Ի՞նչ վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել ԶՈՒ Հոգևոր ծառայության դադարեցումը
19.10.2026
Հարցազրույց ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդի օգնական բարեշնորհ Հովհաննես սրկ. Ավետիսյանի հետ
— Հովհաննե՛ս սարկավագ, Պաշտպանության նախարար Ս. Պապիկյանի հայտնի հրամանով՝ դադարեցվեց ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում։ Որպես ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդի օգնական՝ ինչպե՞ս եք գնահատում քաղաքական ղեկավարության այդ քայլը ռազմաքաղաքական սպառնալիքներով պայթյունավտանգ տարածաշրջանային այս իրավիճակում, մանավանդ որ դեռևս մինչև վերջ չեն հաղթահարվել հետպատերազմյան հետևանքները՝ անվտանգային ու հոգեբանական առումով։
— Նախ ցանկանում եմ նշել, որ Հոգևոր ծառայությունը Հայոց բանակում գալիք տարի դառնալու էր 30 տարեկան, և այդ տարիների կուտակած փորձի ու անցած ճանապարհի ձեռքբերումների կորուստը մեզ համար նույնքան մտահոգիչ է, որքան մեր հոտին առանց հովվի թողնելը։ Տարիներ շարունակ գնդերեցները բանակում ծառայել են ամբողջական նվիրումով՝ հիմնականում սահմանամերձ զորամասերում։ Գնդերեցները թե՛ 2016 թ. քառօրյա, թե՛ 2020 թ. հուլիսյան, թե՛ 44-օրյա պատերազմներին, ինչպես նաև հետագա մարտական գործողությունների ընթացքում եղել են առաջնագծում՝ զինվորի և սպայի կողքին։ Պատերազմից հետո էլ շարունակական աշխատանք են տարել թե՛ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների, թե՛ վիրավորված և հաշմանդամ դարձած զինծառայողների հետ, որոնց մասին պարբերաբար զեկուցվել է Պաշտպանության նախարարին և ԳՇ-ի պետին։ Պատերազմից անմիջապես հետո գնդերեցներն ահռելի աշխատանք են տարել զորամասերում, որպեսզի զինվորները և հատկապես նոր զորակոչվածները կարողանան պատվով և մարտական կայուն ոգով իրականացնել իրենց պատվաբեր ծառայությունը։ Ուստի սա կորուստ է առաջին հերթին բանակի, սահմանին կանգնած զինվորի և սպայի համար, հետո՝ մեզ համար, որովհետև զինծառայողները մնում են առանց հոգևոր խնամքի։
— «Նա, ով ընդունում է Աստծո գոյությունը, ընդունում է նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականությանց՝ ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»,— ասում էր Գարեգին Նժդեհը: Եկեղեցի—բանակ ճեղքվածքը, որն առաջացավ ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության լուծարումից, ի՞նչ վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել Հայոց բանակի մարտունակության և դիմադրողականության ամրապնդման գործում։
— Մի բան հստակ է, որ բանակում զինվորը մնաց առանց իր լավագույն ընկերոջ, ամենավստահելի խորհրդատուի և իր հոգու կարիքները հոգացողի՝ հոգևոր ծնողի։ Մեր գնդերեցները, Սուրբ Գրքի ճշմարտությունները քարոզելու հետ մեկտեղ, զինծառայողներին ուսուցանել են եղբայրասիրություն, ամուր կամք, քաջարի ոգի և այդ ամենը փաստել իրենց անձնական օրինակով։ Գնդերեց քահանաներն ու սարկավագները իրենց զորամասերում եղել են մերօրյա Ղևոնդ Երեցներ, և պատահական չէ, որ շատերն իրենց նվիրյալ ծառայության համար արժանացել են բարձր գնահատանքի հրամանատարների կողմից, ինչպես նաև պարգևների ու գերատեսչական մեդալների՝ Պաշտպանության նախարարի կողմից։
— Բացասական հետևանքներ միանշանակ կանխատեսելի են նաև Զինված Ուժերի բարոյահոգեբանական վիճակի ուղղությամբ։ Բարոյական ուժը, ինչպես հայտնի է, բանակին գոտեպնդող և հաղթանակների առաջնորդող հզոր գործոն է։ Բացի այդ՝ պատերազմի ժամանակ զինվորը հոգևորականի ներկայությամբ իրեն Աստծո կողմից պաշտպանված է զգում։ Հայ Եկեղեցու գնդերեցների բացակայության հետևանքով ի՞նչ խնդիրներ բարձիթողի կմնան Հայոց բանակում։
— Գնդերեցները նպատակային աշխատում էին հատկապես այն զինծառայողների հետ, որոնք հակված էին բանակում ոչ կանոնագրքային բարքեր հաստատելուն, որը տեսել ենք, թե ինչ անդառնալի հետևանքների կարող է հանգեցնել։ Գնդերեցներն աշխատել են առավել մեկուսացող զինծառայողների հետ, որպեսզի նրանք ավելի արագ ու հեշտ ինտեգրվեն ծառայությանը։ Գնդերեցներն աշխատել են բռնարարքի մասնակից զինծառայողների հետ, կանխել են ինքնասպանություններ ու սպանություններ, որոնց մասին ժամանակին զեկուցվել է՝ ըստ վերադասության, և ի պատասխան՝ լսել ենք միայն դրվատանքի խոսքեր։
— Ակնհայտ է, որ կասկածի տակ է հայտնվում նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ազգային-քրիստոնեական գաղափարաբանության և արժեհամակարգի քարոզչությունը բանակում։ Աշխարահաքաղաքացիության (կոսմոպոլիտիզմ) և անկրոնականության, աղանդների և հերձվածների ներթափանցումը բաց տարածություն կարող է դառնալ անվերահսկելի, ինչը, անշուշտ, պետական անվտանգության սպառնալիքների կհանգեցնի։ Ի՞նչ բացասական զարգացումներ եք հնարավոր համարում այդ առումով։
—Մտահոգությունս է, որ Աստծուն փնտրող մարդիկ սխալ տեղում ու ձևով չգտնեն Նրան։ Բազմաթիվ զորամասերում գնդերեցների ջանքերով կառուցվել են եկեղեցիներ ու մատուռներ՝ մեր զինծառայողների հոգևոր կյանքը զարգացնելու համար, և այս որոշմամբ՝ այդ եկեղեցիներն էլ են դատարկվելու՝ մնալով առանց հոգևորականի, առանց պատարագի ու աղոթքի, ինչը ցավ է ամենքիս համար։ Այնպես չէ, որ գնդերեցությունը Հայ Առաքելական Եկեղեցին էր հորինել. կապելանությունը միջազգային եկեղեցական զարգացած ծառայություն է, և ինչ որ կատարվում է այսօր Հայոց բանակում, պարզապես քաղաքական նպատակ է հետապնդում՝ ցավալիորեն անտեսելով իր իսկ ենթակայության զինծառայողների հոգևոր կարիքները, շահն ու պահանջները։
— Քրիստոնությունը ոգեշունչ կրոն է, և հայտնի է խոսքի զորավոր իշխանությունը զինվորի, առհասարակ մարդու վրա։ Հայ գնդերեցի բացակայությունը, անշուշտ, կարող է հանգեցնել նաև պատմության և ներկայի կապի խզման, ազգային-քրիստոնեական ոգու պատմության անտեսման։ Գնդերեցը հոգևոր-հայրենասիրական այդ ոգու կենդանի ներկայությունն էր բանակում։ Ավարայրից մինչև Սարդարապատ ու Արցախ հայ հոգևորականն ու զինվորականը թիկունք թիկունքի են եղել թե՛ կենաց ու մահու վճռական պահերին, թե՛ պաշտպանունակության կազմակերպման ժամանակ։ Հայ հոգևորականության ոչպաշտոնական, կամավոր առաքելությունը ինչպե՞ս եք այսուհետ պատկերացնում Հայոց բանակում։ Ի վերջո, «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց»՝ Հայ Եկեղեցին պարտավոր է որևէ ճանապարհով շարունակել իր առաքելությունը Հայոց բանակի հզորացման գործում։
— Մեզ արգելել են բանակում հոգևոր ծառայություն իրականացնել, բայց, բարեբախտաբար, զինծառայողներին դեռ չեն արգելել եկեղեցի գալ։ Հիմա պարզապես համբերությամբ զինվել է պետք ու սպասել, մինչև այս փոթորիկները խաղաղվեն։ Վստահ եմ, որ որոշ ժամանակ անց Հայոց բանակն իրապես կարիք է զգալու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից նշանակված իսկատիպ, հայրենասեր ու եկեղեցասեր գնդերեցների, և մենք վերադառնալու ենք բանակ՝ լինելու մեր զինվորի և մեր սպայի կողքին՝ մղելու նրանց նորանոր հաղթանակների։
Հարցազրույցը՝ Արփինե ԻՇԽԱՆՅԱՆԻ