Քրիստոս Իր համբարձումից առաջ առաքյալներին պատվիրել է աստվածային վարդապետությունը քարոզել ամբողջ աշխարհում և բոլորին մկրտել Հոր և Որդու և Ս. Հոգու անունով (Մատթ. 28.19-20):
Քրիստոսի 12 առաքյալներից Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը քարոզել և քրիստոնեություն են տարածել Հայաստանում։
Ս. Թադեոս առաքյալը նախ քարոզել է Պաղեստինում և Ասորիքում (Սիրիայում), այնուհետև Կապադովկիայի Կեսարիա քաղաքում, որտեղ եպիսկոպոս է ձեռնադրել Թեոփիլոսին, այստեղից գնացել է Եդեսիա և Քրիստոսի 72 աշակերտներից Թադեոսի հետ իրագործել է Ավետարանի քարոզությունը հյուսիսային Միջագետքում՝ Աբգար Ե հայոց թագավորի սահմաններում։ Քրիստոսին ջերմորեն հավատացած Աբգար թագավորի նամակով Թադեոս առաքյալը ուղևորվել է նրա քեռորդու՝ Սանատրուկի մոտ, որը Աբգարի կողմից կառավարիչ և զորքի հրամանատար էր կարգված բուն հայկական տարածքներում։
Թադեոս առաքյալը ուղևորվել է Վասպուրականի Արտազ (նախապես՝ Շավարշան) գավառը, որտեղ գտնվում էր Սանատրուկի ամառանոց նստավայրը։ Աբգար թագավորի մահվանից հետո Սանատրուկն իրեն թագավոր էր հռչակել։ Արտազում քարոզելիս Ս. Թադեոս առաքյալը բազմաթիվ հետևորդներ է ունեցել, որոնց մեջ նաև մկրտությամբ Սամուել կոչված իշխանը, արքայի մերձավորներից Զարմանդուխտ տիկինը։ Ս. Թադեոս առաքյալին աշակերտել է նաև դեռատի արքայադուստր Սանդուխտը և ջերմորեն հավատալով Քրիստոսին՝ մկրտվել առաքյալի ձեռքով։ Սանատրուկ թագավորի հրամանով նրանք այլ քրիստոնյաների հետ մահապատժի են ենթարկվել՝ ընդունելով նահատակության պսակը։
Արքայի հրամանով Թադեոս առաքյալին մատնել են տանջալից մահվան։ Նրան սկզբում նետել են երկու առյուծների առջև, բայց գազանները հոշոտելու փոխարեն հնազանդորեն խոնարհվել և լիզել են սուրբ առաքյալի ոտքերը։ Այնուհետև Թադեոս առաքյալին նետել են վառվող հնոցը, սակայն հանկարծակի ցողախառն հողմ է բարձրացել և առաքյալը մնացել է անվաս, իսկ կրակը տարածվել է դեպի հավաքվածները։ Այս և նախապես տեղի ունեցած այլ հրաշքների ու բժշկությունների ազդեցությամբ հազարավոր մարդիկ հավատացել են Քրիստոսին։ Թադեոս առաքյալն աղոթել է, որ Աստված պահպանի նորադարձ համայնքը և Հայաստանում աճեցնի քրիստոնեության հունդերը։ Երբ նրան տարել են սրով սպանելու, դահիճը հարվածել և սպանել է իր եղբորը, որի անունը Զեմենտոս էր։ Նա ճանապարհների տեսուչն էր, բարի մի մարդ, որը հոգ էր տանում այլոց համար։ Առաքյալը վշտանալով նրա մահվան համար՝ աղոթել է Քրիստոսին, որ կենդանացնի նրան։ Վերակենդանացած Զեմենտոսը, առաքյալի ոտքերն ընկնելով, ասել է. «դավանում եմ քո դավանած Աստծուն»։ Այս հրաշքը նույնպես շատերի դարձի պատճառ է դարձել։ Թադեոս առաքյալը նորադարձ հավատացյալներին հովիվ է կարգել Քրիստոսի անունով վերակենդանացած Զեմենտոսին, իսկ իր աշակերտ Զաքարիային ձեռնադրել է Արտազի եպիսկոպոս։ Հակառակ այս զարմանահրաշ դեպքերի՝ Սանատրուկ թագավորը մնացել է հոգով կույր և անողորմ, և ի վերջո, նրա հրամանով Թադեոս առաքյալին սպանել են սրով: Երբ հավատացյալները ցանկացել են նահատակ առաքյալին ամփոփել բարձունքի վրա, երկնքից լույս է ծագել, ուժեղ երկրաշարժ է եղել, և քարաժայռը բացվել ու իր մեջ է առել Սուրբ Թադեոս առաքյալի մարմինը:
Ս. Բարդուղիմեոս առաքյալը Պարթևական թագավորության սահմաններում քարոզելուց հետո իր ութ աշակերտների հետ մտել է Հայաստան։ Նա քարոզել է Սյունիքի Գողթն գավառում, տեղի իշխան Շարը (Շարա) կնոջ՝ Նշնայի, Խոսրով որդու և Վահան թոռան հետ ընդունել է քրիստոնեությունը և աջակցել առաքյալին։ Գողթն գավառի Որդվատ գյուղում առաքյալը կառուցել է Տյառնդառաջ եկեղեցին և նորադարձ հավատացյալներին հովվելու համար եպիսկոպոս ձեռնադրել իր աշակերտներից Կումսիին։ Վերջինիս մահից հետո նրան հաջորդել է առաքյալի մյուս աշակերտը՝ Բաբելասը։
Սյունաց Գողթն գավառից Ս. Բարդուղիմեոս առաքյալը ուղևորվել է Պարսկահայք նահանգի Հեր և Զարևանդ գավառները, քարոզել և ճշմարիտ հավատի մեջ է հաստատել մարդկանց, այնուհետև քարոզության է գնացել Վասպուրականի Մեծ Աղբակ գավառ, որտեղ առաքյալին ունկնդրել և նրա հետևորդներից է դարձել Սանատրուկ թագավորի քույրը՝ Ոգուհին։ Նրան քրիստոնեությունից հեռացնելու համար Սանատրուկ թագավորը ուղարկել է իր հազարապետ Տերենտիոսին, բայց վերջինս ինքն է քրիստոնյա դարձել՝ առաքյալից լսելով Փրկչի և փրկության հույսի մասին։ Տերենտիոսը տառապում էր բորոտությամբ և երբ առաքյալը նրան մկրտել է, հովանու նման մի ամպ է հայտնվել վերևում, և հազարապետի կոշտացած մաշկը կեղևի նման ցած է ընկել, ու նա բժշկվել է։ Անվարան մնալով հավատի մեջ՝ Ոգուհին և Տերենտիոսը թագավորի հրամանով սրով սպանվել են՝ ընդունելով նահատակության պսակը։ Աղբակ գավառում 66 թ. նահատակվել է նաև Ս. Բարդուղիմեոս առաքյալը՝ սկզբում բրածեծ լինելով, հետո մորթազերծ արվելով։
Հայաստանում Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ և Արտազ ու Գողթն գավառներում եպիսկոպոսական աթոռների հաստատմամբ սկզբնավորվել է Հայ Եկեղեցին, որի պաշտոնական անունն է Հայաստանյայց Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցի։
Թադեոս առաքյալն իր հետ Հայաստան է բերել Ս. Գեղարդը, որով խոցվել էր Քրիստոս և Տիրոջ օրհնած յուղը, որը շարունակաբար խառնվելով Ս. Մյուռոնին, փոխանցվում է սերնդից սերունդ։
Ս. Բարդուղիմեոս առաքյալը Հայաստան է բերել Տիրամոր պատկերը, որը զետեղել է Վասպուրական նահանգի Անձևացյաց գավառի Դարբնաց Քար կոչված վայրում` հիմնելով Հոգյաց վանք կուսանոցը։ Իսկ Գողթնի դիմաց՝ Արաքսից հարավ, Մաղարթա վայրում եկեղեցի հիմնելով՝ Ս. Բարդուղիմեոս առաքյալը երեք մանանա է դրել նրա հիմքում։ Սա Մաղարթայի Սուրբ Ստեփանոս վանքն է։
Սուրբ առաքյալների գերեզմանների վրա կառուցվել են եկեղեցիներ և հիմնվել վանքեր. Ս. Թադեոս վանքը՝ Արտազ գավառում (այժմ Իրանի տարածքում է), Ս. Բարդուղիմեոս վանքը՝ Աղբակ գավառում (այժմ Թուրքիայի տարածքում է), որոնք դարեր շարունակ եղել են նշանավոր ուխտատեղիներ։