Զաքարիա Ձագեցու ճառը Ամենօրհնյալ Տիրուհի Աստվածածնի և միշտ կույս Մարիամի ննջման մասին

Զաքարիա Ձագեցու ճառը Ամենօրհնյալ Տիրուհի Աստվածածնի և միշտ կույս Մարիամի ննջման մասին 18.11.2026

Սկիզբը՝ թիվ 13

Նրան (Աստվածածնին) Եսային նախապես տեսավ [իբրև] թեթև ամպ, որի վրա բազմած՝ Հորից [ծնված] անժամանակ Բանը առաջնորդելով իջավ Եգիպտոս և տապալելով կործանեց նրանց բազմաստված մոլորությունը։ Եվ Եգիպտոսը մաքրափայլ կերպով առաջ բերեց սուրբ ու ճգնազգեստ, երջանիկ, հրեշտակակերպ ու նշանավոր վանականների փառահեղ խմբերը, որոնց թվում էին մեծն Անտոնը, Պողոսը և Մակարը ու ճգնավորների քրիստոսազգեստ անհուն բազմությունները։ Աստվածածնով վերացան Ադամի անեծքները, նրա միջոցով լուծվեցին Եվայի տաժանելի ու վտանգավոր երկունքի ցավերը։ Նա պարգևվեց ու շնորհվեց [մեզ]՝ իբրև անշեջ ճառագայթներով լուսափայլ մի սյուն, որը, լուսավորելով ջահերով, պայծառացրեց տիեզերքը։ Քանզի սուրբ և ամենօրհնյալ Աստվածածնի ծնողներն էին Աննան և Հովակիմը՝ Հուդայի ցեղից, որոնք սնվել էին ամենաբազմազան բարեպաշտությամբ և աստվածահաճո կանոններով էին վարում իրենց կյանքը. նրանք իրենց ողջ կյանքում անբիծ ու անարատ էին մնում Տիրոջ և բոլոր մարդկանց առջև։
Եվ սուրբ ու երջանիկ Աննան ամուլ էր, և նրանք ամեն ինչում տրտմում ու տխրում էին այն պատճառով, որ զավակ չունեին։ Եվ երանելի Հովակիմը վեր կացավ և իր հովիվների ու հոտերի հետևից ճանապարհ ընկավ։ Եվ բարձրանալով լեռը՝ արտասվախառն, բարձրաձայն պաղատանքներով մշտաբուխ աղոթքներ էր մատուցում Բարձրյալին։ Եվ Աննան, մտնելով իր ամուսնու անտառախիտ պարտեզը, աղոթում էր մորմոքված ու վիրավոր սրտով։ Քանզի Իսրայելի մեջ ամեն մի անզավակ ու ամուլ մարդ նախատված ու արհամարհված էր, որովհետև նրանց ժառանգության հույսն այս երկրի վրա էր, և Մովսեսի միջոցով նրանց ավանդված պատվիրանը երկրավոր բնույթ ուներ։ Դրա համար էլ նրանք ավելի մեծ համարձակություն ունեին Աստծու առջև իրենց անարատ վարքի պատճառով։ Եվ հրեշտակը հայտնվեց Աննայի առջև ու տվեց բերկրալից ու ավետաբեր ողջույնը։ [Հրեշտակն] ասում էր. «Հղիանալով՝ զավակ պիտի ծնես և նրան պիտի նվիրես Տիրոջը Աստծու տաճարում»։ Եվ [հրեշտակը] հեռանալով հայտնեց [այն մասին, որ այդ զավակը] կնքված ընդունարան է լինելու Աստծու անսահմանելի ու անճառելի Բանի համար։ Եվ դարձյալ ասում է [մարգարեությունը]. «Այդ գիրքը կտրվի մի մարդու, որ գրագիտություն չգիտի, և նա կասի՝ չեմ կարող ընթերցել, քանի որ գրագիտություն չգիտեմ»։ Եվ [այս խոսքով հրեշտակը] նախանշեց Հովհաննեսին՝ Զեբեդեոսի որդուն, քանզի խաչի վրա փառքի Տերը սուրբ Աստվածածնին հանձնեց Հովհաննեսին։ Եվ Հովսեփը, ընդունելով Մարիամին, նրան կարգեց իր զավակների շարքում. և նույն տարում երկնքից հայտնվելով՝ հրեշտակապետն ավետեց անճառելի Բանի էջքը երկիր և միշտ ուրախություն բերող ողջույնը մատուցեց նրան։ Եվ [հրեշտակապետը] հայտնեց. «Քո ազգական Եղիսաբեթը հղի է իր ծերության մեջ»։ Ազգական այն պատճառով է կոչվում, քանի որ քահանաները խնամիություն էին անում Հուդայի ցեղի հետ։ Եվ Մարիամը չպատմեց սուրբ հրեշտակապետի տեսիլքը և ուրախաբեր ողջույնը Հովսեփին կամ նրա զավակներին։ Բայց երջանիկ Մարիամը խնդրեց երանելի Հովսեփին [իրեն թույլ տալ] մեկնել Հրեաստան՝ Եղիսաբեթի մոտ։ Եվ Հովսեփն [իր] որդիներից ու դուստրերից ուղեկիցներ կարգեց, որպեսզի Մարիամի հետ ճանապարհ ընկնեն։ Եվ երբ մոտեցան ու հասան Զաքարիա քահանայապետի տուն, այդժամ Եղիսաբեթը, տեսնելով Մարիամին, շտապ վեր կացավ իր գահավորակից և խոնարհվելով Մարիամի առջև՝ գետին ընկավ։ Եվ Եղիսաբեթն օրհնեց Մարիամին, կանխատեսեց նրա որովայնի անժամանակ Պտուղը և նրան կոչեց Աստծու Մայր։ Իսկ Զաքարիան խոսել չէր կարողանում, [քանի որ համրացել էր]։ Եվ նրան (Մարիամին) մեծարանքով ու պատիվներով երեք ամիս պահեցին իրենց տանը։ Եվ Զաքարիան նրան կույսերի մեջ պատվավոր տեղում կարգեց՝ բոլոր կույսերից ավելի վեր դասելով։
Եվ [Մարիամը] լցվեց Սուրբ Հոգով ու սկսեց մարգարեանալ իր հետ կատարվելիք երանավետ խորհրդի մասին։ Եվ Մարիամն ասաց. «Իմ անձը մեծարում է Տիրոջը», և այսպես շարունակ, ինչպես որ կարգն է։ Եվ զարմացան ու հիացան Մարիամի ճանապարհորդակիցները, որոնք նրա հետ ուղևորվել էին Հովսեփի տնից։ Երբ նրանք վերադարձան, ամեն ինչ պատմեցին Հովսեփին։ Եվ Հովսեփը հիացած ու զարմացած էր, քանի որ տեսնում էր նրա (Մարիամի) դեմքը Սուրբ Հոգով լցված, պանծացած ու զարդափայլ, պատկառելի ու բաղձալի բոլոր տեսնողների համար։ Եվ Հովսեփը սքանչանում էր նրա պարկեշտ ու առաքինի վարքով՝ [մտածելով], թե ինչպե՛ս է նա երիտասարդության այս տարիքում իր մեջ կրում ընտրյալ իմաստունների կատարելությունը։ Եվ երբ լրացավ վեց ամիսը, հայտնապես երևաց աշխարհին կյանք տվող և հրաշափառ հղությունը։ Այդ ժամանակ Հովսեփն ասաց Մարիամին. «Իսրայելի Տեր Աստծով երդվեցնում եմ քեզ․ պատմի՛ր ինձ այն գործն ու պատահարը, որ քեզ հետ պատահեց»։ Եվ Մարիամը Հովսեփին ամբողջությամբ պատմեց հրեշտակապետի ողջ տեսիլքն ու ավետիսը։ Եվ Հովսեփը հավատաց ու փառավորեց հրաշագործ Աստծուն։ Եվ ինչպես Պետրոսն ընկավ Հիսուսի ծնկների առաջ ու ասաց. «Հեռացի՛ր ինձնից, Տե՛ր, որովհետև ես մեղավոր մարդ եմ», նույնպես և Հովսեփն է ասում. «Օզիան երբ մոտեցավ ու ձեռքը մեկնեց Աստծու ուխտի տապանակին, նույն պահին մեռավ, և Ահարոնի որդիները, քանի որ օտար կրակ մտցրին խորան՝ Տիրոջ առջև, բոցերի մեջ այրվեցին։ Եվ արդ, եթե սա (Աստվածածինը) մնա իմ տանը, ես և իմ որդիները՝ բոլորս միասին, կկործանվենք։ Եվ եթե [այս ամենը] վատ կերպով պատմեմ հրեաներին, նրանք չեն հավատա, քանի որ նույնիսկ մարգարեներին չհավատացին։ Նրանք նույնիսկ չարչարանքներ ու խոշտանգումներ կհարուցեն նրա (Մարիամի) դեմ և Աստծու բարկությունը կբերեն Իսրայելի վրա։ Ավելի լավ է՝ ծածուկ արձակեմ նրան, և Սուրբ Հոգին, որ հովանի է նրա վրա, թող պահպանի նրան»։ Եվ տեսիլքի մեջ նրան երևաց Տիրոջ հրեշտակը և ասաց. «Մի՛ վախեցիր քո կողակից Մարիամին ընդունելուց»։ Ինչպես որ սովորաբար ասվում է՝ «քո տիկինը», «քո աղախինը» կամ «քո աղջիկը», [հրեշտակն] այս խոսքով ուրիշ բան նկատի չունեցավ, այլ միայն այն, որ Մարիամն իբրև կին [խնամակալությամբ] քեզ է պատկանում և քո տանն է։ Եվ Փրկիչը խաչի վրա ասում էր. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին», և [աշակերտին]՝ «Ահա՛ քո մայրը»։ Սակայն ո՛չ նա էր բնությամբ աշակերտի մայրը, և ո՛չ էլ աշակերտն էր բնությամբ նրա որդին, այլ միայն անվանապես և որդեգրության կոչումով։ Նույնպես էլ այստեղ [հրեշտակն] ասում է «քո կինը» ոչ թե բնությամբ, այլ լոկ խոսքով և անվանապես։ Եվ դարձյալ՝ քանի որ Հովսեփը զարհուրած էր հրաշքներից, այդ պատճառով [հրեշտակն] ասաց «քո կինը»։ Ասում է՝ ինչպես որ տղամարդն աներկյուղ է իր կնոջ հետ ապրելու մեջ, այնպես էլ դու աներկյուղ եղիր նրանից։ Այնուհետև Հովսեփը դադարեց [տագնապելուց] և հանդարտվեց վախից։ Եվ լուր հասավ քահանաներին, թե այն կույսը, որին պահպանության և խնամքի համար հանձնել էին Հովսեփին, հղիացել է։ Ուստի քահանաները մարդ ուղարկեցին՝ Հովսեփին հավաքված ողջ բազմության առջև դատաստանի բերելու համար։ Եվ Հովսեփն արդարացրեց իրեն՝ ապացուցելով, որ անմեղ է նրան հղիացնելու մեջ։ Նա պատմեց այն բոլոր հրաշքների մասին, որոնք Արարչի կողմից կատարվել էին Մարիամի հետ։ Կանչեցին երջանիկ Մարիամին և նրա բերանից էլ նույն խոսքերը լսեցին, բայց քահանաները չհավատացին։ Այն ժամանակ նրան տարան Աստծու տաճարը և տվեցին խմելու հանդիմանության ջուրը, ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսին։ Սակայն ոչ մի մեղք չհայտնաբերվեց, այլ նա անարատ երևաց ողջ ժողովրդի առջև։ Եվ ըստ Մովսեսի օրենքի՝ նրան դատապարտելու ոչ մի հիմք չգտան։ Եվ ողջ Երուսաղեմն ապշեց և զարմացավ այդ իրական հրաշքից, քանի որ տեսնում էին հղի աղջկա, բայց չգիտեին որևէ տղամարդու, որը պատճառ կլիներ այդ հղության։ Աստծու տաճարի սրբություններն էլ նրան (Մարիամին) ընդունում էին որպես սուրբ և անարատ էակի։ Եվ Հովհաննեսի ծնվելու օրերին, երբ բացվել էր Զաքարիա քահանայապետի լեզուն, նա վերցրեց Մարիամին ու դասեց կույսերի շարքում։ Դրանից հրեաներն էլ ավելի չարացան։ Նա (Զաքարիան) նույնիսկ Մարիամի անճառելի ծննդաբերությունից հետո նրան դասում էր կույսերի շարքում և հայտնապես ցույց տալիս, որ նրա անարատ կուսությունը ճշմարտապես ու հավաստիորեն անխախտ ու անձեռնմխելի էր մնացել։ Դա ապացուցվում էր այն նշանների միջոցով, որոնցով իմաստասերներն ու փիլիսոփաները ճանաչում են կույսերին՝ չափելով պարանոցի ու գլխի համամասնությունը կամ ներքուստ դարչին ծխելով և բերանի հոտն զգալով։

Շարունակելի

Փոխադրությունը գրաբարից՝ Մելինե Գրիգորյանի
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան