Ինչո՞ւ համախմբվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ
07.10.2026
1 Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջը համախմբումը կանխում է Եկեղեցու մասնատումը փոքր խմբավորումների, պաշպանություն է ընդդեմ պառակտման ու հերձվածի, որոնք կործանարար են հավատացյալների համար։
2 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ազգի միասնության տեսանելի առանցքն է, և այդ միասնությունը հիմնված է ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍՈՎ, ԻՐ ՄԱՐՄՆԻ՝ Մայր Եկեղեցու մեջ։
3 Ամենայն Հայոց Կաթողիկոսի իշխանությունը կամայական իշխանություն չէ. առաքելական շնորհի փոխանցելիությունն ավանդված է ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻՑ՝ անընդմեջ շղթայով։ Կաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել առաքելական ավանդությունը, մեր առաքելահիմն Սուրբ Եկեղեցին, ուր գործում է Աստծո Սուրբ Հոգին։
4 Եկեղեցու նվիրապետությունն աստվածային կարգ է։ Աստված տիեզերքում հաստատել է կարգ ու կանոն։ Եկեղեցու կառուցվածքը երկնային նվիրապետության (հիերարխիայի) արտացոլումն է երկրի վրա։
5 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեր հոգևոր հայրն է և Եկեղեցու հայրապետն ու առաջնորդը։ Ինչպես անվերապահորեն պատվում ենք ծնողին՝ չնայած նրա մարդկային տկարություններին, այնպես էլ անվերապահորեն պատվում և հարգում ենք Ամենայն Հայոց Հայրապետի կաթողիկոսական աստիճանը՝ անկախ անձի նկատմամբ նախասիրությունից: Աստված է պատվիրում. «Պատուի՛ր քո հօրն.... որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ երկար ապրես այն երկրի վրայ, որ քո Տէր Աստուածը տալու է քեզ» (Բ Օր. 5:16):
6 Հոգևոր առաջնորդին հնազանդվելը մեծ առաքինություն է։ Առաքյալի հորդորն է. «Լսեցէ՛ք ձեր առաջնորդներին եւ հնազանդուեցէ՛ք նրանց» (Եբր. 13:7):
7 Եկեղեցական նվիրապետությանը հնազանդվելը ոչ թե կապանքներ ու ստրկություն է, այլ խոնարհություն, հեզություն և հպարտության ու եսակենտրոնության հաղթահարման ճանապարհ։ Միայն հնազանդություն և խոնարհություն ունենալու պարագայում են ներգործում Եկեղեցու մեջ ներկա Սուրբ Հոգին և առաքելական շնորհը: Քրիստոս Ինքն ասաց. «Սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ» (Մատթ. 11:29):
8 Եթե մենք չպաշտպանենք մեր Եկեղեցին, նշանակում է՝ մենք համաձայն ենք պառակտումներին ու հերձվածին, համաձայն ենք, որ մեր առաքելական և ուղղափառ հավատքի ճշմարտությունները ենթարկվեն խիստ աղավաղման, մեզ հեռացնեն մեր ուղղափառ հավատքից ու կորստյան տանեն մեր հոգիները։ Առաքելական և Ընդհանրական Եկեղեցին այն միջավայրն է, որտեղ Աստծո Սուրբ Հոգին պահպանում է հավատքի անխաթար դավանությունը։
9 ՔՐԻՍՏՈՍԻ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է. Տեր Հիսուսը խոստացել է, որ դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն (Մատթ. 16:17)։ Հետևաբար, Եկեղեցու պաշտպանության կողմնակից լինելը նշանակում է լինել հաղթող կողմում։ Իսկ Եկեղեցու դռները կոտրելը տանելու է կորստյան։
10 Հիշե՛ք, որ Եկեղեցին սրբերի թանգարան չէ, այլ մեղավորների հոգևոր հիվանդանոց։ Եկեղեցու պաշտպանությունն անհրաժեշտ է, քանի որ այն միակ վայրն է, որտեղ մարդու հոգին բուժվում է մեղքից սուրբ խորհուրդների միջոցով։
11 Եկեղեցու սուրբ հայրերը սովորեցնում են, որ հովվապետներին քննադատելու փոխարեն պետք է աղոթել նրանց համար, քանի որ նրանց պատասխանատվությունն ահռելի է. «Նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիւ են տալու ձեր փոխարէն» (Եբր. 13:7): Հետևաբար, Ամենայն Հայոց Կաթողիկոսի համար մշտապես աղոթելը շատ զորավոր ու անհրաժեշտ օգնություն է Հայրապետի և Եկեղեցու միության համար։
12 Որպես Աստծո օծյալ՝ կաթողիկոսը թե՛ պետական, թե՛ աշխարհական, թե՛ մի խումբ հոգևորական մարդկանց համար անձեռնմխելի անձ է: Ո՛չ աշխարհական կառույցները, ո՛չ առանձին հոգևորականների խմբավորումները չեն կարող հանգստի ուղարկել կամ կարգալույծ հռչակել կաթողիկոսին: Հանգստի ուղարկելու բոլոր կոչերը շինծու են, դավադիր, տիրադավ և չեն բխում մեր Եկեղեցու որևէ կանոնից:
Աստծո օծյալը
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվել է 1999 թ.՝ Ազգային-եկեղեցական ժողովի կողմից, ձայների բացարձակ մեծամասնությանբ՝ 276 ձայն (մյուս թեկնածուն՝ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը, ստացել է 163 ձայն): Կաթողիկոսի օծումը կատարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ 12 եպիսկոպոսների կողմից, որոնք, ըստ եկեղեցական կարգի և ավանդության, խորհրդանշում են Քրիստոսի 12 առաքյալներին։
Գարեգին Բ Վեհափառի օծմանը մասնակցել և նրան ձեռնադրել են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքը, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքը, ինչպես նաև Մայր Աթոռի և նվիրապետական մյուս Աթոռների բարձրաստիճան հոգևորականներ: Դա խորհրդանշում էր Հայ Եկեղեցու միասնականությունը և բոլոր նվիրապետական աթոռների համախոհությունը:
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեր նորագույն պատմության մեջ ամենալեգիտիմ կաթողիկոսներից է:
Բոլոր չարախոսներին. «Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային. կանգնած լինի, թէ ընկած՝ իր տիրոջ համար է. բայց նա կը կանգնի, որովհետև կարո՛ղ է Տէրը նրան կանգուն պահել» (Հռոմ. 14:4):
Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ