Երանի հեզերին...

«Երանի՛ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն»
(Մատթ. Ե 5):

Հեզ բառով առհասարակ բնորոշվում են հանգիստ, խոնարհ, անչար, համեստ, խաղաղարար մարդիկ: Հեզերը նրանք են, ովքեր չեն դիմադրում չարին, այլ հաղթում են չարին բարությամբ (հմմտ.՝ Հռոմ. ԺԲ 21)։

Սուրբ Գիրքը խրախուսում և միաժամանակ հորդորում է լինել հեզ, հեզությամբ ապրել մեզ տրված կյանքի օրերը: Պողոս առաքյալը Տիմոթեոսին ուղղված երկրորդ նամակում հորդորում է խուսափել հիմար և անմիտ վեճերից, քանի որ դրանք կռիվներ են ծնում: Ապա ավելացնում է, որ Տիրոջ ծառան «պետք չէ, որ կռիվ անի, այլ բոլորի հանդեպ լինի հեզահամբույր, ուսուցանող, անոխակալ՝ հանդարտությամբ խրատելու համար հակառակողներին, որ թերևս Աստված նրանց ապաշխարություն տա, որպեսզի ճանաչեն ճշմարտությունը» (Բ Տիմ. Բ 23—25): Իսկ փիլիպեցիներին ուղղված նամակում հորդորում է նրանց. «Թող ձեր հեզությունը հայտնի լինի բոլոր մարդկանց» (Փիլիպ. Դ 5):

Քրիստոնյաներիս համար հեզության լավագույն օրինակը Հիսուս Քրիստոսն է: Ուսուցչի գործն է՝ իր անձով ցույց տալ ուսուցանածը, որ այն դյուրընկալ լինի: Իր հեզ լինելու մասին վկայում է հենց Հիսուս՝ ասելով. «Իմ լուծը ձեզ վրա վերցրե՛ք և սովորեցե՛ք Ինձնից, որ հեզ եմ և սրտով՝ խոնարհ» (Մատթ. ԺԱ 29): Այս հատվածը հետաքրքական կերպով մեկնում է Հովհաննես Ծործորեցին. «Ինչպես եզն է հեզությամբ ու խոնարհությամբ լուծ կրելով ու չարչարվելով ամռանը՝ հանգստանում ձմռանը, այդպես էլ դուք, հեզ ու հանդարտ խոհեմությամբ և սրտի խոնարհությամբ կրելով Իմ օրենքն ու լուծը, կթեթևանաք մեղքերից, որով ձմեռային գալիք Օրը, որը ոչ թե գործի ժամանակ է, այլ հատուցման, կարժանանաք հանգստյան» (Հովհաննես Ծործորեցի, Մեկնություն Մատթեոսի Ավետարանի, Պրակ Ա, Ս. Էջմիածին, 2010, էջ 307)։

Հեզությունը առաքինություն է, որը կարող ենք ձեռք բերել աղոթքով և բարի գործեր անելով: Հեզությունը խոնարհության պտուղն է, իսկ դրան հակառակ բարկության արմատն ամբարտավանությունն է: Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետը հրաշալի կերպով ցույց է տալիս, որ բարկությունը բացառապես բացասական կերպով չպետք է հասկանալ. «Բայց թող ոչ ոք ամեն ինչում բարկությունը՝ չար, իսկ հեզությունը բարի չհամարի, որովհետև երկուսն էլ պատշաճ ժամանակին բարի են» (Սուրբ Ներսես Շնորհալի, Մեկնություն Մատթեոսի Ավետարանի, Ս. Էջմիածին, 2008, էջ 232): Այնուհետև բերում է արդարացի բարկության օրինակներ: Սուրբ Գիրքը Մովսես մարգարեի մասին վկայում է. «….շատ ավելի հեզ էր, քան երկրի վրա ապրող բոլոր մարդիկ» (Թվեր ԺԲ 3), սակայն ժողովրդի չարագործությունից այնքան բարկացավ, որ քարե տախտակները, որոնց վրա գրված էին տասը պատվիրանները, գցեց և ջարդուփշուր արեց: Պատճառն այն էր, որ երբ նա Աստծու հրամանով բարձրացավ Սինա լեռը՝ ստանալու պատվիրանները, ժողովուրդը չհամբերեց, մինչև նա վերադառնա, և պահանջեց Ահարոնից՝ իր համար կուռք պատրաստել: Եվ երբ Մովսես մարգարեն Սինա լեռից իջավ՝ Աստծու ձեռքով գրված երկու քարե տախտակներով, և տեսավ, որ մարդիկ ոսկուց հորթ են ձուլել և նրան են երկրպագում, «խիստ զայրացավ, նետեց ձեռքում եղած երկու տախտակներն ու ջարդուփշուր արեց դրանք լեռան ստորոտին» (Ելք ԼԲ 19): Սա արդարացի բարկության լավագույն օրինակներից է, քանի որ Աստված նրանց Մովսես մարգարեի առաջնորդությամբ հանել էր Եգիպտոսից՝ ազատելով ստրկությունից, սակայն նրանք անհնազանդ գտնվեցին, հեռացան Տիրոջից և պաշտեցին ոսկուց ձուլված հորթի:

Քանի որ մեր մարդկային բնությունը դյուրամետ է հոռի բաների, հետևաբար Հիսուս երանի է տալիս ոչ թե նրան, ով ամենևին չի բարկանում, այլ նրան, ով առաքինությամբ սանձահարում է հոգևոր ախտերը և իրենից վանում է անտեղի բարկությունը. «….սրանով հեզը գովվում է ոչ միայն տերունական այս երանությամբ, այլև բոլոր մարդկանց կողմից» (Սուրբ Ներսես Շնորհալի, Մեկնություն Մատթեոսի Ավետարանի, էջ 231—232): Եվ ով որ հեզությամբ հանգցնում է բարկության կրակը. «պսակի ընդ երից մանկանցն, որ շիջուցին զբաբելովնական հնոցն» (Անանիա Սանահնեցի, Մեկնութիւն Մատթէի Աւետարանի, Ս. Էջմիածին, 2007, էջ 108): Հեզությունը քրիստոնեական բարձրագույն առաքինություններից մեկն է, որին զարնվելով՝ մարդկային մեծամեծ ու սպառնալից կոհակները հետ են նահանջում և ցրվում: Հեզը սեր է պահում ամենքի նկատմամբ՝ ոչ թե ճշմարտությունը զոհելով և կամ սուտը փաղաքշելով, այլ համբերելով և սիրո ճամփան ընտրելով:

Հեզությունը չպետք է շփոթել թուլության կամ վախկոտության հետ, որոնք հույժ խոտելի են և քրիստոնյայի համար անընդունելի: Հեզը նա է, ով, գիտակցելով իր ուժն ու կարողությունը, կարողանում է զսպել իրեն, իր մեջ հանգցնել բարկության բորբոքված հուրը և սթափությամբ, խոհեմությամբ դուրս գալ դժվարին իրավիճակներից: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետը գրում է, որ հեզությունն արմատն է խոնարհության, համբերության և ժուժկալության, և այն անձին մոտեցնում է Քրիստոսին: Հեզությունը մաքուր աղբյուր է և քաղցր ցողով ամպ, որ ոռոգում է երաշտից չորացածներին: Հեզությունը նաև մանուկների դաստիարակն է և ծերերի փառքը (տե՛ս Սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչի Յաճախապատում ճառք և աղօթք, Վենետիկ, 1838, էջ 108):

Այն հարցին, թե ովքե՞ր են հեզերը, որոնց երանի է տալիս Հիսուս, Խրիմյան Հայրիկը պատասխանում է՝ բերելով սուրբգրային օրինակներ. «Ջրհեղեղի ժամանակ այդ հեզը ամբարտավան հսկաների դեմ ելած արդար Նոյ նահապետն էր, անաստված ազգերի դեմ պայքարում՝ աստվածապաշտ Աբրահամը: Սպառնացող Եսավի դեմ դուրս եկավ հեզ Հակոբը, նախանձոտ եղբայրների դեմ՝ փոքրիկ Հովսեփը, փարավոնի դեմ՝ Մովսեսը, Սավուղի դեմ՝ Դավիթը, այս աշխարհի իշխանի դեմ՝ Միածին Հիսուս, բարբարոսական բռնակալությունների դեմ՝ Հիսուսի աշակերտները» (Խրիմյան Հայրիկ, Երկնքի Արքայության մարգարիտը, Երևան, 2023, էջ 17):

Հեզերին աստվածային խոստում է տրվում՝ նրանք պետք է ժառանգեն երկիրը: Սակայն ակամայից հարց է ծագում, թե ի՛նչ երկրի մասին է խոսքը: Օգոստինոս Երանելու կարծիքով՝ հեզերը ժառանգելու են այն երկիրը, որի մասին ակնարկվում է հարյուր քառասունմեկերորդ սաղմոսում. «Դու ես իմ հույսը և իմ բաժինը ողջերի երկրում» (Սաղմ. ՃԽԱ 6): Այստեղ հոգին, բարուն հակված լինելով, իր հանգիստն է գտնում և հագենում, ասես թե իր տեղում է, ինչպես մարմինը՝ երկրի վրա: Եվ վերջապես հեզերը նրանք են, ովքեր չեն դիմադրում չարին, այլ հաղթում են չարին բարությամբ. «Թո՛ւյլ մի տուր, որը չարը հաղթի քեզ, այլ բարիով հաղթիր չարին» (Հռոմ. ԺԲ 21): Ամբարտավանները վիճում և պայքարում են երկրային և անցողիկ բաների համար, սակայն երանության են արժանի հեզերը, և նրանք կժառանգեն երկիրը, որտեղից չեն կարող արտաքսվել (տե՛ս Блаженный Августин Гиппонский, О нагорной проповеди Господа, Москва, 2021, էջ 42)։

Ըստ Հերոնիմոս Ստրիդոնացու՝ այդ երկիրը ո՛չ Հրեաստանում է և ո՛չ էլ Ծննդոց գրքում հիշատակված երկիրն է, որտեղ փուշ ու տատասկ է աճում (Ծննդ. Գ 17—18): Նրա կարծիքով՝ այն երկիրն է, որի մասին Դավիթ մարգարեն ուրախությամբ բացականչում է. «Հավատում եմ, որ կտեսնեմ Տիրոջ բարությունը ողջերի երկրում» (Սաղմ. ԻԶ 13, տե՛ս Блаженный Иероним Стридонский, Толкование на Евангелие от Матфея, Москва, 2018, էջ 48)։

Ներսես Շնորհալին մեկնում է հետևյալ կերպ. «….երանության այս խոսքերն աստիճաններով վերելքի են նման. անհնար էր, որ առաջին երանությամբ արդեն բարձրացածներին Տերը դարձյալ իջեցներ ներքև՝ երկիր» (Սուրբ Ներսես Շնորհալի, Մեկնություն Մատթեոսի Ավետարանի, էջ 231—232): Ապա ավելացնում է, որ խոսքն իմանալի երկրի մասին է, որը ողջերի վայրն է, և այն գտնվում է երկնքից շատ ավելի բարձր և մեղքերով մեռածներին չի ընդունում: Նաև գրում է, որ չպետք է զարմանանք, որ Տերը «երկիր» բառով է այն կոչում, քանի որ աստվածային խորհուրդը ավանդում է մեզ ավելի ծանոթ խոսքով ու բառերով:

Արամայիս սրկ. ԱԶԻԶՅԱՆ
Մարիամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ