«Ուժեղ բանակն սկսվում է ուժեղ հոգուց»

«Ուժեղ բանակն սկսվում է ուժեղ հոգուց» 16.10.2026

Հարցազրույց ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության գնդերեց Տեր Պսակ քահանա Մկրտչյանի հետ

— Տե՛ր Հայր, ի՞նչ նպատակ ունի հոգևոր սպասավորությունը բանակում։

— Հոգևոր սպասավորությունը բանակում նախապատմություն ունի։ Դեռևս Արցախյան առաջին ազատամարտի տարիներին մի շարք հոգևորականներ, որոնք սպասավորում էին Արցախի թեմում, կամավորաբար ստաձնեցին հոգևոր խնամք ազատագրական պայքարի ջոկատների համար։ Այնուհետև հետագա տարիներին կարիք առաջացավ էլ ավելի կուռ և համակարգված տեսք տալու հոգևոր ծառայությանը, կարևորվեց հոգևորականի մշտամնա ներկայությունը բանակում՝ զինվորի և սպայի կողքին։ 1997 թ. ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջև ստորագրվեց հուշագիր, որով այլևս հիմք դրվեց հոգևորականների համակարգված ծառայությանը Հայոց բանակում։

Հիմա, ավելի որոշակի պատասխանելով Ձեր հարցին, նշեմ, որ հոգևոր սպասավորությունը բանակում ունի խոր և բազմաշերտ նպատակ. այն միայն կրոնական ծեսերի կատարում չէ, այլև զինվորի հոգու, խղճի և մտքի կոփման ծառայություն։ Բանակը մարդուն կանգնեցնում է կյանքի ու մահվան, վախի ու պատասխանատվության ընտրության սահմանագծին, և այդտեղ հատկապես անհրաժեշտ է հոգևոր առաջնորդությունը։ Զինվորն ամեն օր առերեսվում է վտանգի, սթրեսի, երբեմն նաև կորուստների հետ, և հոգևոր սպասավորությունն օգնում է նրան՝ հաղթահարելու վախը, ձեռք բերելու ներքին խաղաղություն, ապավինելու Աստծուն։

Ինչպես ասում է սաղմոսերգուն. «Տերն իմ ապավենն է, չեմ երկնչի» (Սաղմ. 26:1)։

Հավատքը զինվորին տալիս է ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր քաջություն։ Բանակում կարևոր է ոչ միայն ուժը, այլև բարոյական կերպարը։ Հոգևոր սպասավորը կամ, ինչպես ընդունված է նրան անվանել, գնդերեցը, սովորեցնում է՝ խիղճ ունենալ, արդար լինել, հարգել մարդու արժանապատվությունը, զսպել բարկությունն ու ատելությունը։

Հոգևոր սպասավորությունն ապացուցում է, որ հայրենիքի պաշտպանությունը պարզապես պարտք չէ, այլև սրբազան ծառայություն։ Գնդերեցի ներկայությունը զինծառայողի կյանքում հավաստիքն է նրա, որ զինվորը մենակ չէ, Եկեղեցին նրա կողքին է, Աստված նրա հետ է նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներում։ Մեր նպատակն է զինվորին դարձնել ոչ միայն ոգով ուժեղ մարտիկ, այլև հոգով առողջ, հավատքով հաստատ և խղճով մաքուր մարդ, քանի որ ուժեղ բանակն սկսվում է ուժեղ հոգուց։

Մյուս կողմից՝ քրիստոնեական ուսուցումը զինվորին հիշեցնում է, որ ինքը պարզապես մարտիկ չէ, այլև Աստծո պատկերով ստեղծված մարդ։ Շատ զինվորներ ունեն տագնապներ, ընտանիքից հեռու լինելու խնդիրներ, կարոտ, մեղքի կամ կորուստի ծանր զգացում։ Գնդերեցն այդ պարագայում դառնում է լսող, մխիթարող, խոստովանություն ընդունող, աղոթքով զորացնող։ Սա հոգևոր իրական թերապիա է, որը բուժում է սրտի վերքերը։

— Ինչպե՞ս է քրիստոնեական հավատքը ձևավորում զինվորի գիտակցությունն ու վարքը։

— Քրիստոնեական հավատքը զինվորի կյանքում միայն աղոթքին կամ ծիսակատարություններին նրան մասնակից դարձնելու հարցը չէ, այլև, որ ամենակարևորն է, նրա մեջ հոգևոր գիտակցության ձևավորումը, որը փոխում է թե՛ մտածելակերպը, թե՛ վարքը։ Եթե զենքը պաշտպանում է մարմինը, ապա հավատքը պաշտպանում է հոգին։ Այս գիտակցությունը բարձրացնում է զինվորի արժանապատվությունը, կարևորում նրա անհատականությունը. զինվորն սկսում է իրեն տեսնել որպես սրբազան պատասխանատվություն կրող անձի։ Նաև օգնում է՝ չընկրկելու դժվարությունների առաջ՝ ավելի իմաստավորելով զինծառայությունը։
«Դուք Աստծո տաճար եք» (Ա Կորնթ. 3:16),— ասում է Պողոս առաքյալը։ Ես հաճախակի պիտի մեջբերումներ անեմ Սուրբ Գրքից, որովհետև Սուրբ Գիրքն է հոգևորականի ամենաազդեցիկ միջոցը։

Վախը բնական երևույթ է մարդու կյանքում, բայց հավատքը չի թողնում, որ վախն իշխի մեզ վրա։ Զինծառայողները մարդիկ են, որոնք առավել, քան ուրիշները, իրենց ծառայության մեջ ենթակա են դեմ առ դեմ կանգնելու վտանգի առաջ, ուստի հավատի ամրությունը նրանց օգնում է՝ վստահելու Աստծուն, իսկ քրիստոնեական վստահությունը սովորեցնում է, որ մեր բոլորիս կյանքը Աստծո ձեռքում է, մահն էլ վախճանը չէ ամեն ինչի. Տերը մեզ հետ է ամեն տեղ։ Նա հասկանում է, որ իր առաքելությունը ոչ թե սպանելն է, այլ կյանքը և արդարությունը պաշտպանելը։

«Եթե Աստված մեզ հետ է, ո՞վ մեզ դեմ կլինի» (Հռոմ. 8:31). ահա քրիստոնյայի վարքի և գիտակցության ձևավորման իրական բանաձևը։

— Հավատքը կարո՞ղ է զորացնել սերը հայրենիքի հանդեպ։ Հայրենիքի պաշտպանությունը կարելի՞ է դիտարկել որպես հոգևոր առաքելություն։

— Քրիստոնեության հիմքում սերն է, իսկ հայրենիքի հանդեպ սերը նույն սիրո բնական շարունակությունն է։ Մենք սիրում ենք մեր հողը, մեր ժողովրդին, մեր ընտանիքը, մեր տունը։ Սա Աստծուց տրված բնական և արդար զգացում է։ Սուրբ Գիրքն ասում է. «Ով իր ընտանիքի մասին հոգ չի տանում, հավատից ուրացած է» (Ա Տիմ. 5:8)։ Եթե մարդը պարտավոր է հոգալ իր ընտանիքի մասին, ապա առավել ևս՝ իր ժողովրդի և հայրենիքի մասին։ Հավատքը սովորեցնում է, որ հայրենիքը պարզապես տարածք չէ, այլև Աստծո կողմից մեզ վստահված ժառանգություն։

Աստված ազգերին պարգևել է հայրենիք և ինքնություն։ Հայ ժողովրդի համար հավատքն ու հայրենիքը դարերով միաձուլված են եղել, ինչը վկայում է, որ հավատքը պահպանել է հայրենիքը, իսկ հայրենիքը՝ հավատքը։ Ուստի՝ հայրենիքի հանդեպ սերը դառնում է նաև երախտագիտություն՝ ուղղված առ Աստված։
Քրիստոս ասում է. «Չկա առավել մեծ սեր, քան որ մարդ իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15:13)։ Զինվորը հենց սա է անում. նա իր կյանքը վտանգում է՝ հանուն ուրիշների կյանքի։ Սա արդեն ոչ միայն պարտք է, այլև սիրո միջոցով զոհողության դրսևորում, իսկ դա Ավետարանի սիրտն է։ Այս իմաստով հայրենիքի պաշտպանությունը կարող ենք դիտարկել որպես ծառայություն Աստծուն՝ մարդկանց միջոցով։

Այսպես՝ հավատքը զորացնում է հայրենիքի հանդեպ սերը, քանի որ սովորեցնում է սիրել, զոհվել և պատասխանատվություն կրել։ Հայրենիքի պաշտպանությունը կարող է և պետք է դիտվի որպես հոգևոր առաքելություն, քանի որ այն գիտակցված անձնազոհություն է, զրկանք կրելու պատրաստակամություն՝ հանուն աստվածային ժառանգության և արդարության։ Կարճ ասած՝ զինվորը, որ հավատքով է ծառայում, դառնում է ոչ միայն մարտիկ, այլ նաև պահապան և վկա Աստծո սիրո։

— Բանակային կյանքն ինչպե՞ս է ձևավորում զինվորի բնավորությունը, բացահայտում նրա իրական ես ը։ Բանակը կարո՞ղ է դառնալ Աստծուն փնտրելու և հոգևոր ճանապարհի վերագտնման վայր։

— Բանակը յուրահատուկ դպրոց է։ Այն ոչ միայն ռազմական պատրաստության, այլև զինվորի բնավորության վերակերտման և ներուժի բացահայտման դարբնոց է։ Զինվորական կյանքը՝ իր խստապահանջությամբ, կարգապահությամբ և սահմանափակ հնարավորություններով, կարող է դառնալ մարդու ներքին աշխարհի կոփման հզոր գործոն։ Այնտեղ մարդը հարմարավետությունից դուրս է, և հենց այդտեղ է երևում նրա իսկական «ես» ը։

Բանակում զինվորները սովորում են ենթարկվել կանոններին, հարգել ժամանակը, կատարել պարտականությունները՝ անկախ անձնական ցանկություններից։ Սա ձևավորում է ուժեղ կամք և ինքնակառավարում։ Զինվորական կյանքում անհատը դառնում է խմբի մի մաս, սովորում է վստահել, աջակցել և կիսել դժվարությունները։ Այո՛, ես կարծում եմ, որ շատերը Աստծո հետ անմիջական հանդիպում ունեցել են բանակային ծառայության ընթացքում։ Երբ մարդը զրկված է հարմարավետությունից, ընտանեկան միջավայրից և առօրյա շփումներից, նա սկսում է լսել իր ներքին ձայնը։ Դժվարությունների մեջ է՛լ առավել է լսելի Աստծո կանչը։ Տղաները, որոնք մանավանդ իրականացնում են մարտական հերթապահություն, ավելի աղոթասեր են, ավելի հավատքով՝ առ Աստված։ Ամբողջացնելով ասածս՝ բանակում երիտասարդը ոչ միայն բացահայտում է իր «ես» ը, այլ նաև գտնում է իր անհատականությունը։

— Որո՞նք են պատերազմի թողած հոգեկան ամենախոր վերքերը, ինչպե՞ս վերագտնել Աստծուն պատերազմից հետո։ Հավատքը կարո՞ղ է բուժել պատերազմի պատճառած հոգեբանական վնասվածքները։ Ի՞նչ պատգամ ունեք պատերազմին մասնակցած զինվորներին։

— Պատերազմը ոչ միայն մարմնի, այլև հոգու վրա է խոր հետքեր թողնում։ Դրանք հաճախ անտեսանելի են, բայց կարող են տևել ամբողջ կյանքի ընթացքում։ Պատերազմի բովով անցած զինծառայողների հետ իմ հանդիպումների ժամանակ նկատել եմ, որ պատերազմի մղձավանջը մշտապես ուղեկցում է շատերին։ Սթրեսը, մեղքի զգացումը հետպատերազմյան ամենահաճախ հանդիպող խնդիրներն են։ Այդ տառապանքը կրում են ոչ միայն ռազմական գործողություններ տեսած ու մասնակից անձինք, այլև նրանց ընտանիքի անդամները։ 2020 թ. պատերազմից հետո և առ այսօր մենք՝ գնդերեցներս, մշտապես այցելել ու հոգևոր խնամք ենք տարել այդպիսի զինծառայողների ու նրանց ընտանիքների հանդեպ։ Հոգևոր ծառայությանս ընթացքում ընտանիքները, որոնք զավակ են կորցրել, մեր միջոցով գտել են Աստծուն, դարձել եկեղեցականացված, մկրտվել ու կապել իրենց կյանքը Քրիստոսի հետ։

— Ինչպե՞ս է քրիստոնեությունը ներկայացնում զոհաբերության գաղափարը պատերազմում։ Հայրենիքի համար կյանքը զոհելու սխրանքը ինչպե՞ս եք բացատրում հոգևոր տեսանկյունից

— Քրիստոնեական վարդապետության լույսի ներքո դիտարկելով՝ հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերելը սիրո և անձնազոհության բարձրագույն դրսևորում է։ Այս ընկալման հիմքում ընկած է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խոսքը. «Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար» (Հովհ. 15։13)։ Զինվորը՝ պատերազմի դաշտ գնալով, գիտակցում է մահվան վտանգը, և այդ քայլը անում է ոչ թե ինքնանպատակ, այլ սիրուց դրդված՝ հանուն իր հավատի ու հայրենիքի, հանուն իր ընտանիքի։ Կյանքը զոհաբերել բարձր գաղափարների համար նշանակում է կրկնել Քրիստոսի ինքնազոհության սխրանքը։ Պատերազմում հայրենիքի պաշտպանությունը պայքար է չարիքի, բռնության և անարդարության դեմ։ Այս պարագայում զինվորը դառնում է արդարության պաշտպան։ Սխրանքը մարտի դաշտում այն է, երբ զինվորը հաղթահարում է մահվան բնական վախը՝ հանուն բարձր արժեքի։ Սա հոգու հաղթանակն է՝ հանդեպ մարմնի տկարությունների։

Քրիստոնեական հավատքը մահը չի համարում ավարտ, վերջակետ ամեն ինչի։ Հայրենիքի, հավատքի համար իրենց կյանքը զոհաբերածներին Սուրբ Եկեղեցին համարում է նահատակ, մարտիրոս։ Մեր հավատքը սովորեցնում է, որ ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն սրբությունների, չեն մահանում, այլ դառնում են ժառանգորդը հավիտենական կյանքի։ Զոհաբերության գաղափարը սերտորեն կապված է Հարության հույսի հետ, նահատակվելով՝ մեր քաջորդիները հոգևոր հաղթանակ տարան մահվան հանդեպ։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ սրբացրել է «վասն հայրենեաց և վասն հավատոյ» նահատակվածների հիշատակը։ Այս սրբադասման պատգամը հստակ է. հայրենիքը Աստծո կողմից տրված սրբազան ավանդ է, որի պաշտպանության համար նահատակությունը Հարության հաղթանակի սկիզբ է այս կյանքի մեջ։

Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել հետևյալ ճշմարտությունը. քրիստոնեության մեջ հայրենիքի և հավատի համար պատերազմում զոհաբերությունը ոչ թե մահվան փառաբանումն է, այլ անսահման սիրո և հավատարմության հաղթանակը, որը զինվորին դասում է սրբերի և հերոսների շարքին։ Քրիստոնեությունը չի քարոզում անտարբերություն չարի հանդեպ։

— Ի՞նչ պատգամ ունեք այսօր ծառայող զինվորներին և նրանց ընտանիքներին։

— Իմ պատգամն է բոլոր այն տղաներին, որոնք անցել են պատերազմի մղձավանջի միջով ու կենդանի վերադարձել. դուք միայն մարտից վերադարձած զինվորներ չեք, դուք խաչակիրներ եք, որոնք անցել են կրակի միջով։ Աստված ձեզ չի լքել և հիմա էլ ձեր կողքին է։ Մի՛ ամաչեք ձեր արցունքներից, մի՛ փակվեք ձեր ցավի մեջ, մի՛ կարծեք, թե Աստված ձեզ մոռացել է, ձեր վերքերն ամոթ չեն, այլ վկայությունն են ձեր զոհաբերության։ Չէ՞ որ Քրիստոս Ինքն էլ հարություն առավ վերքերով։ Պատերազմը կոտրում է մեր սրտերը, բայց Աստված կարող է այդ կոտրված սրտերից նոր մարդ ստեղծել։ Ինչպես Սաղմոսում է ասված. «Կոտրված և խոնարհ սիրտը Աստված չի անարգի» (Սաղմ. 50:19)։ Եվ հենց այդպիսի սրտերն են Աստծուն ամենամոտ։

Պատգամս ոչ միայն խոսք է, այլև աղոթք, սրտի հորդոր՝ ուղղված մեր զինվորներին։ Ուզում եմ՝ մեր բոլոր զինվորները գիտակցեն, որ պարտադիր զինվորական ծառայությունը կարևոր առաքելություն է, որ զինվորական համազգեստը ոչ միայն պետության ու բանակի խորհրդանիշ է, այլև պատասխանատվության, արիության ու սիրո պարտավորություն։ Աղոթքը թող լինի մեր զինվորների ամենօրյա զենքը, խաչակնքվելը՝ փրկության վահանը, Աստծո ներկայության զգացումը՝ խաղաղությունը։
Ծնողներին պատգամում եմ, որ մշտապես աղոթեն իրենց զինվոր զավակների համար, հպարտանան, որ հայրենյաց պաշտպան են ծնել, դաստիարակեն քաջորդիների, որոնք պատրաստ կլինեն առյուծաբար պաշտպանելու իրենց սրբությունները։

Ուզում եմ՝ բոլորս հիշենք ու գիտակցենք, որ հայրենիքի պաշտպանությունը միայն սրբազան պարտականություն չէ, այլև հոգևոր ծառայություն։ Երբ ծառայում ենք արդարությամբ, հավատով և սիրով, մենք ոչ միայն մեր հողն ենք պահում, այլև պահպանում ենք Աստծո ավանդը։

Թո՛ղ Տերը անսասան պահի մեր հայրենյաց սահմանները, զորացնի մեր զինվորներին ու սպաներին, և թո՛ղ ամենակարող Բարձրյալի երկնառաք խաղաղությունը տիրի Հայոց աշխարհում հավիտենապես։

Հարցազրույցը՝ Անի ՆԱԶԱՐՅԱՆԻ

Խմբագրության կողմից. Բանակի տոնին նվիրված այս հարցազրույցը տեղի է ունեցել հունվարի 28 ին։ Հաջորդ օրը՝ հունվարի 29 ին, հրապարակվեց ՀՀ պաշտպանության նախարար Ս. Պապիկյանի հրամանը, որով 2026 թ. փետրվարի 1 ից դադարեցվեց ՀՀ ԶՈՒ Հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշանակված գնդերեցների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում։