Զաքարիա Ձագեցու ճառը Ամենօրհնյալ Տիրուհի Աստվածածնի և միշտ կույս Մարիամի ննջման մասին
18.11.2026
Սկիզբը՝ թիվ 13, 14
Տասնհինգ տարեկան էր ամենաերջանիկ Մարիամը, երբ ծնվեց Աստծո Բանը, Որն անժամանակ էր ծնվել Հորից։ Քանի որ նրա զարդափայլ ու հրեշտակատեսիլ կուսությունը մնացել էր անձեռնմխելի, ամեն ոք վկայում և ճանաչում էր նրան՝ իր դեմքի զարմանալի ու հրաշափառ գեղեցկությամբ։ Նրանք, ովքեր ուշադիր նայում էին, տեսնում էին նրա անթառամ ու վարդագույն երեսը՝ գեղեցկորեն պաճուճված, ինչպես գարնանային հովիտը՝ զարդարված, շքեղացած ու բարետես դարձած զանազան ու համասփյուռ ծաղիկներով։ Եվ անարատ ու անապական կաթն էր բխում-հորդում նրա սուրբ ու անբիծ ստինքներից՝ սնելու համար ամենքի Արարչին։ Իսկ Փրկչի՝ աշխարհին կյանք պարգևող չարչարանքների ժամանակ սուրբ և անարատ [Մարիամը] քառասունութ տարեկան էր։ Եվ երբ մեր Քավիչը՝ Քրիստոս, եկավ Ձիթենյաց լեռ և պատրաստվում էր համբարձվելու Իր անպատմելի աստվածության փառքով, կանանց մեջ ամենաերջանիկը՝ [Մարիամը], կանգնեց փառքի Թագավորի առջև և սրտամաշ ու մորմոքող սրտով թախանձելով՝ ասաց ամենքի Փրկչին. «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, Արարի՛չս և Որդի՛ս, ի՞նչ կհրամայես իմ մասին, երբ համբարձվես Քո հայրական փառքին։ Եվ ինչո՞ւ ես ինձ լքված թողնում՝ առանց խնամքի ու առանց տիրոջ շրջելու այս կյանքում։ Քանզի հեթանոսների մեջ ինձ համար հանգիստ չկա, իսկ հրեաների անօրինությունն ու կատաղի ապերախտությունը, Տե՛ր, Դու քաջ գիտես, քանի որ գաղտնիքների գիտակ ես և ճանաչում ես [ամեն ինչ]։ Արդ, ո՞ւմ ապավինեմ, որ լինեմ ապահով»։ Ասաց ամենքի Փրկիչը. «Մա՛յր Իմ, տաճա՛ր և անպատմելի մարդեղությանս առագաստ, Իմ անհասանելի տնօրինության բանական խորա՛ն։ Ես քեզ ոչ թե արհամարհելով անտես եմ անում կամ լիովին լքված թողնում, այլ ինչպես որ քեզ հանձնեցի Իմ սիրելի ու հավատարիմ աշակերտին, այնպես էլ այս աշխարհում քեզ որոշ ժամանակ կթողնեմ Իմ մտերիմ աշակերտների մեջ, որպեսզի նրանք, օրեցօր քեզ նայելով, սփոփվեն ու մխիթարվեն։ Եվ դու ականատես կլինես ու կտեսնես այն նշանների ու հրաշքների զորությունը, որոնք Իմ անունով կկատարվեն նրանց ձեռքով՝ ի զարմանս և ի հիացմունք համայն տիեզերքի։ Կտեսնես նաև Սուրբ Հոգու անպարտելի զորությունը, որը գալու և իջնելու է ձեզ վրա։ Եվ քանի որ քո սիրտը թուլացավ ու կասկածով լցվեց՝ տեսնելով Ինձ խաչի վրա բարձրացած մարդկային ցեղի մեղքերի համար, [այժմ] թող քո անձը քաջալերվի ու զորանա այն նշանների ու հրաշքների միջոցով, որոնք կատարվելու են Իմ անունով։ Եվ երբ լրանա քո կյանքի ժամանակը՝ ըստ քեզ համար սահմանված Իմ կամքի, Ես քեզ մոտ ո՛չ հրեշտակի կուղարկեմ, ո՛չ հրեշտակապետի և ո՛չ էլ վերին իշխանությունների գերագույն զորքերից որևէ մեկին, այլ Ես Ինքս կգամ՝ պատվով զարդափայլ ու հրաշալի փառքով, և քեզ կվերափոխեմ դեպի հրաշափառ, տենչալի ու գեղապանծ դրախտի վայելչությունը»։
Եվ այս խոսքերից հետո, մարմնով անարատ կյանք վարելով, երջանիկ Մարիամը, որի սուրբ անունը թարգմանվում է՝ «լուսավորվում եմ», ապրեց ևս տասնմեկ տարի։ Եվ սուրբ, անարատ Աստվածածնի կյանքի բոլոր ժամանակները լրանալով՝ ամբողջացան հիսունինը տարով։ Եվ նրա զարդափայլ կերպարանքի գեղեցկության ու վայելչության մեջ ոչ մի փոփոխություն չեղավ, այլ ինչպես որ երբեմն Տիրոջ տաճարում հրաշազարդված էր նրա դեմքը՝ հոյակապ ու աշխարհով մեկ հռչակված, այնպես էլ նրա փառավորյալ դեմքը, ի զարմանս իր համբավի, մինչև ժամանակների լրանալը մնաց անփոփոխ ու անթառամ և երբեք չծերացավ։ Եվ բոլոր տեսնողների համար հայտնի էր, որ նրա փառավոր կուսությունը ոչ մի փոփոխության չենթարկվեց, այլ մնաց անապական և անձեռնմխելի։
Եվ երանելի սուրբ Կույսը բնակվում էր Երուսաղեմում՝ իր ծնողների տանը։ Հովհաննեսը սպասավորում էր նրան և կյանքի խոսքն էր քարոզում հրեաների մեջ։ Եվ մի օր Աստվածածնին մի տեսիլք երևաց, թե՝ «Այս կյանքից տեղափոխվելու ես ողջերի աշխարհը»։ Այն ժամանակ նա [աղոթքով] դիմեց և Տիրոջը խնդրեց՝ տեսնելու բոլոր երջանիկ սուրբ առաքյալներին։ Քանզի նրանք մեկնել էին օտար երկրներ և ցրվել տիեզերքով մեկ՝ համայն աշխարհին քարոզելու փրկության Ավետարանը։
Եվ սուրբ ամպերը, յուրաքանչյուր երկրից ու զանազան գործերից հափշտակելով աստվածազգյաց սուրբ առաքյալներին, ակնթարթորեն բերեցին ու հավաքեցին Երուսաղեմում։ Նրանք կանգնեցին սուրբ Աստվածածնի առջև, մինչ նա դեռ պառկած էր իր սուրբ մահճում։ Եվ սուրբ առաքյալները, շրջան կազմած, նստեցին նրա մահճի շուրջը և արթուն մնալով ու ջանալով՝ միմյանց հետ խոսում էին փրկության խոսքի մասին։ Եվ կեսգիշերին սաստիկ շարժում եղավ, հրաշքներ ու փայլատակումներ ճառագայթեցին՝ բորբոքվելով ու վառվելով նրանց շուրջը։ Եվ ահա Քրիստոսը՝ տերերի Տերը և սերովբեների Թագավորը, հայտնվելով՝ կանգնեց նրանց մեջ։ Եվ երբ լուսացավ, ննջեց ամենօրհնյալ Աստվածածինը։ Այնժամ փառքի Տերն անտեսանելի եղավ նրանցից։ Եվ երանելի առաքյալները վերցրին սուրբ մարմինը՝ ջահերով ու մոմերով, սաղմոսներով ու օրհնություններով, իսկ սուրբ հրեշտակների զորքերը, վայր իջնելով, նրանց ձայնակցելով, երգում էին։ Եվ քաղաքը լցվեց նրանց հոգևոր երգերի հնչյուններով։ Նրանք, ովքեր երկնքից էին իջել, երգում էին այդ բարձրաձայն, գեղեցիկ ու ներդաշնակ օրհներգը։ Եվ լուրն առնելով՝ խառնիճաղանջ ողջ բազմությունը մեկտեղ հավաքվեց ու փութով վազեց՝ տեսնելու այդ հրաշափառ ու բարձրագույն սքանչելի գործը։ Դրանից անօրեն հրեաները, չարությամբ լցված, կամեցան հափշտակել ու այրել այդ սուրբ հոգևոր գանձը [Աստվածածնի մարմինը]։ Եվ հրեա քահանայապետը, առաջ վազելով, կառչեց դագաղից՝ կամենալով այն գետնին տապալել։ Սակայն նրա ձեռքերը, արմունկներից կտրվելով, դաստակներով կպած մնացին դագաղին։ Եվ նա աղաղակեց Պետրոսին ու նրա աշակերտներին՝ ասելով. «Ողորմե՛ք ինձ, Քրիստոսի՛ աշակերտներ»։ Պետրոսը հարցրեց. «Հավատո՞ւմ ես Աստծո անժամանակ Բանին»։ Եվ նա պատասխանեց. «Հավատում եմ»։ Այնժամ ձեռքերի կտրված հոդերը մոտեցրին միմյանց, և դրանք նույն պահին ողջացան։ Այդ օրը շատերը հավատացին և մկրտվեցին՝ հանուն Քրիստոսի։ Իսկ սուրբ առաքյալները, տանելով ամենօրհնյալ սրբուհու մարմինը, ամփոփեցին Գեթսեմանիի ձորում։ Այնուհետև առաքյալները մի քանի օր մնացին Երուսաղեմում՝ քննարկելու և մեկտեղելու փրկության Ավետարանի քարոզչությունը, որով կյանքի հավատն էին ավանդում հրեաներին ու հեթանոսներին։ Եվ ահա երրորդ օրը Հնդկաստանից եկավ նաև Թովմասը։ Նա աղաչեց ու խնդրեց Պետրոսին և մյուս առաքյալներին՝ տեսնելու կյանքի գանձը՝ երջանիկ Մարիամի՝ անարատ Աստվածածնի սուրբ մարմինը, որպեսզի ինքն էլ արժանի լինի համբուրելու Աստծո անպատմելի Բանի տաճարը։ Աշակերտները միասնաբար ճանապարհ ընկան դեպի սրբազան գանձարանի (գերեզմանի) վայրը՝ կատարելու Թովմասի փափագը․ նրանց հետ էին նաև մեծաթիվ ժողովուրդ ու բազմություն։ Եվ ահով ու դողով աղոթք անելով՝ բացեցին երկնային գանձի տապանը, սակայն սուրբ գերեզմանում ոչինչ չգտան՝ բացի պատանքներից։ Եվ Աստծուն փառաբանելով՝ հետ դարձան։ Պետրոսն ասաց բազմությանը. «Ո՛վ իմ սիրելիներ և հավատակիցներ, դուք, որ ուղիղ փառաբանությամբ դավանում եք ամենօրհնյալ, սուրբ և անբաժանելի Երրորդությունը, ակա՛նջ դրեք իմ բերանի խոսքերին։ Վեցթևյան սերովբեները երանելի են, քանի որ մոտ են անհասանելի աստվածությանը։ Բազմակնյա քերովբեները բաղձալի են, քանի որ սուրբ Երրորդության կողքին են գտնվում։ Քառակերպ կենդանիները երջանկավետ են, քանի որ աթոռն են անհասանելի տերության։ Եվ բոլոր զորությունները բաղձալի են, քանի որ սպասավորներն են անժամանակ, գերազանց լույսի։ Իսկ սա [Մարիամը] բոլորից առավել մեծ փառքի հասավ և սքանչելի պատվի արժանացավ, քանզի նրա մեջ բնակվեց անպատմելի Բանն Աստված, մարմին առավ նրա բնությունից և Իր անխառնելի աստվածությունը միավորեց [մարդկային մարմնի] հետ։ Եվ եղավ այնպես, որ Աստվածությունը վերցրեց [մարդկային մարմինը] ու օծեց այն, ինչպես որ Օծյալն է»։ Եվ ես համարձակվում ու վստահաբար ասում եմ՝ Նա հավասարապես Աստված է՝ կատարյալ աստվածությունից և ամբողջական մարդկությունից։ Մեկն է՝ երկու հակադիր բնություններից, որոնցից մեկը՝ [աստվածայինը], աստվածացրեց, իսկ մյուսը՝ [մարդկայինը], աստվածացավ։ Մեկ Որդի, մեկ բնություն, մեկ դեմք և մեկ անձ՝ երկու կատարյալ գոյություններից կազմված մեկ կատարյալ գոյություն։ Աստված՝ Հորից, և մարդ՝ Կույսից։ Անմայր՝ երկնքում, և անհայր՝ երկրի վրա։ Հորից անմայր ծնվեց անժամանակ՝ [հավիտենությունից առաջ], և Կույսից անհայր ծնվեց ժամանակի մեջ։ Դրա համար նրան Աստվածածին ենք անվանում, քանի որ Աստծո Բանին մարմնով ծնեց, որի շնորհիվ մահը կործանվեց, դժոխքը խորտակվեց, և մահը չէր կարողանում նրան իրեն հնազանդեցնել։ Քանզի նրա անարատ կյանքի մեջ մահվան համար ոչ մի հիմք և ճարակ չկար։ Այլ [միայն] նախահոր՝ [Ադամի] պարտքի պատճառով նա ճաշակեց մահը՝ մի չնչին ու կարճ ժամանակով, որպեսզի կատարի [Ադամի] պարտքի համար Արարչի սահմանած իրական օրենքը։ Եվ այժմ նա մարմնով վերափոխվեց ողջերի երկիրը և դրախտի բաղձալի կենաց ծառի մոտ, ուր կան զանազան ու զանազան հրաշափառ տունկեր՝ գեղեցկորեն պաճուճված ու զարդափայլ պտուղներով, որոնք տարբեր համեր ու գույներ ունեն։ Այնտեղ նաև եդեմածին մշտաբուխ աղբյուրն է հորդում-զվարճանում՝ չորս մասի բաժանված գետերով, որոնք հավերժահոս ընթացքով ոռոգում ու զվարճացնում են դրախտի բաղձալի վայրերը։ Եվ անմարմին, սուրբ ու սրբափայլ սերովբեն այլևս փակած չի պահում կենաց ծառի ճանապարհը, որովհետև այսօր [երկինք] տեղափոխվեց երանելի Աստվածածինը՝ հավերժ կենդանի Մայրը, քանզի նա ճաշակեց անմահության բաժակը և միշտ բարեխոսում է աշխարհի համար։ Եվ Աստծո փառքի համար սահմանեցին ու հաստատեցին նրա հիշատակի տոնը օգոստոս ամսի տասնհինգին։
Արդ, ո՛վ ամենօրհնյալ Աստվածածին, ես չունեմ ոսկի, արծաթ, կնդրուկ և զմուռս, որ մոգերի հետ միասին գամ քո հրաշափառ ծննդյանը և ընծաներ մատուցեմ քեզ կամ էլ քո անվամբ մի գեղեցկատես տաճար կառուցեմ։ Այլ իմ աղքատ ու չքավոր մտքից այս համեստ երաժշտական խոսքերը քեզ կնվիրեմ։ [Այս խոսքերը] քեզ հաճելի համարելով՝ ընդունի՛ր և բարեխոսի՛ր ամենքի Տիրոջ առջև, որպեսզի ինձ չզրկի հավիտենական կյանքից, այլ արժանացնի հասնելու [այնտեղ] և անմարմին [հրեշտակների] զորքերի հետ փառաբանելու Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն հավիտյանս հավիտենից։
Փոխադրությունը գրաբարից՝ Մելինե Գրիգորյանի
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան