Սուրբ Հովհաննես Մկրտիչ՝ ճշմարտության ձայնը և նահատակների նախակարապետը

Սուրբ Հովհաննես Մկրտիչ՝ ճշմարտության ձայնը և նահատակների նախակարապետը 16.10.2026

Հովհաննես Մկրտիչը Նոր Կտակարանի կենտրոնական և խորհրդանիշ կերպարներից է։ Նրա անձի մեջ ամփոփված են Հին Կտակարանի մարգարեական սպասումը և Նոր Կտակարանի մեսիական հայտնության կանխորոշումը։ Հիրավի, նա կանգնած է երկու Ուխտերի սահմանագծին՝ որպես վերջին մարգարեն Հին Ուխտի և առաջին վկան Նոր Ուխտի։ Այդ կիզակետային դիրքն է, որ Հովհաննեսի կերպարին տալիս է բացառիկ աստվածաբանական խորություն։ Հիսուս Քրիստոսը նրան այսպես է բնորոշում. «Կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել» (Մատթ. ԺԱ 11)։ Հովհաննեսը վերջինն է, որը կանգնած է սպասման ժամանակում, բայց առաջինն է, որը տեսնում է կատարումն ու լրումը։

Ղուկասը, ի տարբերություն մյուս ավետարանիչների, մանրամասն ներկայացնում է Հովհաննեսի նախածննդյան և ծննդյան պատմությունը՝ որպես աստվածային միջամտություն, որը հիշեցնում է Հին Կտակարանի մեծագույն կերպարների ծնունդները՝ Իսահակ, Սամսոն, Սամուել։ Ավետարանիչը հատուկ ընդգծում է, որ նրա ծնողները՝ Զաքարիա քահանան և Եղիսաբեթը, «....որդի չունեին, և երկուսն էլ արդեն առաջացած տարիքում էին» (Ղուկ. Ա 7), ինչը հրեական միջավայրում մեծ անպատվություն էր համարվում։

Սակայն Աստծո փրկագործական ծրագիրը չի հապաղում, և Զաքարիայի՝ Տաճարում ծիսական խնկարկություն կատարելու ժամանակ Գաբրիել հրեշտակապետը հայտնում է մանուկ Հովհաննեսի ծնվելու լուրն ու կոչումը. «Նա Տիրոջ առաջ մեծ կլինի, գինի և օղի չի խմի ու մոր որովայնից սկսած՝ Սուրբ Հոգով կլցվի, Իսրայելի որդիներից շատերին էլ կդարձնի դեպի իրենց Տիրոջը՝ Աստծուն» (Ղուկ. Ա 15—16)։ Ըստ այս ավետաբեր խոսքի՝ Հովհաննեսը սրբացված անձ է, որի կյանքը պատկանում է ոչ թե իրեն, այլ Աստծուն։

Հովհաննեսի՝ Աստծո ընտրյալ լինելու հանգամանքը հատկապես երևում է նրա՝ դեռևս Եղիսաբեթի որովայնում եղած ժամանակ. երբ Եղիասաբեթը հանդիպում է Մարիամ Կույսին, որն արդեն հղի էր Հիսուսով, մանուկը նրա որովայնում սկսում է խաղալ (Ղուկ. Ա 35—45)։ Մկրտչի ծննդյան տոնին նվիրված շարականում Գ. Սկևռացին Հովհաննեսին կոչում է «Առաքյալ»։ Զաքարիայի մարգարեական օրհներգությունում նրա առաքելությունը հստակ ձևակերպվում է. «Եվ դու, ո՛վ մանուկ, Բարձրյալի մարգարեն պիտի կոչվես, որովհետև պիտի գնաս Տիրոջ առաջից՝ պատրաստելու Նրա ճանապարհները, տալու Նրա ժողովրդին փրկության գիտությունը՝ նրանց մեղքերի թողության համար» (Ղուկ. Ա 75—76)։

Ղուկասը հակիրճ և իմասատալից նշում է. «Եվ մանուկն աճում ու զորանում էր հոգով։ Ապրում էր անապատներում մինչև Իսրայելում իր երևալու օրը» (Ղուկ. Ա 80)։ Անապատը Սուրբ Գրքում մշտապես հանդես է գալիս իբրև փորձության, մաքրագործման և Աստծու հետ հանդիպման վայր։ Հովհաննեսի համար այն դառնում է ոչ թե փախուստ աշխարհից, այլ սեփական առաքելության պատրաստություն։ Այն, որ նա «հագնում էր ուղտի բրդից հագուստ և կաշվե գոտի՝ իր մեջքին» (Մատթ. Գ 4), ակնհայտորեն հիշեցնում է Եղիա մարգարեին (Դ Թագ. Ա 8), որով նա դառնում է մարգարեական ավանդույթի կենդանի շարունակողը։ Իրապես, առանց Հովհաննես Մկրտչի կերպարի՝ Քրիստոսի հայտնությունն Ավետարաններում կկորցներ իր մարգարեական նախապատմությունը, իսկ ապաշխարության թեման՝ իր խիստ ու մաքուր հնչողությունը։

Հովհաննես Մկրտչի հրապարակային գործունեությունն սկսվում է որոշակի պատմական համատեքստում։ Ղուկասը մանրամասն թվագրում է նրա քարոզչությունը՝ հիշատակելով Տիբերիոս կայսրին, ժամանակի քաղաքական ու կրոնական իշխաններին (Ղուկ. Գ 1—2)։ Այս կերպ նա ընդգծում է, որ մարգարեական խոսքը դուրս չէ պատմությունից, ընդհակառակը՝ դրա բեմում է։

Դարեր շարունակ կենդանի մարգարե չունեցած Իսրայելում Հովհաննեսի ձայնը հնչում է որպես սթափեցնող կանչ. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը» (Մատթ. Գ 2)։ Նրա քարոզում ապաշխարությունը ոչ միայն ներքին զղջում է, այլև գիտակցության փոփոխություն։ Մկրտիչը պահանջում է «ապաշխարության արժանի պտուղներ» (Մատթ. Գ 8), այսինքն՝ իրական բարոյական դարձ։ Ավետարանները նրան չեն ներկայացնում լոկ որպես պատմական դեմքի, այլև իբրև դերակատարի աստվածային տնտեսության մեջ, որի բովանդակ առաքելությունը միտված է մեկ նպատակի՝ մատնանշել Քրիստոսին։ Հովհաննեսը չի քարոզում ինքն իրեն, այլ սոսկ մնում է «անապատում կանչողի ձայն» (Մատթ. Գ 3)։ Նա ճանապարհ է բացում Աստծո Խոսքի համար։ Չորրորդ Ավետարանում պարզորոշ կերպով Մկրտիչը նույնացվում է ձայնի հետ (Հովհ. Ա 23)։ Օգոստինոս Երանելին գրում է. «Ձայնը անցնում է, բայց Խոսքը մնում է»։ Այսու՝ Հովհաննեսի հոգևոր կենսագրության բանալին է դառնում իր խոստովանությունը. «Նրա (Հիսուսի) գործը պետք է մեծանա, իսկ իմը՝ նվազի» (Հովհ. Գ 30)։ Սրանով Մկրտիչը նաև բանաձևում է քրիստոնեական ծառայության սկզբունքը՝ հաստատելով, որ սրբությունը ինքնադրսևորում չէ, այլ ինքնանվիրում։

Հովհաննեսի մկրտությունը ջրով է և ունի խորհրդանշական բնույթ։ Այն մաքրում է, բայց չի փրկում. «Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության մկրտությամբ, բայց Նա, Ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ Նրա կոշիկներն անգամ տանելու։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով» (Մատթ. Գ 11)։ Այսպես՝ մկրտության տարբերության մեջ է, որ ակնհայտ է դառնում Հովհաննեսի խոր ինքնագիտակցությունը՝ իբրև միջնորդի և ոչ երբեք Փրկչի, քանի որ բուն գործը՝ դատն ու դատաստանը, վերապահված է իր հետևից Եկողին։ Մատթեոսի համար Հովհաննեսը կամուրջ է Հին և Նոր Կտակարանների միջև. նրա և Հիսուսի գործի միջև գոյություն ունի մի անբաժանելի շարունակականություն, և Հիսուսն Ինքն էլ ընդունում է այն եզակի դերը, որ Հովհաննեսը կատարում է Աստծո քավիչ ծրագրերի ներսում (Մատթ. ԺԱ 13)։ Փրկչի մասին վկայություն տալուց հետո Հովհաննես Մկրտչին բանտարկում են. «Բայց Հերովդես չորրորդապետը, հանդիմանված լինելով Հովհաննեսի կողմից, իր եղբոր կնոջ՝ Հերովդիայի պատճառով և այն բոլոր չարիքների համար, որ Հերովդեսը գործել էր, այդ բոլորի վրա ավելացրեց և այն, որ Հովհաննեսին բանտարկեց» (Ղուկ. Գ 19—20)։ Թեև Ավետարանները չեն նշում բանտարկության վայրը, բայց Հովսեփոս պատմիչը հստակ տալիս է սահմանամերձ Մաքերոն ամրոցի անունը։
Մկրտչի ճշմարտախոս ընթացքը ոխով է լցնում Հերովդիայի սիրտը, և նա ճանապարհներ է որոնում՝ սպանելու մարգարեին։ Ի վերջո, հարմար առիթն ընձեռվում է. «Սակայն մի հարմար օր եկավ, երբ Հերովդեսն իր ծննդյան տարեդարձի առթիվ ընթրիք էր տալիս իր նախարարներին, հազարապետներին և Գալիլեայի մեծամեծներին։ Երբ Հերովդիայի դուստրը ներս մտավ և սկսեց պարել, դուր եկավ Հերովդեսին ու սեղանակիցներին։ Թագավորն աղջկան ասաց. «Ուզի՛ր ինձնից, ինչ որ կամենում ես, և կտամ քեզ»։ Եվ երդվեց նրան շատ անգամ, թե՝ «Դու ինչ էլ ուզես ինձնից, կտամ քեզ, մինչև իսկ իմ թագավորության կեսը»։ Աղջիկը դուրս ելավ և իր մորը հարցրեց. «Ի՞նչ ուզեմ»։ Մայրն ասաց. «Հովհաննես Մկրտչի գլուխը»։ Շուտափույթ կրկին թագավորի մոտ մտնելով՝ աղջիկն ասաց. «Ուզում եմ, որ հիմա սկուտեղի վրա անմիջապես ինձ տաս Հովհաննես Մկրտչի գլուխը»։ Թագավորը սաստիկ տրտմեց, բայց հրավիրվածների առջև տրված իր երդումների պատճառով չկարողացավ նրան մերժել։ Թագավորն իսկույն դահիճ ուղարկեց և հրամայեց բերել Հովհաննեսի գլուխը։ Դահիճը գնաց, բանտում գլխատեց Հովհաննեսին և նրա գլուխն սկուտեղի վրա բերեց ու տվեց աղջկան, իսկ աղջիկն էլ տարավ տվեց իր մորը։ Երբ Հովհաննեսի աշակերտները լսեցին, եկան վերցրին նրա մարմինը և դրեցին մի գերեզմանի մեջ» (Մարկ. Զ 21—29)։ Այսպես՝ Մարկոսի Ավետարանում Հովհաննես Մկրտիչը ներկայացվում է որպես ծածուկ կերպով գործող Եղիա, որի տառապանքները նախապատրաստում են Տիրոջ ճանապարհը և իբրև օրինակ են ծառայում հալածյալ քրիստոնյաների համար։ Արդարև, նրա նահատակությունը վկայում է, որ ճշմարտությունը սոսկ արտաբերված քարոզ չէ, այլ կյանքի գին։ Ի վերջո նա մնում է ոչ միայն մարգարե և վկա, այլև նախակարապետ նահատակների։ Պատահական չէ, որ Ատոմ Անձևացին Մկրտչին կոչում է «Նահատակների պետ»։

Հովհաննես Մկրտչի օրինակը քրիստոնյաներին մշտամնա հիշեցնում է, որ աստվածահաճո կյանքն սկսվում է ապաշխարությունից, շարունակվում խոնարհությամբ և ավարտվում ճշմարտության վկայությամբ։ Դրա համար էլ շարականագիրը նրան բնորոշում է «ճշմարտության ճրագ» կոչմամբ։ Մկրտչի ձայնը մինչև այսօր հնչում է եկեղեցում՝ ոչ որպես ինքնաբացահայտող ելևէջ, այլ աղաղակ. «Ահա՛ Նա»։

Հայկ սրկ. ՍԱՐԳՍՅԱՆ
Ելենա ԱՂԱԽԱՆՅԱՆ