Հիշել առանց շղթայվելու, հուսալ առանց խաբվելու

Պատմական ցնցումները՝ Հայոց ցեղասպանությունից մինչև արցախահայության բռնի տեղահանում, ինչպես նաև դրանց ուղեկցող արտագաղթն ու հասարակական խորացող անվստահությունը, ծանր հետք են թողել հայ հանրային գիտակցության վրա։ Ճգնաժամային այս պայմաններում հաճախ է հնչում սեփական ճակատագրի տերը լինելու հրամայականը, որը համահունչ է ստոիկյան փիլիսոփայությանը, մասնավորապես՝ Մարկոս Ավրելիոսի այն ձևակերպմանը, թե մարդու կյանքի որակը պայմանավորված է նրա մտքի որակով։ Սակայն ներաշխարհի ներդաշնակեցման այս սկզբունքը բախվում է օբյեկտիվ իրականությանը. ինչպե՞ս պահպանել մտքի պարզությունը, երբ արտաքին միջավայրը շարունակաբար վերարտադրում է անարդարություն ու կորուստ։ Ավելին՝ ինչպե՞ս հաղթահարել պատմական ցավը՝ առանց ուրանալու հավաքական հիշողությունը և ներելու նրանց, ովքեր զղջում չեն դրսևորում։ Այս երկընտրանքը դուրս է զուտ քաղաքական հարթությունից և վերածվում է ինքնության ու հոգևոր կենսունակության հիմնահարցի. ինչպե՞ս հիշել՝ առանց անցյալի գերին դառնալու, և ինչպե՞ս կողմնորոշվել ժամանակի մեջ։

Ժամանակի ընկալման այս խնդրին դեռևս վաղ քրիստոնեական շրջանում անդրադարձել է Օգոստինոս Երանելին։ «Խոստովանություններ» աշխատության մեջ նա ժամանակը դիտարկում է որպես հոգու ներքին չափում, որտեղ անցյալը գոյություն ունի որպես հիշողություն, ներկան՝ որպես հայեցողություն (ուշադրություն), իսկ ապագան՝ որպես սպասում։ Այս հայեցակարգից բխում է հասարակագիտական և հոգեբանական կարևոր օրինաչափություն. այն ժողովուրդը, որն ապրում է բացառապես հիշողությամբ, կորցնում է զարգացման հեռանկարը, իսկ միայն սպասումով ապրողը կտրվում է սեփական արմատներից։ Ազգային և հոգևոր առողջ կենսագործունեությունը պահանջում է ժամանակային այս երեք հարթությունների հավասարակշռումը ներկայի գիտակցված գործողության մեջ։ Հենց այս հավասարակշռությունն է ձևավորում այն, ինչն արդի հանրային խոսույթում հաճախ բնորոշվում է որպես «իրական» ուղի։

«Իրականի» և պատրանքայինի սահմանագիծը հստակեցնելու տեսանկյունից ուշագրավ է 20-րդ դարի գերմանացի աստվածաբան Դիտրիխ Բոնհեֆերի ժառանգությունը։ 1930-ական թվականներին՝ նացիզմի վերելքի պայմաններում, երբ իշխող քարոզչությունը պատերազմն արդարացնում էր որպես կորցրածի արդար վերադարձ, Բոնհեֆերը հակադրվում էր ռազմականացման փառաբանմանը։ Նա պնդում էր, որ իրական խաղաղությունը չի կարող հիմնվել սոսկ անվտանգային երաշխիքների վրա, քանի որ անվտանգության բացարձակ պահանջը սնվում է անվստահությունից, իսկ անվստահությունն անխուսափելիորեն նոր պատերազմ է ծնում։

Սակայն Բոնհեֆերի միտքը չի սահմանափակվում խաղաղության տեսական կոչերով. զարգացնելով օգոստինյան «շնորհի» վարդապետությունը՝ իր «Հետևում» («Nachfolge») աշխատության մեջ նա ներմուծում է «էժան» և «թանկ» շնորհների հակադրությունը։ «Էժան շնորհը» ներումն է առանց ապաշխարության, հարմարվողականությունը՝ առանց սկզբունքի, և հավատքը՝ առանց գործուն հետևողականության։ Դրան հակադրվում է «թանկ շնորհը», որը պահանջում է ամբողջական նվիրում և անձնազոհություն հանուն բարձրագույն արժեքի, ինչը գերմանացի աստվածաբանն ապացուցեց սեփական կյանքի գնով՝ ընդդիմանալով նացիստական վարչակարգին։

Աստվածաբանական այս դրույթը խիստ կիրառելի է հայաստանյան արդի իրականության գնահատման համար։ Մեր հասարակական և եկեղեցական խոսույթը հաճախ է հայտնվում «էժան շնորհի» տիրույթում՝ սահմանափակվելով վերացական ու գեղեցիկ հռետորաբանությամբ, մինչդեռ սոցիալական սուր խնդիրները մնում են չլուծված։ Բարձրագոչ գաղափարները կորցնում են իրենց կշիռը, երբ բռնի տեղահանվածն առ այսօր զրկված է կայուն կացարանից, երիտասարդը երկրում մնալու հեռանկար չի տեսնում, իսկ ընտանիքների սոցիալական բեռը հանգեցնում է ժողովրդագրական անկման ու արտագնա աշխատանքի։ Առանց մերձավորի նկատմամբ գործնական պատասխանատվության, որի վրա խարսխվում է համայնքը, ցանկացած հոգևոր կամ հայրենասիրական քարոզ վերածվում է ձևականության։

Հանրային բևեռացման և արժեքային ապակողմնորոշման պայմաններում առանձնահատուկ հնչեղություն է ստանում Բոնհեֆերի մեկ այլ դիտարկում «Համատեղ կյանք» երկից. «Ով համայնքի մասին իր երազանքն ավելի շատ է սիրում, քան բուն համայնքը, դառնում է այդ համայնքի կործանիչը»։ Սա լուրջ ազդակ է մի հասարակության համար, որտեղ գաղափարական կաղապարները՝ լինեն դրանք ռազմահայրենասիրական պատրանքներ, թե «իրականության» անունից քարոզվող օտարում, հաճախ վեր են դասվում կոնկրետ մարդուց։ Տեղահանվածները, աղքատները, քաղաքականացվածներն ու արհեստական բաժանարար գծերով պիտակավորվածները, գաղափարական բարիկադներով օտարվածներն ու միայնակները նույնքան «իրական Հայաստանի» մի մասն են, որքան դու, թեև հավաքական նպատակի մեջ չկան «դու»-ն ու «ես»-ը, «սևն» ու «սպիտակը», այլ կա բուն նպատակը՝ «մենք»-ը՝ ՀԱՅԸ։ Իրականում չկա նաև վերացական «իրականը». կա այն, ինչը պետք է ընդունել, այլ ոչ թե հորինել։ Կա ցավ ու տանջանք տեսած մի հավաքական դեմք, որին կարելի է սիրահարվել և հանուն որի գեղեցկացման կարելի է նույնիսկ զոհվել։ Հետևաբար՝ ցանկացած քաղաքական կամ հոգևոր տեսլական կենսունակ է միայն այն դեպքում, երբ ծառայում է այդ հավաքական դեմքի առողջացմանն ու ներքին համերաշխությանը։

Ազգային և հոգևոր վերածնունդը պահանջում է դուրս գալ ինչպես զոհի հոգեբանական կաղապարից, այնպես էլ «էժան շնորհի» հարմարվողականությունից։ Օգոստինյան ժամանակի և բոնհեֆերյան պատասխանատվության համադրումը հուշում է ճգնաժամի հաղթահարման բանաձևը. անցյալի հիշողությունը պետք է վերածվի ոչ թե կապկպող շղթայի, այլ կենսափորձի ու իմաստության, իսկ ապագայի հույսը՝ ոչ թե դատարկ պատրանքի, այլ ներկայում գործելու պատասխանատու խթանի։ Այդ առողջացումը սկսվում է այն պահից, երբ հասարակական հարաբերությունների հիմքում դրվում է ոչ թե պարզ բարեգործությունը, այլ հոգ տանելու և կողքին կանգնելու անվերապահ հրամայականը, երբ մեր մեջ ուժ ենք գտնում՝ հաղթահարելու ներքին օտարումն ու անելու քրիստոնեականը՝ նկատելու միմյանց։ Որովհետև հենց այդ «միմյանց»-ի՝ քրիստոնեական «զմիմեանս»-ի մեջ է «թանկ շնորհն» իր թանկ արժեքը ստանում, որն Աստծու արյունն է։

Գասի Գասպարյան
աստվածաբան, կրոնի ուսուցիչ