Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Русский
  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Ս․ Հռիփսիմեանց կոյսեր

Ս․ Հռիփսիմեանց կոյսեր
16.06.2025

Ս․ Հռիփսիմեանց  կոյսեր

Ս. Հռիփսիմյանք հռոմեացի կույսեր էին, որոնք Գայանե մայրապետի գլխավորությամբ ապրում էին Հռոմի Ս. Պողոս կուսանոցում։ Փախչելով Դիոկղետիանոս կայսեր (284-­305 թթ.) հալածանքներից՝ նրանք գնացել են Արևելք, երկրպագել Փրկչի տնօրինական տեղերին և ապա Եդեսիայի վրայով անցել Հայաստան ու հաստատվել Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ` հնձաններում: Այստեղ նրանք ապրել են ճգնակեցությամբ, իրենց աշխատանքով։ Կույսերից մեկը գիտեր ինչպես ապակի ստանալ, և նրանք հուլունքներ են պատրաստել ու վաճառել։ Հայոց Տրդատ Գ արքան (287-­330 թթ.), հմայված Հռիփսիմե կույսի գեղեցկությամբ, ցանկացել է կնության վերցնել նրան, սակայն մերժվելով` հրամայել է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել, որը տեղի է ունեցել Վաղարշապատում 301 թ., Ս. Գրիգոր Լուսավորչի` Վիրապից ելնելուց մի քանի օր առաջ։ Ս. Հռիփսիմեն 32 ընկերուհիների հետ նահատակվել է քաղաքի հյուսիսարևելյան կողմում, Ս. Գայանե մայրապետը` երկու ընկերուհիների հետ` հարավային կողմում, իսկ կույսերից մեկը՝ Ս. Մարիանեն, որը հիվանդ էր և չէր կարողացել փախչել, հնձանում:

Այս պատմությունը մեզ է ավանդում պատմիչ Ագաթանգեղոսը։

Ս. Գրիգոր Լուսավորիչն ամփոփել է կույսերի նշխարները նրանց նահատակության վայրերում և գերեզմանների վրա կառուցել երեք փայտաշեն վկայարան, որոնք հետագա դարերում փոխարինվել են քարակերտ եկեղեցիներով։ Որպես սրբեր Հռիփսիմեն և Գայանեն նշվում են ոչ միայն հայերեն, այլև հունական, լատինական, արաբական, ղպտիական, ռուսական Հայսմավուրքներում:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]