Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Русский
  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Ս.Սահակ և Ս. Մեսրոպ թարգմանիչներ

Ս.Սահակ և Ս. Մեսրոպ թարգմանիչներ
10.07.2025

Ս.Սահակ և  Ս. Մեսրոպ  թարգմանիչներ

Ս. Սահակ Պարթև կաթողիկոսը (387­-439 թթ.) Ներսես Մեծ կաթողիկոսի (353­-373 թթ.) որդին էր, Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը: Ծնվել է 348 թ., նախնական կրթությունը ստացել է Հայաստանում, ապա ուսանել Կեսարիայում ու Կ. Պոլսում` կատարելապես հմտանալով Ս. Գրքի իմացության, երաժշտական արվեստի, հռետորական ատենաբանության, իմաստասիրության, նաև` հունարեն և ասորերեն լեզուների մեջ, որոնց տիրապետում էր մանկուց։ Կատարյալ տիրապետել է նաև պարսկերենին։ Նա իրեն նվիրել է ճգնությունների ու աղոթքի և ուսումնատենչ ու կրոնավոր իր 60 աշակերտների հետ շրջել է Հայաստանի գավառներով, ծավալել քարոզչական գործունեություն:

387 թ. հայոց Խոսրով Գ արքայի (385­-388 թթ.) կամքով Ս. Սահակը բարձրացել է հայոց հայրապետական գահին: Ս. Սահակ հայրապետն իրավամբ կոչվել է «մտքերի լուսավորիչ», քանի որ նա իր 52-­ամյա հայրապետական գործունեությամբ Ս. Մեսրոպ Մաշտոցի հետ անձանձիր նվիրումով լծվել է Հայ Եկեղեցու պայծառացման և իր հավատավոր հոտի լուսավորության առաքելությանը: Նրան և Ս. Մաշտոցին ենք պարտական հայերեն գրի և դպրության հաստատման, Աստվածաշնչի հայերեն թարգմանության համար, որը կոչվել է «թարգմանությունների թագուհի»: Նրանց ենք պարտական հայ թարգմանական և ինքնուրույն գրականության սկզբնավորման և հայ մշակույթի Ոսկեդարի համար։

Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը ծնվել է 361 թ., Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Մանուկ հասակից սովորել է հունարեն, ասորերեն և պարսկերեն։ Խոսրով Գ թագավորի օրոք եղել է սկզբում զինվորական, ապա պաշտոնավարել արքունական դիվանում: Այնուհետև թողել է աշխարհիկ կյանքն ու նվիրվել հոգևոր առաքելության: 395 թ. գնացել է Գողթն գավառ` քարոզչության: Այս գործունեության ընթացքում էլ զգացել է հայ գրերի անհրաժեշտությունը, որի համար դիմել է Սահակ կաթողիկոսի օգնությանը: Կաթողիկոսի հավանությամբ և Վռամշապուհ թագավորի (393-­414 թթ.) արքունական հրովարտակով Վահրիճ իշխանն ուղարկվել է Դանիել Ասորի եպիսկոպոսի մոտ` հայկական նշանագրերը բերելու, սակայն պարզվել է, որ այդ նշանագրերը չեն բավարարում հայոց լեզվի ճշգրիտ արտահայտման համար: Այդժամ Ս. Սահակ կաթողիկոսի և արքայի հանձնարարությամբ Ս. Մեսրոպն իր մի քանի աշակերտների հետ մեկնել է Հայոց Միջագետք, եղել Ամիդ, Եդեսիա քաղաքներում՝ ջանալով ստեղծել հայերենին համապատասխան գիր: Աստծո օգնությամբ՝ 405 թ. Եդեսիայում Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետն ավարտել է հայկական գրի ստեղծումը և մեկնել է Սամոսատ, որտեղ Հռոփանոս անունով վայելչագրի հետ ավարտել է տառերի գծագրումը։

Աստվածաշնչից հայերեն թարգմանած առաջին նախադասությունն է. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ». «ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը» (Առակ. Ա 2):

Ս. Մեսրոպ Մաշտոցը վախճանվել է 440 թ. փետրվարի 17­ին, Վաղարշապատում և թաղվել 0շական գյուղում, որը դարեր ի վեր նվիրական ուխտատեղի է։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]