Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Ղևոնդ վրդ. Փիրղալեմյանցի ուղեգրության մեջ
16.10.2026
«Քառակուսի է ձև Սրբոյ Տաճարին,
Չափ չառնելովս՝ չկարեմ ասել ճիշտ նորին
Բայց որչափ որ մինչև հիմայ Հայաստան,
Վանք տեսեր եմ, այս մեծ է քան զամենայն»:
Տասնիններորդ դարի նշանավոր հոգևորական Ղևոնդ վրդ. Փիրղալեմյանցը (Տոսպեցի) առաջին անգամ այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 1860 թ., Մատթեոս Կաթողիկոսի հրավերով, Մկրտիչ արք. Խրիմյանի (այդ օրերին Կ. Պոլսի Հայոց Պատրիարքն էր), Երեմիա և Իգնատիոս արքեպիսկոպոսների և ուրիշների հետ, երկրորդ անգամ՝ 1864 թ.: Երկրորդ ճանապարհորդության ողջ մանրամասնությունները Ղևոնդ վարդապետը շարադրել և հրատարակել է 1871 թ. Կ. Պոլսում: Հեղինակն այն գրել է չափածո, բաղկացած է երկու մասից, որոնք էլ իրենց հերթին բաժանված են գլուխների: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և միաբանական կյանքի մասին տեղեկություններն ամփոփված են ուղեգրության առաջին մասի 14—18 րդ գլուխներում: Ուղեգրությունը կարևոր աղբյուր է նաև ճանապարհորդության վայրերում բնակվող մարդկանց բարքերի ու սովորույթների ուսումնասիրության համար. «….Ուստի ես յետինս ի վարդապետաց, երբ մեր քաղցր և դժբախտ Հայաստանի շատ կողմեր յայց ելանելու սկսայ, ձեռն ի գործ արկի մեր տեսած վայրաց՝ գիւղից և քաղաքաց տեղագրութիւնս և տեղացի ժողովրդոց բարք և սովորութիւնս՝ դրոշմել ի գիր, ընթերցասէր Ազգայնոց իղձ և փափագ գոհ կացուցանելու յուսով» (տե՛ս Ղևոնդ վրդ. Փիրղալէմեանց Տոսպեցի, Ճանապարհորդութիւն ի Մայր Աթոռն Արարատեան և անտի ի Կ. Պօլիս, Կ. Պոլիս, 1871, էջ Գ):
Կ. Պոլսից Սուրբ Էջմիածին երկրորդ ճանապարհորդությունը տևում է մեկ ամիս. 1864 թ. մարտի 8 ին Ղևոնդ վրդ. Տոսպեցին և նրա երկու ընկերները՝ Գրիգորն ու Ոսկանը, ուղևորվում են Կ. Պոլսից և ապրիլի 8 ին հասնում Մայր Աթոռ: Հասնելուն պես՝ նրանց Ղազարապատում սենյակ են տրամադրում, ապա առիթ է ընձեռվում հանդիպելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցու հետ: Հանդիպման ժամանակ Հայոց Հայրապետը նրանց հարցեր է ուղղում Կ. Պոլսում կատարվող դեպքերի, անցուդարձի մասին, և նրանք ներկայացնում են իրավիճակը: Հանդիպման վերջում Մատթեոս Կաթողիկոսը Ղևոնդ վարդապետին առաջարկում է մնալ Մայր Աթոռում մինչև Սուրբ Հարության տոնը: Միաժամանակ Վեհափառը հոգ է տանում, որ նա Մայր Աթոռում եղած ժամանակ միաբանների հետ ճաշի առավոտյան և երեկոյան, ինչպես նաև հորդորում է. «Թէյի ատէն ևս չանցուցես լե՛ր ներկայ, խմի՛ր տաք տաք որչափ հոգիդ սիրէ նա» (էջ 64): Նույն օրը՝ երեկոյան, միաբաններն այցելում են վարդապետին, ինչպես նա է գրում. «Այժմ չորս բոլորս եկեր լեցուեր են ցնծութիւն, եւ հալածուեր երեկոյեան դառնութիւն» (էջ 65):
Մի քանի օր անց Վեհափառ Հայրապետը Ղևոնդ վարդապետին նորից հրավիրում է Վեհարան, ջերմ վերաբերմունքի արժանացնում և զրույցի բռնվում: Այս անգամ ևս նրանց խոսակցության թեման Կ. Պոլսում տեղի ունեցող անցուդարձն էր. «Ճառեմ զարարս տաճկաստանցի Ազգայնոց, թէ ո՞նց նոքա նոր կանոնօք Պատրիարգ դրին՝ և ճիկ չհանին երբէք ամիրայք: Զերիցփոխանս հաստատեցին քուէով, ինչպէս նաև Վարչութիւն իւր ճիւղերով եկեղեցեաց թաղականներ կարգեցին» (էջ 65): Վարդապետը հայտնում է, որ Վարչությունն ակնկալում է Հայրապետի սուրբ օրհնությունը և առաջարկում, որ Մատթեոս Կաթողիկոսը կոնդակով քաջալերի Կ. Պոլսի Պատրիարքին, որ ժողովներում արագ լուծում տան ժողովրդի առաջ ծառացած խնդիրներին, առավելաբար նրանց, ովքեր գավառներում են բնակվում:
Զրույցի ժամանակ խոր մտահոգության առիթ է եղել նաև կաթոլիկ վարդապետությանը հարող հայերի հարցը: Վարդապետի համոզմամբ՝ նրանք աներկբա վերադառնալու են Հայոց Եկեղեցու գիրկը, և «Անմիջապէս պատռի պիտի այն ուռկան, և ճիզվիթաց ձգելով ջանս ընդունայն» (էջ 66): Արևմտահայերի հոգևոր կյանքը խաթարողներից էին Ամերիկայից ընտանիքներով ժամանած բողոքական միսիոներները: Այս բոլոր մտահոգությունները կիսելով՝ Հայոց Հայրապետը տեղեկացնում է, որ իր նախորդ գրության պատասխանը դեռ չի ստացել և այն ստանալուց հետո բոլոր հարցերի առնչությամբ կոնդակ կգրի և կուղարկի Կ. Պոլիս:
Ուղեգրության մեջ այնուհետև ուխտավոր վարդապետը մեկ առ մեկ թվարկում է այդ օրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բնակվող և սպասավորող միաբաններին, նրանց մասին հաղորդում համառոտ տեղեկություններ. «Միայն կուզեմ միաբան հարց մի առ մի կարգաւ գրել զանունս ի սոյն տետրակի, որ կարդացողք հասկնան թէ քանի հատ րաբունի կան ի Մայր Աթոռն Այրարատ» (էջ 79): Ըստ բերված անունների՝ վանաբնակ միաբանները քսանյոթն էին՝ իրենց գլուխ ունենալով Վեհափառ Հայրապետին. «Ի սոցանէ զատ շատ րաբունք յԱթոռէն, այժմ վիճակներ խրկուած են Սինոդէն: Ոմն առաջնորդ՝ և ոմն գործովք Սուրբ Գահին, քաղաքաց մէջ՝ կամ թէ վանքերն զբաղին: Մենք ներկայ հարց միայն զանունս գրեցինք, բացակայիցն՝ որ չեմ ծանօթ լռեցինք» (էջ 79): Հիշատակելով Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցուն՝ գրում է. «Հայոց մեծաց ընդհանրական հովուապետ, որ բազմելով ի գահ մեծին Թադէի, օտարաց դէմն՝ զայն պաշտպանէ ըստ կարի» (էջ 79): Հայոց Հայրապետից հետո հիշատակում է այդ օրերին Մայր Աթոռում բնակվող հինգ եպիսկոպոսների: Եղիազար եպիսկոպոսը Մայր Տաճարի լուսարարապետն էր՝ Սինոդի անդամ: Սինոդի անդամ էր նաև Հոբյանց տոհմից Գրիգոր սրբազանը: Մայր Աթոռում էին նաև Գևորգ արքեպիսկոպոս Մկրտիչյանը, Ճգնավոր մականվամբ հայտնի Գևորգ արքեպիսկոպոս Բզնունին և Ղազար արքեպիսկոպոսը, որ Ղևոնդ վարդապետի՝ Մայր Աթոռում եղած ժամանակ վախճանվում է. «Հանդիսատես եղէ թաղման մեծ արհւոյն, ո՛հ, ո՞նց պատեր ուղարկաւորք տխրութիւն» (էջ 79):
Եպիսկոպոսներից հետո հիշատակում է քսաներկու վարդապետների ու աբեղաների: Ուղեգրությունը պարունակում է ուշագրավ տեղեկություններ Մայր Աթոռի ներքին կյանքի և միաբանների՝ հոգևոր աղոթական կյանքից դուրս զբաղվածության մասին: Մայր Աթոռի գանձապետն էր հայր Թադեոս Ձյունականը. «Այր հիւրասէր՝ և ըստ չափու գիտնական» (էջ 75): Շտեմարանի կառավարիչը հայր Ադամն էր, նա նաև միաբանական սեղանատան պատասխանատուն էր: Իսկ զվարճախոս Ռափայել վարդապետն զբաղեցնում էր գոմապետի պաշտոնը: Վարդապետների մեջ աչքի էր ընկնում հայր Գրիգոր Աղափիրյանը, որ տիրապետում էր եվրոպական մի քանի լեզուների. «Իւր պէս հմուտ կարծեմ Սուրբ Գահն թէ չկայ» (էջ 80): Ծերունազարդ հայր Հովսեփ Բժիշկյանի մասին գրում է. «Է այր ընտիր՝ և երաժիշտ քաղցրաբան» (էջ 80), իսկ Հարություն վարդապետ Վարդազարյանը «....ժամ օրհնողի պաշտօն վարէ հոգւով սերտ» (էջ 80): Հայր Հովհաննես Արշարունու մասին գրում է, որ ծախսարար էր:
Այս ուղեգրությունը նաև կարևոր տեղեկություններ է հաղորդում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մի քանի շենքերի ու շինությունների մասին: Տեղագրությունն ու նկարագրությունն ամբողջական չեն. հեղինակը նշում է, որ ժամանակը սուղ էր՝ մի առ մի բոլորի մասին հիշատակելու, սակայն հորդորում է Մայր Աթոռի վանաբնակ միաբաններին՝ հանձն առնել այդ կարևոր և պատասխանատու գործը. «Եւ չեմ լինիր տէր իրաւանց ուրիշի, այս իրաւունք է Սուրբ Գահի րաբունեաց, թէ կամք անեն՝ յինէն գրեն գերազանց» (էջ 78):
Մայր Տաճարը վանքի կենտրոնում էր և «իւր կից չունի այլ շինութիւն» (էջ 74): Տաճարի հիմնադրման ու կառուցման պատմությունը շարադրելիս մեծ ոգևորությամբ ի լուր ամենքի գրում է. «Երկրիս վրան չկայ Աթոռ մ՚իւր նման, որ Տէրն լինի ճարտարապետ իւր շինման: Թող համարձակ պարծենայ Հայն այս մասին» (էջ 68): Տաճարի զանգակատունն իր շքեղությամբ զարմացրել ու հիացրել էր ուխտավոր վարդապետին. «Զանգակատան նման պարթև շէնք իսկի, դեռ կենացս մէջ ուրիշ մի վանք չտեսի: Քանի դար է անցեր վրան, գիտես, թէ վարպետ մէջէն նոր աւարտեալ ելեր է» (էջ 69): Տաճարը չորս կողմից շրջապատված էր ծաղիկներով ու ծառերով, որ ջրվում էին Տաճարի արևմտյան կողմից բխող աղբյուրից:
Տաճարի արևմտյան կողմում էր Հայոց Հայրապետի կեցավայրը՝ Վեհարանը: Այն կառուցել էր Ղազար Ա Ջահկեցի Կաթողիկոսը. «….շինութիւն է քարուկիր տաշածու, բայց ճաշակաւ Պարսից կերտեալ» (էջ 74): Հեղինակը Վեհարանի սենյակների զարդերի ու հարդարանքի մասին գրում է, որ հյուր լինելով՝ մի առ մի չի կարող ներկայացնել. «Մեր գովեստէն գեր ի վերոյ կտեսնանք» (էջ 75):
Պարտեզի արևմտյան կողմում էր գտնվում Սինոդի նորակառույց շենքը, որտեղ էլ գավառներից առաջադրված խնդիրներն ըստ կարգի լուծում էին գտնում: Սինոդի շենքում Ռուսաց կայսեր պատկերը կար. «Հոն ներս մտնող պէտք է կարծէ կայսր ներկայ» (էջ 75): Վեհարանի հարևանությամբ էր գտնվում այն շենքը, որտեղ նստում էր գանձապահը:
Ապա հեղինակը մեծ ոգևորությամբ ներկայացնում է Մայր Աթոռի թանգարանը. «Սորա նման ճոխ թանգարան ինձ թուի, ո՛չ Վենետիկ և ո՛չ Սաղիմ գտանի» (էջ 76): Թանգարանի հիմնադրման գործում մեծ ներդրում էր ունեցել հանգուցյալ Շահխաթունյան սրբազանը, նրան հաջորդել է Շահնազարյան րաբունին, իսկ թանգարանի պատասխանատուն էր ուսումնասեր հայր Վրթանես Մանուկյանը: Մայր Աթոռում այդ օրերին պահվում էին երեք հազարից ավելի ձեռագիր մատյաններ, ինչպես նաև տպագիր գրքեր՝ «հայ և օտար լեզուաւ ամէնքը հատընտիր» (էջ 76):
Մայր Աթոռում պահվող գանձերի մասին Ղևոնդ վարդապետը խուսափում է մանրամասն տեղեկություններ հաղորդելուց՝ պատճառաբանելով, որ իրեն մի մեծ մատյան էր պետք՝ այդ բոլորի մասին գրելու: Գանձերի ու սրբությունների վերաբերյալ տալիս է կարճ, բայց հիացական տեղեկություն. «Յոյժ թանկագին ոսկիահիւս նոր շուրջառք, տեսի կան շատ սկիհ՝ մասունք և բուրվառք, այն հատընտիր անօթեղէնք Տաճարին, ըստոյգ աչկունք կշրտեցնեն աշողին» (էջ 72):
Վանքի արևելյան կողմում էր գտնվում Ժառանգավորաց դպրոցը, ուր ուսանում էին շուրջ հիսուն աշակերտներ: Սաների հոգևոր հայրն ու ուսուցչապետը Գրիգոր վարդապետ Գառնակերյանն էր. «Սինօթէն զատ իշխել չկարէ վրան ոք» (էջ 76): Նա էր դպրոցի կարգ ու կանոնի պատասխանատուն: Սաները, հայերենից զատ, սովորում էին նաև ռուսերեն: Նրանք մասնակցում էին ժամերգություններին, ապա գնում էին սեղանատուն և միաբանների հետ հացի սեղան նստում: Հացից հետո վերադառնում են դպրոց, և յուրաքանչյուրն անցնում էր դասերը սերտելուն, որից հետո էլ գնում էին ննջարան՝ քնելու: Հեղինակը գրում է, որ աշակերտների մեծ մասը խեղճ էր, իսկ առաջադեմ և աշխույժ աշակերտները քիչ էին:
Շտեմարանն ու տպարանը գտնվում էին վանքի հարավային կողմում: Վանքի տարածքում կար երկու ճաշարան. մեկը՝ ձմեռվա համար, մյուսը՝ տաք օրերի: Միաբանները, դեմ դիմաց նստելով, լռակյաց վայելում էին իրենց մատուցված ուտելիքը: Նրանց ընկերակից էին դառնում նաև տարբեր վայրերից Մայր Աթոռ եկած ուխտավորները:
Վանքի հյուսիսային կողմում էին գտնվում միաբանական խցերը՝ վարդապետների ու աբեղաների համար: Խցերը միահարկ էին ու խոնավ. «Խեղճ միաբանք վիշտ կրեն մէջ ոչ սակաւ» (էջ 78): Սրբազան հայրերի սենյակներն ավելի բարվոք վիճակում էին. նրանք բնակվում էին վերնահարկերում: Այնուհետև ներկայացնում է Ղազար Ջահկեցի Կաթողիկոսի կառուցած շենքը ուխտավորների համար, որը նրա անունով կոչվում էր Ղազարապատ: Այն երկհարկանի շենք էր՝ մոտ քսան սենյակով: Այդ օրերին հյուրընկալի պաշտոնը վարում էր Եղիշե վարդապետ Ամատունին, սակայն վերջինիս հիվանդության պատճառով հետո այդ պաշտոնը վստահվեց հայր Հակոբոսին:
Ղևոնդ Տոսպեցին հիշատակում է նաև Սուրբ Շողակաթ, Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե վանքերը՝ տալով վանահայրերի անունները՝ Գևորգ, Ստեփան և Ղազար: Թվարկում է Սուրբ Գայանե վանքի գավթում ամփոփված Հայրապետներին՝ Ղուկաս Ա Կարնեցի, Մինաս Ա Ակնեցի, Դավիթ Ե Էնեգեթցի Ղորղանյան, Սիմեոն Ա Երևանցի, Հակոբ Ե Շամախեցի, Ղազար Ա Ջահկեցի, ինչպես նաև ընտրված, բայց չօծված Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանին: Գայանե վանքին կից էին Ներսես Ե Աշտարակեցու օրոք տնկված արհեստական անտառն ու լիճը. «Զորս շիներ է հանգուցեալ Մեծ Վեհափառ, սոքօք անմահ մնայ Ներսէս Հինգերորդ» (էջ 82): Գայանե վանքին մոտ էր նաև միաբանական գերեզմանատունը. «Ուր կան ի քուն շատ կղեր և միաբան, եպիսկոպոսք՝ ճոխ, վարդապետք՝ հատընտիր» (էջ 82): Այստեղ են ամփոփված պատմագիր Առաքել վարդապետ Դավրիժեցին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցին, որի գերեզմանի վրա «….կայ այժմ գմբէթ պատուական» (էջ 82):
Ղևոնդ վարդապետի ուղեգրությունը հետաքրքիր հիշատակարան է 19 րդ դարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մասին որոշակի պատկերացում կազմելու համար։
Արամայիս սրկ. ԱԶԻԶՅԱՆ
Մարիամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ