Տեղի ունեցավ «Հայոց Սուրբ Ծնունդ» խորագրով հոգևոր-դասական համերգը

Տեղի ունեցավ «Հայոց Սուրբ Ծնունդ» խորագրով հոգևոր-դասական համերգը 16.10.2026

Հունվարի 6-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Հայոց Սուրբ Ծնունդ» խորագրով հոգևոր-դասական համերգը։ Արդեն հինգերորդ տարին բարձր մակարդակով կայացող երաժշտական այս նախագիծը նշանավորվել է որպես ազգային-համաքրիստոնեական կարևոր իրադարձություն ժամանակակից հայ հոգևոր-մշակութային կյանքում։

Միջոցառմանը հայ և համաշխարհային երաժշտական ստեղծագործություններով հանդես եկան Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական նվագախումբը, հայ և ռուս մեներգիչներ։

Համերգի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը։ Իր խոսքում Հայր Սուրբը բարձր գնահատեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանու ներքո իրականացվող սուրբծննդյան երաժշտական այս նախագիծը, վերարժևորեց օրվա խորհուրդը՝ մասնավորապես նշելով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» աշխարհասասան ավետիսը, որն այսօր առավոտյան հնչել էր մեր սուրբ եկեղեցիներում, հնչեց նաև երաժշտության այս գեղեցկակերտ տաճարում, որտեղ մենք ամենքս ի մի ենք եկել մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվամբ՝ երգահանդեսով փառավորելու Նորամանուկ Աստվածորդուն և ապրելու հոգևոր բերկրանքի սուրբ պահեր:

Սուրբ Ծնունդը քրիստոնեական մեր հավատքի ամենախոր և լուսավոր խորհուրդներից է՝ Աստծո մարդեղության, անսահման սիրո և փրկության ավետիսը համայն մարդկության համար։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը լույս է, որ ծնվում է խավարի մեջ, հույս է բոլոր փորձությունների ժամանակ և խաղաղության ու փրկության խոստում՝ առ Աստված հուսացյալ յուրաքանչյուր հոգու համար։

Սուրբ Ծննդյան այս լույս տոնը մեզ կոչ է անում կանգ առնել առօրյա հուզումների մեջ, վերարժևորել մեր կյանքի ուղին և վերադառնալ հավիտենական անանց արժեքներին՝ հավատքին, ճշմարտությանը, արդարությանը, սիրուն և խաղաղությանը։

Մեծ և սքանչելի այդ իրադարձությունը՝ Քրիստոսի Սուրբ Ծնունդը, դարեր շարունակ եղել է ոչ միայն հավատքի, այլև մշակույթի, արվեստի և հատկապես երաժշտական արվեստի անսպառ ներշնչման աղբյուր։

Այս երեկո մենք հավաքվել ենք՝ այդ մեծ ավետիսը վերապրելու հոգևոր-ակադեմիական երաժշտության միջոցով։

Արդարև, երաժշտությունն ունի եզակի կարողություն՝ արտահայտելու այն, ինչ խոսքը շատ հաճախ չի կարող ամբողջությամբ փոխանցել։ Հոգևոր ստեղծագործություններում երաժշտությունը դառնում է աղոթք, իսկ դասականում՝ խորին խորհրդածություն, իրականում երկուսն էլ՝ հոգևորն ու դասականը, աղոթք են, որով մարդ էակը հոգեմտավոր բարձրացում, վերացում է ապրում առ Լույսը, դեպի Արարիչն Աստված։

Հոգևոր-դասական երաժշտությունը մի հրաշակերտ կամուրջ է մարդու և հավիտենականի միջև, հնարավորություն՝ ընկղմվելու լռության ու անդորրի մեջ, խորհելու, աղոթելու և այդպես հոգևոր վերածնունդ ապրելու....»։

Վերջում Հայր Սուրբն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց համերգի բոլոր հովանավորներին ու աջակիցներին՝ իր խոսքն ամփոփելով մաղթանքով. «Մեր փափագն է և մաղթանքը, որ Սուրբ Ծննդյան հանդիսավոր համերգը դառնա լույսի, հույսի, սիրո, խաղաղության, խոկման և հոգևոր նորոգման պահ մեզանից յուրաքանչյուրի համար։ Թող Մանուկ Հիսուսի աստվածային լույսն ու խաղաղությունը հար թևածեն մեր ներաշխարհում, մեր ընտանեկան հարկերում, մեր ազգային կյանքում, մեր սիրելի մայր հայրենիքում՝ ամրապնդելով հավատքը, առատացնելով սերը և առաջնորդելով մեզ ամենքիս դեպի համերաշխություն, նվիրում ու հավատարմություն և կեցուցիչ միություն»։