Դավիթ արքա և Բաթշևա. մեղք և հատուցում
21.10.2026
«Նաթանն ասաց Դավթին. «Տերը ներեց քո մեղքը, և դու չես մեռնի, բայց քանի որ դրանով թշնամիներին առիթ տվեցիր Տիրոջը հայհոյելու, քեզանից ծնվելիք որդիդ պետք է մեռնի»
(Բ Թագ. 12։13—14)։
Դավթի մեղքը
Բ Թագավարաց գրքի 11-րդ և 12-րդ գլուխները Դավիթ թագավորի կյանքի ամենադժվարին ու ծանրագույն ժամանակների մասին են։ Նրա մեղքը, ի տարբերություն մյուս գործած սխալների, ավելի շատ կործանարար հետևանքներ ունեցավ։ Դավիթը դիմեց այդ քայլին՝ չգիտակցելով դրա հետևանքները, և ինչպես ցանկացած մեղքի պարագայում, այն թաքցնելու փորձն այս դեպքում էլ ավելի թանկ արժեցավ։ Ուրիայի սպանությունն ակնհայտորեն ավելի մեծ մեղք էր, քան Դավթի սիրավեպը նրա կնոջ հետ։ Մեղքից մաքրվելու լավագույն տարբերակը՝ ապաշխարությունը, որքան էլ հետաքրքրական է, հետագայում ամբողջությամբ չվերացրեց Դավթի գործած մեղքի հետևանքները։
Ամոնացիների և ասորիների դեմ պատերազմի հաջորդ տարում Դավիթը զորահրամանատար Հովաբին իր ծառաների և այլ իսրայելացիների հետ ուղարկեց՝ ամոնացիներին կոտորելու և Ռաբաթ (ներկայումս՝ Ամման՝ Հորդանանի մայրաքաղաքը) քաղաքը պաշարելու։ Չնայած այն հանգամանքին, որ Հին Մերձավոր Արևելքում պատերազմների մեկնարկը, որպես այդպիսին, հազվադեպ էր պաշտոնապես հայտարարվում, այդուհանդերձ սպասելի էր, որ ռազմական գործողությունների սկիզբը պետք է տրվի ձմեռային տեղումների ավարտից հետո։ Ասորեստանյան և բաբելոնական բազմաթիվ տարեգրքերում նշված է, որ ռազմական արշավները սովորաբար սկսվում էին տարվա կա՛մ առաջին, կա՛մ էլ երկրորդ ամսին։
Երբեմն կառավարչական գործերի ծանրաբեռնվածությամբ կամ առողջական որոշակի խնդիրներով պայմանավորված՝ թագավորներն անձամբ չէին ուղեկցում իրենց բանակը ռազմարշավների ժամանակ. այդ է հավանական պատճառներից մեկը, որ Դավիթը մնաց Երուսաղեմում, ինչը կարող է վկայել նաև Հովաբի ռազմական հմտությունների հանդեպ նրա վստահության մասին։ Հետագայում, սակայն, պարզ կդառնա, որ սա լինելու էր թագավորի թույլ տված սխալներից ևս մեկը։
Երեկոյան, երբ Դավիթը քայլում էր արքայական պալատի տանիքին, տեսավ, որ մի կին լողանում է դիմացի տան կտուրի վրա։ Դավթի պալատը գտնվում էր քաղաքի ամենավերին հատվածում, որտեղից տեսանելի էին մնացյալ տները, իսկ տանիքներն այդ ժամանակներում, ինչպես հայտնի է, հարթ էին։ Երեկոյան ժամերին, երբ քամին զովություն էր բերում Երուսաղեմին, քաղաքի շատ բնակիչներ բարձրանում էին իրենց տների տանիքները՝ օրվա ծանրաբեռն աշխատանքից ու հոգսերից հանգստանալու նպատակով։ Ճարտարապետական առումով թագավորական պալատը քիչ էր տարբերվում պարզ բնակելի տներից, որոնց տանիքները նախատեսված էին հանգստի և քնելու համար (հիշենք Ա Թագ. 9։25-ը): Այնուհետև Դավիթը մարդիկ է ուղարկում, որ հարց ու փորձ անեն այդ կնոջ մասին։ Նրան տեղեկացնում են, որ վերջինս քետացի (խեթ) Ուրիայի կինն է՝ Եղիաբի (եբր.՝ Էլիամ) դուստր Բերսաբեեն (եբր.՝ Բաթշևա, այսուհետ տեքստում կկիրառենք այս անվանաձևը՝ չշփոթելու համար Երդման ջրհորի հետ (եբր.՝ Բեեր-Շավա))։ Հետագայում (23-րդ գլուխ) պարզ է դառնում, որ Եղիաբը Աքիտոփելի (եբր.՝ Ախիտոֆել) որդին է, որն էլ իր հերթին Դավթի խորհրդականն էր (տե՛ս Բ Թագ. 15։12, 16։23)։
Դավիթը պատգամավորներ է ուղարկում՝ Բաթշևային իր մոտ բերելու համար. կենակցում է նրա հետ, որից հետո կինը վերադառնում է իր տուն։ Կատարվածն այս դեպքում Բ Օրենք 22։22-ի ակնհայտ խախտում էր, որի հետևանքով թե՛ Դավիթը և թե՛ Բաթշևան պետք է մահանային. «Եթե գտնվի մի տղամարդ, որ շնանում է ամուսնացած կնոջ հետ, կսպանեք երկուսին էլ՝ կնոջ հետ շնացող տղամարդուն ու այդ կնոջը. դրանով Իսրայելի միջից չարը վերացրած կլինեք»։
Բաթշևան հղիանում է, և երբ Դավիթն իմանում է այդ մասին, մարդ է ճամփում զորահրամանատար Հովաբի մոտ՝ հրամայելով իր մոտ ուղարկել Ուրիային։ Հետաքրքրական է, որ Դավիթն ամեն կերպ փորձում է խորամանկել, ծածկել եղելությունը. քանի որ Ուրիան ժամանակավոր հանգստի է վերադարձել կռվից, բոլորի մեջ տպավորություն կստեղծվեր, որ կինը նրանից է հղի, ոչ այլ մեկից։ Դավիթը հարցուփորձ է անում Ուրիային Հովաբի ողջության, զինվորների առողջության և մարտում տիրող իրավիճակի մասին, ապա արձակում վերջինիս՝ ասելով. «Ելի՛ր, գնա՛ քո տունը և լվա՛ ոտքերդ»։ Ուրիան դուրս եկավ արքայի տնից, և նրա հետևից արքան պարգև ուղարկեց։ Սակայն Ուրիան քնեց արքայի տան դռանը՝ նրա ծառաների հետ, և իր տուն չգնաց» (Բ Թագ. 11։8—9)։ Բնականաբար, Ուրիայի համար այս ամենը զարմանալի էր ու տարօրինակ, բայց միաժամանակ հասկանալի, այդ իսկ պատճառով, կարծես ինչ-որ բան գլխի ընկնելով (չմոռանանք, որ քաղաքում նույնիսկ այսպիսի ծածուկ դեպքերը կարող էին արագորեն տարածվել), նա չվերադարձավ տուն, այլ քնեց արքայի տան դռանը։ Ստացվում է, որ Ուրիան չընկրկեց և չընդունեց Դավթի «խաղի կանոնները»՝ այդ կերպ իր արժանապատվությունը վեր դասելով սեփական կյանքից։ Ուրիան, անշուշտ, կարող էր ձևացնել, թե ամեն բան կարգին է, շարունակեր ապրել Բաթշևայի հետ՝ ոչինչ չնկատելու տալով, հնարավոր է՝ հետագայում այս ամենի դիմաց նաև մեծամեծ պարգևներ ստանալով, բայց ընտրեց «արժանապատիվ մահվան» ճանապարհը։ Դավթին տեղեկացնում են, որ Ուրիան տուն չի գնացել և գիշերել է արքայական տան դիմաց։ Նա կրկին իր մոտ է կանչում Ուրիային՝ հարցուփորձ անելու, թե ինչո՛ւ չի վերադարձել տուն. «Չէ՞ որ ճանապարհից ես եկել, ինչո՞ւ քո տունը չգնացիր» (Բ Թագ. 11։10)։ Խոսակցության ընթացքում Ուրիան բավականին ծանրակշիռ մի պատճառաբանություն է ներկայացնում. «Աստծու Ուխտի տապանակը, Իսրայելի ու Հուդայի բանակները վրաններում են բնակվում, իմ տեր Հովաբն ու իմ տիրոջ ծառաները բաց դաշտում են բնակվում, ես իմ տո՞ւնը գնամ՝ ուտելու, ըմպելու և իմ կնոջ հետ քնելու համար։ Այդ ինչպե՞ս կարող է պատահել։ Երդվում եմ քո կյանքով, որ ես այդ բանը չեմ անի» (Բ Թագ. 11։11)։ Ասվածից պարզ է դառնում նաև երկու կարևոր հանգամանք. 1) Ուխտի տապանակը պատերազմի դաշտում է, 2) կռվում մարտնչում է ամբողջ ազգը՝ Իսրայելը և Հուդան։ Եթե ընդհանրացնենք Ուրիայի խոսքերի խորհուրդը, կստացվի հետևյալը. «Ողջ ժողովուրդը պատերազմում է, կռվի դաշտում է նաև Ուխտի տապանակը, իսկ դու, Դավի՛թ, ինչո՞վ ես այստեղ զբաղված»։ Պատերազմի ժամանակ զորքերում Ուխտի տապանակի առկայությունը վկայում է զինվորների վրա դրված որոշակի սահմանափակումների մասին (խոսքը վերաբերում է ծիսական մաքրության անհրաժեշտությանը, տե՛ս Բ Օրենք 23։9—11, Հեսու 5։4—8, Ա Թագ. 21։5): Եթե Ուրիան օգտվեր Դավթի ընձեռած բացառիկ հնարավորությունից՝ այցելելու Բաթշևային, ապա վերջինիս հղիությունը որևէ կասկած չէր հարուցի։ Այնուամենայնիվ, Ուրիայի համառ պահվածքը՝ պահպանել սեփական ծիսական մաքրությունը, ստիպեց
Դավթին՝ դիմելու ավելի կտրուկ միջոցների։
Հաջորդ օրը Դավիթը կրկին իր մոտ կանչեց Ուրիային. վերջինս կերավ, խմեց, հարբեց և այս անգամ էլ տուն չվերադառնալով՝ քնեց իր տիրոջ ծառաների հետ։ Տեսնում ենք, որ Դավիթն ամեն կերպ փորձում է ներազդել Ուրիայի վրա, բայց դա նրան ոչ մի կերպ չի հաջողվում։ Առավոտյան նա նամակ է գրում Հովաբին և Ուրիայի միջոցով ուղարկում մարտի դաշտ։ Արքան հրամայում է ուղարկել Ուրիային պատերազմի ամենաթեժ վայրերը, որպեսզի նա վիրավորվի և մեռնի։ Քանի որ Ուրիան կանչվել էր Դավթի մոտ՝ ռազմական իրավիճակի մասին զեկուցելու, ուստի զարմանալի չէր թվա, որ Դավիթը նրան պաշտոնական հրամաններով հետ ուղարկեց Հովաբի մոտ։ Վերջինս վարվում է այնպես, ինչպես կարգադրել էր Դավիթը, և կռվի թեժ պահին զոհվում է քետացի Ուրիան։ Սեփական մահվան դատավճիռը պարունակող հաղորդագրություն փոխանցող զոհի կերպարը հանդիպում է շատ ժողովուրդների դիցաբանության մեջ (օրինակ՝ «Իլիական»-ում պատմվում է, որ Բելլերոֆոնը կեղծ մեղադրանքից հետո Պրոյտոսի կողմից ուղարկվում է Լիկիա՝ թագավորի մոտ՝ իր ձեռքով տանելով այն նամակը, որտեղ տրված էր իրեն սպանելու հրամանը), բայց Աստվածաշնչում այսպիսի դեպք ներկայացված է միայն մեկ անգամ։
Ուրիայի մահվանից հետո Հովաբը մարդ ուղարկեց Դավիթ արքայի մոտ՝ զեկուցելու կատարվածը։ Նա զգուշացրեց իր պատգամաբերին, որ եթե Դավիթը բարկանա՝ իմանալով, որ թշնամու զորքը մոտեցել է քաղաքի պարիսպներին, ապա նա արքային պիտի հայտնի Ուրիայի մահվան մասին։ Դավիթը, լսելով պատգամաբերին, ասաց. «Եղածի համար մի՛ անհանգստացիր, որովհետև սուրը երբեմն այսպես է հարվածում, երբեմն՝ այնպես» (Բ Թագ. 11։25)։ Բաթշևան նույնպես իմացավ Ուրիայի մահվան մասին, ողբաց ամուսնու մահը, և երբ սուգն անցավ (այն տևում էր 7 օր), Դավիթը նրան բերեց իր տուն, և նա որդի ծնեց։ Եվ այսպես՝ կարծես թե խնդիրը լուծված է, ամեն բան հարթ է և օրինական. Բաթշևայից ծնված երեխան Դավթի զավակն է։ Այսուհանդերձ, կա մեկ կարևոր գաղափար. «Դավթի այս արածը չար երևաց Տիրոջ աչքին» (Բ Թագ. 11։27)...
Նաթան մարգարեի մեղադրանքը և Դավթի զղջումը
Տերը Նաթան մարգարեին ուղարկեց Դավթի մոտ։ Նա եկավ ու սկսեց պատմել մի առակ՝ հարուստի ու աղքատի վերաբերյալ։ Առաջինն ուներ շատ հոտեր ու նախիրներ, իսկ երկրորդը՝ ընդամենը մեկ փոքր գառ։ Օրերից մի օր մի անցորդ է գալիս հարուստ մարդու մոտ, սակայն նա չի ցանկանում իր անասուններից մորթել և հյուրասիրել անցորդին, այլ առնում ու մորթում է աղքատի գառնուկը և դրանով կերակուր պատրաստում հյուրի համար։
Երբ Դավիթը լսեց այս, խիստ բարկացավ և ասաց. «Կենդանի է Տերը. այդ բանն անող մարդն արժանի է մահվան» (Բ Թագ. 12։5)։ Նաթանը պատասխանեց. «Դու ես այն մարդը, որ արել է այդ բանը» (Բ Թագ. 12։7)։ Մարգարեի պատմածը իրականում իրավական հիմք էր՝ մեղադրելու Դավթին Բաթշևայի հետ շնության համար։ Թագավորը՝ որպես իր ժողովրդի իրավունքների գլխավոր պաշտպան (տե՛ս Ա Թագ. 3։4—28, Բ Թագ. 15։4), պետք է արդարացիորեն դատեր և ցույց տար իր իմաստությունը։ Դավիթն այս դեպքում իսկապես դատապարտում է «հարուստ մարդու» գործողությունները՝ չգիտակցելով, որ դատապարտում է ինքն իրեն։ Նաթանը փոխանցում է Դավթին Տիրոջ խոսքերը. «Արդ, սուրը հավիտյանս թող չհեռանա քո տնից այն բանի փոխարեն, որ ինձ անարգեցիր և քետացի Ուրիայի կնոջը քեզ կնության առար։ Այսպես է ասում Տերը. «Ահա ես քո տնից քո դեմ չարիք կհարուցեմ. աչքերիդ առաջ քո կանանց պիտի վերցնեմ և տամ քո ընկերոջը, նա օրը ցերեկով պառկելու է քո կանանց հետ։ Դու այդ բանը ծածուկ արեցիր, իսկ ես այն անելու եմ ամբողջ Իսրայելի աչքի առաջ, օրը ցերեկով»» (Բ Թագ. 12։10—12)։
Այս ամենը հստակորեն ցույց է տալիս, որ բոլոր մարդիկ՝ այդ թվում թագավորը, չեն կարող օրենքից վեր դասվել. վերջինս նույնպես պետք է պատասխան տա իր կատարած գործողությունների համար՝ եթե ոչ երկրային իշխանությունների, ապա Աստծո առաջ, և պատասխան պիտի տա ավելի խիստ, քան պարզ ու հասարակ մարդիկ, քանի որ, ինչպես Ավետարանում է ասված. «Այն ծառան, որ գիտի իր տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի գործում, խիստ կպատժվի։ Իսկ ով չգիտի իր տիրոջ կամքը և պատժի արժանի գործ կատարի, ավելի թեթև կպատժվի. նրան, ում շատ է տրված, նրանից շատ էլ կպահանջվի, և ում ավելի շատ է վստահված, նրանից շատ ավելին կպահանջվի» (Ղուկ. 12։47—48)։
Դավիթն ասաց. «Մեղանչել եմ Տիրոջ դեմ»։ Նաթանն ասաց Դավթին. «Տերը ներեց քո մեղքը, և դու չես մեռնի, բայց քանի որ դրանով թշնամիներին առիթ տվեցիր Տիրոջը հայհոյելու, քեզանից ծնվելիք որդիդ պետք է մեռնի» (Բ Թագ. 12։13—14)։
Դավթի այս խոսքերում երևում է նրա մեծությունը. չկա ոչ մի արդարացում. նա գիտակցում և ընդունում է իր մեղքը։ Համեմատության համար հիշենք Ա Թագ. 15-րդ գլուխը. երբ Սամուել մարգարեն մեղադրում է Սավուղին՝ Ամաղեկի թագավոր Ագագին ողջ թողնելու, ամաղեկացիների անասունների հոտերը և ամեն տեսակ բարիք չվերացնելու համար, Սավուղն արդարացնում է իրեն՝ ամբողջությամբ բարդելով մեղքը ժողովրդի վրա. «Ես անսացի ժողովրդի ձայնին» (Ա Թագ. 15։20)։
Եվ Տերը, ինչպես խոստացել էր, Դավթի պատճառով հարվածեց Ուրիայի կնոջ ծնած մանկանը. նա հիվանդացավ և յոթերորդ օրը մեռավ։ Դավթին հայտնեցին այդ մասին, նա վեր կացավ, լվացվեց, օծվեց և մտավ Տիրոջ տունն ու երկրպագեց նրան։ Ապա ասաց իր ծառաներին, որոնք զարմացած էին իր այդ պահվածքի վրա. «Քանի մանուկը կենդանի էր, ծոմ էի պահում ու լալիս, որովհետև մտածում էի. «Ո՞վ գիտի, գուցե Տերը ողորմի, և մանուկն ապրի»։ Հիմա, որ մանուկը մեռավ, ես ինչո՞ւ ծոմ պահեմ, մի՞թե կարող եմ նրան վերադարձնել։ Ես եմ նրա մոտ գնալու, իսկ նա ինձ մոտ չի վերադառնա» (Բ Թագ. 12։22—23)։ Դավթի ծառաները տեղյակ չէին նրա երեխայի վերաբերյալ Աստծո դատավճռից, ուստի չէին հասկանում Դավթի վարքագիծը։ Կարծում էին, որ թագավորը ծոմ է պահում՝ ի նշան վշտի, սակայն Դավիթը ցանկանում էր, որ Աստված փոխի Իր միտքը, և ծոմ էր պահում՝ իր խնդրանքի արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու նպատակով։ Եվ քանի որ հասկանում է, որ իր խնդրանքը մերժվել է, դադարեցնում է ծոմապահությունը։
Այս ամենից հետո Դավիթը մխիթարեց իր կնոջը՝ Բաթշևային, կենակցեց նրա հետ, կինը հղիացավ և ծնեց որդի, որի անունը Դավիթը դրեց Սողոմոն։ Տերը սիրեց և Նաթան մարգարեի միջոցով պատգամ ուղարկեց Դավթին, որը մանկան անունը, ի սեր Տիրոջ, Հեդեդի դրեց (տե՛ս Բ Թագ. 12։25)։ «Սողոմոն» բառի արմատը եբր. «շալոմ»-ն է, որ նշանակում է խաղաղություն, իսկ Հեդեդի անվանումն իր հերթին նշանակում է «Տիրոջ կողմից սիրված» կամ «Տիրոջ սիրյալ»։ Այսպես՝ Դավիթը զղջաց իր մեղքի համար, ապաշխարեց, որի բարի արդյունքը եղավ այն, որ Աստված նրան նոր զավակ պարգևեց. նա օրինական էր և ընդունելի Տիրոջ աչքին։ Նկատելի է, որ այս պատմության մեջ որևէ ակնարկ չի արվում այն կնոջ զգացմունքների մասին, որը պառկում է Դավթի հետ, հղիանում, կորցնում իր ամուսնուն և դառնում թագավորի կինը։ Գրական տեսանկյունից, որոշ ուսումնասիրողների կարծիքով, Բաթշևան պարզապես միջնորդ անձ է, սյուժեի համար նախատեսված անհրաժեշտ մեկը և ոչ լիարժեք դերակատար։ Հետաքրքրական է նաև, որ մինչ Սողոմոնի ծնունդը Բաթշևան տեքստում կոչվում է Ուրիայի կին, իսկ այժմ՝ Դավթի կին։ Այլոց կարծիքով՝ կատարվածը քաղաքական ենթատեքստ ունի։ Այս տեսանկյունից՝ Բաթշևան այլևս անմեղ զոհ չէ, այլ կամավոր գործընկեր, որը ցանկանում էր, որ իր որդին դառնա Դավթի թագավորական գահի իրավահաջորդը։ Նրա պնդումը Գ Թագ. 1։17-ում այն մասին, որ Դավիթը երդվել էր, թե Սողոմոնը կիշխի իրենից հետո, ենթադրել է տալիս, որ արքան կարողացել է համոզել Բաթշևային՝ ամուսնանալ իր հետ՝ խոստանալով, որ իր որդին կլինի գահաժառանգ։ Դավթի կնոջ դերակատարումը ավելի պատկերավոր ու նկատելի է դառնում Գ Թագ. գրքում, որտեղ Բաթշևան Նաթան մարգարեի հետ միասին ստիպում է Դավթին՝ պահել իր տված երդումը։ Ավելին՝ նա կարևոր դեր է ստանձնում Ադոնիայի մահվան մեջ՝ Սողոմոնին անձամբ ներկայացնելով նրա խնդրանքը՝ ամուսնանալու Դավթի հարճ Սունամցի Աբիսակի հետ։ Քանի որ նման խնդրանքը համարժեք էր գահի նկատմամբ հավակնության, ուստի Սողոմոնին տրվում են հիմքեր՝ վերացնելու իր մրցակցին, և «Սողոմոն արքան ուղարկեց Հովիդայեի որդի Բանեային, որը սպանեց նրան։ Եվ այդ օրը Ադոնիան մեռավ» (Գ Թագ. 2։25)։
Պատմության այս հատվածը եզրափակվում է ամոնացիների հետ պատերազմի ավարտի մասին հաղորդմամբ։ Դավիթը նվաճում է Ռաբաթ քաղաքը, տեղի ժողովրդին լծում ծանր աշխատանքի, ապա Իսրայելի ժողովրդի հետ վերադառնում Երուսաղեմ։
Գագիկ սրկ. ԱՌԱՔԵԼՅԱՆ
Արմենակ ԱՌԱՔԵԼՅԱՆ