Հայ Եկեղեցու ծիսակարգի համաձայն` Բուն Բարեկենդանին հաջորդող երկուշաբթիից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է քառասուն օր` մինչև Ծաղկազարդի կիրակիին նախորդող շաբաթ օրը` Ղազարոսի հարության հիշատակի օրը, որին հաջորդում է ևս մի պահոց շրջան` Ավագ Շաբաթվա Պահքը։ Մեծ Պահքի այս ողջ ընթացքում Եկեղեցին հավատացյալ ժողովրդին պատրաստում է արժանավորապես և մեծագույն երկյուղածությամբ ընդունելու Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսը և Տիրոջ հետ Ս. Հաղորդությունը: Պահքի այս շրջանում սահմանափակում է դրվում սննդի որոշ տեսակների՝ հիմնականում կենդանական ծագում ունեցող կերակրի վրա:
Մեծ Պահքի շրջանի գրեթե բոլոր կիրակիներին, ըստ հայոց Տոնացույցի, ավետարանական առակներ են ընթերցվում, որոնք քրիստոնյայի համար զարթուցիչ կոչնակի դեր պիտի կատարեն: Այդ կոչնակը, եկեղեցու զանգերի նման, հավատացյալներին հրավիրում է հավատով արթուն կյանքի: Այս շրջանում է, որ յուրաքանչյուր ոք փորձում է զղջումով ու ապաշխարությամբ մեղքից հեռանալ ու մաքրվել և իմաստուն կույսերի նման միշտ պատրաստ լինել Տիրոջ Գալստյանը։
Լեռան քարոզում Քրիստոս պատվիրում է. «Կատարյալ եղեք դուք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. Ե 48): Պահքի շրջանը հոգևոր կատարելության, Աստծո հետ հաշտության ու ներդաշնակության առաջնորդող մի շրջան է: Աստծու պատկերն ու նմանությունն այդ կատարելություններն են, որոնց ձգտելով` քրիստոնյան կարող է վերջին փողի հնչելու ժամանակ Պողոս առաքյալի խոսքերով ասել.
«Բարի պատերազմ մղեցի, ավարտեցի կյանքիս ընթացքը, պահեցի հավատը: Այսուհետ ինձ մնում է միայն սպասել արդարության պսակին, որ Տերը` արդար Դատավորը, իբրև հատուցում, ինձ կտա դատաստանի օրը: Եվ կտա ոչ միայն ինձ, այլ նաև` բոլոր նրանց, ովքեր սիրով սպասում են Տիրոջ հայտնվելուն» (Բ Տիմ. Դ 7-8):