Հոկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգեւոր դասի ուղեկցությամբ մեկնեց Արտաշատ`
կատարելու քաղաքի նոր կառուցվելիք եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը: Սրբազան արարողությանն իր մասնակցությունն էր բերել ՀՀ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը:
Արտաշատցիները Վեհափառ Հայրապետին դիմավորեցին աղ ու հացով: Այստեղ էին նաեւ
Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը` թեմի հոգեւոր դասի հետ, ՀՀ տարածքային կառավարման
եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը, Արարատի մարզպետը, Արտաշատի քաղաքապետը,
բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Արտաշատ քաղաքի առաջին այս եկեղեցին, որ կրելու է Սբ. Հովհաննես
առաքյալի անունը, կառուցվում է նախարար Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ: Այն իր ճարտարապետական կառուցվածքով
խաչաձեւ է, ունենալու է մեկ գմբեթ, զանգակատուն եւ կարող է տեղավորել շուրջ 500 հավատացյալ: Եկեղեցու շինությունը նախատեսված է ավարտել
2 տարի հետո:
Ձեռամբ Վեհափառ Հայրապետի օծվեցին եկեղեցու 16 վեմ քարերը, որոնք տեղադրվեցին
նորակառույց եկեղեցու հիմքում` կոչվելով 12 առաքյալների, 4 Ավետարանիչների եւ Գրիգոր Լուսավորչի ու Հովհաննես Մկրտչի անուններով: Թադեոս
առաքյալի անվամբ վեմ քարը տեղադրվեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձեռքով:
Շնորհավորելով ու
հայրապետական իր օրհնությունը փոխանցելով Արտաշատի բնակիչներին` Վեհափառ Հայրապետը միաժամանակ գնահատանքի խոսքեր ուղղեց նորակառույց
եկեղեցու հովանավոր Հովիկ Աբրահամյանին, մարզի ու քաղաքի իշխանություններին եւ հավատացյալ ժողովրդին:
«Մեր ուրախությունն իր արձագանքն է գտնում երկնքում` պայծառ ու գեղեցիկ, արեւշող օրվա երեւույթով: Աստված, կարծեք
թե, նշան է տալիս մեզ, որ օրհնում է եկեղեցաշինության մեր այս նախաձեռնությունը: Որովհետեւ եկեղեցի կառուցել նշանակում է Աստված ընդունել,
նշանակում է ներկայություն դարձնել Աստծուն մեր կյանքի մեջ, մեր հոգիներում, մեր կենցաղում: Նշանակում է միշտ բարու հետեւող լինել, սիրով
ապրել կյանքը, հավատո գործեր կատարել: Եկեղեցի կառուցել նշանակում է հավատարմություն դրսեւորել մեր հայրերի սրբազան հավատքին, մեր
անցյալի հոգեւոր ժառանգությանը, սիրել մեր հայրենին եւ նախանձախնդիր լինել նրա վաղվա օրվա նկատմամբ` իրականություն դարձնելով բոլոր այն
երազները, որոնց համար ապրել ու տքնել ենք, պայքարել ու մարտնչել, երբեմն էլ մարտիրոսվել ու նահատակվել», - ասաց Վեհափառ Հայրապետը:
Հիմնարկեքի սրբազան արարողությունից հետո օրվա խորհուրդն ամբողջացվեց տոնախմբությամբ` երգ ու պարով,
արտասանություններով ու սրտաբուխ խոսքերով: