարի եւ Բեթղեհեմի Ս. Ծննդյան տաճարի երեք իրավատերեր: Սահմանվեցին յուրաքանչյուրի իրավունքները, բաժինները, պաշտամունքի օրերը եւ ժամերը, յուրաքանչյուր տեղի սրբազան իրերի քանակը, սրբատեղիների պատասխանատվությունը: Հայերը կաթոլիկ եւ ուղղափառ պատրիարքարանների հետ պահպանեցին համահավասար իրավունքներ:
     1929թ. Երուսաղեմի բրիտանական ներկայացուցիչը կառավարությանն է ներկայացրել «Սրբատեղիների իրավական վիճակը» անունով մի վավերաթուղթ, որտեղ ամփոփված են յուրաքանչյուր քրիստոնյա համայնքի իրավունքները: Մինչ օրս պահպանվում է իրավական այդ վիճակը:
     1916թ. երիտթուրքական կառավարությունը հաստատել է Թուրքիայի հայ առաքելականների համար մեկ կաթողիկոս-պատրիարքություն` Երուսաղեմ նստավայրով: Կաթողիկոս- պատրիարքի պաշտոնը հանձնվել է Կիլիկիո Աթոռի կաթողիկոս Սահակ Խապայանին: Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան Թուրքիայի պարտությունից հետո Կիլիկիայի կաթողիկոսությունը, Երուսաղեմի եւ Կ. Պոլսի պատրիարքությունները շարունակել են իրենց գոյությունը: Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը ծաղկել է Եղիշե արքեպիսկոպոս Դուրյան (1921-1930թթ.) եւ Թորգոմ արքեպիսկոպոս Գուշակյան (1931-1938թթ.) պատրիարքների օրոք: Վերաբացվել է ժառանգավորաց վարժարանը, մեծ ուշադրություն է դարձվել տպարանին, որտեղ լույս են տեսել հայագիտական, կրոնական, պատմական եւ այլ բնույթի մեծարժեք գրքեր: Պատրիարքությանը կից բացվել է Աստվածաբանական սեմինարիա, որտեղ պատրաստվում են հոգեւորականներ: Մատենադարանից հետո, Ս. Հակոբյանց վանքում է գտնվում Երուսաղեմի ձեռագրատունը. աշխարհում իր քանակով հայերեն ձեռագրերի երկրորդ հավաքածուն` ձեռագրերի թիվը շուրջ 4հզ.: Ելնելով որոշ ձեռագրերի ստեղծման թվականից` ենթադրվում է, որ հավաքածուն սկզբնավորվել է ԺԲ.-ԺԳ. դարերց սկսած: 1866թ. լույս է տեսնում Երուսաղեմի Հայոց Պատրիարքության պաշտոնական «Սիոն» ամսագիրը (1877-1927թթ. ընդհատվել է):
     1929թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսության համաձայնությամբ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը ժամանակավորապես Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանն է զիջել Դամասկոսի եւ Լիբանանի թեմերը: Ներկայումս Երուսաղեմի Հայոց Պատրիարքության իրավասության տակ են միայն Իսրայելի հայակական եկեղեցիները եւ Հորդանանի հոգեւոր հովվությունը:
     Պատրիարքը Ս. Հակոբյանց վանքի հոգեւոր եւ վարչական պետն է, Երուսաղեմի քաղաքական իշխանությունների առջեւ հայ համայնքի ներկայացուցիչը: Նրան ընտրում է Երուսաղեմի Ս. Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողովը, որին եւ հաշվետու է Պատրիարքը: Ընտրությունը հաստատում են Ամենայն Հայոց Կաթողիկողը եւ Երուսաղեմի իշխող պետության ղեկավարը:
     Հորդանանի հոգեւոր հովվության կենտրոնը Ամմանի Ս. Թադեւոս եկեղեցին է: Հոգեւոր հովիվը (առաջնորդը) Վահան արքեպիսկոպոս Թոփալյանն է: Առաջնորդին նշանակում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքը: Հորդանանի հայ համայնքի ազգային-եկեղեցական գործերով զբաղվում է տեղական խորհուրդը (թաղականությունը):
     Գաղութը ձեւավորվել է Մեծ եղեռնից հետո: Հայերը հիմնականում բնակվում են Ամմանում, սակավ թվով` Ռուսեյֆա, Մատարա, Աքաբա քաղաքներում: Համագաղութային բնույթի բոլոր միջոցառումները կազմակերպվում են Ազգային առաջնորդարանի սրահում:
     1997թ. Ամմանում լույս է տեսնում Ազգային Առաջնորդարանի «Սուրբ Թադէոս» թերթը: