2001-2002թթ. ուսումնական տարում ճեմարանում
սովորում էր 103 ուսանող
ՀՀ կառավարության որոշմամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գեւորգյան
հոգեւոր ճեմարանը ճանաչվել է որպես բարձրագույն ուսումնական հաստատություն:
Հուլիսի 2-ին Մայր Աթոռ
Սբ. Էջմիածնում կառավարական սույն որոշումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին պաշտոնապես հանձնեց ՀՀ վարչապետի
աշխատակազմի ղեկավար Մանուկ Թոփուզյանը:
Ստանալով կառավարական որոշումը` Նորին Սրբությունն ի դեմս
պրն. Թոփուզյանի իր գնահատանքն ու շնորհակալությունը հայտնեց ՀՀ իշխանություններին Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ ցուցաբերած հոգատար
վերաբերմունքի համար: Վեհափառ Հայրապետը համոզմունք հայտնեց, որ այս որոշումը կնպաստի ճեմարանի կրթական մակարդակի բարձրացմանը եւ մեծ
հնարավորություններ կբացի ճեմարանի ուսանողության առջեւ` թույլատրելով նրանց առավել դյուրությամբ շարունակելու հոգեւոր ուսումը Հայաստանի
Հանրապետության եւ արտերկրի բարձրագույն կրթական այլ հաստատություններում:
* * *
Նույն օրը երեկոյան Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տեղի ունեցավ Գեւորգյան
Հոգեւոր ճեմարանի 2001-2002թթ. ուսումնական տարվա ամավերջյան հանդիսությունը:
Հանդիսության
ընթացքում ներկաներին ճեմարանի ընթացիկ տարվա գործունեությունը ներկայացրեց ճեմարանի տեսուչ Տ. Եղիշե ավ. քհն. Սարգսյանը: Ինչպես
տեղեկացրեց Տ. Եղիշեն, այս տարի ճեմարանում հոգեւոր կրթություն էր ստանում հարյուր երեք ուսանող, որոնցից վերջին լսարանն ավարտեց
քսաներկուսը:
Հանդիսության ավարտին Նորին Սրբությունը, ներկաներին բերելով իր բարեմաղթանքներն ու
օրհնությունը, բարձր գնահատեց ուսումնական այս տարում տեսչության եւ դասախոսական կազմի կատարած աշխատանքը եւ արձանագրած
հաջողությունները` նշելով, որ նոր շրջանավարտները հույս են արթնացնում եւ լավատեսությամբ համակում դեպի եկեղեցու վաղվա օրը:
Հանդիսության ընթացքում գեղարվեստական հայտագրով հանդես եկան Գեւորգյան ճեմարանի
սաները: