Զղջումը՝ վերաբերմո՞ւնք, թե՞ գործողություն
Զղջումը Նոր Կտակարանի կենտրոնական և հիմնարար թեմաներից է, որն առաջին անգամ սահմանվել և պատկերվել է Հին Կտակարանում։ Մովսեսի և մարգարեների ուսմունքների միջոցով հաստատվելուց հետո զղջման վարդապետությունը դառնում է Հովհաննես Մկրտչի և, ի վերջո, Հիսուս Քրիստոսի ծառայության հիմքը։ Քրիստոնեական հավատքի հիմնական վարդապետությունը սովորեցնում է, որ Աստված Իր սիրով և շնորհով պատրաստակամ է ներելու նրանց, ովքեր զղջում են իրենց մեղքերի համար՝ դիմելով Նրան՝ որպես Տիրոջ և Փրկչի։ Հետևաբար՝ զղջման հստակ ըմբռնումը, որին հաջորդում է համապատասխան գործողությունը՝ քավչարար հատուցումը, փրկության գործընթացի անհրաժեշտ բաղադրիչ է։ Այն կարող է լինել հավիտենական կյանքի և մահվան միջև առանցքային տարբերակիչ։
Մարդն արդարության որոնման մեջ տարբեր ձևերով ձգտել է արժանի դառնալու փրկարար հարաբերությունների Կատարյալ և Սուրբ Աստծո հետ (Հռոմ. 3։23), սակայն ձախողվել է այդ բոլոր փորձերում։ Աստված, մեղքի դատապարտության անսահման անդունդը հաղթահարելով, տրամադրել է այնպիսի ճանապարհ, որ մարդը, միայն Հիսուս Քրիստոսին հավատալով, կարողանա փրկվել։ Աստծո՝ մեզ տրված հրամանը հստակ է, ինչպես Հիսուս է հրահանգում. «Եթե չապաշխարեք, բոլորդ էլ այդպես կկորչեք» (Ղուկ. 3։13): Այնուհետև Հիսուսը կրկնում է այս հայտարարությունը՝ դրան տալով էլ ավելի ուժեղ շեշտադրում (տե՛ս Ղուկ. 3։15)։ Զղջումն ընտրողական մոտեցմամբ չի իրագործվում։ Անհրաժեշտ է, որ մարդը ցուցաբերի զղջման ճիշտ ձևը՝ Աստծո շնորհով ներում և արդարացում ստանալու համար։ Ուրեմն՝ զղջման սահմանման, բնույթի և կիրառման հասկացողությունը կենսական նշանակություն ունի թե՛ ավետարանչի, թե՛ փրկություն փնտրող նորադարձի համար։ Որքան էլ կարևոր է այս պատվիրանը, զղջման հասկացության մեծ շփոթություն, սխալ մեկնաբանություն և անհամապատասխանություններ են հայտնաբերվում քրիստոնեական տարբեր վարդապետություններ համեմատելիս։
Վարդապետական տարբեր դիրքորոշումներ սահմանում և նկարագրում են զղջման բազմաթիվ կիրառություններ, որոնք գործածվում են թե՛ մարդու, թե՛ Աստծո նկատմամբ։ Դիտարկենք Աստվածաշնչում առկա «զղջալ» բառի առաջին կիրառություններից մի քանիսը. «Եվ Տերը ետ կանգնեց այն չարիքից, որ ասել էր, թե պիտի աներ իր ժողովրդին» (Ելք 32։14)։ Այս համարը բավականին քննարկումներ է առաջացնում, երբ համեմատում ենք սուրբգրային մեկ այլ համարի հետ, որտեղ ասվում է. «Աստված մարդ չէ, որ ստի, և ոչ էլ մարդու որդի, որ զղջա»։ Տրամաբանական խոր վերլուծություն պետք չէ՝ տեսնելու Աստծո զղջման մասին երկու կիրառությունների միջև առկա հակասությունը։ Այս հակադրության լուծումը թաքնված է զղջումը նկարագրող բնօրինակ բառերում։
Մարդ կարող է ավելի լավ հասկանալ զղջման իրական իմաստը, երբ ծանոթ է բառի ստուգաբանությունը։ Ինչպես Աստվածաշնչի շատ բառեր, «զղջալ» բառը նույնպես օգտագործվում է՝ մեկից ավելի բնօրինակային բառերի թարգմանության համար։ Այդ բնօրինակ բառերն ունեն բավականին տարբեր իմաստներ։ Օրինակ՝ Հին Կտակարանում եբրայերեն երկու բայ, որ թարգմանվում են որպես «զղջալ», կարող են տառադարձվել «շուվ(բ)» և «նախամ» ձևերով: «Նախամ» բառն ուղիղ իմաստով նշանակում է ուժեղ հառաչել կամ շնչել և ենթադրաբար՝ ափսոսալ, կարեկցել, արտահայտել խոր ափսոսանք կամ վիշտ։ Սա այն բառն է, որ օգտագործվում է, երբ Աստված նկարագրվում է որպես զղջմամբ վերաբերմունք ցուցաբերող։ Աստծո զղջումը մարդկային իրավիճակներին Աստծո արձագանքի՝ Հին Կտակարանի նկարագրությունն է։ Աստվածաշնչում արտահայտությունն օգտագործվում է այն իմաստով, որ Աստծուն վշտացնում են մարդկանց մեղքերը։ Այս բառը Հին Կտակարանում կիրառվում է 110 անգամ՝ գործածվելով Աստծո և մարդու կողմից արտահայտված վերաբերմունքի կամ հույզի վերաբերյալ։ Ծննդոց 6։6-ում եբրայերեն նույն բառը թարգմանվում է «վշտացած»՝ արտահայտելով Աստծո արձագանքը մարդկային մեղքին։ Ծննդոց 24։67 և 27։42 համարներում բառը կիրարկվում է՝ Իսահակի մխիթարության զգացումը նշելու համար։ Այս բառի հիմնական բնութագիրը հստակ է. «նախամ»-ը վերաբերմունք է։
«Նախամ» բառի օգտագործումը, որը հաճախ թարգմանվում է որպես «ապաշխարել», կտրուկ հակադրվում է նմանատիպ կիրառություն ունեցող մեկ այլ եբրայերեն բառի՝ «շուվ»-ին։ «Շուվ»-ը Հին Կտակարանում գործածվում է 1339 անգամ։ Մենք այս բառն առաջին անգամ տեսնում ենք Ծննդոց 3։19-ում, որտեղ այն վերաբերում է Ադամի՝ մահվանից հետո հողին վերադառնալուն։ Ծննդոց 8։3-ում նույն բառը վերաբերում է ջրհեղեղից հետո երկրի նոսրացած ջրերին։ «Շուվ»-ը բառացիորեն նշանակում է վերադառնալ սկզբնակետին։ Այն հետևողականորեն ենթադրում է շրջվելու գործողություն։ Այս բառի հիմնական բնութագրիչներից մեկը հստակ է. «շուվ»-ը գործողություն է, և այդ գործողությունը շրջվելն է։
Սահմանման այս երկատվածությունը առաջ է քաշում խոր աստվածաբանական հարց։ Երկնքի արքայություն մտնելու համար մեղավորը պետք է ցուցաբերի ճիշտ վերաբերմո՞ւնք, թե՞ մեղավորը պետք է արձագանքի ճիշտ գործողությամբ՝ շրջվելով և գնալով այլ ուղղությամբ։ Աստծո վերաբերյալ բառերի օգտագործման համեմատությունը ցույց է տալիս, որ Աստված արտահայտում է վշտի և մխիթարության (նախամ) զգացողություններ, բայց չի շրջվում կամ չի վերադառնում Իրեն (շուվ)։ Սա համապատասխանում է Աստծո կողմից ընդունված անփոփոխության հատկանիշին, մի ուսմունքի, որն զգալիորեն կխարխլվեր, եթե Աստծո զղջումը լիներ ուղղության փոփոխության գործողություն։ Երբ այս բառերը կիրառվում են մարդու և Աստծո միջև հարաբերությունների վերաբերյալ, բառերի օգտագործումը դառնում է ավելի տրամաբանված և հետևողական։ «Շուվ» բառն օգտագործվում է մեղքից հեռանալու և Աստծուն վերադառնալու գործողությունը նկարագրելու համար։ Այս գաղափարը մի քանի անգամ կրկնվում է Բ Մնացորդաց գրքի վեցերորդ և յոթերորդ գլուխներում՝ գագաթնակետին հասնելով հետևյալ հայտնի համարում. «Եվ եթե Իմ ժողովուրդը, որի վրա Իմ անունն է դրված, խոնարհվի, աղոթի, Իմ երեսը փնտրի ու ետ դառնա (շուվ) իր չար ճանապարհներից, այն ժամանակ Ես երկնքից կլսեմ, կներեմ նրա մեղքը և կբժշկեմ նրա երկիրը» (Բ Մնաց. 7։14)։ Աստված հայտարարում է՝ անհրաժեշտ է, որ մարդիկ դառնան իրենց չար ճանապարհներից։ Միայն վշտի զգացումը բավարար չէ. մենք պետք է նաև դառնանք դեպի Աստված՝ թողնելով այն մեղքը, որ պատճառել է վիշտ։
Նույն երկիմաստությունը գտնում ենք՝ «ապաշխարել» բառի տիրույթը քննելով նորկտակարանյան հատվածներում։ Նոր Կտակարանում ապաշխարության գործողությունը նկարագրելու համար օգտագործվող հունարեն երկու բայերը տառադարձվում են այսպես՝ մետանոեո (հուն.՝ μετανοέω) և մետամելոմայ (հուն.՝ μεταμέλομαι)։ Ինչպես Հին Կտակարանի համապատասխան եբրայերեն բառերը, այս երկու բառերը նույնպես առնչվում են վերաբերմունքին և գործողությանը։ «Մետամելոմայ» բառը վերաբերում է մեղքի նկատմամբ զգացմունքային դրսևորումին. մեղավորն ունի այլ վերաբերմունք, այլ զգացողություն մեղքի նկատմամբ։ Բառը վեց անգամ օգտագործվում է Նոր Կտակարանի հինգ համարներում, և չնայած հաճախ թարգմանվում է որպես «ապաշխարել», միշտ օգտագործվում է՝ նկարագրելու մտքի փոփոխությունը որևէ խնդրի նկատմամբ կամ զղջման մի ձև։ Այն երբեք չի օգտագործվում փրկության ուղղությամբ քայլի համատեքստում։ Մյուս կողմից, «մետանոեո»-ն վերաբերում է մեղքի նկատմամբ մտքի, սրտի շրջադարձին կամ փոփոխությանը։ Այդ դեպքում մեղավորը որոշում է թողնել իր մեղքը և վերադառնալ Աստծուն։ Նոր Կտակարանում կա ոչ պակաս, քան 34 օրինակ, որ ցույց են տալիս սա։
Այս խոսքերի կիրառման լավ համեմատություն կարելի է գտնել կորնթացիներին ուղղված Բ թղթում. «Բայց խոնարհներին մխիթարող Աստվածը Տիտոսի գալուստով մեզ մխիթարեց. ոչ միայն նրա գալստյամբ, այլև այն մխիթարությամբ, որով նա ձեր մեջ մխիթարվել էր։ Երբ նա մեզ պատմեց ձեր սրտի փափագի՝ ձեր լացի (լյուպեո) և իմ հանդեպ ձեր ունեցած նախանձախնդրության մասին, ես ավելի ուրախացա. թեև ձեզ այն նամակով տրտմեցրի (լյուպեո), չեմ զղջում (չնայած որ զղջացել էի) (մետամելոմայ), որովհետև տեսնում եմ, որ այդ նամակը մի կարճ ժամանակ է ձեզ տրտմեցրել (լյուպեո)։ Հիմա ուրախ եմ ոչ թե նրա համար, որ տրտմեցիք (լյուպեո), այլ որովհետև տրտմեցիք (լյուպեո) ապաշխարության (մետանոյա) համար, որովհետև դուք ըստ Աստծու ուզածի տրտմեցիք (լյուպեո), որպեսզի մեզանից ոչնչով վնաս չկրեք։ Որովհետև ըստ Աստծու ուզածի տրտմությունը (լյուպեո) ապաշխարություն (մետանոյա) է առաջ բերում փրկության համար, որի համար զղջալ պետք չէ, բայց աշխարհի տրտմությունը (լյուպեո) մահ է բերում» (7:6—10):
Այս համարներում հունարեն «լյուպեո» (հուն.՝ λυπέω) բառի բազմակի օգտագործումը նկարագրում է այնպիսի վիշտ, որը կարող է առաջանալ կա՛մ մեղքով պայմանավորված (աշխարհիկ վիշտ), կա՛մ մարդու՝ Աստծո կամքից դուրս լինելու համոզմունքով (աստվածային վիշտ): Չնայած ողջամիտ է, որ վիշտը պետք է նախորդի զղջմանը, վիշտն ինքնին, նույնիսկ երբ ուղեկցվում է ափսոսանքով (մետամելոմայ), չունի փրկելու զորություն:
Եթե աստվածաբանելիս հենվենք միայն հայերեն թարգմանությունների վրա, կարող է առաջանալ փոխզիջումային և շփոթեցնող ուսմունք։ Ապաշխարությունն այնուհետև կստանա մի սահմանում, որը կշեշտի աստվածային գործերին հաջորդող վիշտը, այլ ոչ թե անհրաժեշտ աստվածային գործը՝ մեղքից դեպի ներող Աստծուն դառնալը։ Կղեմես Հռոմեացին, որ վաղ առաքելական հայրերից է, նկարագրել է զղջման հաջորդականությունը որպես՝ (1) մեղքի համար զղջում, (2) խոստովանություն, (3) ուղղում և (4) զղջման գործեր։ Սա հանգեցնում է գործերի վրա հիմնված զղջման փորձուսման, համաձայն որի՝ զղջացող մեղավորը «կամավոր» ենթարկվում է պատժի (զղջման). «ապաշխարության արժանի արդյո՛ւնք տվեք» (Մատթ. 3։8): Նման պատիժը կարող է լինել ամեն ինչ՝ աղոթքների կրկնվող արտասանությունից մինչև եկեղեցու կամ համայնքի համար անձնվեր ծառայություններ կատարելը։ Այդ նպատակով կաթոլիկ աշխարհում տարածված է վարդարանը՝ ուլունքների շղթան, որը մինչ օրս օգտագործվում է որպես հաշվելու միջոց՝ որոշելու աղոթքի՝ ճիշտ քանակությամբ կրկնվելու թիվը։ Պատմության որոշ ժամանակահատվածներում ինքնախարազանումով ուղեկցվող զղջումը երբեմն ներառում էր ֆիզիկական բռնություն և խոշտանգումներ։
Ինքնախարազանման վրա հիմնված զղջումը հակված է շեշտը դնելու մեղքերի թողության համար պատժի փորձուսման, այլ ոչ թե մեղքի նկատմամբ կյանքը փոխող արձագանքի վրա, որը Հիսուս նկարագրում է, երբ ասում է. «Ո՛չ, ասում եմ ձեզ. բայց եթե չզղջաք (մետանոյա), բոլորդ էլ նույնպես կկորչեք» (Ղուկ. 13։3)։ Պատժի վրա հիմնված զղջման պատճառով «մարդիկ կորցրել են իրենց բարոյական հեռանկարը թե՛ բողոքական, թե՛ կաթոլիկ համայնքներում։ Մեղքը դարձել է ավելի շատ գործողությունների, քան վերաբերմունքի հարց» (տե՛ս Chamberlain, W.D. (1943). The Meaning of Repentance. Philadelphia, PA: Westminster Press. էջ 22): Ժան Կալվինը կտրուկ արձագանքել է այդ ամենին՝ գրելով. «Նախևառաջ, նրանց տված զղջման սահմանումը հստակ ցույց է տալիս, որ նրանք երբեք չեն հասկացել, թե ինչ է դա, քանի որ նրանք վերցնում են հայրերի գրվածքների որոշ հատվածներ, որոնք ոչ մի կերպ չեն արտահայտում զղջման բնույթը, քանի որ «զղջալը նշանակում է լաց լինել նախկինում գործված մեղքերի համար և չգործել մեղքեր, որոնց համար լաց կլինես»։ Կրկին՝ «դա նշանակում է ողբալ անցյալի չարիքների համար, և չգործել նորերը, որոնց համար կողբաս», «այն մի տեսակ սգացող վրեժխնդրություն է՝ մեր մեջ պատժելով այն, ինչը գործելու համար մենք ողբում ենք»։ Դարձյալ՝ «դա սրտի վիշտ և հոգու դառնություն է այն չարիքների պատճառով, որոնք մարդը գործել է կամ որոնց համաձայնել է»» (տե՛ս Calvin, John (1936). Institutes of the Christian Religion. III, IV. I.)։
Ինքնախարազանումը զղջում չէ։ Զղջումը մարդու կողմից իր մեղքերը քավելու փորձ է։ Աստվածաշնչյան ուսմունքը, երբ համապատասխանում է բնօրինակ գրություններին, ցույց է տալիս, որ միայն Հիսուսի՝ խաչի վրա մահը կարող է ապահովել նման քավություն։
Մեր կատարած ոչ մի գործ երբեք բավարար չի լինի մեզ արդարացնելու համար։ Բացի այդ՝ Աստծո Խոսքը չի ներառում պահանջ, որ մարդը նախ պետք է ձգտի քավել իր կամ ուրիշի դեմ կատարված մեղքը։ Հովհաննես Մկրտիչը չի աղաղակել. «Պատժե՛ք ձեզ, որովհետև Աստծո արքայությունը մոտեցել է»։ Մեր Տեր Հիսուս չի ասել. «Պատժե՛ք ձեզ և հավատացե՛ք Ավետարանին» և «եթե պատժե՛ք ձեզ, բոլորդ էլ նույնպես կկորչեք»։ Պետրոս առաքյալը Հոգեգալստյան ժամանակ անհանգիստ ամբոխին չասաց. «Պատժե՛ք ձեզ և դարձի եկեք»։ Սուրբ Պողոսը Աթենքի ժողովրդին չհայտարարեց, որ «Աստված բոլոր մարդկանց ամենուրեք պատվիրում է պատժել իրենց»՝ հաշվի առնելով գալիք դատաստանի օրը։ Ոչ մի հարգված հունագետ երբեք չէր մտածի բնօրինակը այդպես թարգմանելու մասին այս և շատ այլ դեպքերում։
Վերջերս շատ են տարածվում այնպիսի ուսմունքներ, որոնք սովորեցնում են, որ մեր բարի գործերով կարող ենք քավել մեր մեղքերը։ Պատժի վրա հիմնված ապաշխարության ուսմունքը դեռևս գոյատևում է՝ չնայած բարեփոխիչների աշխատանքներին։ Լյութերը, Ցվինգլին, Ուեսլին, Կալվինը և ուրիշներ հասկացան եբրայերեն և հունարեն բնօրինակ հասկացությունները և սկսեցին քրիստոնեական համայնքին կրթել իսկական ապաշխարության՝ կյանքը բարեփոխող արդյունքով։ Ապաշխարության ուսմունքը, որ հիմնված է եբրայերեն և հունարեն բնօրինակների վրա, առաջացնում է արձագանք, որը հստակորեն ներառում է մեղքից Աստծո կողմը շրջվելը։ Հին Կտակարանի ողջ մատյանում Աստված կոչ է անում մարդուն ապաշխարել, դառնալ իր չար ճանապարհներից, վերադառնալ Իրեն։ Ապաշխարության կոչը Նոր Կտակարանում սկսվում է Հովհաննես Մկրտչի ծառայությամբ (տե՛ս Մատթ. 3)։
Մարգարեների և Նոր Կտակարանի միջև ուղիղ կապը գտնվում է Հովհաննես Մկրտչի կերպարում։ Հայտնվելով անապատում՝ նա, ինչպես մարգարեները, կոչ արեց իր սերնդին այս արմատական դարձի մասին։ Նա մկրտեց նրանց, ովքեր, խոստովանելով իրենց մեղքերը, արձագանքեցին նրա հրավերին (տե՛ս Մարկ. 1։4—5)։ Նմանապես, նա ակնկալում էր, որ այս պարտավորությունն ստանձնածներն իրենց գործողություններով ցույց կտան իրենց սրտերում կատարված փոփոխությունը (տե՛ս Ղուկ. 3։10—14)։ Սակայն նա տարբերվում էր մարգարեներից նրանով, որ իր ապաշխարության ուղերձը սերտորեն կապված էր Մեսիայի մոտալուտ գալուստի իր սպասումի հետ (տե՛ս Ղուկ. 3։15—17, Գործք 19։4)։
Հիսուս սկսեց Իր ծառայությունը նույն կոչով, որը քարոզում էր Հովհաննես Մկրտիչը։ Մեսիան եկավ՝ քարոզելով զղջման լուրը (տե՛ս Մարկ. 1։15): Ընդգծելով, որ բոլոր մարդիկ պետք է զղջան (տե՛ս Ղուկ. 13։1—5), Հիսուս կոչ արեց Իր հետևորդներին՝ դառնալու երեխաների նման (տե՛ս Մատթ. 18։3): Նա սահմանեց Իր ծառայությունը՝ մեղավորներին զղջման կոչ անելով (տե՛ս Ղուկ. 5։32): Ավելին, Նա ցույց տվեց զղջման Իր հասկացողությունը հոր մոտ վերադարձող անառակ որդու առակով (տե՛ս Ղուկ.15։11—32): Ինչպես Հովհաննեսը, Նա պնդում էր՝ կյանքը, որ փոխվել էր, ակնհայտ էր այն «պտղից», որն այն տվել է (տե՛ս Ղուկ. 6։20—45):
Այս դեպքերում, ինչպես Հիսուսի և առաքյալների ապաշխարության կոչերի հարյուրավոր այլ դեպքերում, օգտագործվում է հունարեն «մետանոեո» բառը։ Այս բառը միշտ վերաբերում է շրջվելուն՝ անկախ նրանից, թե թարգմանվում է «ապաշխարել», «դարձի գալ», «վերադառնալ» կամ այլ ձևերով։ Առանց բացառության՝ բառը վերաբերում է «երեսը շրջելու» գործողությանը. թողնել այն մեղքը, որը հեռացնում է Աստծուց։
Ապաշխարությունը մտքի փոփոխություն է, որը հանգեցնում է կյանքի տեսանելի փոփոխության։ Չնայած այն մոտիվացված է վերաբերմունքի փոփոխությամբ, ապաշխարությունը միշտ պահանջում է գործողություն, ուղղության փոփոխություն։ Զղջումը տարբերվում է անցյալի համար պարզապես տխրությունից։ Տխրությունը կարող է ուղեկցվել իսկական զղջմամբ, բայց երբեք չպետք է նույնացվի դրան։ Եսավը տխրում էր իր մեղքի վերջնական հետևանքների համար, բայց իրականում չէր զղջում (տե՛ս Եբր. 12։16—17): Մյուս կողմից, Աստծո կամքին համապատասխան տխրությունն առաջացնում է ափսոսանք՝ առանց զղջման (տե՛ս Բ Կորնթ. 7։10)։ Իսկական զղջման դեպքում Սուրբ Հոգին միշտ փոփոխություններ է կատարում։ Պողոսը նկարագրել է սա, երբ ասել է, որ քարոզել է հեթանոսներին այն հույսով, որ
նրանք «ապաշխարեն և դեպի Աստված դառնան՝ ապաշխարության արժանի գործեր կատարելով» (Գործք 26:20)։
Զղջումը և՛ մեղքի, և՛ Աստծո մասին մեր ամբողջ մտածելակերպի անընդհատ վերաիմաստավորումն է։ Արդյունքում ձեռք ենք բերում մեղքի ներման մասին գիտելիքներ և Աստծո հետ քայլելու մշտական գիտակցություն։ Բավարար չէ զղջում արտահայտել կամ դողալ մեղքի զգացման տակ. դևերն են այդպես դողում (տե՛ս Հակ. 2։19)։ Միայն մեղքից հեռանալով և հավատքով դեպի ներող Աստծուն դառնալով՝ կարող ենք փրկվել։ Երբ հասնում ենք Քրիստոսի՝ Տիրոջ փրկարար գիտելիքներին, հասկանում ենք, որ զղջումը մեր առօրյա կյանքի անհրաժեշտ մասն է։ Երբ մենք գործողություններ ենք անում, որոնք Աստծո կամքի տիրույթում չեն, դեռ կարող ենք ներում փնտրել խոստովանության և զղջման միջոցով՝ ընդունելով Հիսուսին՝ որպես Տիրոջ, քանի որ մեզ առաջնորդում է կենդանարար Սուրբ Հոգին։
Նարեկ սրկ. ԳԱՍՊԱՐՅԱՆ
Օֆելյա ԳԱՍՊԱՐՅԱՆ