Վիլյամ Սարոյանի անգնահատելի ավանդը հայ-ամերիկյան գրականության մեջ

Վիլյամ Սարոյանի անգնահատելի ավանդը հայ-ամերիկյան գրականության մեջ 18.11.2026

Սկիզբը՝ թիվ 13

Վիլյամ Սարոյանը քաջ գիտակցում էր, որ ինքն անկրկնելի հեղինակ է: Այդուհանդերձ ամերիկահայ գրողը չգիտեր ինչպես ստեղծել իր գրական նախօրինակը: Նա ստեղծում է պատմվածքներ, որոնք ավելի շատ նման են կիսաէսսեների: Իր վաղ շրջանի պատմվածքներից մեկում Սարոյանը գրում է. «Ես պատմություններ պատմող եմ, և իմ բոլոր պատմությունների կենտրոնում մարդ արարածն է: Ես ուզում եմ պատմել իմ պատմությունը յուրօրինակ ձևով՝ մոռանալով հռետորական կանոնները և կոմպոզիցիոն հնարքները: Ես ունեմ ասելիք, բայց չեմ ցանկանում խոսել Բալզակի ձևով: Ես ինձ արվեստագետ չեմ համարում: Ես իրապես չեմ հավատում մարդկային քաղաքակրթությանը և բնավ խանդավառված չեմ առաջընթացի գաղափարով: Երբ մարդիկ մի հսկա կամուրջ են կառուցում, ես դա չեմ ողջունում, և երբ ինքնաթիռը հատում է Աթլանտիկ օվկիանոսը, ես չեմ մտածում. «Ի՜նչ հրաշալի դարաշրջան է»: Ինձ չի հետաքրքրում ազգերի ճակատագիրը, իսկ պատմությունն ինձ ձանձրույթ է պատճառում: Պատմություն ասելով՝ ի՞նչ են հասկանում այն մարդիկ, որոնք գրում են այդ պատմությունը և հավատում են դրան: ....Ինչպե՞ս պատահեց, որ մարդու միայնությունը խախտվեց: Ինչպե՞ս պատահեց, որ մարդկային բարեպաշտությունը մղվեց դեպի մահվան ու կործանման սարսափելի տիրույթը: Ես չեմ հավատում բիզնեսին, իսկ արդյունաբերական բոլոր սարքերը անպիտան բաներ եմ համարում. նկատի ունեմ թե՛ հաշվիչ մեքենան, թե՛ ավտոմեքենան, թե՛ ջերմաքարշը, թե՛ օդանավը և թե՛ հեծանիվը: Ես իմաստ չեմ տեսնում ճանապարհորդելու մեջ….։ Արդյոք գոյություն ունի՞ ավելի մեծ ճանապարհորդություն, քան մտքի ճանապարհորդությունը ողջ կյանքի ընթացքում: Արդյոք որևէ ուղևորություն ունի՞ ավելի գեղեցիկ ավարտ, քան մահը»:
Իր «Յոթանասուն հազար ասորի» պատմվածքում Սարոյանն էլ ավելի ուշագրավ գաղափարներ է արտահայտում. «Իմ միակ ցանկությունն է խոսել մարդկային եղբայրության մասին: Սա լուրջ ու արժեքավոր պնդում է: Սովորաբար մարդն ամաչում է նման պնդում անելուց: Նա վախենում է, որ իմաստուն մարդիկ կծիծաղեն իր վրա: Ես թերահավատ եմ տարբեր ռասաների հանդեպ: Ես չեմ վստահում կառավարություններին: Ես կյանքը կյանք եմ համարում այն դեպքում, եթե այն միաձուլված է ժամանակի հետ: ․․․․Երկրագնդի միակ իրական ազգությունը երեխաների ազգությունն է, մինչև որ նրանք կսովորեն խոսել որևէ լեզվով: Մնացած բաները լոկ պատրանք են. այն, ինչ մենք կոչում ենք քաղաքակրթություն, ատելություն, սարսափ, զորավոր լինելու տենչանք․․․․: Մենք մեծանում ենք և տիրապետում որևէ լեզվի: Մենք ճանաչում ենք աշխարհն այն լեզվի միջոցով, որ գիտենք: Մենք չենք ճանաչում աշխարհը բոլոր լեզուների միջոցով: Երբեմն մարդը տեսնում է իրականությունը՝ առանց լեզվի օգնության: Նա դա անում է լռության միջոցով: Մենք մեկուսացնում ենք մեզ մեր լեզվի օգնությամբ․․․․: Եթե ես ուզում եմ ինչ-որ բան անել, ապա դա համահասկանալի լեզվով խոսելն է»:
Հետաքրքրական է, որ Սարոյանն ավելի գրավիչ էր 20-րդ դարի առաջին կեսի ընթերցողների համար: Բանն այն է, որ նա տեսել էր, այսպես կոչված, Մեծ ընկճախտի շրջանը և ներազդվել էր դրանից: Այդ տխուր ժամանակներն անխուսափելի կնիք էին դրել գրողի ստեղծագործությունների վրա, այդ իսկ պատճառով վերջիններս առավել լավ կարող էին ընկալել այն մարդիկ, որոնք տեսել էին սոցիալ-տնտեսական ցնցումների՝ վերը հիշատակված շրջանը:
Գրողն անընդհատ որոնում էր մի ոճ, որը լավագույնս կարտահայտեր իր աշխարհայացքը, և այդ ոճական փնտրտուքները շարունակվեցին մինչև նրա գրական գործունեության ավարտը:
Սարոյանը հենց սկզբից զգուշացնում է ընթերցողին, որ ինքը չի գրելու դասական սյուժետային կանոններով՝ սովորական նախաբանով, միջնամասով և լուծումով: Երբեմն նա խառնում է այս երեքի դասավորությունը, ինչը բավականին յուրօրինակ մոտեցում է ստեղծագործության դիպաշարի կառուցման հարցում:
Վիլյամ Սարոյանի գրվածքների վերընթերցումն ապշեցնում է ընթերցողին ոչ այնքան փիլիսոփայական պնդումներով, որքան գրողի նվազ հավակնոտ ձգտումներով՝ իր այլաբանական պատմվածքների միջոցով ցույց տալու մարդկանց հիմնական առաքինությունները: Այդ մարդկանց կյանքի շարժիչ ուժը, անկասկած, սերն է:
Սարոյանի հերոսներին հաճախ կարելի է հանդիպել խորտկարաններում, վարսավիրանոցներում կամ էլ այգիներում ու դաշտերում, որտեղ նրանք գյուղատնտեսությամբ են զբաղվում: Այսպես, օրինակ, գրողի հորեղբայրը փուշ ու տատասկով լցված անապատային հողում փորձում է նուռ աճեցնել: Այդ մրգի ընտրությունը բնավ էլ պատահական չէր. նուռը խորհրդանշական մրգերից է, որ հայ տարագիրներին հիշեցնում է Հայաստան աշխարհի մասին: Բանաստեղծական ոգու տեր Սարոյանն անընդհատ անորսալի ճշմարտություններ է որոնում: Սրանք այնպիսի ճշմարտություններ են, որոնք վրիպում են առօրյա հոգսերով ծանրաբեռնված պարզ ու հասարակ մարդկանց ուշադրությունից:
Ոմանց համոզմամբ՝ Սարոյանի առավել մնայուն ստեղծագործություններից են երեխաներին նվիրված պատմվածքները: Մանուկներին նվիրված լավագույն երկերը հավանաբար ընդգրկված են վաղ շրջանի պատմվածաշարերում՝ «Փոքր երեխաներ» (1937) և «Իմ անունն Արամ է» (1940): Սարոյանի կերտած մանկական կերպարներն իրապես անկրկնելի են. կատարելապես մանկական են, բայց միևնույն ժամանակ ի զորու են իրականությունն ընդունելու այնպես, ինչպես այն կա: Նրանք ի վիճակի են նաև հեռանալու այդ իրականությունից, եթե դա իրո՛ք անհրաժեշտ է: Սարոյանի նկարագրած երեխաներն ունեն տիպիկ մանկական հետաքրքրություններ. սիրում են լողալ ու վազել: Նրանց բնավորության գծերից են մանկան անմեղությունը և անաղարտությունը: Հայ մանուկներն ասես կրողն են հին աշխարհի փիլիսոփայության, բարյացակամության և բարության: Հայազգի երեխաներն օժտված են բնազդային իմաստությամբ: Սարոյանի գրվածքներում կարելի է տեսնել հրաշալի հումոր, մեղմություն և մանկան իսկական հոգեբանություն, ինչպես, օրինակ, «Երիցական երգչախմբի տղաները» պատմվածքում: Արամն իր ընկերների հետ ակամա դառնում է երգչախմբի անդամ՝ շնորհիվ իր ձայնային տվյալների, որոնցում ինչ-որ քրիստոնեական բան կար:
Եթե պատմվածքի ժանրում ամերիկահայ գրողը մեծ նվաճումների է հասել, ապա նույն բանը դժվար է ասել նրա վեպերի մասին: Օրինակ՝ «Մարդկային կատակերգությունը» (1943): Թեև վերջինիս մեջ առկա են որոշ գրավիչ ու հետաքրքրական դրվագներ, սակայն ընդհանուր առմամբ այն դժվար է գրական կատարելություն համարել: 1950 թ. Սարոյանը հրատարակում է «Վեսլի Ջեքսոնի արկածները» պատերազմական վեպը: Այստեղ արձակագիրը երևում է նոր կերպարով: Նրա գրական ողջ տոնայնությունը փոփոխության էր ենթարկվել: Ամերիկահայ գրողը կարծես կորցրել է իր հավատը, այսպես կոչված, «գեղեցիկ մարդկանց» հանդեպ:
Լինելով խաղաղության ջատագով՝ Սարոյանը դառնացած էր պատերազմի պատճառով: Ուշագրավ է նաև, որ մեծ գրողը անսպասելիորեն կորցրել էր իր կապը պարզ ու հասարակ մարդկանց հետ, որոնց կենսափիլիսոփայությունը ժամանակին սնուցել էր նրա հավատը: Սարոյանի բանաստեղծական ազատ ոճը փոխարինվեց ծանր փիլիսոփայությամբ, որն անհամատեղելի էր ստեղծագործության դիպաշարի և կերպարների հետ: Ասվածը նույն չափով վերաբերում է ամերիկահայ գրողի «Ռոք Վագրամ» վեպին (1951): Սա մի երկարաշունչ ու ձանձրալի ստեղծագործություն է․ հերոսը Ֆրեզնոյում ապրող հայազգի բարմեն է, որ հաջողակ կինոաստղ է դառնում: Սակայն նա այդպես էլ անձնական երջանկության չի հասնում: Թեև Սարոյանի այս ստեղծագործության մեջ բավարար դրամատիկ նյութ կա, սակայն այն չափազանց պարզունակ է ու գերհուզական:
Վիլյամ Սարոյանի հաջորդ երկու վեպերն են՝ «Ծիծաղի առարկա» (1951) և «Մայրի՛կ, ես քեզ սիրում եմ» (1956): Այս երկերում գրողը փորձում է պարզաբանել, թե ինչ է հասուն մարդու սերը, հատկապես սերը տղամարդու և կնոջ միջև: Բայց Սարոյանի ուշադրության կենտրոնում է նաև սերը ծնողների և երեխաների միջև: Գրողը ցանկանում է պատմել ընթերցողին, թե ինչպես է սերը ղեկավարում մարդկանց գործողությունները, սրում մեր խորաթափանցությունը, խորացնում մեր ընկալումը: Սարոյանը մի անգամ ինքն իր մասին ասել է. «Ես պատմություններ պատմող եմ, և իմ բոլոր պատմությունների կենտրոնում մարդ արարածն է: Ես ուզում եմ պատմել իմ պատմությունը յուրօրինակ ձևով»:
Ի վերջո՝ ո՞րն է Սարոյանի իսկական տեղն ամերիկյան գրականության մեջ: Ենթադրաբար, հայազգի գրողի տաղանդը ծառայել է երկու կարևոր նպատակների. Վիլյամ Սարոյանը մինչև օրս մնում է լավագույն հեղինակը, որ գրել է մանուկների մասին, իսկ նրա թատերական համարձակ փորձերն ուղի են բացում ավելի մեծ նվաճումների համար: Առաջին հայացքից կարող էր թվալ, թե Սարոյանը չէր հասնի մեծ հաջողությունների՝ իբրև թատերգու: Բանն այն է, որ նրա մոտեցումները չափազանց բնական էին, ազատ ու ոչ ձևական դասական թատրոնի համար: Սարոյանի կյանքի տեսլականը շատ է տարանջատված անձնական դրամատիկ բախումից, իսկ մեզնից շատերը սովոր են այդ բախումը շաղկապելու արդի դրամայի հետ: Ինչևէ, թատրոնը միշտ չէ, որ պետք է զբաղվի շարժառիթների և հասարակական բարքերի ուսումնասիրությամբ: Ամենավաղ շրջանի անգլիական պիեսների դիպաշարերի կենտրոնում ոչ թե անհատական դիմանկարներն էին, այլ այլաբանական վերացարկումներն ու ճոխ արարողությունները: Դրանցում պատմությունը ներկայացվում էր հումանիստական ելակետից: Այդ թատերգությունների գործողությունները ներկայացուցչական ու խորհրդանշական էին: Անկասկած, սխալ կլինի պնդել, թե Սարոյանի թատերգությունները բարոյախոսություններ են, և դրանցում բարու, չարի և հավատի որոշակի գաղափարները ներկայացված են խորհրդանշական ձևով: Սարոյանի «Գեղեցիկ մարդիկ» և «Ջիմ Դենդի» պիեսները, ինչպես նաև ավելի փոքրածավալ թատերական ստեղծագործությունները նման են, այսպես կոչված, բարոյախոսական պիեսների, քանի որ նրանց մեջ նշմարվում է անտարբերություն իրապաշտական, տրամաբանական գործողությունների հանդեպ: Գործող անձը երբեք հանդես չի գալիս որպես անհատականություն. նա մարդկության մի մասնիկն է: Սարոյանի հերոսը ոչ թե անհատ է՝ իր ուրույն ճակատագրով, այլ պարզ ու հասարակ մի մարդ, որ ապրում ու մեռնում է բոլորի պես: Ամերիկահայ գրողի պիեսներում ներկայացված իրավիճակները ոչ թե պարզապես պատահարներ են (թեև դրամատուրգը ջանում է մեզ համոզել, թե դա այդպես էլ կա), այլ ծայրահեղ մարդկային փոխհարաբերությունների խորհրդանշական պատկերումներ:
Սարոյանի թատերական երկերը երբեմն կարող են ծիծաղաշարժ ու անիմաստ թվալ, նախքան մենք խորապես կհասկանանք դրանց իմաստը: Նույնիսկ նրա՝ մրցանակի արժանացած «Քո կյանքի ժամերը» պիեսը մասնակի հաջողության հասավ: Բանն այն է, որ անուրջների սրահում հավաքվող անձինք՝ պորտաբույծներ, փիլիսոփաներ և մարմնավաճառներ, բացահայտորեն երերում են իրականության և երևակայության միջև: Սարոյանի հերոսները հետզհետե վերածվում են անհատականությունների:
Վիլյամ Սարոյանի հանճարեղությունն առավել ցայտուն դրսևորվել է «Ջիմ Դենդի» պիեսում: Վերջինս արտահայտչապաշտական (էքսպրեսիոնիստական) ստեղծագործություն է: Սա մասամբ թատերապար է՝ բալետ, մասամբ՝ այլաբանություն և ի վերջո՝ նման է զարգացող պոեմի: Առաջին հայացքից՝ ամերիկահայ դրամատուրգի երկը հարում է սյուրռեալիզմին: Դրա բեմական ձևավորման հեղինակը Սալվադոր Դալին է: Իրադարձությունները տեղի են ունենում «ձվի կեղևի տակ»: Այստեղ թատերասերը կարող է տեսնել հանրային գրադարանի խղճուկ, բայց միևնույն ժամանակ վեհաշուք փլատակները: Սարոյանի պիեսում մենք տեսնում ենք մի մթին խորշ, որից ծիկրակում են վախեցած երկու երեխաներ: Կարելի է տեսնել նաև քարուքանդ մի աստիճանավանդակ, սրահի փլատակներ և մի փոքր բանտ: Սարոյանի պիեսի հերոսներից յուրաքանչյուրը կարծես մի հրաշք լինի: Գործող անձանցից մեկը պոետ է, որ փնտրում է սուրբ Սկիհը: Դրամատուրգը պատկերում է նաև մի գրադարանավարուհու, որ հագնված է թագուհի Կլեոպատրայի պես: Կա նաև մեկ այլ հետաքրքիր հերոս՝ մի գեր մարդ, որ թափառաշրջիկի տեսք ունի: Այդուհանդերձ նա օժտված է ինչ-որ հմայքով, որով ուզում է երջանկություն պարգևել շրջապատի մարդկանց: Գործող անձանցից մեկն էլ, որ կալանավոր է, պնդում է, թե ինքը բոլորի ընկերն է: Մի խոսքով՝ պիեսի բոլոր հերոսներն այն չեն, ինչ իրենք կուզեին լինել: Միահյուսվելով ու տարանջատվելով ընդհանուր կտավից՝ այդ մարդիկ ստեղծում են գույն, ձայն, շարժում, տրամադրություն և անկրկնելի սարոյանական պարոդիա: Ամերիկահայ գրողի թատերական երկը չունի նախաբան Բերնարդ Շոուի ոգով, որտեղ ներկայացված կլինի պիեսի ծագումնաբանությունը: Սարոյանը վստահ է, որ «պիեսը պետք է խոսի ինքն իր փոխարեն»:
Ավելի ուշ, երբ մենք փորձում ենք գնահատել Սարոյանի ասածը, հայտնաբերում ենք որոշ թույլ կողմեր: Շեշտելով ոգու կարևորությունը «Ջիմ Դենդի» երկում՝ գրողը թերագնահատում է գիտակցական միտքը և դրա զորությունը: Գուցե նա չափազանցության գիրկն է ընկնում իր սկզբնական տեսակետը շեշտադրելու համար: Այդուհանդերձ գիտակցականի և դրա զորության թերագնահատումը նվազեցնում է Սարոյանի գրավչությունը, մինչդեռ գրողն ունեցել է այն ներուժը, ինչի շնորհիվ կարող էր ավելի հետաքրքիր լինել հանդիսատեսի կամ ընթերցողի համար:
Սարոյանը մշտապես զբաղված էր գրական ու թատերական փորձարարությամբ, և հենց այդ որոնումների շնորհիվ էր, որ նա թատերական բնագավառում գտավ այն կարգուկանոնը, որն անհրաժեշտ էր ստեղծագործական նպատակին հասնելու համար: Սարոյանը, օգտագործելով անաղարտ զգացմունքների լեզուն, վերացական ձևով կարողանում է կերտել այնպիսի կերպարներ ու ստեղծել տրամադրություններ, որոնք արտահայտում են նրա խորաթափանցությունը:
Կարճ պատմվածքների վերջին ժողովածուում, որը վերնագրված է «Ողջ Վոյալդը և այլ պատմվածքներ» (1957), հեղինակի ինքնանույնացումը ստեղծագործության նյութի հետ հասնում է գագաթնակետի: Այս պատմվածաշարում ոչ մի վերացական բան չկա: Ինչպես վաղ շրջանի ժողովածուները, այնպես էլ այս մեկը, հիմնված է հուշերի վրա, եթե նույնիսկ դրանք վերաբերում են ոչ թե հենց գրողի, այլ նրա մերձավորների, օրինակ՝ որդու մանկությանը: Այս պատմվածքների մեջ մանկական զգայունությունը շարադրանքին լարվածություն, հետաքրքրություն ու բացարձակ հմայք է հաղորդում: Գրողի վերոնշյալ ժողովածուն կարելի է բնորոշել որպես գրավիչ ու հուզիչ գիրք, սակայն դրանում առավել աչքի է ընկնում վերջին պատմվածքը, որում բացահայտվում է արվեստագետի մտքի զորության գլխավոր աղբյուրը:
«Ողջ Վոյալդը» երկում (վերնագիրը կապված է «վոյդ» (դատարկություն), «վոյջ» (ուղևորություն) կամ «վորլդ» (աշխարհ) անգլերեն բառերի հետ) խոսվում է մի երեխայի մասին, որի հայրն ու մայրը բաժանվել էին: Այդ դեպքից հետո երեխան հոր հետ դեգերում էր ագարակի բեռնատարով: Սկզբում Սարոյանի հերոսներին համակում է թափառական լինելու զգացումը, այնուհետև նրանց տիրում է արկածային ոգին, իսկ վերջում տոգորվում են հայրական ու որդիական սիրով, ինչն էլ նրանց լիակատար երջանկություն է պարգևում:
Գրողը ցույց է տալիս ընթերցողին, որ երեխան կարող է ունենալ անսպառ հարմարվողականություն, եթե շրջապատում կան ընկերներ և սիրող մարդիկ: Սարոյանն ակնարկում է, որ այդ հատկանիշը կարող է բնորոշ լինել նաև մեծահասակներին: Սակայն սա հնարավոր է, միայն եթե հասուն մարդը կարողանա պահպանել մանկական պարզությունն ու անաղարտությունը: Ճամփեզրին կազմակերպված զբոսախնջույքի ժամանակ երեխան գիտակցում է, որ հացն իրեն ավելի համեղ է թվում, քան նախկինում: Այս պահին ընթերցողը հասկանում է, որ հերոսներին համակած սիրո զգացմունքը հասել է գագաթնակետի: Նմանատիպ պատմություններում Վիլյամ Սարոյանն ապացուցում է մեզ, որ ինքը տակավին ունակ է հաղորդակցվելու համամարդկային՝ հոգու ու սրտի լեզվով: Այդ լեզուն մեծանուն գրողն արդարացիորեն իր սեփականն է համարում:


Տիգրան Մալումյան
բանասիրական գիտությունների թեկնածու