Հակականոնական պարտադրանքի դեպքում ինչ ուղենիշներ են տալիս եկեղեցականներին կանոնը և Աստվածաշունչը

Մայր Եկեղեցին լուրջ փորձություններով է անցնում: Հստակ է, որ Վեհափառ Հայրապետի անվան հիշատակության զեղչումը ոչ թե պարզ տեխնիկական բացթողում է, այլ պառակտման, հերձվածողության և եկեղեցական իշխանությունից դուրս գալու հստակ նշան: Դա Պատարագը դարձնում է հակականոնական, զուրկ փրկչարար ազդեցությունից, քանի որ Աստծո շնորհը և առաքելական շնորհի շղթայական փոխանցելիությունը գործում են միայն նվիրապետական կարգից ներս, այն էլ՝ խոնարհության և հնազանդության պարագայում, որովհետև այդ շնորհի աղբյուրը հենց Հիսուս Քրիստոս է, Որի մարմինն էլ Եկեղեցին է: Երկու մարմին կամ երկու Եկեղեցի չի կարող լինել: Հետևաբար՝ քննենք, թե կանոնը և Աստվածաշունչն ինչ ուղենիշներ են տալիս եկեղեցականներին.

1. Եթե եպիսկոպոսը թույլ է տվել նվիրապետական անհնազանդություն, վարդապետական շեղումներ և մոլորության մեջ է, նրա իշխանության տակ գտնվող ողջ հոգևոր դասն ունի պարտականություն՝ ավելի բարձր եպիսկոպոսապետին՝ Կաթողիկոսին հնազանդվելու:

2. Չի կարելի նվիրապետական կարգի դեմ ապստամբած եպիսկոպոսին հետևելը համարել ավելի բարձր հնազանդություն, քան Կաթողիկոսին կամ Պատրիարքին հնազանդվելը, որոնք իշխանությամբ առավել բարձր են, քան եպիսկոպոսները:

3. Եթե եպիսկոպոսի հակականոնական ընթացքը հանգեցնում է մեղքի՝ պառակտման կամ հերձվածի, Պողոս առաքյալը հրահանգում է չմասնակցել դրան. «Ձեռքերդ շտապով որևէ մեկի վրա մի՛ դիր և ուրիշների մեղքերին մասնակից մի՛ եղիր, քեզ մաքո՛ւր պահիր» (Ա Տիմ. 5:22): Սա նշանակում է, որ քահանան չպետք է ստորագրի, աջակցի կամ մասնակցի եպիսկոպոսի ապօրինի գործողություններին։ Իսկ ծառայող սարկավագ/դպիրների համար նշանակում է չմասնակցել եպիսկոպոսի/քահանայի ապօրինի գործողություններին։

4. Սուրբ Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակումը ոչ թե պատվի հարց է, այլ տվյալ պատարագչի՝ Եկեղեցու հետ միության վավերագիրը։ Ըստ եկեղեցական կանոնների՝ այն քահանան, որը դադարում է հիշատակել Կաթողիկոսի կամ թեմակալ առաջնորդի անունը, փաստացի ինքն իրեն Եկեղեցուց դուրս է հայտարարում։ Նման պատարագիչը ոչ թե անձերի, այլ Քրիստոսի մարմնի և Եկեղեցու դեմ ապստամբ է համարվում։

5. Եթե եպիսկոպոսի հրամանը հակասում է Աստծո պատվիրանին կամ Եկեղեցու սրբությանը, գործում է Պետրոսի և մյուս առաքյալների սկզբունքը. «Պետք է առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց» (Գործք 5:29): Սա քահանայի իրավական և բարոյական այն հիմքն է, որը թույլ է տալիս չկատարել եպիսկոպոսի հակականոնական կամ հակաաստվածային հրամանը, առաջնորդվել Սուրբ Գրքով, Եկեղեցու կանոնով, այլ ոչ թե կույր և անխոհեմ հնազանդությամբ:

6. Եթե հակականոնական ընթացքը վերաբերում է դավանանքի աղավաղմանը, ապա Պողոս առաքյալը շատ խիստ է. «Եթե նույնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ ավետարանի ձեզ ավելին, քան այն, որ մենք ավետարանեցինք ձեզ, նզովյա՛լ լինի» (Գաղ. 1:8): Սա նշանակում է, որ Եկեղեցու դավանանքի ուղղափառությունն ավելի բարձր է, քան եպիսկոպոսական աստիճանը։

7. Պողոս առաքյալն ընդդիմանում է Պետրոս առաքյալին, երբ նա մեղադրելի ընթացքի մեջ էր (Գաղ. 2:11,14): Սա ցույց է տալիս, որ եթե առաջնորդն ուղիղ չի ընթանում, քահանան իրավունք ունի և պարտավոր է պաշտպանել ավետարանական ճշմարտությունը և մայր Եկեղեցու կանոնական ընթացքը:

8. Եթե եպիսկոպոսի հակականոնական ընթացքը վերածվում է վարդապետական շեղման կամ դեպի հերձված տանող պառակտման, առաքյալը հորդորում է հեռանալ նրանից. «Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ո՛ւշ դրեք այնպիսիներին, որ հերձվածներ և գայթակղություններ են առաջ բերում այն վարդապետությունից դուրս, որը դուք սովորել եք. և խորշեցե՛ք նրանցից, որովհետև այնպիսիները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չեն ծառայում, այլ իրենց որովայնին. և քաղցրախոսությամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են անմեղների սրտերը» (Հռոմ. 16:17—18):

9. Եթե եպիսկոպոսը կամ քահանան հրահանգում է զեղչել Կաթողիկոսի անունը Ս. Պատարագի ժամանակ, չաղոթել նրա համար, ապա դա ուղղակի հակասում է Տեր Հիսուս Քրիստոսի պատգամներին և առաքյալների հորդորներին՝ անդադար, ամեն ժամ աղոթք անել, աղոթել անգամ հալածողների համար (Մատթ. 5:45, Մարկ. 14:38, Ղուկ. 18:1, Հռոմ. 12:12, Ա Թեսաղ. 5:25, Բ Թեսաղ. 3:1, Ա Տիմ. 2:1, Ա Պետր. 4:7, Գ Հովհ. 1:2):

10. Եպիսկոպոսի՝ հերձվածի կամ պառակտման մեջ գտնվելը ծանրագույն մեղք է, որին Եկեղեցին պետք է արձագանքի իր գործիքակազմով: Եթե եպիսկոպոսը գործում է հերձվածային կամ բացահայտ հակականոնական ուղղությամբ, օրինակ՝ պարտադրում է չհիշատակել Կաթողիկոսին Պատարագի ընթացքում, իր կամքին հակառակ հանրային սատարումներ հայտնել իրեն, ապա քահանայի պարտքն է չենթարկվել նման հրահանգի։

11. Եթե եպիսկոպոսը քահանային պարտադրում է կտրել կապը բարձրագույն եկեղեցական իշխանության հետ, քահանան պարտավոր է չհնազանդվել հակականոնական հրահանգին, հավատարիմ մնալ իր տված ուխտին և շարունակել կատարել Կանոնագրքի պահանջները՝ հիշատակելով Կաթողիկոսին: Այլապես, քահանան փաստացի ինքն իրեն Եկեղեցուց դուրս է հայտարարում։ Նման պատարագիչը ոչ թե անձերի, այլ Քրիստոսի մարմնի և Եկեղեցու դեմ է ապստամբ համարվում։

12. Եթե պատարագիչը կարգալույծ է կամ ապստամբության մեջ է Մայր Աթոռի դեմ, զեղչում է Եպիսկոպոսապետի՝ Կաթողիկոսի անունը, ապա դպիրները և սարկավագները կարող են չմասնակցել նրա կողմից իրականացվող ծեսերին՝ այդ թվում Պատարագին, որը նման պարագայում վերածվում է պատարագանման արարողության՝ Աստծո շնորհից և փրկչական ազդեցությունից զուրկ:

13. Սարկավագի կամ դպիրի կողմից Վեհափառ Հայրապետի անվան բարձրաձայն հնչեցնելը, երբ կարգի մեջ պատարագիչը գիտակցաբար այն զեղչել է, չի փրկում իրավիճակը։ Պատարագը մեկ ամբողջություն է։ Եթե պատարագիչը կտրված է Եկեղեցուց, ապա սպասավորները չեն կարող այդ գործողությունը սրբացնել։

14. Նման դեպքում դպիրները և սարկավագները կարող են իջնել խորանից և չդառնալ հակականոնականության մասնակից։ Սա ամենահզոր վկայությունն է ճշմարտությանը։ Նրանք պարտավոր չեն լինել գործիք մեկի ձեռքում, որը քանդում է Եկեղեցին։

15. Առավել խիստ է Առաքելական կանոնը կարգալույծի՝ իբրև եկեղեցու սպասավորի հետ աղոթակից լինելու դեպքում, ըստ որի՝ եթե եպիսկոպոսը կամ քահանան կամ սարկավագը աղոթակից լինի կարգալույծի հետ, նա պետք է կարգալույծ արվի։ Եթե հոգևորականներին արգելված է աղոթակից լինել նրանց, ապա հավատավոր ժողովուրդը առավել ևս պետք է խուսափի նրանց «պատարագներից», որպեսզի չդառնա նրանց մեղքի մասնակիցը։

Եզրակացություն. Աստվածաշունչը, Եկեղեցու սուրբ հայրերը և Կանոնական իրավունքը միակ դեպքում թույլատրում են, ավելին՝ պարտավորեցնում են քահանաներին չհնազանդվել, երբ եպիսկոպոսը դավանաբանական կամ նվիրապետական պառակտման կամ հերձվածի մեջ է։ Նա այդ անհնազանդությամբ պաշտպանում է Եկեղեցու միասնությունը, ուղղափառությունը, Սուրբ Պատարագի կանոնական ընթացքը, հեռու պահում հավատացյալ հոտին գայթակղությունից, հաղորդակից դարձնում փրկչարար Խորհրդին: Այլապես, հոգևոր տեսանկյունից՝ հակականոնական պատարագանման արարողության ողջ պատասխանատվությունն ընկնում է թե՛ պատարագիչ քահանայի և թե՛ իրեն օրհնություն տվող առաջնորդ եպիսկոպոսի վրա: Աստծո շնորհը և առաքելական շնորհի շղթայական փոխանցելիությունը գործում են միայն նվիրապետական կարգից ներս, այն էլ խոնարհության և հնազանդության պարագայում: Եկեղեցու իշխանության անտեսումը դուրս է դնում պատարագչին Քրիստոսի մարմնից և որպես հետևանք՝ կտրում շնորհից, առանց որի՝ Ս. Պատարագը վերածվում է պատարագանման արարողության: Հակականոնական ընթացքը մեծագույն գայթակղություն է հավատավոր հոտի համար, իսկ դա, ըստ Տիրոջ ավետարանական խոսքի, ծանրագույն մեղք է:

Եկեղեցականի հավատարմությունը ոչ թե հավատարմություն է առանձին մարդուն, այլ Քրիստոսի Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Եկեղեցու նվիրապետական կարգին։ Հետևաբար՝ չպետք է մասնակցել այն «պատարագներին», որտեղ չի հիշատակվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը։ Առավել ևս չպետք է մասնակցել կարգալույծների «պատարագներին»:

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ