«Քարե օրենքի» դարաշրջանի ավարտն ու «Սրտի կրոնի» սկիզբը. Երեմիա մարգարեի հեղափոխական տեսլականը
19.10.2026
Աստվածաշնչյան պատմության ամենաճակատագրական պահերին հաճախ հնչում են ամենահզոր մարգարեությունները։ Երեմիայի մարգարեության 31 րդ գլուխը հենց այդպիսիներից է: Երուսաղեմի անկման և բաբելոնյան աքսորի նախաշեմին, երբ թվում էր, թե Իսրայելի կրոնական և ազգային ինքնությունը ոչնչացման եզրին է, մարգարեն հռչակում է մի տեսլական, որը դուրս էր գալիս ժամանակի սահմաններից։ Նա խոսում է ոչ թե պարզապես տաճարի վերականգնման կամ զոհասեղանների վերադարձի, այլ մարդ—Աստված հարաբերությունների՝ ուխտի հիմնարար «վերանորոգման» մասին։
Երեմիայի մարգարեության 31 րդ գլխի 31—34 հատվածը Հին Կտակարանի միակ տեղն է, որտեղ բառացի օգտագործվում է «Նոր ուխտ» եզրույթը. «Ահավասիկ օրեր են գալու,— ասում է Տերը,— երբ նոր ուխտ եմ կապելու Իսրայելի տան հետ և Հուդայի տան հետ»։ Սա մի մարգարեություն է, որը սահմանագիծ է քաշում անցյալի և ապագայի միջև՝ ազդարարելով «Քարե օրենքի» դարաշրջանի ավարտն ու «Սրտի կրոնի» սկիզբը։
Հին ուխտի ճգնաժամը
Երեմիայի տեսլականի մեծությունն ընկալելու համար նախ պետք է հասկանալ Սինա լեռան վրա կնքված Հին ուխտի (Մովսիսական օրենքի) բնույթը։ Այն հիմնված էր պայմանականության վրա. «Եթե Իմ օրենքներով վարվեք և Իմ պատվիրանները պահեք ու կատարեք դրանք... Ես կշրջեմ ձեր մեջ և ձեզ Աստված կլինեմ, և դուք Ինձ ժողովուրդ կլինեք»,— ասում է Տերը (Ղևտ. 26։3, 12)։ Այս արտահայտությունը կոչվում է «Ուխտի բանաձև»։ Այն ցույց է տալիս երկկողմանի հարաբերությունը. կողմերից մեկը մարդն է, մյուսը՝ Աստված: Մարդուց պահանջվում է հնազանդություն և հավատարմություն Աստծո բարոյական և հոգևոր օրենքներին։ Աստված խոստանում է ոչ միայն պաշտպանություն, այլև ամենակարևորը՝ ներկայություն։ Նա խոստանում է լինել նրանց Հայրը, Պաշտպանը և Առաջնորդը։
Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ մարդն իր մեղավոր բնույթի պատճառով ի զորու չէ կատարելապես պահելու Աստծո սահմանած բարձր չափանիշները, իրեն մաքրելու և փոխելու համար չունի ուժ և միջոց։
Օրենքը սուրբ էր, բայց այն արտաքին էր։ Քանի դեռ օրենքը գրված է «դրսում»՝ քարի վրա, այն պարզապես պարտադրանք է։ Մարդը փորձում էր այդ պարտադրանքը կատարել սեփական ուժերով, բայց նրա մեղավոր բնույթը՝ ներսը, ընդդիմանում էր։ Պողոս առաքյալը սա անվանում է «մարմնի տկարություն» (Հռոմ. 8:3)։ Օրենքն ասում էր՝ Վազի՛ր, բայց մարդու ոտքերը «կոտրված» էին մեղքի պատճառով։ Որքան էլ խիստ լիներ հրամանը, կոտրված ոտքով մարդը չէր կարող վազել։
Վախը կարող է ստիպել մարդուն զսպել իր արարքները (օրինակ՝ չգողանալ, որ չբռնվի), բայց չի կարող ստիպել մարդուն՝ չցանկանալ գողանալ։ Օրենքը կարող էր կառավարել ձեռքերը, բայց ոչ՝ սիրտը։ Մարդը ներսում մնում էր նույնը, թեև դրսից փորձում էր բարեպաշտ երևալ։
Քանի որ մարդիկ անընդհատ խախտում էին օրենքը, իսկ արդարությունը պահանջում էր պատիժ (մեղքի վարձը մահն է), նրանք ստիպված էին անընդհատ զոհեր մատուցել. եթե մարդիկ զոհ մատուցեն, «նրանց մեղքերը կներվեն» (Ղևտ. 4:20, 26, 31): Զոհաբերությունը ծառայում էր որպես «փոխարինող»։ Մեղավոր մարդու փոխարեն մահանում էր անմեղ կենդանին (օրինակ՝ գառը կամ ցուլը)։ Սա քավություն էր (ծածկոց), որը թույլ էր տալիս Աստծուն ներել մարդուն և շարունակել հարաբերությունը նրա հետ։ Սակայն, քանի որ մարդիկ շարունակում էին մեղանչել, զոհաբերությունները պետք է կրկնվեին ամեն տարի և ամեն օր։
Քահանայապետը ամեն տարի մտնում էր տաճար, զոհ էր մատուցում, բայց հաջորդ տարի մարդիկ նորից նույն մեղքերի մեջ էին։ Դա նման էր վարկի տոկոսները փակելուն, երբ մայր գումարը երբեք չի պակասում, կամ մարդը նայում է հայելու մեջ և տեսնում է իր դեմքի ապականությունը, բայց հայելին չի կարողանում այն լվանալ: Հայելին Հին ուխտն է։ Այն ցույց էր տալիս մարդուն, որ մեղավոր է, բայց ի զորու չէ մեղքերին կատարելապես թողություն տալու։ Օրենքը մատնացույց էր անում միայն խնդիրը, բայց չէր լուծում այն։
Ի վերջո առաջանում էր մի ողբերգական շրջապտույտ՝ օրենքի իմացություն, խախտում, մեղքի զգացում և պատիժ, «քանի, որ նոխազների և ցուլերի արյունը չէր կարող վերացնել մեղքերը» (Եբր. 10:4)։ Անհրաժեշտ էր արմատական փոփոխություն, որը կլուծեր ոչ թե մեղքի հետևանքը, այլ դրա պատճառը։
Նորը պետք էր, որովհետև «հին ճանապարհը» (օրենքը, քարը, վախը) սպառել էր իրեն։ Այն ապացուցեց մի կարևոր բան. մարդը չի կարող ինքնուրույն հասնել Աստծուն՝ պահելով կանոնները։
Նոր ուխտը եկավ՝ լուծելու հենց այս ճգնաժամը.
Հայելու փոխարեն տվեց մաքրող Արյուն (Քրիստոսի զոհը)։
Քարե տախտակի փոխարեն տվեց Սուրբ Հոգի, որը օրենքը գրում է սրտի մեջ։ Հոգևոր իմաստով՝ նպատակն այն է, որ «քարե սիրտը» փոխվի «մարմնեղեն սրտի», որպեսզի օրենքը գրվի ոչ թե քարին, այլ մարդու ներսում՝ սիրո միջոցով:
Պահանջի փոխարեն տվեց զորություն (շնորհ), որ մարդը կարողանա կատարել Աստծո կամքը։
Հին ուխտը չի հակադրվում Նորին, կամ՝ հակառակը. նրանք լրացնում և ամբողջացնում են միմյանց. «Մի՛ կարծեք, թե Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա. չեկա ջնջելու, այլ՝ լրացնելու» (Մատթ. 5:17)։ Հին ուխտն ասում էր՝ «Դու պարտավոր ես», իսկ Նոր ուխտն ասում է՝ «Ես քեզ կօգնեմ»։
Երեմիայի նկարագրած «Նոր ուխտը» բերում է հեղափոխական երեք փոփոխություն, որոնք վերափոխում են հավատքի էությունը։
Ա. Քարե տախտակի փոխարեն տվեց Սուրբ Հոգի, որը օրենքը գրում է սրտի մեջ:
«Իմ օրենքը նրանց մեջ պիտի դնեմ և նրանց սրտի վրա պիտի գրեմ» (Երեմ. 31:33): Հին ուխտում օրենքը մարդու դեմ կանգնած էր որպես դատավոր և պահանջատեր։ Նոր ուխտում Աստված օրենքը տեղափոխում է մարդու ներսը։ Դա նշանակում է բնույթի և կամքի վերափոխում։ Ինչպես բնազդն է կենդանուն մղում գործողության, այնպես էլ Սուրբ Հոգով վերածնված մարդու համար աստվածահաճո կյանքը դառնում է ներքին պահանջմունք։ Մարդը հնազանդվում է ոչ թե նրա համար, որ վախենում է պատժից (ինչպես ստրուկը), այլ որովհետև սիրում է Աստծուն և ցանկանում է գոհացնել Նրան (ինչպես որդին)։
Պողոս առաքյալը հետագայում սա կանվանի «Հոգու օրենք», որը կյանք է տալիս՝ ի հակադրություն «տառի», որը սպանում է (Բ Կորնթ. 3:6)։
Բ. Աստվածաճանաչողության փոփոխություն. միջնորդից՝ անմիջականություն։
«Եվ այլևս ամեն մեկն իր ընկերոջը չի սովորեցնելու, կամ ամեն մեկն իր եղբորը չի ասելու՝ «Ճանաչի՛ր Տիրոջը», քանզի ամենքը՝ նրանց փոքրերից մինչև մեծերը, ճանաչում են Ինձ....» (Երեմ. 31:34)։
Հին աշխարհում Աստծուն մոտենալը բարդ և խիստ կանոնակարգված գործընթաց էր։ Հասարակ մարդը կախված էր քահանայից, մարգարեից կամ զոհաբերությունից։ Աստված «Սրբություն Սրբոցում» էր՝ վարագույրի հետևում։ Երեմիան մարգարեանում է կրոնի «դեմոկրատացման» մասին՝ բառիս հոգևոր իմաստով։ Աստված խոստանում է, որ յուրաքանչյուր հավատացյալ՝ «փոքրից մինչև մեծը», կունենա անձնական ճանաչողություն։ «....Նրանց փոքրերից մինչև մեծերը ճանաչում են Ինձ» արտահայտությունը վերացնում է հոգևոր «էլիտարիզմը»։ Ճշմարտությունը հասանելի է դառնում բոլորին՝ անկախ սոցիալական դիրքից կամ կրթությունից։
Երեմիա 31:33 ում Աստված խոստանում է «իր օրենքը դնել նրանց ներսում»՝ մարդկանց մտքի մեջ, և գրել նրանց սրտերի վրա։ Սա նշանակում է, որ բարոյականությունն ու հավատն այլևս չեն լինելու արտաքին հարկադրանք կամ սոսկ գրված կանոններ, այլ ներքին մղում։ Հիսուսի խոսքերը՝ «Իմ ոչխարներն Իմ ձայնը լսում են, և Ես ճանաչում եմ նրանց» (Հովհ. 10։27), հենց այս մարգարեության արձագանքն են։
Այս խոստումը հաճախ կապվում է քրիստոնեական ընկալման հետ, որտեղ Սուրբ Հոգու ներկայությունը համարվում է հենց այն «ներքին ուսուցիչը», որը մարդուն առաջնորդում է դեպի ճշմարտությունը՝ առանց արտաքին միջնորդների խիստ կարիքի։
Գողգոթայի խաչի վրա պատռվեց տաճարի վարագույրը՝ խորհրդանշելով, որ ճանապարհը դեպի Աստված այլևս բաց է բոլորի համար (անմիջական ճանաչողություն)։
Հոգեգալստյան օրը Սուրբ Հոգին իջավ առաքյալների վրա՝ բնակվելով նրանց մեջ (օրենքը՝ սրտի մեջ)։ Սուրբ Հոգու էջքը առաքյալների վրա սկիզբ դրեց մի նոր իրականության: Մինչ այդ օրենքը դիտվում էր որպես արտաքին կանոնների հավաքածու, որին մարդը դժվարությամբ էր հնազանդվում։ Սուրբ Հոգու բնակությամբ այն դարձավ ներքին մղում և սիրո արտահայտություն։ Մարդն ինքը դարձավ «Աստծո տաճար»։ Սուրբ Հոգին այլևս պարզապես չէր այցելում մարդկանց (ինչպես Հին ուխտում), այլ բնակություն հաստատեց նրանց մեջ։
Առաքյալները ոչ միայն իմացան Աստծո կամքը, այլև ստացան զորություն՝ այդ կամքով ապրելու և այն աշխարհին քարոզելու համար։
Գ. Մեղքի լուծում. ծածկելուց՝ ջնջում։
«Նրանց անօրենությունները պիտի ներեմ և նրանց մեղքերն այլևս չպիտի հիշեմ» (Երեմ. 31:34):
Հին Կտակարանի զոհաբերական համակարգը կարող էր «ծածկել» մեղքը, բայց չէր կարող վերացնել մեղավոր խիղճը։ Զոհերը ամեն տարի կրկնվում էին՝ անընդհատ հիշեցնելով մարդուն իր անկատարության մասին։ Նոր ուխտի խոստումը բացարձակ ներումն է։ «Այլևս չհիշել» արտահայտությունը նշանակում է, որ Աստված իրավական ուժից զրկում է մեր անցյալի մեղքերը։ Դրանք այլևս երբեք չեն օգտագործվելու մեր դեմ։
Հին ուխտը կնքվել էր Մովսեսի միջոցով՝ կենդանիների արյան զոհաբերությամբ: Հին ուխտի զոհաբերությունները չէին կարող վերջնականապես ջնջել մեղքը, այլ միայն հիշեցնում էին դրա մասին մինչև «կատարյալ Զոհի» գալուստը։ Կատարյալ զոհը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է: Նոր ուխտը կնքվեց Քրիստոսի արյամբ. Վերջին ընթրիքի ընթացքում Հիսուսն ասաց. «Այս բաժակը նոր Ուխտ է, որ կնքվում է ձեզ համար թափված Իմ արյունով» (Ղուկ. 22:20)՝ դրանով իսկ հաստատելով մարգարեության իրականացումը։ Այդ պահին Երեմիայի տեսլականը մարմին առավ։ Այս արտահայտությամբ Հիսուս հայտարարեց, որ հին օրենքների և զոհաբերությունների ժամանակաշրջանն ավարտվում է, և սկսվում է շնորհի դարաշրջանը։ Մարդն այլևս Օրենքի տիրապետության տակ չէ, այլ՝ Շնորհի, որը մենք ստացանք Աստծո սիրո արդյունքում, «քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց» (Հովհ. 3:16): Պողոսն ասում է. «Արդարև, Աստված Ինքն էր, որ Քրիստոսով աշխարհը հաշտեցրեց Իր հետ և հաշվի չառավ նրանց մեղքերը ու մեզ տվեց հաշտության խոսք» (Բ Կորնթ. 5։19):
Եբրայեցիներին ուղղված թղթում, մեջբերելով Երեմիայի մարգարեության 31:31 համարը, Պողոս առաքյալն անում է մի հանճարեղ եզրահանգում. «Արդ, Նոր ուխտի մասին խոսելով՝ նա հին դարձրեց առաջինը. իսկ այն, ինչ հնանում է և ծերանում, մոտ է անհետանալուն» (Եբր. 8:13)։ Հենց Երեմիայի այս հատվածն է այն բանի ապացույցը, որ քրիստոնեությունը ոչ թե նոր կրոն է, այլ հնագույն խոստման իրականացումը։ Հինը «ծերացել է» և «մոտ է անհետանալուն», որովհետև եկել է Կատարյալը՝ Քրիստոսի վարդապետությունը։
Քրիստոնեության գալուստով նախկին կրոնական համակարգը՝ Հին ուխտը, կորցրեց իր ուժը։ Այլևս կարիք չկա կենդանիներ զոհաբերելու մեղքերի համար, Աստծո հետ հարաբերվելու համար միջնորդներ պետք չեն, մեղքերն այլևս չեն ծածկվում, որովհետև Քրիստոս մեկընդմիշտ զոհաբերվեց, և Աստված հաշտվեց մարդու հետ։ Մահից առաջ մեր Տերն ասաց՝ Կատարվեց: Հիսուս կատարեց Իր առաքելությունը՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերն ու բացելով դեպի Աստված տանող ճանապարհը։
Երեմիա մարգարեի տեսլականն այսօր էլ արդիական է յուրաքանչյուր մարդու համար։ Շատ հաճախ մենք փորձում ենք մեր հոգևոր կյանքը կառուցել «Հին ուխտի» սկզբունքներով՝ արտաքին կանոններ, ձևական պարտականություններ և վախ։ Սակայն Աստված հրավիրում է մեզ «Նոր ուխտի» իրականություն, Աստված ուզում է հանել մեր միջից «քարե սիրտը» և տալ մեզ «մարմնեղեն՝ կենդանի սիրտ», որն ունակ է սիրելու, ներելու և ապրելու Աստծո ներկայության մեջ, որտեղ Օրենքը սերն է, Տաճարը՝ մարդու սիրտը, իսկ Քահանայապետը՝ Ինքը Քրիստոս։
Շահեն ԽԱՉԱՏՐՅԱՆ, ե. գ. թ.