Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Русский
  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Հայոց Եկեղեցին
  • Ակնարկ

Հայոց Եկեղեցին

  • Ակնարկ
  • Մեր դավանանքը
  • Յոթ խորհուրդներ
    • Մկրտություն
    • Դրոշմ
    • Ապաշխարություն
    • Հաղորդություն
    • Ձեռնադրություն
    • Պսակ, ամուսնություն
    • Կարգ հիվանդացի խորհուրդը
  • Սուրբ Պատարագ
  • Ժամերգություն
  • Նվիրապետություն
    • Նվիրապետական աթոռներ
    • Թեմեր
    • Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայրապետական պատվիրակություններ
  • Հոգևոր դաս
    • Ինչպե՞ս դիմել հոգևորականին
    • Եպիսկոպոսաց դաս
    • Վարդապետ
    • Աբեղա
    • Քահանա
    • Սարկավագ
  • Կառավարման բարձրագույն մարմիններ
    • Ազգային-եկեղեցական ժողով
    • Եպիսկոպոսաց ժողով
    • Եկեղեցական ներկայացուցչական ժողով
    • Գերագույն հոգևոր խորհուրդ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ընդհանրական Եկեղեցու անբաժանելի մասն է և աշխարհասփյուռ հայ ժողովրդի Մայր Եկեղեցին։

Հայոց Եկեղեցին պատկանում է Հին Արևելյան Ուղղափառ  Եկեղեցիների ընտանիքին՝ հիմնադրված Ա դարում Հիսուս Քրիստոսի երկու առաքյալների` Ս․ Թադեոսի և Ս․ Բարդուղիմեոսի քարոզությամբ: Հայոց Եկեղեցին Ս․ Հաղորդության մեջ է Ղպտի, Ասորի, Հնդիկ Մալանկարա և Եթովպական դավանակից Եկեղեցիների հետ՝ ունենալով հավատքի նույն խոստովանությունը և ընդունելով 325 թ․ Նիկեայի, 381 թ․ Կ․ Պոլսի և 431 թ․ Եփեսոսի տիեզերական ժողովների որոշումները։ 

301 թ․ Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որ քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն՝ շնորհիվ համաքրիստոնեական սուրբ, հայոց առաջին հայրապետ Ս․ Գրիգոր Լուսավորչի քարոզչության և Ս․ Տրդատ Գ արքայի հրովարատակի: Հայոց Եկեղեցին դարեր շարունակ անաղարտ պահպանել է և սերնդեսերունդ փոխանցել ուղղափառ դավանանքը՝ հավատարիմ մնալով Տեր Հիսուս Քրիստոսի վարդապետությանը, առաքելական Ավանդությանը և հոգեկիր սուրբ հայրերի ուսուցումներին։

Հայոց Եկեղեցին մեկ է, քանի որ Եկեղեցու հիմնադիր Տեր Հիսուս Քրիստոս մեկ է՝ միավորելով ողջ ազգին։

Հայոց Եկեղեցին սուրբ է, քանի որ Տեր Հիսուս Քրիստոս սուրբ է:

Հայոց Եկեղեցին առաքելական է, քանի որ անմիջականորեն հիմնվել է Տիրոջ երկու առաքյալների քարոզչության արդյունքում, որոնք և ձեռնադրել են հայոց առաջին եպիսկոպոսներին:

Հայոց Եկեղեցին ուղղափառ է, քանի որ կրողն է Քրիստոսից՝ առաքյալներին փոխանցված ճշմարիտ հավատքի:

Հայոց Եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոս է, իսկ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջ հայության հոգևոր առաջնորդն է թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում:

Հայոց Եկեղեցու հոգևոր ու վարչական կենտրոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է՝ հիմնադրված 301-303 թթ․ Վաղարշապատում։ Տասնյոթ դար շարունակ այն հավատարմորեն իրագործում է հոգեփրկչական և ազգապահպան իր առաքելությունը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին աշխարհի բազմաթիվ երկրներում ունի եկեղեցական կառույցներ՝ թեմեր, պատվիրակություններ և համայնքներ: Դարեր շարունակ, պատմական դեպքերով պայմանավորված, մասնավորապես ԺԹ դարի 90-ական թվականներից մինչև 1923 թ. ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ցեղասպանությունից հետո, տարբեր երկրներում ստեղծվել են հայկական համայնքներ, և բնակչության աճին զուգահեռ` հասունացել է եկեղեցի և դպրոց ունենալու պահանջ և դրանք  հիմնադրելու անհրաժեշտություն:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Հայոց Եկեղեցու առաքելությունն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Նվիրապետական Աթոռների, թեմերի, պատվիրակությունների, ծխերի, ինչպես նաև՝ ուսումնակրթական հաստատությունների, հոգևոր դասի գործունեությամբ և հավատացյալների աջակցությամբ։ 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի վարչական հետևյալ կառուցվածքը.

ա. Կաթողիկոսություն Ամենայն Հայոց (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին),

բ. Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո (Անթիլիաս, Լիբանան),

գ. Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն,

դ. Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն,

ե. Թեմական առաջնորդություններ և հայրապետական պատվիրակություններ,

զ. Վանական միաբանություններ,

է. Համայնքային (ծխական) հովվություններ:

Հայոց Եկեղեցու նվիրապետությունն ունի հոգևոր երեք հիմնական աստիճան՝ սարկավագ, քահանա և եպիսկոպոս։

ա․ Սարկավագությունն հոգևոր առաջին աստիճանն է, որը շնորհվում է ձեռնադրությամբ Ս․ Պատարագի ընթացքում։ Սարկավագների մասին խոսվում է «Գործք առաքելոց»-ում և առաքելական թղթերում։ Եկեղեցու առաջին նահատակը Ս․ Ստեփանոս Նախասարկավագն է: Առաքելական շրջանում սարկավագների պարտականությունն էր հոգալ համայնքի կարիքավորների պետքերը (սարկավագ (հուն.` diakon) նշանակում է սպասավոր): Հետագայում սարկավագները սկսեցին սպասավորել Ս․ Սեղանին, մասնակցել աստվածպաշտությանը։ Սարկավագը ձախ ուսին կրում է ուրար՝ ի նշան Քրիստոսի քաղցր լուծի։ 

բ. Քահանայությունը նվիրապետության հաջորդ աստիճանն է: Հայոց Եկեղեցին ունի ամուսնացյալ և կուսակրոն հոգևորականություն։ Սարկավագները քահանայական իշխանություն են ստանում եպիսկոպոսից Ս․ Պատարագի ընթացքում՝ ձեռնադրության և Սրբալույս Մյուռոնով օծման միջոցով։ Քահանան իրավունք է ստանում կատարելու Եկեղեցու խորհուրդները, Ս․ Պատարագ մատուցելու և հոգալու հավատացյալների հոգևոր կարիքները։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից քահանային, ի գնահատություն նրա ծառայության և վաստակի, կարող են շնորհվել լանջախաչ, ծաղկյալ փիլոն կրելու իրավունք, ինչպես նաև ավագության կոչում։ Կուսակրոն քահանային ձեռնադրության օրը՝ Երեկոյան ժամերգության ընթացքում, տրվում է վեղար՝ ի նշան աշխարհից հրաժարման։

Հայոց Եկեղեցում կուսակրոն եկեղեցականները կարող են ստանալ մասնավոր և ծայրագույն վարդապետության աստիճաններ։ Վարդապետության աստիճանին արժանացած եկեղեցականին տվչության ընթացքում տրվում է վարդապետական օձագլուխ գավազան՝  իմաստությամբ քարոզելու Աստծու խոսքը, ուսուցանելու և պահպանելու ուղղափառ դավանանքը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վարդապետին շնորհում է նաև ականակուռ լանջախաչ կրելու իրավունք։  

գ. Եպիսկոպոսությունը Հայոց Եկեղեցու նվիրապետության երրորդ աստիճանն է:  Եպիսկոպոսը Եկեղեցու տեսուչն է և թեմի առաջնորդը, որ իրավունք ունի խորհուրդներ, ձեռնադրություններ կատարելու և եկեղեցիներ օծելու: Հայոց Եկեղեցում եպիսկոպոսը ձեռնադրվում և օծվում է Կաթողիկոսի կողմից: Ձեռնադրության ժամանակ նրան տրվում է եպիսկոպոսական գավազան ու մատանի՝ ի նշան իշխանության: Եպիսկոպոսության թեկնածուներն ընտրվում են կուսակրոն եկեղեցականներից։ Վաստակաշատ եպիսկոպոսները Հայրապետական կոնդակով կարող են ստանալ նաև արքության պատիվ:

դ. Կաթողիկոսը Հայոց Եկեղեցու հոգևոր պետն է, որ ընտրվում է ցմահ Ազգային-եկեղեցական ժողովում, ձեռնադրվում և օծվում Միածնաէջ Մայր Տաճարում 12 եպիսկոպոսների կողմից:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ս․ Թադեոսի Աթոռի Գահակալն է, ով մարմնավորում է Հայոց Եկեղեցու բարձրագույն իշխանությունը։ Հայոց Հայրապետի իրավունքն է Սրբալույս Մյուռոն օրհնել, եպիսկոպոսներ ձեռնադրել, առաջնորդել Հայոց Եկեղեցին՝ վճռելով Եկեղեցու հոգևոր, վարչական կյանքին առնչվող բոլոր հարցերը։

Հայոց Եկեղեցում կան նաև դպրական խոնարհ աստիճաններ՝ ընթերցող, դռնապան, ջահընկալ և երդմնեցուցիչ, որոնք տրվում են ձեռնադրությամբ։

 

Կաթողիկոսություն Ամենայն հայոց

Կաթողիկոսություն Ամենայն հայոց

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]