Երանի՛ նրանց, որ հալածվում են արդարության համար
Արդարության և հավատքի համար հալածանքը քրիստոնեության անբաժանելի մասն է: Քրիստոնյաների դեմ սոսկալի հալածանքները չեն մնացել Վաղ Եկեղեցու պատմության էջերում, մինչև այժմ էլ ցանկացած ճշմարիտ քրիստոնյա ենթարկվում է հալածանքի ու նեղության, քանի որ իր հայացքը մշտապես ուղղում է Արդարության Արեգակին: Լեռան քարոզում Հիսուս Քրիստոս երանության է արժանացնում նրանց, ովքեր հալածվում են արդարության համար և ավելացնում, որ այդպիսիներինն է Երկնքի Արքայությունը: Արդարության համար հալածվողները նրանք են, ովքեր ապրում են Աստծու արդարությամբ՝ հավատքով: Հին Ուխտում արդարությունը դրսևորվում էր Աստծու խոսքին ու պատվիրաններին հավատարմությամբ: Նոր Ուխտում արդարությամբ ընթացողը նա է, ով Քրիստոսի անունով մկրտված է և հավատքով մշտապես քայլում է Նրա հետ՝ իր առջև ունենալով Խաչյալ Փրկչին: Առաջին յոթ երանությունները մատնանշում են մարդու առաքինությունները՝ հոգով աղքատություն, սգավորություն, հեզություն, արդարության քաղց ու ծարավ, ողորմածություն, սրտով մաքրություն, խաղաղարարություն: Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է ապրի՝ համաձայն այս առաքինությունների, որով և կարող ենք մատնանշել նրա արդարությունը։
Հարց կարող է առաջանալ, թե ինչու են հալածվում առաքինություններով և բարի գործերով զարդարված մարդիկ: Այս հարցի լավագույն պատասխանը գտնում ենք Ավետարանում: Արդարության համար հալածանքի լավագույն օրինակը Քրիստոսի խաչելությունն է: Նա էր մեծագույն Արդարը: Խաչյալ Քրիստոսն է ճշմարիտ հալածյալը, Որին խաչեցին Գողգոթայում, քանի որ «….Լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետև իրենց գործերը չար էին. որովհետև ով չարիք է գործում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի նրա գործերը իր երեսովը չտան» (Հովհ. Գ 19—20): Քրիստոսի՝ Արդարության Լույսի մասին Խրիմյան Հայրիկը գրում է. «Արդարությունը ոչ այլ ոք էր, եթե ոչ Նա, Ով իջավ երկնքից: Այդ Արդարությունը Լույս էր. խավարը տեսավ Նրան և սկսեց հալածել: Հերովդեսն այդ Արդարությունը հալածեց՝ մինչև Եգիպտոս տարագրելով, դպիրներն ու փարիսեցիները Նրան հալածեցին մինչև Գողգոթայի բարձունքը: Խաչի վրա մեռնող Աստծու արդարության համար հալածվեցին Ավետարանի ճշմարտության բոլոր քարոզիչները, սակայն հալածանքն անկարող եղավ կարճելու այդ հալածյալների ազատախոս լեզուները, որքան էլ որ հալածիչները փափագում էին մահվամբ երկրի երեսից վերացնել արդարության կենդանի վկաներին: Եկեղեցու անթիվ անհամար զավակները Տիրոջ նմանողությամբ և անմռունչ գառան պես աշխարհի անզգամների ձեռքով սպանդի տարվեցին: Այո՛, Եկեղեցու կյանքը հալածանք է ենթադրում, Եկեղեցու զավակների երջանկությունը՝ չարչարանք» (Խրիմյան Հայրիկ, Երկնքի Արքայության մարգարիտը, Երևան, 2023, էջ 23):
Հիսուսին հետևելը հավասարազոր է արդար կյանքով ապրելուն: Սակայն Պողոս առաքյալը գրում է. «Եվ բոլոր նրանք, որ ուզում են աստվածպաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, հալածանքների մեջ պիտի լինեն» (Բ Տիմ. Գ 12): Ովքեր ապրում են աստվածպաշտությամբ և հալածվում են Քրիստոսին հետևելու համար, նրանք կարող են համարվել երանության արժանի: Հովհաննեսի Ավետարանում Տերն Իր առաքյալներին հալածանքների ու դժվարությունների մասին նախապես հայտնում է. «Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացեք, որ նախ ինձ է ատել: Եթե այս աշխարհից լինեիք, աշխարհն արդեն, որպես իրենը, ձեզ սիրած կլիներ. բայց որովհետև այս աշխարհից չեք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է» (Հովհ. ԺԵ 18—19): Աստծու որդիները հալածանքների են ենթարկվում, քանի որ իրենց հույսն Աստված է, և ընթանում են՝ համաձայն աստվածախոս Սուրբ Ավետարանի: Եվ վերջապես՝ միայն արդարները կարող են արդարության համար հալածվել, և միայն Քրիստոսի ճշմարիտ աշակերտները կարող են Նրա համար նախատվել:
Սուրբ Ներսես Շնորհալին այս երանին մեկնում է հետևյալ կերպ. «….Այս խոսքը նախ վերաբերում է հավատքի վկաներին, որոնք հալածվեցին չարերից, և ապա՝ բոլոր բարեպաշտներին, որոնք հալածվում են ամբարիշտների կողմից…. և հիրավի՛ երանելի են այսպես հալածվողները, որովհետև չարից հալածվելով՝ հասան բարուն, ինչպես որ Հովսեփի հանդեպ նրա եղբայրների դավաճանությունը նրա թագավորելու պատճառ դարձավ: Այդպես էլ վկաները, չնայած կրած առժամանակյա ցավերին, Արքայության հույսով դյուրավ էին մարտնչում: Այդ պատճառով էլ ուրախանում էր մեծ Ստեփանոսը՝ ամեն կողմից քարկոծվելով, առաքյալները ուրախությամբ էին վերադառնում ատյանից և բազմօրինակ տանջանքները խնդությամբ էին ընդունում» (տե՛ս Սուրբ Ներսես Շնորհալի, Մեկնություն Մատթեոսի Ավետարանի, Ս. Էջմիածին, 2008, էջ 252—253):
Հալածանքները նաև ունենում են իրենց բարեբեր ազդեցությունը. հալածանքը փորձաքար է: Ձգտել առաքինության և հասնել դրան դեռ բավական չէ, պետք է նաև պահել այն, բայց դրա համար պետք է համոզված լինել, որ իրապես անկորուսանելի առաքինություն է, որի համար արժե հալածանքների ենթարկվել և նեղություններ կրել: Եվ երբ հալածվում ենք, ավելի ու ավելի ենք համոզվում, որ այդ առաքինությունը մեր հարստությունն է: Հալածողը հենց դրա համար է իր նետերն ուղղում մեզ վրա, որպեսզի հեռացնի, դուրս մղի մեր հոգուց: Դիմանալով հալածանքներին՝ առաքինությունները մաքրվում և զտվում են, ինչպես մետաղը՝ կրակի մեջ: Ինչպես Շնորհալի Հայրապետն է գրում. «Արքայության պտղի ծաղիկը նեղությունն է. եթե կամենում ենք պտուղը քաղել, նախ ծաղիկը հավաքենք. այստեղ հալածվենք, որպեսզի հասնենք վերին կոչմանը» (տե՛ս Սուրբ Ներսես Շնորհալի, էջ 253):
Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը գրում է, որ արդարության համար հալածվողները նրանք են, ովքեր ոչ միայն իրենք են բարիք գործում և ճշմարտության հետևում, այլ նաև հակառակության թիրախ են դառնում (Մաղաքիա արք. Օրմանյան, Համապատում, Ս. Էջմիածին, 1997, էջ 159):
Երանի կլինեն նաև նրանք, ովքեր զրպարտվում են արդար գործերի համար և ուրախությամբ ու գոհությամբ, առանց տրտունջի՝ համբերում են իրենց բաժին հասած նեղությանն ու հալածանքին: Սուրբ առաքյալները Քրիստոսի Ավետարանը քարոզելու, մարդկանց՝ խավարից դեպի լույսն առաջնորդելու ճանապարհին ենթարկվեցին անասելի հալածանքների, մինչև իսկ նահատակության անթառամ պսակին արժանացան: Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները, Հայաստան գալով, քրիստոնեական հավատի առաջին սերմերը գցեցին հայոց հողին, և նրանց արյունը հեղվեց նույն այդ հողին: Շուրջ երեք դար անց Աստծու Միածին Որդին իջավ Արարատյան դաշտ և ոսկե մուրճով հարվածելով՝ հաստատեց Իր Սուրբ Եկեղեցին: Հայոց աշխարհում քրիստոնեության դեմ հալածանքները շարունակվեցին, և միայն սուրբ նահատակների քաջությամբ ու արյամբ հնարավոր դարձան հարատևումն ու պայծառությունը մեր Սուրբ Եկեղեցու:
Շատերն էլ հալածանքների են ենթարկվում և կարծում են՝ արդարության համար է իրենց հալածանքը: Սակայն նրանք հալածվում են իրենց ամբարտավանության համար, քան թե հեզության, իրենց դաժանության և խստության, քան ողորմածության համար, իրենց անսրբության, քան սրտի մաքրության համար, իրենց կռվարար և խռովահույզ վարքի, քան խաղաղակյաց և խաղաղարար լինելու համար: Այսպիսիները մաս և բաժին չեն կարող ունենալ Երկնքի Արքայության:
Լինել արդարության կողքին նշանակում է լինել Քրիստոսի Սուրբ Եկեղեցու անդամ և պատրաստ լինել մշտապես ամեն տեսակ հալածանքների, որոնց վարձատրությունն է Երկնքի Արքայությունը։
Արամայիս սրկ. ԱԶԻԶՅԱՆ
Մարիամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ