

Արարատյան շաբաթ
- ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Հռիփսիմե վանքում,
- ժամը 9:30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով Սուրբ Հռիփսիմե վանք կտարվեն սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները,
- Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ,
- ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Գայանե վանքում,
- ժամը 10:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով Սուրբ Գայանե վանք կտարվեն Սուրբ Գայանե կույսի մասունքները,
- Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ,

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Պատգամը Կաթողիկե Սուրբ Էջմիածնի Տոնին
Հայրապետիս համար հոգևոր անհուն ուրախություն է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի հոգենորոգ այս օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնել ազգիս հազարավոր զավակների՝ հայրենի մեր երկրի տարբեր շրջաններից և սփյուռքի համայնքներից։ Հայրական սիրով ողջունում ենք ձեզ և բերում Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները ամենքիդ։ Հավաքվել ենք Քրիստոսի էջքով նվիրագործված այս սրբավայրում՝ վերանորոգելու սիրո ու նվիրումի մեր ուխտը առ Աստված ու հայրենին և առ Սուրբ Էջմիածինը, որը Տիրոջ նախախնամությամբ դարձավ մեր ազգի հոգևոր զարթոնքի զորությունը, մեր ինքնության դարբնոցը և նոր շունչ ու ավյուն հաղորդեց մեր ժողովրդին, մեր բազմադարյա պատմության ընթացքին։ Աստված մեզ ընդունեց իբրև ազգ սուրբ և ժողովուրդ սեփական (Ա Պետր. 2.9) և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի տեսիլքով ազգիս պարգևեց Սուրբ Էջմիածինը որպես փրկության տապան և մեր հավատքի անսասան վեմ ու հիմնասյուն։ «Ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրված այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է» (Ա Կորնթ. 3.11),- ասում է Պողոս առաքյալը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Աստծո հետ մեր ժողովրդի հավերժական ուխտի խորհրդանիշն է, որ դրոշմված է ամեն հայի հոգում։ Սուրբ Էջմիածինը մեր հոգևոր էությունն ու ազգային դիմագիծն է, մեր սիրտն ու ոգին է, մեր անցյալն ու ներկան և մեր ապագան։ Սուրբ Էջմիածնով է միշտ միասնական մնացել մեր ժողովուրդը։ Չկա Սուրբ Էջմիածին առանց հայության, և չկա հայություն առանց Սուրբ Էջմիածնի։ «Ի վերայ Աջոյն և Սրբոյ Էջմիածնի ամենայն ազգն հայոց կապեալ կան»,- ճշմարտապես արձանագրում է Առաքել Դավրիժեցի պատմիչը։ Սուրբ Էջմիածինը անշեջ ու լուսավոր փարոս է մեր ժողովրդի փրկության ճանապարհին։ Կաթողիկոսանիստ Սուրբ Էջմիածնից դարեր շարունակ Հայրապետական առաջնորդություն և օրհնություն է բաշխվում համայն հայությանը։ Քրիստոսաէջ այս վայրում դարեր առաջ Հայրապետական Աթոռի վերահաստատումով ազգս հայոց համախմբվեց Հայաստանում և վերականգնեց իր անկախ պետականությունը։ Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր Սուրբ Եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին։ Այդ ճանապարհը, ցավալիորեն, կործանարար բաժանումներ է բերել ներազգային կյանքում։