Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրենին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրենին 29.10.2026

Հոկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Օքսֆորդի համալսարանի Բլեքֆրայերս Հոլի Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրեն, ավագ գիտաշխատող դոկտոր Հյուգո Սլիմին։

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելությանը, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական խնդիրներին, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված քայլերին։ Կարևորվեց քրիստոնեական Եկեղեցիների, գիտական շրջանակների և մարդասիրական կառույցների գործակցությունը՝ ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալական արդարության հաստատման։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Բլեքֆրայերս Հոլի ու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի միջև համագործակցության ընդլայնման, արցախահայության իրավունքների ու հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ ակադեմիական հետազոտությունների կազմակերպման և Օքսֆորդում գիտաժողովների անցկացման շուրջ։ Քննարկվեցին նաև Բլեքֆրայերս Հոլում հոգևորականների ուսումնառության և հետազոտական աշխատանքի հնարավորությունները։