Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Русский
  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Ս. Գևորգ Զորավար, Ս. Ադոկտոս և Ս. Ռոմանոս Երգեցող

Ս. Գևորգ Զորավար, Ս. Ադոկտոս և Ս. Ռոմանոս Երգեցող
27.09.2025

Ս. Գևորգ Զորավար, Ս. Ադոկտոս և Ս. Ռոմանոս Երգեցող

Ս. Գևորգ զորավարը ծնունդով Կապադովկիայից էր: Մեծացել է քրիստոնյա ընտանիքում: Զինվորագրվել է հռոմեական բանակին և կարճ ժամանակում ստացել զորավարի աստիճան: Եղել է Դիոկղետիանոս կայսեր (284­305 թթ.) մերձավորներից։

Քրիստոնյաների նկատմամբ հալածանքներ սկսելուց առաջ կայսրը խորհրդակցության է հրավիրել իր մեծամեծներին` նրանց հավանությունը ստանալու համար: Բոլորը հավանություն են տվել՝ բացի Գևորգ քաջամարտիկ զորավարից, որը խիստ խոսքերով պարսավել է կայսեր անմարդկային ծրագիրը՝ բացահայտելով նաև իր՝ քրիստոնյա լինելը:

Կայսրը բանտարկել է տվել Ս. Գևորգին և ենթարկել անլուր չարչարանքների, որոնց նա տոկացել է քաջաբար: Սրբի չարչարանքների ընթացքում հրաշքներ են տեղի ունեցել, ականատեսներից շատերը հավատացել են Քրիստոսին։ Ի վերջո Ս. Գևորգը համաձայնել է գնալ մեհյան, որտեղ խաչակնքվելով ջարդել է կուռքերը` դրանք հայտարարելով սուտ և սին: Այս հանդուգն արարքի համար Դիոկղետիանոս կայսրը հրամայել է գլխատել Ս. Գևորգ զորավարին՝ հավանաբար 303 թ.:

Ս. Ադոկտոսը նահատակվել է հայկական Մելիտինե քաղաքում, Մաքսիմիանոս կայսեր ժամանակ (Գալերիոս Մաքսիմիանոս՝ 305­311 թթ.)։ Նա պետական պաշտոնյա էր փոքրասիական Եփեսոս քաղաքում: Լինելով քրիստոնյա՝ Ադոկտոսը չի ցանկացել իր դստերը` Կալիսթենեին կնության տալ հեթանոս կայսրին և ուղարկել է նրան Արևելք: Այսպիսով բացահայտվել է, որ Ադոկտոսը քրիստոնյա է: Կայսրը զրկել է նրան կոչումից և ունեցվածքից ու վտարել Մելիտինե` տեղի կուսակալին հրամայելով վերադարձնել նրան հեթանոսության: Ս.Ադոկտոսն անսասան է մնացել հավատի մեջ, որի համար գլխատվել է: Նրա կինը և մյուս դուստրը` Պելոպիան, թաղել են նրան: Մաքսիմիանոս կայսեր մահից հետո Կոստանդիանոս Մեծի քույրը՝ Կոնստանցան, որ Լիկիանիոս կայսեր կինն էր, հովանավորել է Կալիսթենեին, որը տեղափոխել է հոր մասունքները Եփեսոս և նրա գերեզմանի վրա կառուցել մատուռ: Հետագայում նա մոր և քրոջ հետ ապրել է Եփեսոսում և խաղաղությամբ վախճանվել 320 թ.:

Ս. Ռոմանոս Երգեցողը եղել է դպիր Կ. Պոլսի Ս. Սոֆիա եկեղեցում: Սաստիկ վշտանալով և իրեն նվաստացած զգալով, որ չի կարողանում լավ երգել ու կարդալ, նա աղոթել է Ս. Կույս Աստվածածնին և օգնություն խնդրել: Ս. Կույսը հայտնվել է նրան երազում, տվել մի թղթագլան և հրամայել ուտել։ Դրանից հետո Ռոմանոսն ստացել է շարականներ գրելու և դրանք գեղեցիկ կատարելու բացառիկ շնորհ:

Նա հեղինակ է 1000 կանոնների: Վախճանվել է 556 թ.։

 

Մուղնու Ս. Գևորգ վանքի ուխտի օր

Գևորգյան Հոգևոր Ճեմարանի հիմնադրման 151-ամյակը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]