Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Русский
  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Որոտման որդիներ՝ Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալներ

Որոտման որդիներ՝ Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալներ
29.12.2025

Որոտման որդիներ՝ Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալներ

Ս. Հակոբոս առաքյալը Քրիստոսի 12 առաքյալներից մեկն է եղել։ Նա գալիլեացի ձկնորս Զեբեդեոսի որդին էր՝ Հովհաննես ավետարանչի ավագ եղբայրը: Ս. Հակոբոս առաքյալը Ս. Պետրոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ կազմել է Քրիստոսի մտերիմների շրջանակը: Տերը նրանց բացահայտել է Իր աստվածությունը Թաբոր լեռան վրա պայծառակերպվելիս, նրանք Քրիստոսի հետ էին Արիոսի աղջկան բժշկելիս, Գեթսեմանի այգում աղոթելիս։

Ս. Հակոբոս առաքյալը քարոզել է Իսպանիայում և երբ վերադարձել է Երուսաղեմ ու շատերին դեպի Քրիստոս առաջնորդել, Հերովդես Ագրիպպա (37­-44 թթ.) թագավորի հրամանով սրով սպանվել է 44 թ.։ Ս. Հակոբոս Զեբեդյանը միակ առաքյալն է, որի նահատակությունը հիշատակված է Նոր Կտակարանում (Գործք ԺԲ 2)։

Սրատված Ս. Հակոբոս առաքյալի գլուխը հողին է հանձնվել այն վայրում, որտեղ ներկայիս բարձրանում է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց տաճարը։ Մարմինը տարվել և ամփոփվել է Իսպանիայում։ 9-­րդ դարում հովիվերը գտել են նրա շիրիմը՝ գլխատված մարմնի մասունքներով, որոնց վրա հետագայում կառուցվել է Santiago de Compostella տաճարը։

Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց տաճարում ամփոփված է նաև Քրիստոսի 72 առաքյալների դասից Ս. Հակոբոս Տյառնեղբոր մարմինը։ Սրբոց Հակոբյանց տաճարը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցու Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը և համաքրիստոնեական սրբատեղի է։

Ս. Հովհաննես առաքյալը Քրիստոսի 12 առաքյալներից մեկն է եղել։ Նախապես լինելով Հովհաննես Մկրտչի աշակերտներից և լսելով նրա խոսքերը Քրիստոսի մասին՝ հետևել է Նրան։ Նա արժանացել է Քրիստոսի առանձնակի սիրուն` կոչվելով «սիրելի աշակերտ»: Հիսուսի ձերբակալման գիշերը նա հավատարմորեն հետևել է իր Վարդապետի չարչարանքներին` ուղեկցելով նրան մինչև Գողգոթա: Խաչի վրա լինելով՝ Հիսուս Իր մորը հանձնել է Ս. Հովհաննես առաքյալին` ասելով. «Սա է քո մայրը», իսկ մորն ասել է. «Սա է քո որդին»:

Ս. Հովհաննես առաքյալը քարոզել է փոքրասիական քաղաքներում, հատկապես՝ Եփեսոսում և իր աքսորավայր Պատմոս կղզում։ Մահացել է Եփեսոսում, մոտ 100 թ.՝ գրեթե 90 տարեկանում: Նա 12 առաքյալներից միակն է, որ մահացել է իր մահով։ Գրել է 4-­րդ Ավետարանը, որի համար կոչվում է Աստվածաբան։ Հեղինակն է նաև 3 ընդհանրական թղթերի և «Հովհաննես առաքյալի Հայտնություն» գրքի։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]