Խաղողօրհնություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազան արարողություններից է Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին` Ս. Պատարագից հետո կատարվող խաղողի օրհնությունը, որը նաեւ Ընդհանրական Ս. Եկեղեցու մաս կազմող Եկեղեցիների սրբազան արարողություններից է:

Տակավին նախաքրիստոնեական շրջանում գրեթե բոլոր ժողովուրդների կրոնական ծիսակարգի մաս էր կազմում «Տօն արմտեաց եւ պտղոց»-ը, երբ տարվա առաջին պտուղը, ի նշան հնազանդության, հպատակության, երախտագիտության եւ առաջիկա տարվա բերքի առատության, տաճարի սպասավորների` քրմերի կողմից կատարվող հատուկ արարողակարգով նվիրաբերվում էր տվյալ ժողովրդի դիցարանում պտղաբերությունը մարմնավորող աստվածությանը:

Վերոհիշյալ նվիրաբերման արարողությունը թեպետ կար նաեւ հեթանոս Հայոց ծիսակարգում, սակայն, այդ ընծայաբերումն առանձնացված չէր իբրեւ «Տօն արմտեաց եւ պտղոց», այլ համարվում էր Անահտական տոներից մեկը, քանի որ հայոց դիցարանում մի շարք այլ հատկանիշների հետ, պտղաբերության ու արգասավորության մարմնավորողը եղել է Անահիտ դիցուհին:

Փրկչական 301 թվականին, երբ Հայաստան աշխարհում քրիստոնեությունը պետական կրոն է հռչակվում, Ս. Գրիգոր Լուսավորիչը Հայաստանյայց Եկեղեցում ծիսական որոշ բարեկարգումներ կատարեց: Հայոց Հայրապետը ոչ միայն բարենորոգեց արարողակարգը, այլեւ իր հայրապետական տնօրինությամբ հայ հին կրոնում առկա որոշ ավանդություններ, սովորույթներ ու արարողություններ ընդգրկեց քրիստոնեական մեր Եկեղեցու ծիսակարգում: Դրանցից մեկն էլ Անահտական տոներից` այգեկութի երախայրիքի ընծայումն էր: Ս. Գրիգոր Լուսավորիչն այն վերաիմաստավորելով ու քրիստոնեականացնելով` ներմուծել է Հայոց Եկեղեցու ծիսակարգ` համադրելով Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին: Հայրապետական տնօրինության համաձայն, պտղի նվիրաբերումը պետք է կատարվեր քահանայական օրհնության սրբագործումով:

Պտղոց երախայրիքն Աստծուն ընծայաբերելու կարգը սահմանված է Մովսես մարգարեի կողմից. «Երբ մտնես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը քեզ է տալու իբրեւ սեփականություն, երբ ժառանգես այն ու բնակվես այնտեղ, ապա կվերցնես քո Տեր Աստծո քեզ տված երկրի պտուղների առաջին բերքը, կլցնես զամբյուղի մեջ եւ կգնաս այնտեղ, ուր կընտրի Տեր Աստվածը, որպեսզի իր անունը հայտնի դարձնի այնտեղ: Կգնաս այդ ժամանակ քահանայություն անողի մոտ եւ կասես նրան. «Այսօր գոհություն եմ հայտնում իմ Տեր Աստծուն...»: Արդ, ահա բերել եմ Տիրոջ ինձ տված երկրի բերքի երախայրիքը...» (Բ Օր. ԻԶ 1-3; 10):

Նշենք, որ ընծայվելիք բարիքներն էին` ցորենը, գարին, խաղողը, թուզը, նուռը, ձիթապտուղը, մեղրը: Այս ընծաների մեջ, իսրայելացիների համար յուրահատուկ նշանակություն ուներ խաղողը, որովհետեւ նախ նրանից է պատրաստվում «տրտմության լուծիչ եւ ուրախության պատճառ» գինին, եւ երկրորդ` խաղողը եղել է Իսրայելի ազգային եւ, միեւնույն ժամանակ, խաղաղության ու բարօրության խորհրդանիշը:

Ահավասիկ աստվածադիր կանոնի համաձայն, իսրայելացիներն ամեն տարի իրենց այգիների առաջին բերքն ընծայում էին Աստծո տաճարին. Իսրայելի որդիները հստակ գիտակցում ու անկեղծ հավատում էին, որ այն բոլոր բարիքները, որ իրենք վայելում են, Բարձրյալ Աստծուց է տրված: Ուստի ի նշան երախտագիտության, իբրեւ Աստծո մշակներ, իրենց արդար վաստակի ու բերքի երախայրիքը պետք է նվիրաբերեին Բարերար Աստծուն:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին օրհնության համար, որպես այգեքաղի երախայրիք, պտուղների միջից նախապատվությունը տալիս է խաղողի ողկույզին: Այդ պայմանավորված է պատմական եւ կրոնական մի շարք հանգամանքներով. աշխարհակործան ջրհեղեղից հետո, Նոյ նահապետը` «այր հողագործ» (Ծննդ. Թ 20), Արարատ լեռան ստորոտի դաշտավայրում այգի է տնկում եւ խաղողագործությամբ զբաղվում: Որթատունկի պտուղը դառնում է Արարատյան դաշտավայրի զարդը, համարվում պտուղներից ազնվագույնը եւ կոչվում Պտղոց արքա: Հիսուս Փրկիչ Իրեն բազմիցս նմանեցրել է խաղողի որթին (Հովհ. ԺԵ 1): Իսկ Ս. Եկեղեցու հայրերի վկայությունների համաձայն, Աստվածամայրն այն ընտիր որթն է, Ով մարդկությանը պարգեւեց անապական ու կենդանարար ողկույզը` Հիսուս Քրիստոսին, եւ քանի որ պտղի օրհնությունը կատարվում էր Ս. Աստվածածնի տոնին, որը համընկնում էր ամռան վերջին: Այդ շրջանում առավելաբար հենց խաղողն էր հասունանում, ուստիեւ այն դարձավ օրհնության պտուղ:

Այնուհանդերձ, թեպետ, ընդհանրացած սովորույթի համաձայն, հիմնականում եղանակային հարմարությամբ է պատճառաբանվում պտուղների միջից խաղողի ընտրությունը, սակայն, կարծում ենք, որ դա այդպես չէ: Նշվեց, որ մեր Տերն Իրեն նմանեցրել է խաղողի որթին, եւ երբ ընթերցում ենք այդ մասին ավետարանական վկայությունը (Հովհ. ԺԵ 1-8), այլեւս տեսնում ենք, որ Տիրոջ խոսքով բացահայտվում է խաղողի որթի խորհրդանշական առաքելությունը Ս. Եկեղեցու կյանքում: Այսպիսով, նսեմանում է եղանակային հարմարության պատճառաբանությունը:

Ահավասիկ այս խորհուրդներով էր, որ Հայոց Եկեղեցում նախապատվությունը տրվեց խաղողին, որն էլ ամեն տարի, Ս. Աստվածածնի Վերափոխման տոնին, Ս. Պատարագից հետո օրհնվում եւ բաշխվում է հավատացյալներին:

Թեպետ Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետը մասնավոր ոչ մի արարողակարգ չսահմանեց երախայրիքի նվիրաբերման համար, սակայն նրա հաջորդները ոչ միայն պահպանեցին այդ բարեպաշտական ավանդույթը, այլեւ նրանցից Ս. Սահակ Պարթեւն այն կանոնավորեց «որպէս աւրէն», իսկ Ս. Ներսես Շնորհալի հայրապետը պտղի ընծայաբերման ավանդույթը վերածեց արարողության` սահմանելով մարգարեական, ավետարանական ու առաքելական ընթերցվածքներ, իսկ քահանայական օրհնությամբ սրբագործման համար` օրհնության հատուկ աղոթք:

Այսպիսով, խաղողի օրհնությունը դարձավ Ս. Աստվածածնի տոնին կցված բարեպաշտական արարողություն, որը խորհրդապատկերն է տարվա առաջին բերքը Աստծուն ընծայելու:

Փափագելի է, որ այսօր եւս հավատացյալները, ովքեր խաղողի որթեր կամ այգեստաններ ունեն, խաղողօրհնության ժամանակ եկեղեցուն ընծայեն իրենց բերքի երախայրիքը, որպեսզի ըստ այդմ վերանորոգվի Ս. Գրիգոր Լուսավորչի սահմանած արարողության բուն նշանակությունը, եւ աստվածային ու երկնային օրհնությունն առատապես ողողի նրանց անդաստանները:

Ժողովրդի մեջ ընդհանրացած է մինչեւ խաղողօրհնեք որթատունկի բերքից չճաշակելու ավանդույթը, ուստի խրախուսելի չէ զանց առնել ժողովրդական իմաստուն սովորությունը: Եթե բոլոր պտուղներից մասնավոր օրհնության համար նախապատվությունը տրվեց խաղողին, եւ որովհետեւ այն իբրեւ բերքի երախայրիք ընծայվում է Տիրոջը, ապա պետք է պարկեշտությամբ ու ժուժկալությամբ սպասել մինչեւ խաղողօրհնեք, որից հետո միայն` Տիրոջ կողմից օրհնաված որթատունկի բերքից ճաշակել:

ԽԱՂՈՂԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Օրհնության արարողությունը կատարվում է Աստվածածնի Վերափոխման տոնին (օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը)` հանդիսավոր Ս. Պատարագից հետո, երբ հանդիսապետ եկեղեցականի առաջնորդությամբ հոգեւորականաց դասը բարձրանում է սուրբ խորան:

Խաղողօրհնեքն սկսվում է «Փառք Սուրբ Խաչիդ» շարականի երգեցողությամբ, որին հաջորդում են սուրբգրային ընթերցվածքները (Առակ. Գ 9-10; Ես. ԿԵ 8-10; Եբր. Զ 18 - Է 7; Հովհ. ԺԵ 1-8): Աստվածաշնչյան ընթերցումներից հետո, սարկավագը ձայնում է «Գոհացարուք զբարերարէն Աստուծոյ» քարոզը: Այնուհետեւ հանդիսապետ եկեղեցականը, տասներկու «Տէր ողորմեա» ասելուց հետո, կարդում է Ս. Ներսես Շնորհալի Հայրապետի խաղողօրհնության «Տէր Աստուած Հայր անսկիզբն» աղոթքը, ապա հոգեւորականները երեք անգամ Խաչի նշանով օրհնում են ողկույզները` երգելով «Օրհնեսցի եւ սրբեսցի ողկոյզ խաղողոյս...» օրհներգը: Խաղողօրհնության արարողությունն ավարտվում է «Պահպանիչ» աղոթքով: