Պատմա-աստվածաբանական ակնարկ Հիսուսի ծննդյան վերաբերյալ
07.10.2026
Հիսուս Քրիստոսի ծննդյան պատմությունը հիշատակված է Մատթեոսի և Ղուկասի Ավետարաններում: Երկու պատմություններն էլ համընկնում են իրար, համաձայն որոնց՝ Հիսուսը ծնվել է Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում: Նրա մայրը՝ Մարիամը, նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ, որը սերում էր Դավիթ թագավորի տոհմից և Հիսուսի կենսաբանական հայրը չէր, քանի որ Հիսուսի ծնունդը տեղի է ունեցել աստվածային միջամտությամբ՝ Սուրբ Հոգու ներշնչմամբ: Ժամանակակից գիտնականների մեծամասնությունը չի սևեռվում միայն երկու կանոնիկ ավետարանական ծննդյան պատմությունների վրա, քանի որ դրանց մեջ առկա տոհմաբանությունները տարբերվում են իրարից: Որոշ ուսումնասիրողներ պատմականության հարցը համարում են երկրորդական, քանի որ Ավետարանները հիմնականում գրվել են որպես աստվածաբանական գրվածքներ, այլ ոչ թե պատմական ժամանակագրություններ։
Սուրբ Ծնունդի գեղարվեստական պատկերումը քրիստոնյա նկարիչների համար կարևոր թեմա է եղել 4-րդ դարից ի վեր։ 13-րդ դարից ծննդյան տեսարանի գեղարվեստական պատկերումներն ընդգծել են Հիսուսի խոնարհությունը և խթանել Նրա նուրբ կերպարի կերտումը, որը մեծ փոփոխություն է վաղ շրջանում ընդունված «Տեր և Վարպետ» կերպարի համեմատ՝ արտացոլելով նույն դարաշրջանում քրիստոնեական հովվական ծառայության կողմից ընդունված ընդհանուր մոտեցումների փոփոխությունները։
Մատթեոսը և Ղուկասը միակարծիք են, որ Հիսուսը ծնվել է Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում՝ Հերովդես Մեծի գահակալության ժամանակ։ Ղուկասի Ավետարանում Նորածինը դրվում է մսուրի մեջ, «քանի որ կատալիմայում տեղ չկար»։ Կատալիման (κατάλυμα, հին հունարեն բառ է, որը բառացի նշանակում է կեցավայր, օթևան, հանգրվան) կարող է նշանակել մասնավոր տուն (սա քիչ աջակցություն ունի գիտնականների շրջանում), սենյակ մասնավոր տանը կամ հյուրանոց։
2-րդ դարում Հուստինոս Վկան նշել է, որ Հիսուսը ծնվել է Բեթղեհեմից դուրս գտնվող քարանձավում, մինչդեռ Հակոբոսի նախաավետարանում նկարագրվում է հայտնի ծնունդը մոտակա քարանձավում։ Բեթղեհեմի ներսում գտնվող Ծննդյան եկեղեցին, որ կառուցվել է Սուրբ Հեղինեի կողմից, քարանձավ-մսուրի տեղն է, որն ավանդաբար համարվում է Հիսուսի ծննդավայր (հնարավոր է՝ սկզբում եղել է Թամուզ աստծո պաշտամունքի վայր)։ Իր «Ընդդեմ Կելսոսի» (1.51) աշխատության մեջ Որիգենեսը, որը ճանապարհորդել է Պաղեստինով մեկ՝ սկսած մոտ 215 թվականից, գրել է Հիսուսի մսուրի մասին։
Հիսուս Նազովրեցու ծննդյան թիվը նշված չէ ո՛չ Ավետարաններում, ո՛չ էլ որևէ աշխարհիկ բնագրում, սակայն Հերովդեսի մահվան տարեթվի վրա հիմնվելով՝ այն տեղադրվում է Ք. ա. 6—4 թվականների միջև։ Պատմական ապացույցները չափազանց երկիմաստ են՝ վերջնական թվականը որոշելու համար, սակայն ամսաթվերը գնահատվել են Ծննդյան մասին պատմություններում նշված հայտնի պատմական իրադարձությունների հիման վրա՝ Հիսուսի ծառայության ենթադրյալ սկզբից հետադարձ հայացք գցելով կամ նշված ենթադրյալ աստղագուշակական նշանները կապելով իրական պատմական-աստղագիտական համընկնումների և երևույթների հետ։
Ամերիկացի աստվածաբան Հելմուտ Քյոսթերը գրում է, որ մինչդեռ Մատթեոսի պատմությունը ձևավորվել է հրեական միջավայրում, Ղուկասի պատմությունը նպատակամիտված է եղել հունա-հռոմեական աշխարհին: Մասնավորապես, Հիսուսի ժամանակներում հովիվները բացասաբար էին ընկալվում հրեաների կողմից, մինչդեռ հունահռոմեական մշակույթում նրանք համարվում էին «ոսկե դարաշրջանի խորհրդանիշներ, երբ աստվածներն ու մարդիկ ապրում էին խաղաղության մեջ, իսկ բնությունը՝ ներդաշնակության»: Որոշ մեկնիչներ գրում են, որ Ղուկասի Ավետարանում ներկայացված Հիսուսի և Հովհաննեսի ծննդյան պատմությունները մոդելավորված են Ծննդոց գրքի 27—43 գլուխների հատվածների հիման վրա: Անկախ դրանից՝ Ղուկասի Ավետարանում Հիսուսը պատկերվում է որպես բոլոր մարդկանց Փրկիչ՝ հետևելով տոհմաբանությանը մինչև Ադամ՝ ցույց տալով Նրա մարդկայնությունը, ինչպես նաև ծննդյան համեստ հանգամանքները: Ղուկասը, գրելով հեթանոս լսարանի համար, մանուկ Հիսուսին պատկերում է որպես հեթանոսների, ինչպես նաև հրեաների Փրկչի: Մատթեոսը մեջբերումներ է օգտագործում հրեական սուրբ գրություններից, ներկայացնում Մովսեսի կյանքը հիշեցնող տեսարաններ և տոհմաբանության թվային օրինաչափություն՝ Հիսուսին նույնականացնելով որպես Դավթի, Աբրահամի և Աստծո որդի: Ղուկասի Ավետարանի նախաբանը շատ ավելի երկար է. շեշտը դրված է Սուրբ Հոգու դարաշրջանի և բոլոր մարդկանց՝ թե՛ հրեաների, թե՛ հեթանոսների համար Փրկչի գալստյան վրա։
Մատթեոսի Ավետարանում Հիսուս ներկայացվում է որպես նոր Մովսես, մինչդեռ Ուլրիխ Լուզը Մատթեոսի պատկերած Հիսուսին դիտարկում է միաժամանակ և՛ որպես նոր Մովսեսի, և՛ Մովսեսին հակառակ կերպարի: Լուզը նաև նշում է, որ մանուկների կոտորածի պատմության մեջ կրկին տրվում է մարգարեության կատարման մեջբերում. Ռաքելը՝ Իսրայելի նախնիների մայրը, լաց է լինում իր մահացած երեխաների համար (Մատթ. 2։18):
Մատթեոսին որպես երկրորդ Մովսեսի դերում Հիսուսին ներկայացնող ավետարանիչ բացահայտող գիտնականները պնդում են, որ ինչպես Մովսեսը, մանուկ Հիսուսը ևս փրկվում է մարդասպան բռնակալից և փախչում Իր ծննդավայրից՝ մինչև Իրեն հալածողի մահը, որից հետո անվտանգ վերադառնում է՝ որպես Իր ժողովրդի Փրկիչ։ Այս տեսանկյունից Մատթեոսի Ավետարանի պատմությունը հիմնված է Մովսեսի ծննդյան վերաբերյալ ավանդազրույցներում տարածված ավելի վաղ ավանդության վրա։ Մովսեսի ծննդյան մասին փարավոնին հայտնում են մոգերը՝ նախազգուշացնելով, որ ծնվելու է մի երեխա, որը վտանգ է ներկայացնելու նրա իշխանության համար։ Այդ պատճառով նորածին Մովսեսին մահ է սպառնում, սակայն նա հրաշքով փրկվում է։ Վախեցած չար թագավորը, ցանկանալով վերացնել հնարավոր վտանգը, հրաման է տալիս սպանել իսրայելցի բոլոր արու երեխաներին։
Ըստ Ուլրիխ Լուզի՝ Մատթեոսի պատմության սկիզբը նման է աստվածաշնչյան ավելի վաղ պատմություններին, օրինակ՝ Հիսուսի ծննդյան ավետումը (Մատթ. 1։18—25) հիշեցնում է Իսմայելի (Ծննդ. 16։11, Ծննդ. 17), Իսահակի (Ծննդ. 21։1), Սամսոնի (Դատ. 13։3, 13։5) ծննդաբերությունների մասին աստվածաշնչյան պատմությունները, ինչպես նաև՝ Մովսեսի ծննդյան մասին հագադական ավանդությունները։ Սակայն Լուզի կարծիքով՝ ուրվագծերը տարօրինակ կերպով մասամբ համընկնում և հակադրվում են. «Եգիպտոսը, որը նախկինում ճնշման երկիր էր, դառնում է ապաստանի վայր, և Իսրայելի թագավորն է, որ այժմ ստանձնում է փարավոնի դերը: Սակայն Մատթեոսը պարզապես չի վերապատմում Մովսեսի պատմությունը: Փոխարենը՝ Հիսուսի պատմությունն իսկապես նոր պատմություն է. Հիսուսը միաժամանակ նոր Մովսեսն է և Մովսեսի հակոտնյան»:
Մատթեոս 1։22-ի («Այս ամենը եղավ, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը») և 2։23-ի («Եվ եկավ բնակվելու Նազարեթ կոչվող քաղաքում, որպեսզի իրականանար մարգարեների միջոցով ասվածը, թե Նազովրեցի է կոչվելու»)՝ Հին Կտակարանի որոշ հատվածներին վերաբերելու առնչությամբ նույնպես եղել են բազմաթիվ գիտական քննարկումներ։ 4-րդ դարի փաստաթղթերը, ինչպիսին է Սինայական ձեռագիրը, չեն հիշատակում Եսայի մարգարեին Մատթեոս 1։22-ի հայտարարության մեջ. «Այս ամենը պատահեց, որպեսզի կատարվի այն, ինչ Տերը ասել էր մարգարեի միջոցով», սակայն Մատթեոսի որոշ օրինակներում, ինչպիսին Բեզայի ձեռագիրն է, նշված է Եսայի մարգարեն։ Մատթեոս 1։23-ի՝ «Ահա կույսը կհղիանա» հայտարարության մեջ օգտագործվում է հունարեն parthenos («կույս») հասկացությունը, ինչպես «Յոթանասնից»-ում՝ Եսայու մարգարեության մեջ, մինչդեռ Եսայի 7։14-ում օգտագործվում է եբրայերեն «ալմա» բառը, որը կարող է նշանակել «աղջիկ», «երիտասարդ կին» կամ «կույս»։ «Ալմա» բառը ծագում է մի արմատից, որը նշանակում է «լի եռանդով, սեռական հասունության հասած»: Ռայմոնդ Է. Բրաունը նշում է, որ Ք. ա. 3-րդ դարի՝ «Յոթանասնից»-ի թարգմանիչները հնարավոր է՝ հասկացել են, որ եբրայերեն «ալմա» բառը «կույս» է նշանակում այս համատեքստում։
Մատթեոս 2։23-ում նշված «Նազովրեցի է կոչվելու» արտահայտությունը չի հիշատակվում Հին Կտակարանի որևէ որոշակի հատվածում, և կան բազմաթիվ գիտական մեկնաբանություններ, թե ինչի մասին այն կարող է լինել: Բարբարա Ալանդը և այլ գիտնականներ «Նազովրեցի» իմաստով օգտագործվող հունարեն Ναζωραίος բառը համարում են անորոշ, սակայն Մ. Ջ. Մենկենը նշում է, որ դա դեմոնիմ է (դեմոնիմներն օգտագործվում են որոշակի վայրի բոլոր մարդկանց (ընդհանուր բնակչությունը) նշանագրելու համար՝ անկախ այդ վայրի բնակչության շրջանում առկա էթնիկ, լեզվական, կրոնական կամ մշակութային այլ տարբերություններից), որը նշանակում է «Նազարեթի բնակիչ»: Մենկենը նաև նշում է, որ այն կարող է վերաբերել Դատավորներ 13։5 և 13։7 համարներին: Գարի Սմիթը նշում է, որ «նազովրեցի» կարող է նշանակել Աստծուն նվիրված մեկը, այսինքն՝ ճգնավոր, կամ կարող է վերաբերել Եսայի 11։1-ին («Մի շառավիղ դուրս կգա Հեսսեի բնից, մի ընձյուղ կբուսնի նրա արմատներից»): Եսայի 4։3-ում «նազիրիտ»՝ «Աստծո Սուրբը» բառի օգտագործումը կարող է բառախաղ լինել՝ նպատակ ունենալով Հիսուսին նույնացնելու նազովրեցիների՝ հրեական աղանդի հետ, որը տարբերվում էր փարիսեցիներից միայն նրանով, որ նրանք Հիսուսին համարում էին Մեսիա։ Շվեյցարացի աստվածաբան Ուլրիխ Լուզը, որը Մատթեոսի համայնքը տեղակայում է Սիրիայում, նշում է, որ սիրիացի քրիստոնյաները նույնպես իրենց անվանում էին նազովրեցիներ։
Պողոս առաքյալը Հիսուսի ծնունդը համարում էր տիեզերական նշանակության իրադարձություն, երբ ծնվեց «նոր մարդը», որը վերացրեց առաջին մարդու՝ Ադամի անկման պատճառած վնասը: Ինչպես Հովհաննեսի տեսակետը՝ Հիսուսի՝ որպես մարմնացած Լոգոսի մասին, հռչակում է Նրա ծննդյան համընդհանուր նշանակությունը, այնպես էլ Պողոսի տեսանկյունից՝ Հիսուսի ծնունդը շեշտում է նոր մարդու և նոր աշխարհի ծնունդը: Պողոսի էսխատոլոգիական տեսակետը Հիսուսի մասին Նրան հակադրում է Ադամի հետ՝ որպես բարոյականության և հնազանդության օրինակի: Ի տարբերություն Ադամի՝ Հիսուսով ծնված նոր մարդը հնազանդվում է Աստծուն և մուտք գործում բարոյականության ու փրկության աշխարհ:
Պողոսի դիտարկմամբ՝ Ադամը դիրքավորվում է որպես առաջին մարդ, իսկ Հիսուսը՝ որպես երկրորդ. Ադամը, անհնազանդությամբ ապականվելով, նույնպես վարակեց մարդկությանը, և անեծքը ժառանգություն մնաց: Մյուս կողմից, Հիսուսի ծնունդը հակակշռեց Ադամի անկումը՝ բերելով փրկագնում և վերականգնելով Ադամի պատճառած վնասը:
Հայրաբանական աստվածաբանության մեջ Պողոսի կողմից Հիսուսի՝ որպես նոր մարդու և Ադամի հակադրությունը հիմք դարձավ Հիսուսի ծննդյան եզակիության և Նրա կյանքի հետագա իրադարձությունների քննարկման համար: Այսպիսով՝ Հիսուսի ծնունդն սկսեց ծառայել որպես «տիեզերական քրիստոսաբանության» մեկնարկային կետ, որտեղ Հիսուսի ծնունդը, կյանքը և հարությունն ունեն համընդհանուր նշանակություն:
2-րդ դարի եկեղեցական հայր Իրենեոսը գրում է. «Երբ Նա մարմնացավ և մարդ դարձավ, նոր սկիզբ դրեց մարդկային էակների երկար շարքում, և մեզ կարճ, համապարփակ ձևով տվեց փրկություն, որպեսզի այն, ինչ մենք կորցրել էինք Ադամի մեջ, այսինքն՝ լինել Աստծո պատկերի և նմանության համաձայն, կարողանայինք վերականգնել Քրիստոս Հիսուսի մեջ»։ Իրենեոսը նաև այն վաղ աստվածաբաններից էր, որն օգտագործեց «երկրորդ Ադամի և երկրորդ Եվայի» համաբանությունը (անալոգիա)։ Նա Կույս Մարիամին բացահայտեց որպես «երկրորդ Եվա» և գրեց, որ Մարիամը «արձակել էր կույս Եվայի կողմից կապված մեղքի հանգույցը», և ինչպես Եվան գայթակղել էր Ադամին՝ անհնազանդվելու Աստծուն, այնպես էլ Մարիամը հնազանդության ուղի էր սահմանել երկրորդ Ադամի, այսինքն՝ Հիսուսի համար՝ ավետումից մինչև Գողգոթա, որպեսզի Հիսուսը կարողանար փրկություն բերել՝ վերացնելով Ադամի վնասը։
4-րդ դարում Հիսուսի ծննդյան հետ կապված հանգամանքների այս եզակիությունը և դրանց փոխազդեցությունը մարմնավորման խորհրդի հետ դարձան կենտրոնական տարր Եփրեմ Ասորու աստվածաբանության և հիմներգության մեջ։ Նրա համար Հիսուսի ծննդյան եզակիությունը լրացվեց Արարչի մեծության նշանով՝ հզոր Աստծո՝ որպես փոքրիկ Նորածին աշխարհ մտնելու ունակության միջոցով։
Միջնադարում Հիսուսի՝ որպես երկրորդ Ադամի ծնունդն սկսեց դիտարկվել Երանելի Օգոստինոսի «Ֆելիքս կուլպա» («Երջանիկ անկում») աշխատության համատեքստում և միահյուսվեց Ադամի և Եվայի՝ շնորհից անկման մասին տարածված ուսմունքների հետ։ Օգոստինոսը սիրում էր մեջբերել. «Ինչպես Ադամի մեջ մենք բոլորս մահացանք, այնպես էլ Քրիստոսի մեջ մենք բոլորս կկենդանանանք»։ Աստվածաբանությունը շարունակվեց մինչև բողոքական Ռեֆորմացիա, և երկրորդ Ադամը Հովհաննես Կալվինի կողմից քննարկված քավության վեց եղանակներից մեկն էր։ 20-րդ դարում առաջատար աստվածաբան Կառլ Բարթը շարունակեց նույն դատողությունը և Հիսուսի ծնունդը համարեց Ադամին հաջորդած նոր մարդու ծնունդ։
Բարթի աստվածաբանության մեջ նշվում է, որ ի տարբերություն Ադամի՝ Հիսուսը գործել է որպես հնազանդ Որդի՝ կատարելով աստվածային կամքը, և հետևաբար՝ ազատ է եղել մեղքից, ուստի կարող է բացահայտել Հոր արդարությունը և բերել փրկություն։
Հիսուսի ծնունդն ազդեցություն է ունեցել քրիստոսաբանական հարցերի վրա քրիստոնեության վաղ շրջանից ի վեր: Ղուկասի քրիստոսաբանությունը կենտրոնանում է Քրիստոսի գոյության երկրային և երկնային դրսևորումների երկակի բնույթի դիալեկտիկայի վրա, մինչդեռ Մատթեոսի քրիստոսաբանությունը կենտրոնանում է Հիսուսի առաքելության և Նրա՝ որպես Փրկչի դերի վրա:
Հիսուսի աստվածային լինելու հավատը հանգեցնում է հետևյալ հարցին. «Հիսուսը տղամարդ էր, որը պետք է ծնվեր կնոջի՞ց, թե՞ Աստված ծնվեց կնոջից»: Քրիստոնեության առաջին չորս դարերում ներկայացվել է Հիսուսի ծննդյան բնույթի վերաբերյալ վարկածների և համոզմունքների լայն շրջանակ: Որոշ բանավեճեր վերաբերում էին Կույս Մարիամի Աստվածածին տիտղոսին: Այս տեսակետներից մի քանիսը ի վերջո հայտարարվեցին հերետիկոսություններ, մյուսները հանգեցրին պառակտումների և Եկեղեցու նոր ճյուղերի ձևավորման:
Մատթեոս 1։21-ի փրկագործական շեշտադրումը հետագայում ազդեց աստվածաբանական հարցերի և Հիսուսի Սուրբ Անվան նվիրվածության վրա։ Մատթեոս 1։23-ը Նոր Կտակարանում Էմմանուելի քրիստոսաբանության միակ բանալին է։ Սկսած 1։23-ից՝ Մատթեոսը հստակ հետաքրքրություն է ցուցաբերում Հիսուսին որպես «Աստված մեզ հետ» ներկայացնելու և հետագայում Հիսուսի մասին Էմմանուելի բնութագրումը զարգացնելու հարցում։ «Էմմանուել» անունը Նոր Կտակարանում այլուր չի նշվում, բայց Մատթեոսը հիմնվում է դրա վրա Մատթեոս 28։20-ում («Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը»)՝ ցույց տալու, որ Հիսուսը հավատացյալների հետ կլինի մինչև դարաշրջանի վախճանը։ Ուլրիխ Լուզի խոսքով՝ Էմմանուելի մոտիվը Մատթեոսի ամբողջ Ավետարանը ներառում է 1։23-ից մինչև 28։20 համարները՝ բացահայտ և անուղղակիորեն հայտնվելով մի քանի այլ հատվածներում։
4-րդ և 5-րդ դարերում մի շարք եկեղեցական ժողովներ են գումարվել՝ այս հարցերը լուծելու համար։ Եփեսոսի ժողովը քննարկեց հիպոստասը ընդդեմ մոնոֆիզիտության և նեստորականության (երկու բնությունների բաժանում) հարցերը: Քաղկեդոնի՝ 451 թվականի ժողովը մեծ ազդեցություն ունեցավ և նշանավորեց շրջադարձային կետ քրիստոսաբանական բանավեճերում, որոնք բաժանեցին Արևելյան Հռոմեական կայսրության Եկեղեցին 5-րդ դարում: Քաղկեդոնում հռչակվեց հիպոստատիկ միությունը, այսինքն՝ Հիսուսը և՛ լիովին աստվածային է, և՛ լիովին մարդկային, իսկ Հայ Եկեղեցին դավանաբանորեն հավատարիմ մնաց միաբնակությանը, այսինքն՝ մեկ աստվածամարդկային բնության գոյությանը Հիսուսի անձում:
5-րդ դարում Հռոմի պապ Լևոն I-ը 10 քարոզ կարդաց Հիսուսի ծննդյան մասին, որոնցից 7-ը պահպանվել են: 451 թ. դեկտեմբերի 25-ի քարոզն արտահայտում է նրա մտահոգությունը, այն է՝ բարձրացնել Ծննդյան տոնի կարևորությունը և դրա հետ մեկտեղ ընդգծել Քրիստոսի երկու բնությունը՝ պաշտպանելով հիպոստատիկ միության քրիստոսաբանական ուսմունքը: Պապը հաճախ իր՝ Ծննդյան քարոզներն օգտագործում էր որպես առիթ՝ հակառակ տեսակետները քննադատելու համար՝ առանց անվանելու հակառակորդին։
13-րդ դարում Թովմա Աքվինացին անդրադարձավ Հիսուսի ծննդյան քրիստոսաբանական խնդիրներին՝ արդյո՞ք այն պետք է վերագրվի անձին (Խոսքին), թե՞ միայն այդ անձի ենթադրյալ մարդկային բնությանը։ Աքվինացին անդրադարձավ ծննդյանը «Summa Theologica»-ի 8 հոդվածներում, որոնցից յուրաքանչյուրն առանձին հարց էր արծարծում։ Աքվինացին պնդեց, որ հիպոստատիկ միության մեջ Քրիստոս ունի երկու բնություն՝ մեկն ստացած Հորից՝ հավիտենապես, մյուսը՝ մորից՝ ժամանակի ընթացքում։
Ռեֆորմացիայի ժամանակ Ժան Կալվինը պնդում էր, որ Հիսուսը սրբագործվել է ոչ միայն որպես «մարմնացած Աստված» (Deus manifestatus in carne)՝ Իր կուսական ծննդյան շնորհիվ, այլև Սուրբ Հոգու գործողության միջոցով՝ Իր ծննդյան պահին։ Կալվինի համաձայն՝ Հիսուսն ազատված էր սկզբնական մեղքից, քանի որ սրբագործվել էր ծննդյան պահին, որպեսզի Նրա սերունդն անարատ լիներ, ինչպես որ սերունդն անարատ էր Ադամի անկումից առաջ։
Նարեկ սրկ. ԳԱՍՊԱՐՅԱՆ
Օֆելյա ԳԱՍՊԱՐՅԱՆ