Հրաչյա Աճառյան գիտնականը
18.11.2026
Հայ և համաշխարհային գիտության, հոգեմտավոր գործունեության անդաստաններում հերկ արած անմոռանալի նվիրյալներից է Հրաչյա Աճառյանը, որի անունը չի իջնում և երբեք չի իջնելու գիտության պսակակիրների անմահության հուշապատից, և որը համատեղում է մասնագիտական ու մարդկային մի շարք արժանիքներ՝ խոշոր գիտնական, որակաշատ մանկավարժ, բարձրարժանիք մարդ․ չափազանց հազվադեպ են այսքան որակներ ընդելույզ երևում մեկ անհատի մեջ։
Աճառյանը մի ամբողջ գիտական գանձարան է թողել հայ լեզվաբանության ասպարեզում․ կատարել մի ամբողջ գիտական օջախի աշխատանք, որի կարևորությունն ու արժեքն ահռելի է հայ և, վստահաբար, համաշխարհային լեզվաբանական գիտության համար։
Երևելի այրի մեծակշիռ աշխատություններից մեկը, որ մեծակշիռ է նաև համաշխարհային գնահատումներով, «Հայերէն արմատական բառարանն» է։ Լեզվաբանությունը արմատական բառարան գիտաբառով անվանում է ստուգաբանական բառարանները։ Վերջիններիս մեջ ստուգաբանվում են բառերը․ բացահայտվում ու ներկայացվում են դրանց ծագումն ու պատմությունը․ այսօրինակ բառարան կազմողը ուրիշ պարտականություն չունի։ Աճառյանը, սակայն, արել է ավելին․ նա տվել է գլխաբառերի հոլովման ու խոնարհման ձևերը, լուրջ և տևական աշխատանք է կատարել՝ պարզելու համար հոլովման տեսանկյունից դժվարություն ներկայացնող մի շարք արմատական բառերի հոլովումները. ուղղակի չի վերցրել դրանք ու բերել իր բառարան։ Աճառյանը նշել է նաև արմատի գործածության ժամանակը, վկայակոչել տվյալ արմատից կազմված բառեր՝ նշելով գործածության տեղերը․ նպատակը՝ ցույց տալ, թե արմատը ինչ աշխուժություն ունի հայերենում, հեղինակի բառերով ասած, «կղզիացած և քիչ գործածական մի ձև՞ է, թե՞ աճած ու զարգացած բառ», նաև՝ թե արմատը ինչ ձևափոխությունների և ինչ թեքումների է ենթարկվել բառակազմության ժամանակ։ Հեղինակը հատուկ բերել է այնպիսի բառեր, որոնց մեջ արմատը թե՛ սկզբում է, թե՛ մեջտեղում, թե՛ վերջում․ հատկապես շատ է բերել բառավերջի արմատներով բառերը, քանզի դրանք բառարաններում գտնելը, բառարաններից հավաքելը ավելի դժվար է։ Ուշադրության են արժանացել նաև բառերի գրչագրական տարբերակները։ «Արմատականն» արժեքավոր է նաև հնդեվրոպաբանության տեսանկյունից. «Ստուգաբանություն» բաժնում նախ դրված է բառի հնդեվրոպական մայր ձևը, հետո՝ դրանից առաջացած համապատասխան ձևերը՝ զանազան քույր լեզուներում։ Նաև ամեն մի բնիկ հայերեն բառի դիմաց տրված է համապատասխան հնդեվրոպական մայր ձևի համառոտ պատմությունը։ Առանձին բաժին է նվիրված ստուգաբանությունների պատմությանը։ Առկա են նաև արմատների բարբառային տարբերակները՝ երեսուն, երբեմն ավելի բարբառների, նաև մի քանի ենթաբարբառների ձևեր։ Այս փառահեղ բառարանով Աճառյանը հայերենագիտական հետազոտությունների ոլորտում մի նոր ուղղություն էլ է բացել՝ պարզել հայերենի ազդեցությունը շրջակա օտար լեզուների վրա․ «Գիտունները առհասարակ զբաղվել են՝ ուսումնասիրելով հայերենի ծագումը, զարգացումը և նրա կրած ազդեցությունը օտարներից։ Ո՛չ մեկը չի հետաքրքրված, թե հայերենն էլ ուրիշների վրա ի՛նչ ազդեցություն է գործել»,– գրել է մեծ գիտնականը։
Գիտության զարգացումների հոլովույթում երբեմն ծնվում են աշխատություններ, որոնք դուրս են գալիս ազգային, պետական շրջագծերից և դառնում համաշխարհային, համամարդկային արժեք, նման աշխատությունների շարքից է «Լիակատար քերականություն հայոց լեզվի․ համեմատությամբ 562 լեզուների» ընդգրկուն աշխատությունը։ Այստեղ, ինչպես վերնագիրն է հուշում, հայերենը, իսկ ավելի ստույգ՝ նրա ձևաբանական համակարգը, համեմատված է 562 լեզուների հետ՝ բացառությամբ վերջին հատորի, որը նվիրված է իմաստաբանությանը, բառաքննությանն ու շարահյուսությանը։ Հիշյալ բազմահատոր հետազոտությունը մի ինքնօրինակ լեզվաբանական հանրագիտարան է, որը, մեր կարծիքով, լեզվի խուզարկուներից, գիտնականներից բացի, հետաքրքրությամբ ու հաճույքով կընթերցեն նաև ընդհանրապես մայրենի և օտար լեզուների նկատմամբ սեր ու հետաքրքրություն տածողները։
Այս աշխատությամբ մեր մեծ լեզվաբանը իր ժողովրդին հնարավորություն տվեց մայրենի լեզվով ծանոթանալու բազմաթիվ օտար լեզուների ձևաբանական համակարգերի, այս աշխատությամբ հայերենին բախտ ու պատիվ վիճակվեց նման խորքային համեմատական ուսումնասիրության ենթարկվելու և իր միջոցով բազմաթիվ օտար լեզուների նշված համակարգերը ներկայացնելու։ Մեզ հայտնի չէ մեկ այլ լեզու, անգամ մեծ, հզոր ազգերի, որին այդպիսի բախտ ու պատիվ վիճակված լինի, ինչպես նաև մեկ այլ ժողովուրդ կամ ժողովուրդներ, որին կամ որոնց մայրենի լեզվով աշխարհի լեզուների մեծ մասի ձևաբանական պատկերը ներկայացվելու բախտն ու պատիվը վիճակված լինի։
Հայ և համաշխարհային լեզվաբանական գիտության կոթողային արժեքներից է «Հայոց լեզվի պատմություն» աշխատությունը։ Աճառյանն առաջինն է և դեռևս միակը, ով հայերենն ուսումնասիրել է նման խոր, համակողմ ու ընդգրկուն կերպով՝ պատմաժամանակային ու տարածական գրեթե բոլոր դրսևորումներով, սկզբից գրեթե մինչև իր ապրած ժամանակները։ Հետազոտել ու ներկայացնել որևէ լեզվի պատմությունը՝ նշանակում է ինչ-որ չափով հետազոտել ու ներկայացնել տվյալ լեզուն կրող ազգի պատմությունը, վեր հանել նրա հոգեկան կերտվածքը, քանզի լեզուն անխզելիորեն կապված է ազգի պատմության ու հոգեկան կերտվածքի հետ, ուստի աճառյանաստեղծ այս աշխատությունը ինչ-որ իմաստով արտացոլանքն է հայ ժողովրդի պատմության ու հոգեկան կերտվածքի։ Հետազոտության բազմաթիվ էջեր ներառում են այս կամ այն տեսանկյունից ուշագրավ ու արժեքավոր բառասյունակներ։ Զգալի չափով լեզվական նյութի առկայությունն էլ աշխատությանը տալիս է սկզբնաղբյուրային արժեք։
Հայերենագիտությանը Հրաչյա Աճառյանի մատուցած մյուս ընծան «Հայոց անձնանունների բառարանն» է, որ ներառում է հայոց մեջ դարեր շարունակ գործածություն ունեցած անձնանունների ծագումը և ստուգաբանությունը, դրանց համապատասխան ձևերը, հեղինակի բառերով ասած՝ «մի քանի կարևոր լեզուներով, նաև անձնանունների փաղաքշական ու ժողովրդական ձևերը՝ այն ժամանակվա բարբառներում եղած»։ Եվ այս դեպքում էլ արված է ավելին, քան պահանջվում է։ Հիշյալ կարգի բառարանները, ինչպես անվանումն է հուշում, տալիս են անձնանունների բացատրությունները, Աճառյանի կազմած բառարանը ներկայացնում է տվյալ անունը կրած նշանավոր, նաև ոչ նշանավոր մեր ազգակիցներին, նրանց սեղմ ու ամփոփ կենսապատումները, ասել կուզի՝ բառարանս ունի նաև տեղեկատվական-հանրագիտարանային արժեք․ ինչ-որ իմաստով անձնանունների պատմությանն ու գործածելիությանը վերաբերող հետազոտություն է, նշանավոր մարդկանց մի յուրատեսակ փոքր հանրագիտարան։ Բառարանի արժեքավոր կողմերից մեկն էլ այն է, որ անունները տրված են ոչ միայն ուղիղ, այլև թեք հոլովներով. երբեմն դժվար է այս կամ այն անվան ճիշտ հոլովաձևը որոշելը։
Ցավալի իրողություն է, որ հավանաբար իբրև օտարամոլության դրսևորում՝ հայ մանուկները՝ Հայկ նահապետի ժառանգները, ոչ հազվադեպ ստանում են օտար անձնանուններ. մեծ հայերենագետի այս կոթողային աշխատանքը, այսպիսով, ձեռք է բերում նաև գործնական արժեք․ ցույց է տալիս, թե որքան գեղեցիկ և խորիմաստ հայկական անձնանուններ կան։ Իրողություն է նաև, որ քիչ չեն օտար անձնանուններից կազմված հայկական ազգանունները, և այս կամ այն ազգանվան՝ օտար անձնանունից բաղադրված լինելը բացահայտելն ու գիտակցելը կարող են հիմք ծառայել դրանց հայացման համար, ինչը, մեր խորին համոզմամբ, անհրաժեշտություն է։
Ինչպես «Հայոց լեզվի պատմություն» աշխատությունը, այնպես էլ «Հայոց անձնանունների բառարանը» որոշակի ուրվագիծ է տալիս Հայոց աշխարհի ապրած դարերի ու հայոց հոգուն բնորոշ կերտվածքի ինչ-ինչ կողմերի մասին։ Ի վերջո՝ սա էլ հայկական անձնանունների պատմությունն է։ Բարձրարժեք է բառարանը նաև որպես աղբյուր։ Իր այս աշխատության գնահատականը տվել է հենց հեղինակը՝ առաջաբանում միանգամայն իրավացիորեն գրված հետևյալ նախադասությամբ․ «Այսպիսի ընդարձակ ծավալով ու մանրամասնությամբ և բծախնդիր ճշտությամբ աշխատություն ոչ մի լեզվի մեջ գոյություն չունի»։
Անշուշտ, մեծ արժեք ունեն նաև «Հայ բարբառների դասակարգումը» (ֆրանսերեն), «Հայ բարբառագիտություն», «Ս․ Մեսրոպի և գրերու գյուտի պատմության աղբյուրներն ու անոնց քննությունը», «Հայոց գրերը» և այլ աշխատանքներ։
Աճառյանից իբրև անգին ընծա մնացած գիտական վաստակի մյուս առանձնահատկությունը բազմակողմանիությունն է՝ լեզվաբանության մեջ՝ մասնավորաբար, և գիտության մեջ՝ առհասարակ։ Գիտության, ընդհանրապես մարդկային գործունեության որևէ բնագավառի ներկայացուցիչ, որպես կանոն, գործունեություն է ծավալում տվյալ գիտության, տվյալ բնագավառի մեկ ուղղությամբ․ հայ լեզվաբանության մեջ, օրինակ, արդի հայերենի, հայոց լեզվի պատմության (վերջինիս մեջ էլ՝ գրաբարի, միջին հայերենի, վաղ և երկճյուղ աշխարհաբարների), ոճագիտության, բարբառագիտության և այլ ուղղություններից որևէ մեկում, գրականագիտության մեջ՝ հին և միջնադարյան, նոր, նորագույն գրականության, իրավագիտության մեջ՝ քաղաքացիական, քրեական, սահմանադրական, միջազգային, հարկային իրավունքի և այլ ուղղություններից որևէ մեկում և այլն։ Փոքր է այն գիտնականների թիվը, որոնց հետաքրքրության կենտրոնակետում եղել է իրենց ասպարեզն ամբողջությամբ, որոնք ուսումնասիրել են իրենց ասպարեզն ամբողջությամբ։ Տարբեր ժամանակներում գիտության տաճար են մտել մարդիկ, ովքեր, իրենց գիտական աշխատանքի հիմնական ուղղությունից զատ, անդրադարձ են կատարել նաև այլ ուղղությունների կամ գրեթե հավասարաչափ զբաղվել են տարբեր ուղղություններով։ Հրաչյա Աճառյանն ուսումնասիրել է հայերենը, կարելի է ասել, ամբողջովին՝ պատմաժամանակային, տարածական, օտար լեզուների հետ ունեցած հարաբերությունների գրեթե բոլոր դրսևորումներով. տարատեսակ գիտական գրվածքներով՝ մենագրություններով, հոդվածներով, զեկուցումով և այլն, անդրադարձել է հայերենի ամենատարբեր ուղղությունների՝ պատմություն, օտար լեզուների հետ ունեցած ընդհանրություններ ու տարբերություններ, բարբառներ, արմատական բառեր, անձնանուններ, գրերի ստեղծում և այլն։ Լեզվաբանության մեծերից մեկը նաև հայերենագիտության մի շարք ճյուղերի՝ հայոց լեզվի պատմության, հայ անձնանվանագիտության, հայերենի փորձառական հնչյունաբանության հիմնադիրն է, կարծիք կա՝ նաև հայ բարբառագիտության։ Ինչպես և հայ լեզվաբանական մատենագիտության հիմնադիրն է․ «Արմատականի» ստեղծման համար օգտագործած գրքերի ու հոդվածների ցուցակն այնքան մեծ է (3800 անուն), որ հեղինակը նպատակահարմար չի համարել այն կցել բառարանին. այդ ցուցակը մի առանձին գիրք էր կազմում՝ «Հայ լեզուաբանական մատենագիտութիւն» վերտառությամբ, որն սպասում էր տպագրության․ ավաղ, դեռ չի տպագրվել։ Մեծ գիտնականը առաջիններից մեկն է հայոց մեջ խոսել լեզվի հոգեբանական, բնախոսական, հասարակական և այլ կողմերի մասին՝ նպաստելով դրանք ուսումնասիրող գիտակարգերի հաստատմանը։
Մեծ լեզվաբանը մտավոր որոնումներ է կատարել նաև հայ ձեռագրագիտության, պատմագիտության, գրականագիտության ասպարեզներում, հավաքել վիմագրական ու բանահյուսական նմուշներ՝ կազմելով «Հայարձան» և «Պոլսահայ անգիր բանահյուսություն» ժողովածուները։ Աճառյանի գրչին պատկանող որոշ աշխատանքներ դեռևս չեն մտել տպարան։
Հայագիտության լուսե դեմքերից մեկը ընթերցել է վիթխարածավալ մասնագիտական գրականություն, քննել վիթխարածավալ աղբյուրագիտական նյութ, ինչը բնականաբար խլել է վիթխարի եռանդ ու ժամանակ։ Աճառյանի գիտական սխրանքների տարիներին, հասկանալի է, չկային մերօրյա գիտատեխնիկական հրաշքները՝ համակարգիչը, համացանցն ու արհեստական բանականությունը՝ մտավոր աշխատանքով զբաղվող անհատների գործը հեշտացնող ու արագացնող․ այսօր բավական է համացանցի որոնման տողում գրել անհրաժեշտ բառը, անգամ դրա մի մասը, և գրեթե անմիջապես այդ բառի ցույց տված, անվանած առարկայի, երևույթի, անձի վերաբերյալ մեզ հրամցվում է զգալի քանակությամբ տեղեկություն՝ խնայելով մեր եռանդն ու ժամանակը։ Եթե մեծ լեզվաբանի օրոք գիտության և տեխնիկայի այս հրաշքները լինեին, ապա, համոզում ունենք, նա ավելին կստեղծեր, քանի որ ստիպված չէր լինի աշխատանքի զուտ տեխնիկական կողմի վրա այդքան եռանդ ու ժամանակ ծախսել։ Այսօրինակ դժվարությունների մասին խոսել է նաև ինքը՝ երախտավոր այրը։ Ու չնայած այդ ամենին՝ հոգնություն բառի իմաստը չիմացող մտքի մեծ ծառաներից մեկը ծնունդ է տվել լեզվաբանությանը վերաբերող բազմահատոր աշխատությունների և հարյուրավոր հոդվածների՝ տասնյակ հազար էջերը գերազանցող։
Լեզվաբանի կողմից գիտական քննության ենթարկված մի շարք բարբառների կրողներ զոհ են գնացել 1915-ի մեծ հայասպանությանը, և միայն նրա կողմից գրի առնվելու շնորհիվ են այդ բարբառները պահպանվել։ Հայագիտության հսկաներից մեկը, այսպիսով, հավաքել է հսկայաքանակ լեզվական նյութ՝ տարբեր պատմաշրջաններում գործածված գրական բառեր, բարբառային բառեր, օտար լեզվամիավորներ և այլն․ այս տեսանկյունից էլ նա յուրահատուկ է։
Հետաքրքիր է իմանալ Հրաչյա Աճառյանի մոտեցումը գիտության լեզվի նկատմամբ․ իր գիտական աշխատությունները մեծ հայերենագետը գրում էր պարզ ու հասկանալի լեզվով։ Հռչակավոր լեզվաբանի երբեմնի սանը՝ Գառնիկ Ստեփանյանը, իր հեղինակած «Աճառյանի հետ» գրքում նկատում է․ «Ոչ միայն խոսում էր պարզ, այլև գրում։ Վկա՝ նրա «Լիակատար քերականությունը», որը կարդացվում է գեղարվեստական երկի հաճույքով, շնորհիվ մտքի աճառյանական բյուրեղյա հստակության»։ Մեր խորին համոզմամբ՝ պարզ լեզվով գրելը ոչ միայն մեծությանը բնորոշ պարզության, այլև նյութը լավ, փայլուն իմանալու և նույնկերպ ներկայացնելու ունակության դրսևորում է, մի բան, որը խիստ կասկածելի է ճռճռան, «ակադեմիական» լեզվով գրված գիտական գրվածքների դեպքում։
Այսպիսով՝ հանձին Հրաչյա Աճառյանի՝ մեզ ներկայանում է գիտության աշխարհի մի յուրօրինակ մեծություն, որը հայոց լեզու կոչվող անհատակ գանձարանի դուռը բացող սերունդների հավերժական առաջնորդներից է, որի հետ ժամանակների հեռվից անգամ խորհրդի է նստում այդ անհատակ գանձարանը մուտք գործած գրեթե յուրաքանչյուր գանձախույզ, և որի շնորհիվ միշտ ու ամենուր իր ողջ փառահեղ նկարագրով ներկայանում է նորին մեծություն ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ։
Հրաչյա Բալոյան
բանասիրական գիտությունների թեկնածու