Պատմության խորհուրդը

Աստծունն է զորությունը, Քոնն է, Տե՛ր, ողորմությունը,
Դու ես հատուցում յուրաքանչյուրին՝ ըստ իր գործերի
(Սաղմ. 61.13 )։

Պատմության խորհուրդ կամ իմաստ ասելով՝ նկատի ունենք մարդկության պատմության կամ մի առանձին ժողովրդի բախտորոշ իրադարձությունների էությունը, այդ իրադարձությունների պատճառահետևանքային կապերը՝ պարզելու՝ արդյո՞ք տրամաբանական է այդ ամենը, արդյո՞ք դրանք անհրաժեշտաբար են իրականացվում, թե՞ պատահականության քմահաճույքին են մատնված:

Ժամանակի ընթացքում ստեղծվել են պատմագիտական տարբեր դպրոցներ, որոնք լուսաբանել են մարդկության պատմությունն էվոլյուցիոն, հոգևոր, մատերիալիստական, տեխնոլոգիական, դետերմինիստական և այլ ուսմունքների տեսանկյունից: Դրանք բոլորն էլ, սակայն, որքան էլ գրավիչ լինեն, ի զորու չեն մարդկության պատմության ամբողջական պատկերը տալու, բացատրելու նրա անսպասելի վերելքների և անկումների խորհուրդը, զարգացման օրինաչափություններն ու տրամաբանությունը:

Քրիստոնեական հայրաբանական, ինչպես նաև հրեական և մահմեդական պատմագիտության ուսմունքների համաձայն՝ պատմությունը դիտարկվում է աստվածային նախախնամության տեսակետի ներքո, ընդգծվում Աստծո անմիջական և մշտական մասնակցությունը պատմական իրադարձություններին, Նրա՝ մարդկության նկատմամբ հոգատարությունն ու տիեզերքի պահպանությունը, այնպես որ Աստված, ըստ դրանց, ոչ միայն բացարձակ իմաստով տիեզերքի, մարդկության, այլև պատմության Տերն է: Պողոս առաքյալն ասում է. «Աստված, որ ստեղծեց այս աշխարհը և այն ամենը, որ նրա մեջ կա, Նա՛ է Տերը երկնքի և երկրի... Նա՛ է տալիս ամեն բանի կյանք և շունչ և ամեն ինչ: Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն ամբողջ երկրի վրա, հաստատեց նախակարգյալ ժամանակները և դրեց նրանց բնակության սահմանները, որ փնտրեն Աստծուն ու խարխափելով թերևս գտնեն Նրան. թեև Նա մեզնից յուրաքանչյուրիցս հեռու չէ, քանի որ նրանով ապրում ենք և շարժվում ենք և կանք» (Գործք 17.24—28):

Մենք պատմության իմաստը լիարժեք և սպառիչ կերպով կգտնենք Աստվածաշունչ մատյանում՝ մասնավորապես «Երկրորդ օրինաց» գրքում։ Ըստ այս աստվածային գրքի՝ մեր կյանքը կայանում է մեր ազատ կամքի ընտրությամբ. «Այսօր, ահա, քո առջևն եմ դնում կյանքն ու մահը, բարին ու չարը: Եթե լսես մեր Տեր Աստծո պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, սիրես քո Տեր Աստծուն, ընթանաս Նրա ճանապարհներով, պահես Նրա օրենքները, Նրա պատվիրաններն ու Նրա կանոնները, կապրեք և բազմամարդ կլինեք, և քո Տեր Աստվածը քեզ կօրհնի ամբողջ երկրում, ուր կմտնես այն ժառանգելու համար: Երդվում եմ ձեզ երկնքով ու երկրով, որ ձեր առջևն եմ դնում կյանքն ու մահը, օրհնություններն ու անեծքները: Ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրեք դու և քո սերունդը» (Բ Օր. 30.15,16, 19):
Մարդու առաջ բացված են երկու հակոտնյա՝ բարօրության ու երջանկության և ըմբոստության ու անվերջանալի դժբախտությունների ճանապարհներ: Մարդը կամ հասարակությունը և կամ ազգը սերնդեսերունդ իր իսկ ազատ կամքով պիտի ընտրություն կատարի և ըստ այդմ էլ՝ կերտի իր ճակատագիրը:

Սինա լեռից՝ մարդկության բարոյականության և արժանապատվության բնօրրանից, որտեղ Մովսես մարգարեն Աստծուց ստացավ օրենքները, հնչեցին նաև բոլոր ժամանակներին ուղղված օրհնություններ՝ այդ արդար օրենքներով ընթացողների, և անեծքներ՝ օրինազանցների և ըմբոստների համար. «Եթե ենթարկվես այս բոլոր օրենքներին և պահես ու գործադրես դրանք, ապա Տեր Աստվածը կկատարի Իր արած ուխտն ու ողորմածությունը» (Բ Օր. 7.12): «Հողն իր բերքը կտա, իսկ դաշտերի ծառերը կտան իրենց պտուղները: Դուք կուշտ հաց կուտեք և ձեր երկրում անհոգ կապրեք: Ձեր երկրին խաղաղություն կպարգևեմ, և ձեր երկրում պատերազմ չի լինի: Կքնեք, և չի լինի մեկը, որ ձեզ վախեցնի: Ես բարի աչքով կնայեմ ձեզ, կաճեցնեմ և կբազմացնեմ ձեզ (Ղևտ. 26.4, 5, 6, 9): «Պաշտի՛ր քո Տեր Աստծուն, և Ես կօրհնեմ քո հացն ու ջուրը և ձեզանից կվանեմ հիվանդությունները» (Ելք 23.25): «Եթե լսես քո Տեր Աստծո պատվիրանները, որ պահելու և կատարելու համար հաղորդում եմ քեզ այսօր, ապա բազում ազգերի վրա կիշխես, բայց քեզ վրա չեն իշխի: Քո Տեր Աստվածը քեղ կդարձնի գլուխ, բայց ոչ պոչ, բարձր կլինես և ոչ թե՝ ցած» (Բ Օր. 28.13):

«Բ Օրինաց» և «Ղևտական» գրքերում անեծքների մի քանի ցանկեր կան, որոնք վերաբերում են կռապաշտության ամենայն դրսևորմանը, հայր և մայր անարգողներին, այրու, որբի, անպաշտպան խավի իրավունքները խախտողներին, անբնական սեռական կապերին, նենգաբար անմեղ արյուն թափողներին (Բ Օր. 27.11—26): Մյուս ցանկերը (Ղևտ. 26.14—26, Բ Օր. 28.15—68) Աստծո սուրբ պատվիրանները (Ելք 20—31) կատարելու մերժմանն են վերաբերում և բնորոշվում որպես անհնազանդություն կամ ըմբոստություն Արարչի դեմ: Այդ անեծքները, ինչպես օրհնությունների պարագայում, նույնպես կարելի է խմբավորել՝ ամլություն, հիվանդություններ, աղքատություն, անհաջողություն, ռազմական պարտություն և այլն: Ընդ որում՝ այս արդար պատիժները, որոնք սթափեցնելու խորհուրդ ունեն, անտեսվելիս էլ ավելի կխստացվեն, այն էլ՝ կրկնվելու հեռանկարով. «Եթե նման պատիժներից հետո էլ Ինձ չլսեք, ձեր գործած մեղքերի համար յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ: Ես պիտի խորտակեմ ձեր ամբարտավան պարծենկոտությունը, երկինքը ձեզ վրա երկաթի պես ծանր պիտի դարձնեմ, իսկ ձեր հողը՝ պղնձի պես կարծր: Ձեր քաղաքները ավերակ պիտի դարձնեմ, պիտի ամայացնեմ ձեր սրբարանները և ձեր զոհաբերությունների անուշ բույրը այլևս չպիտի հոտոտեմ: Ձեզ պիտի ցրեմ տարբեր ժողովուրդների մեջ... Ձեր երկիրը ավերակ պիտի դառնա, իսկ ձեր քաղաքները՝ ամայի: Դուք պիտի կորչեք ժողովուրդների մեջ, և ձեր թշնամիների երկիրը ձեզ կուլ պիտի տա» (Ղևտ.26.19, 23—24, 27, 31, 33, 38, տե՛ս նաև Բ Օր.15—68): «Տերը քեզ աղքատ ու կարիքավոր կդարձնի և ձեռնարկած ու ձեռնարկելիք բոլոր գործերդ անհաջողության կմատնի» (Բ Օր. 28.20, տե՛ս նաև Սաղմ. 1.3): Ի դեպ, այստեղից էլ աշխարհի բոլոր լեզուներում տարածված «անհաջողակ» կամ «ձախորդ» բառերի բուն կրոնական իմաստը:

Բացի վերոբերյալ գրքերից՝ Սուրբ Գրքում բազում այլ նույնաբնույթ նախազգուշացումներ էլ կան: Այսպես՝ անեծքի ենթակա է այն մարդը, որ «Իր հույսը կդնի մարդու վրա՝ ապավինելով նրա մարմնին և բազկին, իսկ նրա սիրտը կապստամբի Տիրոջ դեմ» (Երեմ. 17.5): «Հո՛ւյս մի դրեք իշխանների՝ մարդկանց որդիների վրա, որովհետև նրանցից փրկություն չկա: Երբ դուրս գա նրանց հոգին, նրանք կրկին հող կդառնան, և նույն օրը նրանց բոլոր մտածումները կանհետանան» (Սաղմ. 145.4):

«Ահավասիկ Զորությունների Տեր Աստվածը Հրեաստանից և Երուսաղեմից պիտի վերացնի հզոր տղամարդուն և զորավոր կնոջը, հացի զորությունը և ջրի զորությունը, հսկային, զորեղին և քաջամարտիկին, դատավորին, մարգարեին, քննիչին և ծերին, հիսնապետին և սքանչելի խորհրդականին, իմաստուն ճարտարապետին և խելամիտ ատենակալին: Նրանց վրա իշխան պիտի կարգեմ մանուկներին, խաբեբաները պիտի տիրեն նրանց» (Ես. 3.1—4):

Զաքարիա մարգարեին երևացած թռչող գերանդու տեսիլքի խորհուրդն այսպես է բացատրում հրեշտակը. «Դա այն անեծքն է, որ տարածվում է ամբողջ երկրի երեսին, որովհետև ամեն գողի մահացու պատիժը դրանով պիտի իրագործվի, և դրանով պիտի լինի բոլոր նրանց մահացու վրեժը, ովքեր սուտ են երդվում»: «Ես պիտի հանեմ դա,— ասում է ամենակալ Տերը,— և այն պիտի մտնի գողերի տունը և նրանց տունը, որոնք սուտ երդում են անում Իմ անունով. պիտի մնա նրանց տանը և պիտի սպառի այն, նրա փայտն ու քարերը» (Զաք. 5.3—4):

Աստվածաշնչի առաջին հինգ՝ օրենսդրական կոչվող գրքերին հաջորդում են պատմական 18 գրքերը՝ ժամանակագրորեն ընդգրկելով մի մեծ ժամանակահատված՝ Ք. ա. մոտ 1500 թ. Հեսու Նավեի գլխավորությամբ Պաղեստինի գրավումից հասնելով մինչև Ք. ա. 2 րդ դարը՝ մակաբայեցիների հերոսական պայքարը՝ հանուն հավատի և հայրենիքի: Եթե օրենսդրական գրքերի խնդրո առարկան օրենքն է (թվով 613, ընդ որում՝ 365 ը հանձնառական, իսկ 248 ը՝ հրաժարական՝ «մի՛» ժխտական մասնիկի գործածմամբ), Աստծո կոչն առ հնազանդություն և ի սրտե պատվիրանապահություն, ապա պատմականները պարունակում են բովանդակ ժողովրդի՝ այդ կոչի արձագանքը իրական դեպքերի և անցքերի մեջ՝ հետևանքներով հանդերձ: Այդ գրքերի արժանահավատությունը, հավաստիությունն ու հարազատությունը կասկածի տեղիք չեն տալիս, ինչպես փաստում է հնագիտությունը՝ Իսրայելի և դրացի ժողովուրդների պեղումներից կորզած նյութական հետքերի և պեղածո վիմագիր արձանագրությունների հիմամբ: Պատմական գրքերը կարդացվում են մի շնչով և դաս ու խրատ քաղելու անսպառ աղբյուր են նրանց համար, ովքեր ուզում են Իսրայելի օրինակով տեսնել Աստծո և մարդկության միջև այդ՝ երկուստեք պարտավորություններով Ուխտի կատարումը պատմության մեջ, որը տարածվում է բոլոր ժողովուրդների, սերունդների և ժամանակների վրա:

Դեպքերի, իրադարձությունների և առհասարակ սուրբգրային եղելությունների անըստգյուտ նկարագրություններից ոչ պակաս կարևոր է, ըստ սրբազան հեղինակների, դրանց խորհրդի բացահայտումը, որն էլ հենց պատմության իմաստն է, իսկ մերօրյա եզրաբանությամբ՝ պատմության փիլիսոփայությունը կամ աստվածաբանությունը: Դրանք, իբրև այդպիսիք, որքան էլ Աստվածաշնչում ազգային և տեղական գունավորում ունենան, սահմանափակված չեն ո՛չ տեղով, ո՛չ ժամանակով և խորհուրդ ունեն բոլոր դարերի համար: Պողոս առաքյալը հանրագումարային իմաստ է հաղորդում հինկտակարանյան բոլոր եղելություններին՝ ասելով. «Որպես խրատ գրվեցին մեզ համար»: Հետևաբար՝ մեզ համար էլ նշանակալիցը Աստծո՝ պատմության Տիրոջ անվերջանալի միջամտությունների ընկալումն ու գիտակցումն են, ինչպես վկայում է 66 րդ սաղմոսը.
«Դու արդարությամբ ես դատում ժողովուրդներին
և երկրի ազգերին Դու ես առաջնորդում:
Թող ժողովուրդները Քեզ օրհնաբանեն, Աստվա՛ծ,
թող գոհություն մատուցեն Քեզ բոլոր ժողովուրդները:
Եկիրը տվեց իր պտուղը,
և Աստված, Աստվածը մեր, օրհնեց մեզ:
Մեր Աստվածը պիտի օրհնի մեզ,
և երկրի բոլոր ծագերում պիտի
սոսկան Նրանից»:

Հաճախ կարելի է հանդիպել հրեաների և հայերի պատմությունների միջև զուգահեռներ անցկացնելու կամ դրանք նույնացնելու իրողությանը։ Ժամանակակից հրեությունն սկսել է ձևավորվել բաբելոնյան 70 ամյա գերությունից հետո, երբ, ինչպես վկայում է Սուրբ Գիրքը, իրենց նախնիների և իրենց իսկ մեղքերի հետևանքով մատնվեցին ազգային աղետալի կացության, խռովահույզ և փոթորկոտ շրջանների՝ սուր և անկեղծ ապրումներով, գիտակցմամբ և ապաշխարությամբ ուղեկցվող:

Այսօր մեզ՝ հայերիս, առավել, քան երբևէ, կարևոր է հասկանալ այն իրողությունները, որոնք՝ իբրև ամենայնի նախապատճառ, թեև տեսանելի չեն, բայց, անտարակույս, պատմության ընթացքը ղեկավարող ներգործություններ են։ Քիչ չեն նրանք, ովքեր համարում են, որ մեր երկրի քաղաքական, տնտեսական և բարոյահոգեբանական խոր ճգնաժամի բուն պատճառը աշխարհագրական դիրքն է, մեր՝ անբարենպաստ քաղաքակրթությունների խաչմերուկում լինելը, սխալ դիվանագիտությունը, մեր վաղեմի բարեկամները, բայց ոչ բնավ մարդը, Եկեղեցու և Աստծո դեմ գործած մեղքերը, ոչ սեփական անձը, արծաթասիրությունը, կյանքի իմաստը վայելքներով անցկացնելը, առանց Աստծո առաջնորդությունը փնտրելու, իրենց խելքին ու կամքին ապավինած՝ կարևորագույն, բախտորոշ հարցեր լուծելու փորձերը՝ նորից ու կրկին սխալվելով և կրկին ու նորից հետևություններ չանելով: Այս առումով ուշագրավ է Արիստակես վարդապետ Լաստիվերցու «Պատմությունը մեր շրջապատի այլացեղ ազգերից մեզ հասած արհավիրքների մասին» խորագրով երկը՝ պատճառահետևանքային կապերի, պատմության տրամաբանության բացահայտումով: Իր հիշատակարանում 11 րդ դ. վարդապետը գրում է. «Իսկ ինչ որ գրվեց այս մատյանի մեջ, լրիվ չէ, այլ միայն եղած, մեր գլխով անցածների սկիզբն է, որովհետև ամբողջ կատարվածը մտաբերել ու գրի առնել չկարողացանք. իսկ այս ամենը ներկայացրինք նրա համար, որպեսզի ընթերցելով՝ դուք իմանաք, որ մեզ պատահած բոլոր փորձությունների պատճառը մեղքերը եղան, որ նայելով մեզ՝ զարհուրեք ու վախենաք Տիրոջից, դողաք Նրա զորության ահից, նախօրոք խոստովանությամբ ու ապաշխարությամբ կանխեք պատուհասները և ոչ թե գալուց հետո դիմակայեք նրանց...»:

Նույնքան ցավալի են սերնդեսերունդ պատմության դասերը մոռացության մատնելը, Աստվածաշունչ մատյանն ու մեր երախտավոր մեծերի՝ խրատներով ու դասերով մեզ ավանդած գրքերը չկարդալը: «Հայության վիշտը ես միայն գերեզմանի մեջ կմոռանամ,— ասում էր Լեոն,— մենք ենք մեղավորը, մենք՝ մտավորականներս.... Մեր ժողովուրդը մեղավոր չէ: Այլ մենք, որ այնպես հիմար եղանք, տգետ, որ հավատացինք շահամոլ, դրամատիրական բուրժուական Եվրոպային.... Շատ կուզենայի, որ նոր սերունդը կարդա գիրքս՝ չկրկնելու համար մեր գործած ոճիրները»:

Հետևաբար՝ մեզ հետ պատահած ամեն չարիքի և բարիքի պատասխանատվության կրողները հենց մենք ենք՝ մեր ազատ կամընտրությամբ, անկախ այն բանից՝ գիտակցում ենք դա թե ոչ: Եվ մենք պիտի ի խորոց սրտի ապաշխարենք, արդարության ճանապարհներով ընթանանք, ամեն հարցում ապավինենք Աստծուն և հուսանք, որ հավատարիմ Իր Ուխտին՝ կլսի մեր աղաչանքները, կայցելի մեզ՝ անձանձիր օգնելով, փրկելով ու պաշտպանելով, ինչպես որ բազմիցս պատահել է մեր պատմության օրհասական պահերին, և ի կատար կածի մեր ազգային երազանքները: Եվ մենք ի խորոց սրտի պիտի հավատանք՝ Աստված, որ Քրիստոսով որդեգրեց մեզ, հայրաբար էլ կգթա մեզ. «Ինչպես որ մի հայր գթում է իր որդիներին, այնպես Տերը պիտի գթա Իրենից երկյուղ կրողներին: Նա գիտե կազմվածքը մեր, և հիշում է, որ հող ենք մենք» (Սաղմ. 102.13—14):

«Եվ եթե Իմ ժողովուրդը, որի վրա Իմ անունն է դրված, զղջա, աղոթի և Իմ երեսը փնտրի ու հետ դառնա իր չար ճանապարհներից, Ես էլ երկնքից կլսեմ, կներեմ նրանց և կբժշկեմ նրանց երկիրը» (Բ Մնաց. 7.14):

Եթե «դառնաս դեպի Քո Տեր Աստվածը, քո հոգով ու էությամբ լսես Նրա խոսքն այն բոլոր գործերում,— ասում է Մովսես մարգարեն,— որ ես հաղորդում եմ քեզ այսօր, ապա Տերը կների քո բոլոր մեղքերը, կողորմի քեզ ու դարձյալ ի մի կհավաքի բոլոր այն ժողովուրդների միջից, որոնց մեջ ցրել էր քեզ: Եթե դու ցրիվ ես եկել երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, այդտեղից էլ կհավաքի քեզ քո Տեր Աստվածը: Այնտեղից էլ կվերցնի քեզ քո Տեր Աստվածը և քո Տեր Աստվածը քեզ կբերի քո հայրերի ժառանգած երկիրը: Կժառանգես այն, քեզ համար լավ կլինի, և Աստված քեզ քո հայրերից տասնապատիկ ավելի կբազմացնի: Տերը կմաքրի քո և քո սերնդի սիրտը, որպեսզի քո Տեր Աստծուն սիրես քո ամբողջ հոգով ու էությամբ, որպեսզի ապրեք դու և քո սերունդը: Այն ժամանակ քո Տեր Աստվածն այս նզովքները կթափի քեզ հալածող քո թշնամիների ու քեզ ատողների գլխին» (Բ Օր. 30.2—7):

Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆ