Լուրեր

Ամենայն Հայոց Հայրապետն օծեց Դոնի Ռոստովի Սբ. Խաչ եկեղեցին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 9 Սեպտեմբերի, 2008 

Սեպտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմում հանդիսապետեց Դոնի Ռոստով քաղաքի Սբ. Խաչ հայկական եկեղեցու օծման արարողությունը: Դարեր առաջ Հայաստանի պատմական Անի մայրաքաղաքից գաղթած, հայորդիները, հաստատվելով Ղրիմում, իրենց հոգեւոր կյանքի վերազարթոնքի փափագով կառուցում են Սուրբ Խաչ վանքը: Հետագայում վերահաստատվելով Դոնի հողում` հայերը վերստին սկսում են կառուցումը մեկ այլ Սուրբ Խաչ վանքի: 1783 թ. սեպտեմբերի 9-ին, հայ համայնքի ջանքերով եւ օրհնությամբ Ռուսաստանի Հայոց Թեմի առաջնորդ Հովսեփ Արք. Արղությանի կատարվում է վանքի հիմնարկեքը, իսկ օծումը կատարվում է 1792թ.: 1924թ. վանքը փակվում է, հետագայում ծառայեցվում իբրեւ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան: 2007 թ. ապրիլին տեղի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ Սուրբ Խաչ եկեղեցին հանձնվում է Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց Թեմին:

Վեհափառ Հայրապետը Դոնի Ռոստով մեկնեց Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Մեծ Սալա գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու օծման արարողությունից հետո: Եկեղեցու մատույցներում Վեհափառ Հայրապետին մեծ խանդավառությամբ դիմավորեցին հազարավոր հայորդիներ, ովքեր եկել էին ստանալու Հայոց Հայրապետի օրհնությունն ու հայրական պատգամը:

Մինչ արարողության սկսելը Ամենայն Հայոց Հայրապետին հանուն թեմի հոգեւոր դասի եւ Դոնի Ռոստովի հայ համայնքի ողջունեց թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբության շնորհաբաշխ այցի եւ պատմական երկու եկեղեցիների օծման համար, որ պիտի նոր խանդավառություն եւ հույս պարգեւի հավատավոր հայորդիներին, եւ հրավիրելով ամենքին աղոթակից լինել հոգեւոր դասին նորոգված եւ պայծառացած սուրբ տաճարի սրբագործման արարողության ընթացքին:

Շարականների, սաղմոսների եւ աղոթքների ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց Սբ. Խաչ եկեղեցու Սուրբ Սեղանը, այնուհետեւ Նավասարդ եւ Եզրաս Սրբազանները կատարեցին խորանի չորս սյուների եւ Մկրտության ավազանի օծումը: Հավարտ արարողության Նորին Սրբությունն իր Հայրապետական պատգամը ու գնահատանքի խոսքը հղեց արարողությանը ներկա հազարավոր ռուսաստանաբնակ հայորդիներին: «Սիրելիներ, այս եկեղեցու լույս Խորանից պիտի բաշխվեն ձեզ աստվածառաք շնորհները Սուրբ Հոգու, որպեսզի ամուր պահեք ձեր սրտերում լույս հավատքն ու աստվածսիրությունը եւ զորացնեք ազգային-եկեղեցական ձեր կյանքը` խարսխված Ավետարանական սուրբ պատգամների, մեր սուրբ հայրերի ժառանգության ու հայրենական ավանդների վրա: Եվ այս եկեղեցու Սուրբ Ավազանից Մկրտության շնորհներով եւ Սրբալույս Մյուռոնի դրոշմով պիտի ծնվեն մեր ժողովրդի հավատավոր նոր զավակներ` ապրելու հայրենասիրությամբ ու նվիրումով հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին, որ անսասանելի է` որպես «սյուն եւ հաստատություն ճշմարտության»: Թող այս սուրբ եկեղեցին միշտ օրհնության աղբյուր եւ տուն ապավինության լինի Ռոստովի հայ համայնքի համար: Նորաօծ այս եկեղեցին այսուհետ առավել օրհնությամբ պիտի լցնի ձեր ազգային-եկեղեցական կյանքը, որ պիտի արդյունավորեք հայրենանվեր եւ եկեղեցաշեն նորանոր իրագործումներով», - ասաց Նորին Սրբությունը` հորդորելով ներկաներին Քրիստոսով զորեղ պահել իրենց հավատը, հաստատուն մնալ իրենց հայրերի հոգեւոր, ամուր հաստատած հիմների վրա, նախանձախնդիր լինել ազգային ավանդույթների, լեզվի եւ բարքերի պահպանության մեջ:

Նորին Սրբությունը նաեւ Հայրապետական իր օրհնությունը բերեց արարողությանը ներկա ՌԴ Ռոստովի մարզի նահանգապետ Վլադիմիր Չուբին: Ի նշան գնահատանքի Հայ Եկեղեցուն, մեր Երկրին ու ժողովրդին մատուցած օգտաշատ ծառայությունների եւ հայ հոգեւոր ու մշակութային ժառանգության հանդեպ հոգածու վերաբերմունքի, Վեհափառ Հայրապետը նրան շնորհեց «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշան: Այս առիթով Հայրապետական սրբատառ կոնդակն ընթերցեց Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: Կոնդակում մասնավորապես ասված է. «Այսօր առիթ ունենք Մեր բարձր գնահատանքը հղել Ձեզ` Ռոստովի հայկական Սուրբ Խաչ եկեղեցու վերաբացման ու բարեզարդման գործում Ձեր կարեւոր ավանդի համար: Փառաբանական աղոթքն է Մեր շուրթերին, որ պատմական սրբավայրը, ամբողջապես նորոգված, վերստին կոչվում է սրբազան իր առաքելությանը` ծառայելու Ռոստովի հայ համայնքի հոգեւոր ու ազգային կյանքի պայծառությանը, հոգեւոր կենաց հացը մատուցելու բարեպաշտ հավատացյալներին եւ քրիստոնեական լույսը տարածելու մարդկանց հոգիներում:

Ձեր ազնիվ ու աստվածահաճո հովանավորութեամբ նաեւ իր հետագա գործունեությունն է շարունակելու հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը, որ մեծապես պիտի նպաստի նոր սերունդների կողմից հավատակից մեր ազգերի պատմության ու բարեկամության արժեւորմանը` նոր ձեռքբերումներով հարստացնելու եւ բարեզարդելու դարերի ընթացքում նվիրագործված եղբայրությունն ու ջերմ հարաբերությունները մեր երկրների ու ժողովուրդների:

Գովարժան է նաեւ Ձեր հետեւողական աջակցությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական կապերի խորացմանն ու արդիւնավորմանը եւ մեր երկու պետությունների բազմակողմանի հարաբերությունների առավել զորացմանը»:

Շքանշանի հանձնումից հետո իր շնորհակալական խոսքն ասաց Ռոստովի նահանգապետը` անդրադառնալով նաեւ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությանը եւ Ռոստովի մարզում հայ համայնքի կարեւոր դերակատարությանը:

Արարողությանը ներկա էին ՌԴ Ռոստովի մարզի մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ` գլխավորությամբ Ռոստովի մարզի նահանգապետ Վլադիմիր Չուբի եւ Դոնի Ռոստովի քաղաքապետ Միխայիլ Չերնիշեւի, Ռուս Ուղղափառ Եկեղեցու Ռոստովի եւ Նովոչերկասկի արքեպիսկոպոս Պանտելեյմոնը, ՌԴ Հարավային Դաշնային շրջանում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը, բազմաթիվ բարեպաշտ հայորդիներ:

Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուղեկից շքախմբով վերադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Խորագրեր

Ոտնլավայի կարգը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 01 April, 2021 

Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամեն ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Նարեկ սարկավագ Պետրոսյանի այրու հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 31 March, 2021 

Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 30 March, 2021 

Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Հրաժեշտի հանդիպում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 29 March, 2021 

Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 28 March, 2021 

Մարտի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնակատարեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղ ...

Ավելին
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 26 March, 2021 

ԾԱՂԿԱԶԱՐԴ (մարտի 28) -Անդաստան և մանուկների օրհնություն` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրոր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի թեմում ձեռնադրված նորաօծ քահանաներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 23 March, 2021 

Մարտի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Նոր նշանակում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 22 March, 2021 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...

Ավելին
Հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ նախագահը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 March, 2021 

Մարտի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և ...

Ավելին
Հանդիպում 1921 թ․ մոսկովյան պայմանագրի 100-ամյակի առիթով հրավիրված կլոր սեղան-քննարկման մասնակիցների հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 March, 2021 

Մարտի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >