Խրիմյան Հայրիկ և Րաֆֆի՝ ազգային-ազատագրական պայքարի ռահվիրաները
18.11.2026
Սկիզբը՝ թիվ 13
1860 թ. նոյեմբերի 10-ին Խրիմյանն ուղևորվեց դեպի Կովկաս, դիմեց ուղղակի Ս. Էջմիածնին, Մատթեոս կաթողիկոսից (Մատթեոս Ա. Կոստանդնուպոլսեցի Չուհաճյան, գահակալել է 1858-1865 թթ.) կոնդակ ստացավ, որով նրան արտոնվում էր Ժառանգավորաց դպրոցի անունից օժանդակություն խնդրելու կովկասցի հայերից: Թիֆլիսում Խրիմյանն ընդունվեց մեծ սիրով և ընդհանուր համակրությամբ, իսկ նրա քարոզները տպավորիչ ազդեցություն ունեցան ժողովրդի վրա:
Ըստ Րաֆֆու՝ թեև Խրիմյանն իր կյանքում շատ անգամ մեծ գումար է ձեռք բերել, բայց նա միշտ մնացել է աղքատ, պարտքերի տակ խրված: Խրիմյանը խիստ «անփույթ» էր իր անձնական վայելչությունների և բարեկեցության հարցում. նա իր համար ծախսը համարում էր վատնում․ «Նա որպէս անհաշիւ կերպով ստանում էր, նոյնպէս անհաշիւ կերպով սպառում էր: Հանդիպած աղքատին Խրիմեանը պատրաստ էր իւր վերջին փարան տալու և ինքը սոված մնալու: Սեպհականութիւնը նորա համար ոչինչ նշանակութիւն չունէր, երբ նա ծառայում էր ընդհանուրի օգտին»:
Չնայած նյութական մշտական դժվարություններին՝ Խրիմյանը երբեք չվհատվեց, չհուսահատվեց, անդուլ գործեց ու արարեց:
Խրիմյանը նոր ուժ ու եռանդ է ստանում, երբ Կ. Պոլսի ազգային վարչության և պատրիարքի օգնությամբ ընտրվում է Տարոնի թեմակալ առաջնորդ և Մշո Ս. Կարապետ վանքի վանահայր: Ամբողջ Արևմտյան Հայաստանում ու Փոքր Ասիայում սա միակ վանքն էր, որ Երուսաղեմից հետո ուներ նշանակալի եկամուտ: Հայաշատ բոլոր վայրերից ուխտավորների բազմամարդ խմբեր էր նա ձգում դեպի իրեն: Խրիմյանին այդպիսի արդյունաշատ ու եկամտաբեր վանք էր անհրաժեշտ, որպեսզի իրականացներ իր ազգանպաստ ձեռնարկումները: Նա անմիջապես Վարագա վանքի հին մամուլը փոխադրեց Մշո Ս. Կարապետի վանք և իր առաջադեմ աշակերտներից երկուսին հետն առնելով՝ բերեց Տարոն:
1863 թ. Մշո Ս. Կարապետի վանքում Խրիմյանն իր աշակերտ Գարեգին Սրվանձտյանցի խմբագրութեամբ հրատարակել է տալիս մի շաբաթաթերթ՝ «Արծուիկ Տարօնոյ» անունով: Նա բարեկարգում է վանքի ուսումնարանը, կանոնավորում վանքի եկամուտները:
Սակայն այստեղ ևս «ագռաւների սև երամը չէ դադարում որոգայթներ լարել արիաջան «Հայրիկի» դէմ: Քանի անգամ իւր սենեակի լուսամուտներով արձակուած հրացանների գնդակներից հազիւ է ազատվում նա: Կաշառուած քրդերը այստեղ ևս մի քանի վարդապետների չարանենգութեան գործիք դարձան. խռովութիւնն օր ըստ օրէ վտանգաւոր կերպարանք ստացաւ: Պատճառը խիստ պարզ էր. Խրիմեանի վանահայր լինելը վերջ տուեց մի քանի վարդապետների շահասիրութեանը, որոնք իրանց ձեռքն էին անցուցել վանքի բոլոր արդիւնքների մենավաճառութիւնը: Իրանց նախկին ցանկութեանը հասնելու ուրիշ հնար չէին գտնում այդ անպիտանները՝ բացի Խրիմեանի մահը»:
Ըստ Րաֆֆու՝ Հայոց Հայրիկն իր կյանքն ազատեց՝ փախչելով Կարին և այնտեղից էլ՝ Կ. Պոլիս: Նրա ոսոխներից չորս վարդապետներ դատապարտվեցին արտաքսման ու աքսորի, որոնց պատժից ազատեցին հենց իր՝ Խրիմյանի խնդրանքով: Շուտով Հայրիկը Կ. Պոլսում տպագրեց «Մարգարիտ Արքայութեան Երկնից» գրքույկը, որն ավարտվում է հետևյալ խոսքերով. «Տէ՛ր, ո՛վ կարող է առանց Քո ձեռնտու օժանդակութեան` Քո պատուիրած արդարութիւններ անթերի կատարել: Տէ՛ր, Դու ինքնին եկար տեսար իսկ մարդկային ապիկարութեան վիճակ ու խօսեցար, «Առանց Իմ ոչ ինչ կարէք առնել»: Ուրեմն Դաւթին պէս ժտելով` Քո լոյս եւ օգնութիւն կը խնդրեմք: Իմաստո՛ւն արա զիս, Տէր. եւ առաջնո՛րդ եղիր ինձ Քո պատուիրանաց անխոտոր շաւիղներու մէջ, որոց միայն հաճեցաւ միտքս ու հոգիս: Տէ՛ր, Քո սիրովդ աչքերս դարձուր դէպի երկինք, որպէս զի չի տեսնամ աշխարհիս հրապուրիչ նանրութիւններ, որ կը հանեն զիս Քո սուրբ ճանապարհէն: Ահա ցանկացայ, սիրեցի, որ գրեցի Աւետարանիդ պատուիրանաց խօսքեր: Ես որ տրուպ պաշտօնեայ եմ Աւետարանիդ քարոզութեան, այս գուղնաքեայ վաստակ իբրեւ ի քէն նուէր եւ շնորհ` եկեղեցւոյդ որդւոց կ′ընծայեմ»:
Բավականին մռայլ գնահատական է տալիս Րաֆֆին Խրիմյանի հետագա բարձրացմանը: Նա գրում է. «1868 թւի 20 հոկտեմբերի Խրիմյանը արեց իւր առաջին սխալը՝ Էջմիածնում ձեռնադրուելով եպիսկոպոս: Իսկ 1869 թւի 4 սեպտեմբերի նա արեց իւր երկրորդ սխալը՝ Կ. Պօլսում ընտրուելով պատրիարգ: Նա կարծում էր, թէ եկեղեցական բարձր աստիճանների վերա կանգնելով՝ աւելի օգուտ կարող էր բերել ազգին: Խրիմյանը չէր ծնուած բարձր կոչման համար, որ պատրիարքական աթոռի վերա փտեցնէր իւր կեանքը, և ձեռքը, որ սովոր էր մուսաների շնորհած քնարը հնչեցնելու, պարապեցնէր քաղաքական և կրօնական ժողովների վճիռները ստորագրելով»:
Մեջբերումից ակնհայտ է դառնում, որ Րաֆֆին Խրիմյանին համարում էր բացառիկ անհատականություն, որի ուժը ժողովրդի հետ անմիջական կապի, ազատ խոսքի ու շփումների, բոցաշունչ քարոզների ու հրապարակային ելույթների, լուսավորական ու հեղափոխական գաղափարներ սերմանելու մեջ էր (ինչպես նա անում էր Վարագա վանքում, Տարոնում և այլուր):
Երբ Խրիմյանը ձեռնադրվում է եպիսկոպոս, ապա ստանձնում Կ. Պոլսի Հայոց պատրիարքի աթոռը, նա կամա թե ակամա դառնում է կառավարական-պաշտոնեական համակարգի մի մասնիկ: Րաֆֆու համոզմամբ՝ վարչական-պաշտոնեական կապանքները միայն կաշկանդելու, ճնշելու էին ազատախոհ Վասպուրականի արծվին: Այդ կապանքները սպանելու էին Հայոց Հայրիկի ազատ միտքը, ազատ խոսքն ու բանաստեղծական բոցաշունչ հոգին: Րաֆֆին շեշտում է, որ Խրիմյանը հոգով բանաստեղծ էր, հռետոր, ազատ ստեղծագործող, որի «ձեռքը սովոր էր քնար հնչեցնելու»՝ ոգեշնչելու, մտավոր ու հոգևոր զարթոնք առաջացնելու և պայքարի կոչելու: Պատրիարք դառնալով՝ Խրիմյանն ստիպված էր իր թանկարժեք ժամանակն ու եռանդը վատնելու կրոնական ու քաղաքական ժողովների անվերջանալի, հաճախ՝ անպտուղ վեճերի, ներքին խարդավանքների և թղթաբանության վրա («վճիռները ստորագրելով»): Րաֆֆու ընկալմամբ սա մեծագույն շռայլություն էր և տաղանդի վատնում-փոշիացում մի ազգի համար, որը տիրող դրությունը փոխող առաջնորդների կարիք ուներ, ոչ թե կամակատար պաշտոնյաների:
Ըստ Րաֆֆու՝ Խրիմյանը միամտորեն կարծում էր, թե բարձր աստիճանի հասնելով՝ ավելի մեծ լծակներ կունենա ազգին օգնելու համար: Սակայն, ինչպես ցույց տվեց պատմությունը (և ինչը նկատել էր Րաֆֆին), Կ. Պոլսի պատրիարքարանը գործում էր օսմանյան կառավարության ճնշման և տեղի հարուստ ամիրայական դասի ու պահպանողական գործիչների ազդեցության ներքո: Բարձրանալով պատրիարքի աթոռին՝ Խրիմյանն իրականում զրկվեց ազատորեն գործելու հնարավորությունից: Նրա գաղափարապաշտությունը բախվեց դաժան իրականության՝ օսմանյան կառավարության բռնապետական վարչակարգին ու քաղաքական ցինիզմին, ինչն էլ ի վերջո հանգեցրեց ազգային գործչի հրաժարականին (1873 թ․): Տեղին են Րաֆֆու մտահոգությունը և հոգեկան ալեբախումները․ պատրիարքական աթոռը ոչ թե բարձրացնում էր Խրիմյանին, այլ մեռցնում էր նրա հանճարը, ազատատենչ ոգին:
Րաֆֆու այս գնահատականը ոչ թե Խրիմյանի անձի քննադատություն է, այլ մեծագույն ափսոսանքի արտահայտություն: Սա պատմական դաս է այն մասին, թե ինչպես երբեմն նույնիսկ ամենաբարի մղումներով արված քայլը (բարձր պաշտոն ստանձնելը) կարող է կաշկանդել ժողովրդական հերոսին, համազգային պայքարի գաղափարախոսին ու դրոշակակիր առաջնորդին: Րաֆֆին փաստում է՝ Խրիմյանի պաշտելի անձն ու անունը՝ Հայոց Հայրիկ, ժողովրդի սրտում էր ու լեզվին, իսկ որպես պատրիարք նա ընդամենը պաշտոնյա էր և օսմանյան կառավարության ձեռքին պատանդ:
Ցավոք, մեծանուն գրողը չտեսավ Խրիմյանին Ամենայն Հայոց կաթողիկոսական շքեղ գահին բազմած, չապրեց Խրիմյանի կաթողիկոսության տարիներին:
Րաֆֆու համար Խրիմյանի կյանքի ամենահերոսական ու արժեքավոր շրջանը ոչ թե պատրիարքական տարիներն են, այլ այն օրերը, երբ նա մի պարզ ու հասարակ վարդապետ էր: Վարագա վանքը և Ժառանգավորաց դպրոցը Րաֆֆին համարում էր Խրիմյանի ստեղծած հրաշքները, որտեղ նա գյուղացի որբ ու աղքատ երեխաներից պատրաստում էր ապագա ուսուցիչների, մտավորականների ու ազգանվեր պաշտպանների: Խրիմյանն առաջիններից էր, որ, եկեղեցում հնչեցնելով Հայկի և Արամի անունները, եկեղեցական բեմը դարձրեց նաև ազգային ինքնագիտակցության բարձրացման և ճշմարիտ հայրենասիրական դաստիարակության ամբիոն։ Նա Աստծու տաճարում խոսում էր հայոց փառապանծ նախնիների՝ Հայկի ու Արամի մասին՝ քրիստոնեական հավատքը միահյուսելով ազգային ազատագրական գաղափարախոսությանն ու հայրենասիրության քարոզչությանը։
Ըստ Րաֆֆու՝ Խրիմյանի պատրիարքության չորս տարիներն անցել են խիստ անգույն. նա մի երևելի բան չի ստեղծել: Որովհետև կառավարչական մարդ չէր․ նա խոսքով՝ նա չէր սովորել դիվանագիտական խորամանկ ձևերը, որով հմուտ քաղաքագետը պտտեցնում է իր նենգավոր մեքենան: Արդարև, Խրիմյանը եռանդոտ, անհանգիստ և անվաստակելի բնավորություն ուներ: Նա սիրում էր գործել, ընկնել, կանգնել և միշտ պատերազմել վտանգների մրրկածուփ խռովության դեմ: Բայց այդ բոլորը բավական չէր մի սահմանադրական վարչության գլուխ լինելու համար: Խրիմյանը, ինչպես շատ բանաստեղծներ, գաղափարապաշտ է: Նա համբերություն չուներ ազգային գործերը կանոնավոր և հաջորդաբար բարեկարգելու համար: Նա պահանջում էր հրաշքներ: Նա ցանկանում էր հայ ժողովրդին հանկարծակիորեն վերստեղծել, վերափոխել և դարձնել ավելի առաջադեմ ու զարգացած:
Խրիմյանի խռովությունները Կ. Պոլսի Քաղաքական ժողովի հետ մի այդպիսի անհամբերության ծնունդ էին: Նա պահանջում էր վերաքննել արևմտահայերի ազգային սահմանադրությունը, մաքրել այն թերություններից և վերին աստիճանի կատարելագործության հասցնել: Դա շատ գեղեցիկ գաղափար էր, եթե հնարավոր լիներ: Բայց Խրիմյանը նեղսրտեց ու տարակուսեց, թե ինչու չեն հասկանում իրեն, և հրաժարվեց պատրիարքությունից:
Այսպիսով՝ եթե հուշագրությունից մեջբերված առաջին հատվածում Րաֆֆին մեծ ափսոսանքով ողբում էր օսմանյան կառավարական համակարգի մեջ Խրիմյանի ստեղծագործական ու հրապարակախոսական տաղանդի փտումը կամ մահը, ապա հաջորդ հատվածում նա ցույց է տալիս, թե ո՛վ է իսկական Խրիմյանը՝ ժողովրդական հերոս առաջնորդ, որ իր հոգու հայրենասիրական բոցով արթնացրեց թմրած հայությանը։ Րաֆֆու համար Խրիմյանն իր ամբողջ էությամբ պատկանում էր հայ ժողովրդին, իրեն ծնած մայր հողին ու հայրենի Վասպուրականի լեռներին, Տարոնի ծաղկավետ դաշտերին ու կրթական գործին՝ ազատական լուսավորական միջավայրին, որտեղ ձևավորվում էր նոր, լայնախոհ, շրջահայաց, ազատաբաղձ ու պայքարող հայ մարդը:
Խրիմյանի մասին իր ուշագրավ հուշագրությունը հայ ժողովրդի ազատագրական պայքարի մունետիկ ու ճշմարիտ հայրենասիրության դաստիարակ, մեծանուն պատմավիպասան Րաֆֆին ավարտում է հետևյալ տողերով. «Գնա՛, ազգի՛ բարեկամ, ճակատագիրը կոչում է քեզ. պատրիարքութեան սահմանափակ-պաշտօնական շրջանը քո տեղը չէ: Դու՛, որպէս Իսրայէլը Բաբելօնում, միշտ կարօտում էիր քո նազելի Սալիմին (Երուսաղեմին.– Ա. Մ.) — դա Վասպուրականն է: Գնա՛, կրկին սիրէ Վարագը, սիրէ՛ Այգեստանի ուռիները... Արծիւը և Ժառանգաւորաց դպրոցը քեզ սպասում են....»:
Արման ՄԱԼՈՅԱՆ
պատմական գիտությունների թեկնածու