Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Русский
  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Բարեկենդան Եղիական պահոց

Բարեկենդան Եղիական պահոց
15.06.2025

Բարեկենդան Եղիական պահոց

Քիչ սրբեր կարելի է գտնել, որոնց կենսագրությունը այսչափ միաձուլված է ՝ թե Հին, և թե Նոր Կտակարանների հետ, ինչպես Եղիա մարգարեն։ Քրիստոս Փրկչի աշխարհ գալուց ինը դար առաջ ծնված Եղիա մարգարեն տեսավ Նրա Պայծառակերպված Փառքը Թաբոր լեռան վրա (Մատթ. 17.3, Մարկ. 9.4, Ղուկ. 9.30)։ Սուրբ մարգարեն առաջինն էր Հին Ուխտում, ով հրաշքով հարություն տվեց մեռյալին (Գ Թագ. 17.20–23), և կենդանի վերցվեց Երկինք՝ նախօրինակելով Քրիստոսի գալիք Հարությունը և մահվան իշխանության ընդհանրական խորտակումը։

Նրա ապաշխարության կոչն ու ահեղ հանդիմանությունները ուղղված էին ժամանակակիցներին՝ իր հայրենակիցներին, որոնք թաղված էին ամբարշտության և կրապաշտության մեջ։ Նույնպիսի կոչ ու ապաշխարության ձայն մարդկությունը կլսի Քրիստոսի Երկրորդ գալստյան նախօրեին, երբ շատերը, շեղվելով ճշմարիտ հավատքից և բարեպաշտությունից՝ կմնան մոլորությունների և մեղքերի խավարում։ Եվ Հին Ուխտում, և Նոր Ուխտի Եկեղեցում Եղիա սուրբ մարգարեն մեծարվում է իր հավատի անխախտ ամրության, անձեռնմխելի կուսական կյանքի և Աստծո փառքի նկատմամբ հրեղեն նախանձախնդրության համար։ Նրան հաճախ նմանեցնում են Տիրոջը մկրտող, կարապետ Հովհաննեսին, որի մասին գրված է, թե նա «եկավ Եղիայի ոգով և զորությամբ» (Ղուկ. 1.17)։

Մարգարե Եղիան կենդանի երկինք առնվեց հրեղեն կառքով։ 

«Երբ Տերը Եղիային պտտահողմով երկինք էր բարձրացնելու, Եղիան ու Եղիսեն գնացին Գաղգաղա: Եղիան ասաց Եղիսեին. «Դու այստեղ նստիր, քանզի Տերն ինձ Բեթել է ուղարկում»: Եղիսեն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է քո անձը, ես քեզ չեմ լքի»: Երբ նրանք եկան Բեթել, Բեթելում գտնվող մարգարեների որդիները եկան Եղիսեի մոտ և ասացին. «Գիտե՞ս, որ այսօր Տերը քո տիրոջը քո մոտից տանելու է»: Նա ասաց. «Գիտեմ, լուռ մնացեք»: Եղիան ասաց Եղիսեին. «Դու այստեղ նստիր, քանզի Տերն ինձ Երիքով է ուղարկում»: Եղիսեն ասաց. «Քանի կենդանի է Տերը և կենդանի է քո անձը, ես քեզ չեմ լքի»: Երբ նրանք եկան Երիքով, այնտեղ գտնվող մարգարեների որդիները մոտեցան Եղիսեին և ասացին. «Գիտե՞ս, որ այսօր Տերը քո տիրոջը քո մոտից տանելու է»: Նա ասաց. «Գիտեմ. լուռ մնացեք»: Եղիան ասաց նրան. «Դու այստեղ նստիր, քանզի Տերը ինձ Հորդանան է ուղարկում»: Եղիսեն ասաց. «Քանի կենդանի է Տերը, և քանի կենդանի է քո անձը, ես քեզ չեմ լքի»:

Եվ նրանք երկուսով գնացին: Մարգարեների որդիներից հիսուն հոգի գնաց և կանգնեց հեռվում, Եղիայի և Եղիսեի դիմաց, իսկ սրանք երկուսով կանգնել էին Հորդանանի եզերքին: Եղիան առավ իր մորթե վերարկուն, ծալեց ու խփեց ջրերին: Ջրերն իրարից հեռացան այս ու այն կողմ, և երկուսով անցան, Եղիան ասաց Եղիսեին. «Խնդրիր, ի՞նչ անեմ քեզ, քանի դեռ քեզնից չեմ բաժանվել»: Եղիսեն ասաց. «Թող քո հոգու կրկնապատիկն ինձ վրա լինի»: Եղիան ասաց. «Դժվար բան խնդրեցիր, բայց եթե քեզնից համբառնալու ժամանակ ինձ տեսնես, այդպես թող լինի, ապա թե ոչ` թող չլինի»: Մինչ նրանք քայլում էին, մի հրեղեն կառք ու հրեղեն երիվարներ երևացին, նրանց միմյանցից բաժանեցին, և Եղիան մրրիկի մեջ երկինք վերացավ» (Դ Թագ. Բ 1­-11):

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]