Սուրբ Ղևոնդ Երեցի կենսական և վերժամանակյա պատգամները (մտորումներ Վարդանանց սխրանքի շուրջ)
19.10.2026
«Եթե ուրեմն մահը մեռնում է մահով, չվախենանք Քրիստոսին մահակից լինել, որովհետև ում հետ որ մեռնենք մենք, Նրա հետ էլ կկենդանանանք...»
Եղիշե, «Վարդանի և հայոց պատերազմի մասին»
Վարդանանց հերոսական ճակատամարտի կրոնական դիմադրության առաջնորդն ու ոգին Սուրբ Ղևոնդ Երեցն էր: Այդ իսկ պատճառով հոգևորականաց զորքը նրա անունով կոչվեց Ղևոնդյանք: Նա նաև խմբի ամենատարեց անդամն էր. ավելի քան 70 տարեկան էր, երբ նահատակվեց:
Սուրբ Ղևոնդը ծնվել է Վանանդ գավառի Իջաանք գյուղում, սակայն իր եկեղեցական գործունեության հիմնական շրջանը, հավանաբար, եղել է հարևան Բագրևանդ գավառը: Նա հայոց բազմերախտ Հայրապետ Սուրբ Սահակի առաջին աշակերտներից էր՝ գլխավորը նրանց մեջ։ Ղևոնդն աչքի էր ընկնում որպես գործունյա և ուժեղ անհատականությամբ եկեղեցական՝ խիզախության, նախանձախնդրության և արիության ոգով: Նա եռանդուն էր ու կորովով լի, համարձակախոս էր և հռետոր ՝ օժտված առաջնորդելու բնատուր կարողությամբ։ Արիակամ Ղևոնդը գլխավորեց կեղծարար նախարարների դեմ դիմադրությունը, ինչպես նաև նրանց դեմ, ովքեր փորձ էին անում մազդեզական կրոնն ամրապնդել Հայոց երկրում: Երբ մոգերը եկան հասան Հայոց աշխարհը և փորձեցին պարսկական կրոնը տարածել Անգղ գյուղում՝ հայ-պարսկական սահմանին, Ղևոնդ Երեցը դարձավ դիմադրական շարժման առաջնորդը և քարերով ու գյուղատնտեսական գործիքներով դուրս եկավ պարսկական մոգերի ու մոգպետների դեմ՝ նրանց երկրից դուրս քշելով: Այդ իրադարձություններից հետո Ղևոնդը դարձավ Հովսեփ Կաթողիկոսի անբաժան օգնականն ու գլխավոր խորհրդատուն ողջ դիմադրական շարժման ընթացքում: Օրմանյանը նրա դերն այդ ժամանակահատվածում ներկայացնում է հետևյալ կերպ. «Իր շնորհի զարգացման և ատենաբանելու կարողության շնորհիվ միշտ գլխավոր խոսողն էր թե՛ Ավարայրի բանակում, թե՛ Տիզբոնյան ատյանի առաջ և թե՛ Ռևանի դատական փորձի ժամանակ: Մի խոսքով, Ղևոնդը դարձավ այդ կրոնական շարժման հոգին, իսկ իր գործակիցները՝ նրա անունով կոչվեցին»:
«Լիակատար վարք Սրբոց»-ը ևս բարձր է գնահատում Ղևոնդ Երեցի դերը հակապարսկական պայքարի շրջանակներում. «Սուրբ Հոգով լցված մարդ էր, առատ ու լուսավոր վարդապետությամբ, որով քահանաներին և նախարարներին սպառազինում էր՝ քաջությամբ պայքարելու հավատի թշնամիների դեմ և Քրիստոսի Եկեղեցու հանդեպ ունեցած սիրով անձերը զոհաբերելու համար: Դրա համար պարսիկները Ղևոնդին համարում էին Հայոց աշխարհում տեղի ունեցած դեպքերի պատճառը և փորձում էին իրենց ամբողջ բարկությունը նրա վրա թափել»:
Ավարայրը ոչ այնքան տարածական ասպարեզ է, որքան գոյաբանական հարթություն, որտեղ մարդն ու ժողովուրդը կանգնում են վերջնական հարցի առաջ. ինչի՞ համար արժե ապրել և, եթե պետք է, հանուն ինչի՞ արժե մեռնել։ Հայ ժողովուրդը կանգնած էր երկու հնարավորության առջև՝ կենսաբանական շարունակություն՝ առանց ինքնության, կամ վտանգված գոյություն՝ հավատի կյանքով։ Ընտրությունը կատարվեց ոչ օգտապաշտական հաշվարկով, այլ արժեքային չափանիշով։ Այս ընտրությամբ հաստատվեց մի սկզբունք, որ գոյությունը միայն ֆիզիկական շարունակականություն չէ։ Գաղափարազուրկ կյանքը վերածվում է գոյատևման, մինչդեռ բարձրագույն իմաստի համար վտանգված կյանքը դառնում է լիարժեք գոյություն։ Վարդանանք ավելի բարձր են համարում արդարության համար զոհաբերությունը, քան հարմարավետ գոյությունը՝ առանց ազատության։ Այս տեսանկյունից Վարդանանց պայքարը վախի հաղթահարման և արժանապատիվ կեցության օրինակ է։
Վարդանանց ճակատամարտի խորհուրդը ոչ միայն անցյալի հիշողություն է, այլև մշտապես արդիական փիլիսոփայական հարցադրում։ Այն հիշեցնում է, որ ժողովուրդները ոչ թե պարզապես ապրում են, այլ ընտրում են իրենց գոյության կերպը։ Իսկ երբ այդ ընտրությունն արվում է ճշմարտության օգտին, անգամ պարտությունն է դառնում հաղթանակ, իսկ մահը՝ կյանքի վկայություն։
Ղևոնդ Երեցն իր աշակերտներին և ժողովրդին հորդորում էր մահից չվախենալ. նա բացատրում էր, որ մահն անցում է դեպի հավիտենական կյանք: Նրա պատգամը պարզ էր, բայց խորիմաստ. «Ում հետ որ մեռնենք մենք, Նրա հետ էլ կկենդանանանք»։ Այս հավատքն ու վճռականությունը ոգեշնչեցին Վարդանանց բանակին, որն անզիջում դիմագրավեց՝ թշնամու մեծաքանակ բանակների դեմ կռիվ տալով հանուն քրիստոնեական արժեքների՝ որպես ազգային գոյատևության և հոգևոր ինքնության հիմք:
Ղևոնդ Երեցի կոչերը ոչ միայն արիության և անձնազոհության հրավեր էին, այլև աստվածաբանական կուռ ձևակերպումներ։ Նա քաջագույնս գիտակցում էր, որ հոգևորականի կոչումը չի սահմանափակվում միայն խորհուրդ տալով կամ կարգապահությամբ առաջնորդելով: Հոգևորականը պարտավոր է լինել ժողովրդասեր և աստվածապաշտ, հավատքն ուղեկցել գործով, օրինակով և անձնական նվիրվածությամբ, առաջնորդել մարդկանց դժվար պահերին, ուղղորդել նրանց հավատքի ճանապարհով և ներշնչել մահից չվախենալ, լինել արդար ու պայքարելու ոգով տոգորված: Ղևոնդ Երեցը կենդանի օրինակ է՝ ցույց տալու, որ հոգևոր արիությունը չի դրսևորվում միայն եկեղեցական պատերի ներսում, այլ նաև տարածվում է ազգային ու հասարակական կյանքում՝ դառնալով անձի և ժողովրդի ազատության, հավատքի ու արժանապատվության երաշխիք:
Վարդանանց պատերազմը, ինչպես նաև Ղևոնդ Երեցի և նրա աշակերտների գործունեությունը վկայում են այն խիզախության, բարոյական հաստատակամության և հոգևոր ուժի մասին, որն անհրաժեշտ է ծանր ժամանակներում: Նրանց առաջնորդությունը հիմնված էր հավատի աներեր ուժի, անձնական նվիրումի, սեփական ժողովրդի հանդեպ հոգատարության և հայրենասիրության գաղափարների վրա:
Սուրբ Ղևոնդը հայոց զորքին ուղղված իր պատգամում բազմիցս անդրադառնում է Քրիստոսին նմանվելու գաղափարին՝ հատկապես շեշտելով Նրան մահակից լինելը։ «Քրիստոսին մահակից լինել» արտահայտությունը քրիստոնեական, աստվածաբանական իմաստ ունի և վերաբերում է հավատքի համար պատրաստակամությամբ զոհաբերությանը։ Այն մատնանշում է մի ամբողջական հոգևոր գաղափար, որը ձևակերպվել է նախ և առաջ սուրբ Պողոսի առաքելական գործերում։ Այսպես՝ հռոմեացիներին ուղղված նամակում (6։8) կարդում ենք. «Իսկ եթե մեռանք Քրիստոսի հետ, հավատում ենք, որ Նրա հետ էլ կապրենք»։ Կորնթացիներին ուղղված Բ նամակի 4։10—11-ում նույն միտքն ավելի ընդարձակ է ձևակերպված. «Մեր մարմինների մեջ շարունակ կրում ենք Հիսուսի մահը, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մարմինների մեջ։ Քանզի մենք, որ ապրում ենք, միշտ մահվան ենք մատնվում ի սեր Հիսուսի, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մահկանացու մարմինների մեջ»։
Մահվան քրիստոնեական գաղափարը քրիստոնեության հիմքում ընկած հոգևոր աստվածաբանական ընկալում է, որը սերտորեն կապված է Քրիստոսի մահվան ու հարության ուսմունքների հետ։ Հիսուսի խաչելությունն ու հարությունն ապացուցեցին, որ մահը կորցրել է վերջնական իշխանությունը։ Հավատքի համար մահվանը պատրաստ լինել նշանակում է պատրաստ լինել շարունակելու Քրիստոսի հետ միությունը նույնիսկ վտանգի, նահատակության կամ ցանկացած սպառնալիքների և մոլեգնող փորձությունների բովում: Նահատակությունը քրիստոնյաների համար մահ չէ. այն դիտարկվում է որպես անցում դեպի հավիտենական կյանք՝ Քրիստոսի հետ երկնային արքայության ուրախարար նավահանգստում: Հավատքը հաճախ պահանջում է անձնուրաց կյանք և նահատակություն։ Այն կոչ է՝ ուղղված հավատացյալին, լինելու աներկյուղ ու քաջ՝ հանուն ճշմարտության, արդարության, հավատքի և ազգային-քրիստոնեական արժեքների: Ղևոնդ Երեցի և Վարդանանց պատերազմին մասնակցած հավատավորների համար դա չի սահմանափակվում միայն մահվան դրսևորումով, այլ ներառում է արիության, հոգևոր տոկունության և ժողովրդի պաշտպանության սխրանքը։
Մահվանից չվախենալու գաղափարը Ղևոնդ Երեցի խոսքում հաճախ է հիշատակում Եղիշե պատմիչը. «Այս գիտենալով, եղբայրնե՛ր, չթուլանանք ու չվհատվենք, այլ պինդ սրտով և հաստատուն հավատով հոժարակամ հարձակվենք այն թշնամիների վրա, որ վեր են բարձրացել, գալիս են մեզ վրա։ Մեր հույսը կրկնակի է երևում մեզ. եթե մեռնենք, կապրենք, և եթե մեռցնենք, միևնույն կյանքն է կանգնած մեր առաջ....»։ Այս խոսքերը, որոնք արտահայտում են Վարդանանց շարժման հոգևոր մթնոլորտը, մի ամբողջ քրիստոնեական աշխարհընկալում են, որտեղ մահը այլևս վերջ չէ, իսկ կյանքը միայն երկրային գոյությունը չէ։ Այստեղ ձևավորվում է այն մտածողությունը, որը դարձավ հայ ժողովրդի պատմության առանցքային հանգրվաններից մեկը՝ հավատի, ազատության և ինքնության համար անձնազոհ պայքարի աստվածաբանությունը։
Քրիստոնեական հավատքի կենտրոնական ճշմարտություններից մեկն այն է, որ մահը կորցրել է իր վերջնական իշխանությունը։ Վարդանանց դարաշրջանի հոգևոր առաջնորդների համար այս համոզումը գործնական նշանակություն ուներ. մահից չվախենալը ոչ թե ինքնանպատակ խիզախություն էր, այլ հավատի տրամաբանական հետևանք։ Երբ մարդ վստահ է, որ կյանքը շարունակվում է մահվանից հետո աստվածային օթևաններում, մահը դադարում է ահաբեկիչ ուժ լինելուց։ Սա քրիստոնեական մտածողության խորքային դրսևորում է։ Այստեղ հաղթանակը չափվում է ոչ թե կենսաբանական գոյատևմամբ, այլ հավատարմության ճշմարտությամբ։ Թշնամուն հաղթելը և նահատակվելը նույն ուղղությամբ են տանում՝ դեպի կյանք, որովհետև երկուսն էլ իրականացվում են Աստծու կամքով և հավատքով։ Վարդանանց պայքարում հստակ ընդգծվում է, որ մահն ու կյանքը հակադրություններ չեն, այլ միևնույն ճշմարտության տարբեր դրսևորումներ։
Վարդանանց պատերազմը հենց այս իմաստով է բացառիկ. այն պատերազմ էր ոչ թե տարածքի կամ իշխանության, այլ հավատի և հոգևոր ազատության համար։ Հոգևորականներն այստեղ հանդես եկան ոչ որպես կողքից դիտողներ, այլ որպես առաջնորդներ, քարոզիչներ, մխիթարիչներ և ոգեշնչողներ։ Ղևոնդ Երեցի և նրա նման քաջարի հոգևորականների խոսքը մարտի դաշտում նույնքան զորեղ էր, որքան սուրը՝ զինվորի ձեռքում։
Վարդանանց պայքարն արդար և անհրաժեշտ դիմադրություն է, ոչ թե ագրեսիա։ Այն իրականացվում է «հոժարակամ»՝ գիտակցաբար և ազատ կամքով, ինչը քրիստոնեական բարոյագիտության մեջ առանձնահատուկ կարևորություն ունի։
Մեր օրերում թշնամիներն այլևս կարող են զենքի չդիմել, այլ դրա փոխարեն իրենց պայքարն իրականացնել չարանենգ գաղափարներով, անտարբերության քարոզներով, արժեհամակարգի քայքայմամբ։ Սակայն դիմակայելու սկզբունքը նույնն է. չթուլանալ, չվհատվել, պահպանել հավատքն ու ինքնությունը։ Այս պատգամը հատկապես կարևոր է մեր օրերում, երբ հասարակությունը կանգնած է բարոյական ու հոգևոր ընտրությունների առաջ։ Վարդանանց մտածողությունը մեզ հիշեցնում է, որ կյանքը չի չափվում միայն ապրած տարիներով, այլ նաև աներեր հավատով և աստվածասեր ու ազգանվեր ընթացքով։
Ղևոնդ Երեցի նմանատիպ պատգամներից է հետևյալը. «Թո՛ղ ոչ ոք ձեր բաժինը ձեզնից չկտրի և ձեզ օտար ու խորթ դարձնելով՝ բաժնից զրկի….»։ 5-րդ դարի մեծագույն հոգևոր առաջնորդը կոչ է անում պահպանել անհատական, հոգևոր և ազգային ինքնությունը, պաշտպանել հավատքն ու արժանապատվությունը, չտրվել արտաքին ճնշումներին կամ օտար ազդեցությանը: Այս խոսքը ժամանակին ուղղված էր հավատավոր ժողովրդին և հոգևորականներին՝ մշտապես հիշեցնելով, որ հավատքը, հոգևոր ժառանգությունը և ազգային արժեքները անձնական և հանրային կյանքի անբաժան հիմնասյուներն են: Այսօր էլ մեր հոգևորականությունը նվիրվածությամբ, սիրով ծառայություն է մատուցում ժողովրդին և Աստծուն։
Ղևոնդ Երեցի այս պատգամը նաև ազգային ու հավաքական ինքնության մասին է: Երբ մարդը կամ համայնքը կորցնում է իր «բաժինը», ենթարկվում է օտար ազդեցության, դառնում օտար ու խորթ իր սեփական պատմության, մշակույթի ու հավատքի նկատմամբ: Վարդանանց պատերազմը, Ղևոնդ Երեցի և նրա աշակերտների գործունեությունը վառ օրինակ են այն մասին, որ հավատքի համար անձնազոհ լինելը և ազգային ինքնությունը պահպանելը անմիջականորեն կապված են: Ղևոնդն առաջնորդեց ժողովրդին, հորդորեց չվախենալ մահից, պաշտպանեց հավատքը և ապահովեց, որ «բաժնից զրկված չլինեն», իսկ դա դարձավ ոչ միայն հոգևոր, այլև ազգային պարտք՝ հանուն երկրի և ազգային Եկեղեցու:
Ղևոնդ Երեցի «Թո՛ղ ոչ ոք ձեր բաժինը ձեզնից չկտրի» խոսքը ոչ միայն հոգևոր պատգամ է, այլև հավատի, արժանապատվության և ազգային ինքնության փիլիսոփայություն: Այն հաստատում է, որ անհատական և հավաքական «բաժնի» պահպանությունը հիմնարար է ինչպես հոգևոր, այնպես էլ ազգային կյանքում: Հիշատակելով Վարդանանց պատերազմը, հին և նոր հայ հոգևորականների օրինակները՝ այս ուսմունքը դառնում է ուղեցույց՝ հավատքի, անձնազոհության և ազգային ինքնության պաշտպանությունը նույն ոգով ապահովելու այսօր ևս:
Այսպիսով՝ Սուրբ Ղևոնդ Երեցի կենսական և վերժամանակյա պատգամները Վարդանանց սխրանքի խորապատկերում ներկայանում են որպես հայ քրիստոնեական ինքնագիտակցության և գոյաբանական ընտրության ամբողջական ուսմունք։ Ղևոնդ Երեցը միայն պատմական դեմք կամ նահատակ քահանա չէ, այլ նաև իմաստուն առաջնորդ, որի խոսքը ծնվել է կյանքի և մահվան սահմանագծին և այդ պատճառով էլ անդրանցնում է իր ժամանակը։ Ազատությունը նրա համար արտաքին պայմանների արդյունք չէ, այլ ներքին վիճակ՝ ճշմարտությանը հավատարիմ մնալու կարողություն։ Նրա հիմնական պատգամը հաստատում է, որ հավատքը տեսություն չէ, այլ կենսաձև, իսկ մահը երբ ընդունվում է ճշմարտության և Քրիստոսի համար, դադարում է լինել կործանում և վերածվում է վկայության։ Ղևոնդ Երեցի համար մահվան հաղթահարումն իրագործվում է ոչ թե մարմնի փրկությամբ, այլ հոգու՝ իր ընտրությանը հավատարիմ մնալով։ Այս ընկալումն է, որ դարձավ Վարդանանց սխրանքի ներքին շարժիչը՝ փոխակերպելով պատմական բախումը հոգևոր հաղթանակի։
Վարդանանց պայքարի մեջ Ղևոնդ Երեցի պատգամները բացահայտում են հավատքի և ազգային ինքնության անբաժանելի միությունը։ Նրա խոսքում հայրենիքը պաշտպանելը չի տարանջատվում Աստծուն հավատարմությունից։ Ազգային գոյությունը դիտվում է որպես հոգևոր հանձնառություն, իսկ հոգևորականը՝ որպես այդ հանձնառության կենդանի կրող, որը կոչված է լինել ոչ միայն աղոթող, այլ նաև առաջնորդող, քաջալերող և անհրաժեշտության դեպքում՝ զոհվող։
Այսօր, երբ արժեքների խեղաթյուրումը, հոգևոր անտարբերությունն ու ինքնության մթագնումը կրկին մարտահրավեր են, Ղևոնդ Երեցի պատգամները շարունակում են հնչել որպես զգոնության կոչ։ Դրանք հիշեցնում են, որ լույսը տեսնելը դեռ բավարար չէ, անհրաժեշտ է մնալ լույսի մեջ, չթուլանալ, չվհատվել և չզիջել այն բաժինը, որն Աստծուց է տրված։
Սուրբ Ղևոնդ Երեցի կյանքն ու խոսքը մեզ փոխանցում են մի պարզ, բայց կարևոր ճշմարտություն. ժողովուրդներն ապրում են այնքան ժամանակ, որքան ժամանակ հավատարիմ են իրենց հոգևոր ընտրությանը, և մահը կորցնում է իր իշխանությունն այնտեղ, որտեղ կյանքն ապրվում է հանուն Աստծու և ճշմարտության։
Նարեկ սրկ. ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՕՖԵԼՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ