Վեհափառ Հայրապետը ՀՀ եւ ԼՂՀ նախագահների հետ այցելեց Եռաբլուր
Հունվարի
28-ին` ՀՀ զինված ուժերի հիմնադրման օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ
այցելեց ՀՀ պաշտպանության նախարարություն` մասնակից լինելու նախարարությանը ՀՀ զինված ուժերի մարտական դրոշի հանձնման արարողությանը:
ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ զինված ուժերի մարտական դրոշը` իբրեւ խորհրդանիշ հայոց բանակի փառքի
ու հաղթանակի, նախարարությանը հանձնվեց զինված ուժերի առաջին հոբելյանի` 10-ամյակի առիթով: Հանդիսավոր պայմաններում դրոշը հանձնվեց ՀՀ
պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին:
Արարողության ընթացքում Վեհափառ Հայրապետն աղոթք
բարձրացրեց առ Աստված զինված ուժերի համար եւ օրհնեց մարտական դրոշը:
Հանդիսության ավարտից հետո
Վեհափառ Հայրապետն ու ՀՀ նախագահն իրենց շքախմբերով ուղղվեցին դեպի Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների
հիշատակին եւ ծաղիկներ դնելու նրանց գերեզմաններին: Եռաբլուր էին ժամանել նաեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ եւ ԼՂՀ բարձրաստիճան
պետական այրեր, զինվորականներ: Այցելուները կանգ առան անհայտ զինվորի եւ ՀՀ պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի
գերեզմանների առջեւ` ուր Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց հայրենյաց պաշտպանության համար ընկած մարտիկների հոգիների խաղաղության
համար: