Ս. Պետրոս առաքյալը († 67 թ.) գլխավորն էր առաքյալների մեջ: Նա ձկնորս է եղել։ Երբ առաջին անգամ Հիսուս հանդիպել է Պետրոսին, նրան ասել է. «Դու Հովանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչվես Կեփաս» (Հովհ. Ա 42), որը նշանակում է վեմ, քար, հունարեն` Պետրոս: Ս. Պետրոս առաքյալին Աստված տեսիլքով թելադրել է մկրտել և Եկեղեցու գիրկն ընդունել նաև հեթանոսներին (Գործք Ժ):
Ս. Պետրոս առաքյալը քարոզել է Պաղեստինում, Փյունիկիայում, Ասորիքում հատկապես Անտիոքում, Փոքր Ասիայի բազմաթիվ քաղաքներում, Մակեդոնիայում, Սիցիլիայում, այստեղից գնացել է կայսրության մայրաքաղաք Հռոմ։ Այստեղ Ներոն կայսեր օրոք, 67 թ. նա նահատակվել է՝ գլխիվայր խաչվելով: Նրա գերեզմանի վրա հետագայում կառուցվել է Հռոմի Ս. Պետրոս եկեղեցին:
Ս. Պետրոս առաքյալի ընդհանրական երկու թղթերը ընդգրկված են Նոր Կտակարանում։
Ս. Պողոս առաքյալը († 67 թ.) ծանոթ է Տասներեքերորդ առաքյալ կամ Հեթանոսների առաքյալ անուններով: Ս. Պողոսի՝ քրիստոնեական դարձի մասին պատմվում է «Գործք առաքելոց»-ի Ը 140, իսկ առաքելական գործունեության և նահատակության մասին` ԺԴ-ԻԸ գլուխներում: Ս. Պողոս առաքյալի նախանձախնդրության շնորհիվ նորահաստատ Եկեղեցում 49 թ. քննության է առնվել ոչ հրեա նորադարձ քրիստոնյաների վերաբերյալ հարցը և որոշում կայացվել ազատելու նրանց հրեական օրենքի թելադրանքներից։
Ս. Պողոս առաքյալը քարոզել է Ասորիքում (Սիրիայում), հատկապես՝ Անտիոքում, Փոքր Ասիայի բազմաթիվ քաղաքներում, Հունաստանում, Կիպրոսում, Հռոմում, որտեղ նրան տարել էին որպես բանտարկյալ։ Հռոմում նահատակվել է հալածիչ Ներոն կայսեր ժամանակ, 67 թ.։
Ս. Պողոս առաքյալի 14 թղթերը (նամակները) ներառված են Նոր Կտակարանում: